HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Պատկան մարմինները կարող են լուծել Երևանի եղանակի հարցը

Օրեր առաջ արդեն անդրադարձանք Հայաստանում եղանակի տեսության խնդիրներին: Ու թեև բազմաթիվ ընդդիմադիրներ կատակում էին, որ վատ եղանակը միակ բանն է, որի համար չեն կարող մեղադրել իշխանություններին, մենք կփորձենք ապացուցել հակառակը:

Երևանի մետեո առանձնահատկությունները

Նախևառաջ եկեք հասկանանք, թե ինչով է առանձնահատուկ Երևանի մետեորոլոգիան: Քաղաքը Արարատյան դաշտավայրի հետ միասին բոլոր կողմերից շրջապատված է լեռներով ու լեռանշղթաներով: Ու թեև Հայաստանի այլ շրջանների հետ համեմատ այստեղ սովորաբար ավելի տաք է, ձմռանը երբեմն դիտվում է հակառակ պատկեր:

Երբ ամբողջ հանրապետությունում եղանակը ցրտում է, համարյա նույնքան ցրտում է նաև Երևանում, ուր հասնում է մոտ -10 ցելսիուսի (երբ Գյումրիում մոտ -15 է):

Սակայն վաղ թե ուշ եղանակը հանրապետությունում և անգամ տարածաշրջանում տաքանում է` հասնելով անգամ դրական ջերմաստիճանների… բայց ոչ Երևանում:

Բոլորս դեռ թարմ ենք հիշում, թե ինչպես էր դեկտեմբերի 2-րդ կեսին Երևանյան -20-ի ֆոնին ավելի ցուրտ քաղաքի համբավ ունեցող Գյումրիում +2:

Այս ֆենոմենը պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ սառը օդը ավելի ծանր է, քան տաք օդը: Սառը օդը միշտ իջնում է ներքև: Եվ երբ այլ շրջաններում արդեն օդը տաքանում է, Արարատյան դաշտավայրի «փոսում» սառը օդը կայուն է մնում:

Բացի այդ, մայրաքաղաքն այս ամիսներին նաև ծխի ու մառախուղի մեջ է, ինչն ապահովում է արևի ճառագայթների իսպառ բացակայությունը: Ուստի, Երևանը զրկված է նաև արևի շնորհիվ տաքանալու հնարավորությունից: Եվ հենց ամպերի պատճառով գիշերն ու ցերեկը համարյա նույն ջերմաստիճանն է:

Այս ամենի հետևանքով Երևանի շուրջն ու գլխավերևում օդն արդեն տաք է լինում, իսկ քաղաքը հայտնվում է «սառնարանի» մեջ: Ֆիզիկայում այսպիսի վիճակը կոչվում է ոչ կայուն հավասարակշռության վիճակ: Այսինքն, այն կայուն է, բայց փոքրիկ ազդեցությամբ կարող է էականորեն փոփոխվել:

Հարկ է նշել, որ այս ամենը ճիշտ է այն դեպքում, երբ չկան քամիներ, իսկ ձմռանը Երևանում քամիներ, որպես կանոն, չեն լինում:

Ամանորյա ֆենոմենը

Բոլորը նկատեցին, որ դեկտեմբերի կեսից հետո տևող սառնամանիքները կտրուկ նահանջեցին, և նոր տարվա գիշերը եղանակը մոտ 10 աստիճանով տաքացավ (ի հեճուկս կանխատեսումների):

Սակայն եղանակի այդ տաքացումը չուներ որևէ օդերևութաբանական տրամաբանություն: Չէր եղել քամի, որը Արարատյան այս հորից «կքշեր» սառը օդը, չէր բացվել մառախուղը (արևի ճառագայթ չենք տեսել) և անգամ համարյա չէին փոխվել մթնոլորտային ճնշումն ու հարաբերական խոնավությունը:

Պատկերում` Զվարթնոց օդակայանի մետեո ծառայության կողմից կատարված ճշգրիտ արձանագրումների գրաֆիկները (ջերմաստիճան, ճնշում և քամի):

Երբ փորձում ես հասկանալ, թե ինչը հանդիսացավ օդի ջերմաստիճանի կտրուկ աճի պատճառ, դեդուկցիայի մեթոդով հանգում ես, որ տեղի է ունեցել օդի կոնվեկցիա:  Մակերևույթին մոտ կանգնած օդը, ըստ ամենայնի, մի քիչ բարձրացել է վերև, իսկ վերևից տաք օդը իջել է ներքև:

Կա վարկած, որ ամանորյա այս հրաշքի (օդի կոնվեկցիայի) պատճառը հրավառություններն են եղել: Հրավառության արդյունքում սև և ալյումինային վառոդի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ ծծումբ, կալիումի նիտրատ, կալիումի սուլֆիդ ու այլ նյութեր:

Այդ վարկածը ծանրակշիռ է, քանի որ շատ երկրներում ամպերի և հիդրոմետեորոլոգիկ պրոցեսների վրա ազդելու զինանոցի մեջ է նաև կալիումը:

Պետական իմպոտենտություն

Աշխարհի բազմաթիվ պետություններ փորձում են ազդել եղանակի վրա: Դրանց թվին է պատկանում նաև Հայաստանը` հակակարկտային կայաններով:

Շատ երկրներում ցրում են ամպերը, կարկտային ամպերը դարձնում են անձրևային, փորձում են պայքարել թայֆունների դեմ, կազմակերպում են անձրևներ և անգամ ազդում են իոնոսֆերայի վրա: Հայտնի են նաև կլիմատիկ զենքեր, որոնք մինչև 1977 թվականին ՄԱԿ-ի կողմից արգելվելը, օգտագործվել են Վիետնամում:

Առաջիկայում մենք կփորձենք հաշվել և ընթերցողին ներկայացնել, թե որքան գումար են հոսանքի ու գազի վրա վատնել երևանցիները` դեկտեմբերի երկշաբաթյան սառնամանիքի հետևանքով: Բայց հարկ է նշել, որ պետական մարմինները, օդերևութաբանական ծառայությունները, արտակարգ իրավիճակների ու պաշտպանության նախարարությունները և անգամ ԵՊՀ օդերևութաբան-տեսաբանները որևէ միջոց չփորձեցին ձեռնարկել այդ ոչ կայուն սառնամանիքը որևէ կերպ փոփոխելու համար… Դա այն դեպքում, երբ դրա համար բավարար էր հետազոտություններ անել ու որևէ կերպ խախտել փխրուն սառնամանիքի հավասարակշռությունը, ինչը, ըստ ամենայնի, տեղի ունեցավ հրավառության արդյունքում արտանետված նյութերի հաշվին:

Ակամայից հիշում ես 1861 թ.-ին եղանակի տեսության հիմնադիր Ռոբերթ Ֆրիցռոյին, ով 1865-ին եղանակի սխալ կանխատեսումներ անելու հետևանքով ինքնասպան եղավ: Իսկ մեր երկրում, երբ 2013 թ.-ի մայիսին հակակարկտային կայանների վատ աշխատանքի հետևանքով շատ գյուղացիներ մնացին առանց բերքի, պատասխանատուները ոչ միայն ինքնասպանություն չգործեցին, այլև հաջողեցրին մնալ իրենց պաշտոններին:

Մնում է հույս հայտնել, որ մի օր ոչ միայն կսկսեն նորմալ ու առանց «ատկատների» աշխատել հակակարկտային կայանները, այլև ակտիվ ներգործության շնորհիվ Երևանը կդադարի լինել ետսառնամանիքային սառնարան:

Բայց դրա համար պետք է նոր տեխնոլոգիաների ու գիտության մեջ գումարներ ներդնել… Շատ շատ ավելի փոքր գումարներ, քան տուժել են կարկտի տակ ընկած գյուղացիներն ու ծախսել են սառնամանիքից տուժած երևանցիները: Դա անգամ շատ ավելի փոքր գումարներ է պահանջում, քան տրվել էր այդ նույն գյուղացիներին (պետության և բարերարների կողմից) անորակ հակակարկտային կայանների անգործության պատճառով: Եվ այս հարցում պետության բացարձակ անգործության պայմաններում խնդրի լուծումը կարող են իրենց վրա վերցնել բարերարները: Իսկ դա ավելի էժան ու էֆեկտիվ է, քան հետո` հետևանքների վերացմանն ու տուժածներին օգնելը: 

Մեկնաբանություններ (1)

Aram
Ionisyan@ indz hishacnum e armcomedy-i Colak Ciklonyanin

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter