HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

16,6 միլիոն դոլար է ծախսվել. հետազոտողները դրա արժեքը հավասարեցնում են գրեթե զրոյի

«Մաթեմատիկա. Քաղաքականության հետազոտություն» ամերիկյան կազմակերպությունը սոցիոլոգիական հետազոտություն է կատարել` ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ կորպորցիայի» հովանավորությամբ Հայաստանում իրականացված հնգամյա դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ: Ինստիտուտը  հետազոտել է Հայաստանում 2007-2011թթ. շուրջ 50 հազար ֆերմերների համար կազմակերպված «Ջրից դեպի շուկա» դասընթացը: Ծրագրի բյուջեից 16,6 միլիոն դոլար է ծախսվել վերապատրաստման այս դասընթացի վրա, որի արժեքը հետազոտողները հավասարեցնում են գրեթե զրոյի:

«Միջազգային օգնության շատ գործակալություններ հովանավորում են ֆերմերների համար նախատեսված լայնածավալ գյուղատնտեսական վերապատրաստման ծրագրեր զարգացող երկրներում, սակայն քիչ հետազոտություններ են արվել` պարզելու համար արդյոք այդ ծրագրերը արդյունավետ էին,- նշվում է հետազոտության նախաբանում՝ անցում կատարելով կոնկրետ Հայաստանի դասընթացների արդյունավետությանը,-ֆերմերների վերապատրաստումը չի ավելացրել համայնքային տնտեսությունների եկամուտը կամ սպառումը: Դասընթացը չի հանգեցրել բերքի մշակության գործում փոփոխությունների կամ գյուղատնտեսական նոր մեթոդների որդեգրման, ինչը հուշում է, որ ծրագրի երկարաժամկետ նպատակները չեն կենսագործվել: Շատ ֆերմերներ չեն ունեցել ֆինանսական միջոցներ՝ ներդրում կատարելու գյուղատնտեսական այն ոլորտներում, որոնք եղել ուսումնական են ծրագրի հիմքում … »:

ՀՀ կառավարությունը, ի դեմս ֆինանսների նախարարության, չի կարծում, թե 16,6 միլիոն դոլարն ապարդյուն է ծախսվել: Համենայնդեպս, «Հետքի» հարցմանը պատասխանել են, որ ծրագրում ընդգրկված վերապատրաստողները համապատասխան ոլորտների բազմամյա փորձ ունեցող մասնագետներ են եղել: «Նրանց մեծ մասը ներկայացնում էր Հայաստանի տարբեր տարածաշրջաններ` ապահովելով այնպիսի գիտելիք, որը թույլ էր տալիս հաշվի առնել տարածաշրջանային առանձնահատկությունները»,- հայտնում է ֆինանսների նախարարությունը:

Այս թանկարժեք դասընթացի կազմակերպիչներին և մասնակիցներին կանդրադառնանք առաջիկայում: Նշենք միայն, որ վերապատրաստումն իրականացրել է Հայաստանում գրանցված «Վիստաա պլյուս» ՍՊԸ-ն, որի հիմնադիրն է ««Վիստաա փորձագիտական կենտրոն» խորհրդատվական» ՀԿ-ն: Հետևաբար ծախսված 16,6 միլիոն դոլարն ամենայն հավանականությամբ այս ՀԿ-ի հիմնած ՍՊԸ-ի շահույթն է: Հասարակական այս կազմակերպության նախագահը ամերիկացի Փոլ Սոմերսն է, ով տարբեր երկրներում ֆերմերների վերապատրաստման փորձ ունի: Սակայն ահա թե ինչպես են ամերիկացիներն իրենց հայրենակցի հիմնած կազմակերպության աշխատանքը գնահատել Հայաստանում.

  • Մենք չգտանք որևէ ապացույց, որ իր մեկնարկից երեք տարի անց վերապատրաստման ծրագիրը ազդեցություն է ունեցել համայնքային տնտեսությունների եկամուտների եւ սպառման վրա: Ուսումնասիրության ընթացքում չենք գտել որևէ վկայություն, որ համայնքային տնտեսությունները վերապատրաստման արդյունքում որդեգրել են գյուղատնտեսական նոր մեթոդներ կամ աճեցրել են նոր տեսակի մշակաբույսեր:Ֆերմերներն ավելի շատ հակված են եղել հաջորդ տարվա համար աճեցնել մշակաբույսերի նույն փաթեթը, քան ներդրում կատարել բարձրարժեք մշակաբույսերի համար: Ծրագրի իրականացման ընթացքում փորձագետները և ծրագրի անձնակազմը նկատել են, որ հայ ֆերմերներն ընդհանուր առմամբ ունեն պահպանողական մտածողություն և թերահվատ են, որ նոր մշակաբույսերը կլինեն շահութաբեր: Մանավանդ այն դեպքում, երբ այդ մշակաբույսերը պահանջել են ֆինանսական մեծ ներդրումներ:
  •  Ծրագրի տրամաբանությունը թերի էր որոշ առումներով: Ամենից աչքի ընկնող թերացումն այն է, որ, օրինակ, «Ջրի ներտնտեսային կառավարում» ուսուցումը կենտրոնացած էր ջրի պահպանման վրա, բայց Հայաստանում ֆերմերները  ջրի համար վճարում են՝ համաձայն իրենց հողատարածքի չափի՝ անկախ նրանից, թե որքան ջուր են իրականում օգտագործում: Արդյունքում, չկա մասնավոր որևէ խթան ներդնել տեխնոլոգիներ՝ ջուրը խնայելու համար:
  •  Ջրի ներտնտեսային կառավարում դասընթացն ընդգրկել է մի շարք տեխնոլոգիաներ, թե ինչպես ջուրն օգտագործել ավելի արդյունավետ՝ սկսած տնկումից առաջ անհրաժեշտ պրակտիկաներից, ինչպիսիք են, օրինակ, հողի խոնավության չափիչ սարքերի կամ մոնիտորինգի այլ գործիքների կիրառումը… Այդ մեթոդները դասընթացի ժամանակ դասակարգվել էին խմբերի՝ հետագայում դրանց ազդեցությունը ավելի հեշտ գնահատելու համար: Այդ խմբերն էին՝ պարզ, միջին և առաջադեմ տեխնոլոգիական բարեփոխումներ: Մենք գնահատել ենք յուրաքանչյուր խմբում ընդգրկված մեթոդների ազդեցությունը: Մի քանի ֆերմերներ էին օգտագործել ՋՆԿ-ի մեթոդներից, և դրանք բոլորը պատկանում էին միայն պարզ խմբին:
  • Յուրաքանչյուր համայնքում մի շարք ֆերմերներ կիրառում են կաթիլային ոռոգումը, և հիմնվելով մեր՝ նրանց հետ ունեցած խոսակցության վրա, դա պայմանավորված է վերապատրաստման ծրագրով: Բայց ֆերմերներն այս համայնքներում արդեն իսկ ունեցել են ջերմոցներ անկախ ծրագրից և ֆինանսապես բարենպաստ դիրքում են եղել՝ գյուղատնտեսական ներդրում կատարելու համար: Ելնելով նրանց հետ հարզազրույցներից՝ մենք ենթադրում ենք, որ ազդեցություններ եղել են որոշ համայնքների վրա, բայց վերջիններս փոքր թիվ են կազմում ծրագրի նպատակային խմբում:

Ծրագիրը ձախողված համարելու հիմքերը հետազոտության մեջ այսքանը չեն: Մենք ներկայացրել ենք ընդամնեը մի քանիսը: Իսկ ձախողման հիմնական պատճառները, ըստ հետազոտողների, հետևյալներն են. 1) Ֆերմերների պահպանողական վերաբերմունքը, 2)Նրանց ֆինանսական անկարողությունը` գյուղատնտեսական որոշ տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու համար,3) Ծրագրի շահառուների մեծ թիվը. հետազոտողների կարծիքով` ավելի նշանակալի արդյունքի կարելի էր հասնել ֆերմերների` փոքր, բայց ճիշտ ընտրված թիրախային խումբ ունենալու դեպքում,4) Ծրագրի ձախողման պատճառներից մեկի համար պատասխանատու են անմիջապես կազմակերպիչները. հետազոտողները կարծում են, որ ֆերմերները ճիշտ ընտրված չեն եղել: Ծրագրի մասնակից ֆերմերները եղել են ջրօգտագործողների միությունների, տարածքային կազմակերպությունների այնպիսի անդամներ, ովքեր Հայաստանում տնօրինում են ոռոգման ջրի բաշխումն ու դրա համար վճարումը: Համաձայն հետազոտության` ջրօգտագործողների միության անդամների` սեմինարին մասնակցության հարցում շահագրգռված են եղել հատկապես գյուղապետերը:

Այս հետազոտությունն իրականացվել է հենց «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» ֆինանսական աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter