Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Համայնքների ղեկավարները կառավարման հարցում առաջնորդվում են տեղային ավանդույթներով



Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում` Գավառ, Սեւան, Վարդենիկ, Նորատուս եւ Սարուխան, կատարված հետազոտությունից պարզ դարձավ, որ չնայած համայնքների ղեկավարներին ներկայացվող պահանջներին՝ բարելավել իրենց վարչարարությունը, այն էական առաջընթաց չի ունեցել: Հարկերի hավաքագրումն, ըստ ներկայացված հաշվետվությունների, իրականացվում է 85-100%-ով, երբեմն ավելի, սակայն վերլուծությունները փաստում են, որ համայնքները նշված ցուցանիշն ապահովում են նախորդ տարիներից մնացած ապառքների որոշակի տոկոս հավաքագրելու հաշվին: Համայնքների աշխատակազմերը հետեւողական չեն ընթացիկ տարվա հարկերը հավաքագրելու հարցում եւ այդ է պատճառը, որ շարունակում են ընթացիկ պարտքեր  կուտակել:

Ուսումնասիրված համայնքները ոչ միայն բավարար ջանքեր չեն գործադրել սեփական եկամուտները գանձելու համար, այլեւ լրջորեն չեն զբաղվել եւ հստակ քաղաքականություն չեն մշակել համայնքային բյուջեն սեփական ռեսուրսների հաշվին համալրելու ուղղությամբ: Համայնքապետարանները համայնքի պահուստային ֆոնդի հողատարածքները եւ գույքը վարձակալության տալու հարցում առանձնապես շահագրգռվածություն  չեն ցուցաբերել եւ նրանց կատարածն ավելի շատ վերադասի պարտադրանքի ներքո արված քայլեր են: Սա հիմք է տալիս ասելու, որ համայնքներում վարչարարությունն իրականացվում է տարերայնորեն, եւ այն արդյունավետություն չի կարող խոստանալ:

Հետազոտության շրջանակում ընդգրկված 5 համայնքների  հիմնական ռեսուրսը հողն է, որի չնչին մասն է օգտագործվում, իսկ դրանից ստացված եկամուտները չափազանց փոքր տոկոս են կազմում բյուջեում: Այն դեպքում, երբ ուսումնասիրված 5  համայնքներից մեկում՝ Գավառում, լուծված է կաթի իրացման խնդիրը, մյուսում՝ Վարդենիկում, գյուղմթերքի իրացման հարցը:

Ակնհայտ է, որ ֆերմերային տնտեսությունների քանակն ավելացել է, սակայն տարօրինակ է, որ վարձակալված գյուղնշանակության հողերի քանակը դրանից չի ավելանում կամ անասնագլխաքանակի թվի հարաբերակցությամբ վարձակալված արոտներն ու խոտհարքները չափազանց փոքր տոկոս են կազմում: Անբացատրելի է անասնագլխաքանակի ավելացման դեպքում խոտհարքներով ու արոտավայրերով չհետաքրքրվելը, ինչպես համայնքների աշխատակազմերում են վստահեցնում: Գեղարքունիքի մարզպետարանի վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խումբն արձանագրել է դեպքեր, երբ օգտագործվող հողերն օրինական ձեւակերպումներ չունեն: Դա նշանակում է, որ հողերն օգտագործվում են, պարզապես  գումարները համայնքային բյուջե չեն մուտքագրվում: Ընդունված տարբերակ է համայնքի ղեկավարի հետ անձնական պայմանավորվածությամբ դրանք օգտագործելը, եւ այս համայնքների օրինակով կարող ենք ասել, որ այդ արատավոր երեւույթը շարունակվում է:

Նույնիսկ այն պատճառաբանությունները, որ ֆերմերային տնտեսություններն արոտավայրեր չեն վարձակալում ասելով, թե անասնակեր գնելն ավելի էժան է, չի կարող հիմնավորված լինել, քանի որ այն կարող է վերաբերվել անասնակերի ձմեռային պաշարին, բայց ամռան ամիսներին նրանք անպայման օգտվում են արոտավայրերից: 

Հետաքրքական է, որ համայնքներն առանձնակի շահագրգռվածություն չեն ցուցաբերել հողատարածքները վարձակալության տալու հարցում, եւ այդ մասին արված հայտարարություններն ավելի հաճախ տարածվել են վերադասի կարգադրությունն անկատար չթողնելու նկատառումով, քան թե համայնքային բյուջեն մեծացնելու մտահոգությունից: Հայտարարությունները պարտադիր հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, որն իր սահմանափակ տպաքանակի պատճառով հասանելի չէ հանրությանը, երբեմն էլ տեղական «Քյավառ» հեռուստատեսությունով: 

Հայտարարությունները միայն նշված օրաթերթում հրապարակելը եւ տեղեկատվությունը տարածելու համար նախատեսված մյուս, համայնքի բնակչությանն առավել հասանելի տեղեկատվական գործիքներն այդ նպատակին չծառայեցնելը որոշ համայնքներ հիմնավորում են օրենքի պարտադրանքով: Մինչդեռ Հողային օրենսգրքի 68 եւ 78 հոդվածներով սահմանված է աճուրդների եւ մրցույթների հրապարակայնության ապահովումը, բայց ոչ դրանք պարտադիր «ՀՀ»-ում հրապարակելը: Մեկ այլ՝ «Հրապարակային սակարկություններ մասին» ՀՀ օրենքի 5-րդ եւ 21-րդ հոդվածները սահմանում են աճուրդների եւ մրցույթների հրապարակայնության կարգը՝ «... աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` մրցույթն սկսվելուց առնվազն 30 օր առաջ»: Ինչպես տեսնում ենք, պարտադրվող տարբերակը նույնիսկ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը չէ, այլ www.azdarar.am կայքը: 

Բնակչության իրազեկման համար օրենքներով սահմանված գործիքները՝ տեղեկատվական ցուցատախտակները, պաշտոնական կայքերը կիրառում չեն ունենում կամ լայնորեն չեն կիրառվում: Պատահական չէ, որ օտարումների աճուրդները եւ վարձակալությունների բոլոր մրցույթներն անցել են երկու հայտերի պայմաններում՝ մեկնարկային գնին գրեթե ոչինչ չավելացնելով, երբեմն էլ վարձակալության են տրվել կամ օտարվել են ծիծաղելի արժեքներով:

Համայնքները լիարժեք չեն օգտագործում հրապարակայնությունն ապահովելու հնարավորությունները՝ հանրությանը մշտապես ներկայացնելու վարձակալության ենթակա հողատեսքերը եւ դրանց օգտագործման երկուստեք շահութաբերությունը: Համայնքներից մեկի աշխատակազմում խոստովանեցին, որ երբեմն իրենք են առաջարկում հայտատուներից մեկին ներգրավել երկրորդ դիմումատուին՝ մրցույթը կայացած ճանաչելու համար: Տեղեկատվությունը չափազանց սահմանափակ է, երբեմն  համայնքային երկու կայքերի առկայության դեպքում դրանցից ոչ մեկը չի ծառայեցվում իր նպատակին եւ տպավորությունն այն է, որ այն ներդրվել է պարզապես ունենալու համար: Սույն հետազոտության շրջանակում ներառված համայնքներում իբրեւ տեղեկատվական գործիք, պաշտոնական կայքերը կիրառություն չունեն, մինչդեռ տվյալ համայնքների համար այն իրազեկման առաջին աղբյուրը պետք է լինի:

Համայնքներում հարկահավաքման դժվարություններ են նշվում բնակիչների արտագաղթն ու անվճարունակ լինելը, սակայն իրական պատճառն այն է, որ տեղական իշխանությունները հարկերի հավաքագրման հստակ քաղաքականություն չունեն: Նախորդ տարում «Քաունթերփարթ ինթերնեշնլի» հետ վերը նշված համայնքներից մի քանիսում իրականացված հարկահավաքման ծրագրի արդյունքները ցույց են տվել, որ անգամ հանրապետությունից հեռացածներից հարկեր գանձելը միանգամայն հնարավոր է հետեւողական աշխատանքի արդյունքում:

Համայնքների ղեկավարների աշխատակազմում արդյունքները գոհացուցիչ էին համարում, հետեւաբար կարող էին այդ միջացառումները կրկնել տարեկան մի քանի անգամ` հարկահավաքության ցուցանիշները բարձրացնելու համար: Սակայն հարկերի հավաքագրման 2013թ·-ի ընթացիկ ցուցանիշները խոսում են այն մասին¸ որ համայնքապետարանները հետեւողական չեն այդ հարցում: Լավագույն դեպքում այն ավարտվում է ծանուցումներ ուղարկելով, իսկ դատական հայցեր չներկայացնելը տեղական ավանդական պատկերացումներից դուրս է (վերը նշված 5 համայնքներից դատական հայցեր առաջին անգամ ներկայացրել է միայն Սեւանի քաղաքապետարանը): 

Վարչարարական մեթոդներից առավել կարեւոր է բնակչության հետ թափանցիկ աշխատաոճը եւ աշխատանքի արդյունքները նրանց տեսանելի դարձնելը:  Կարծում ենք, խնդիրը վարչական կոշտ մեթոդներին չի հասնի¸եթե համայնքների ղեկավարները հետեւողական լինեն իրենց գործունեության մասին հանրությանը իրազեկելու, ծախսումների վերաբերյալ բնակչությանը համակողմանի տեղեկատվություն տրամադրելու, ծախսումների առաջնահերթությունը որոշելիս համայնքի բնակչության տեսակետները հաշվի առնելու, նրանց համայնքային կառավարմանը մասնակից դարձնելու ձեւեր մշակելու եւ կիրառելու հարցում: Տեղական ինքնակառավարումն իրականացնողները բնակչության վստահությունը շահելու խնդիր ունեն եւ այդ ճանապարհով համայնքային կառավարման արդյունավետությունն անհամեմատ ավելի բարձր կլինի, քան վարչական մեթոդներով պարտադրանքի քաղաքականություն իրականացնելը:

Հարկերի վճարումները դյուրացնելու մեխանիզմներ չեն մշակվել¸ որը հնարավորություն կտար քաղաքացիներին տեղեկանալ իրենց ամսական վճարումների մասին եւ բանկային փոխանցումներ կատարելու հնարավորություններ ընձեռել: Սա կարեւոր է հատկապես այն առումով¸ որ համայնքից արտագաղթը բավականին մեծ թիվ է կազմում¸ իսկ այդ հանգամանքը հարկերը գանձելու գլխավոր խոչընդոտն է համարվում: Մարդիկ վարձակալել են հողը, իսկ հետո հեռացել են հանրապետությունից եւ դժվար է նրանց հայտնաբերելը, որպեսզի պարտավորեցնեն հարկերը վճարել: Բացի այդ, համայնքի բնակիչներից շատերը նույնիսկ տեղյակ չեն, որ հարկային պարտավորություններ ունեն (ինչպես Սեւանի քաղաքապետարանում տեղեկացրին՝ մարդ կա եկեղեցի է կառուցել, բայց հողի հարկը չէր վճարել, գտանք, ասեցինք, որ պարտք ունի¸ եկան վճարեցին):

Նշված փաստերը խոսում են այն մասին¸ որ հարկահավաքման քաղաքականությունը ճկուն չէ, համայնքում չբնակվողները պետք է բավարար իրազեկված լինեն տեղական իշխանությունների կայացրած որոշումների, իրենց հարկային պարտավորությունների, ինչպես նաեւ չվճարելու հետեւանքների մասին, հատկապես տուգանքներ եւ տույժեր կիրառելու մասով: Իրազեկելու պարտավորությունը համայնքային իշխանությանն է եւ միայն դրանից հետո իրավունք կունենան դատական կարգով բռնագանձում կատարելու կամ տույժեր կիրառելու:

Համայնքներում տեղադրված հա­մայն­քային կա­ռա­վար­ման տե­ղե­կատ­վա­կան համակարգը լիովին տալիս է այդ հնարավորությունը՝ «Ծառայություններ» բաժնում յուրաքանչյուրը կարող է տեսնել իր հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը եւ ցանկացած վայրից փոխանցումներ կատարել տրամադրված հաշվեհամարին, եթե համայնքապետարաններն օպերատիվ գործարկեն կայքը եւ այդ մասին իրազեկեն համայնքի բնակչությանը: Միանգամայն անօրինական է պատշաճ իրազեկում չապահովելու պայմաններում տույժերի կամ հարկադրանքի այլ միջոցներով գումարների գանձումը: Սա հակասում է արդարադատության սկզբունքներին:

Ուսումնասիրված համայնքներում ավագանին հարկային արտոնությունները տրամադրել է անտեսելով օրենքի պահանջը: Հարկային արտոնություններ տրամադրելու որոշումները հիմնականում կայացվել են «Գույքահարկի մասին» եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներին հղում չկատարելով, նույնիսկ եթե հղում է կատարվել, ապա կիրառված դեպքերում այն բնավ օրենքի պահանջից չի բխել: Անտեսվել են նաեւ Կառավարության 22 հունիսի 2012թ. թվականի N 822 որոշման պահանջները, որով սահմանվում է համայնքի ավագանու կողմից գույքահարկի արտոնություններ տրամադրելու կարգը: Զգալի գումարների զիջում է կատարվել, որի արդյունքում ոչ միայն այդքանով պակաս գումարներ են մուտքագրվել բյուջե, այլեւ նույնչափով նվազել է պետական բյուջեից համայնքին տրվող դոտացիան: Այդ քաղաքականությունը չի նպաստում պարտաճանաչ հարկատուներ ունենալուն, անիմաստ է դարձնում հողի հարկի եւ գույքահարկի գանձումները կատարելու նպատակով համայնքներում ներդրված «Վեկտոր պլյուս» ավտոմատացված համակարգի գոյությունը¸ որով հաշվարկվում են նաեւ տույժերն ու տուգանքները:

Համաձայն Կառավարության հիշյալ որոշման՝ հարկային արտոնություն տրամադրողը կամ այն ակնկալողը պետք է հիմնավորի արտոնություն տալու անհրաժեշտությունը, մինչդեռ նշված բոլոր համայնքներում տեղական իշխանություններն այն կիրառել են բացառապես մի նպատակով՝ տարիների ընթացքում կուտակված հարկերը հավաքագրելու: Մեկնաբանությունների մեջ նրանք հենց այդպես էլ հիմնավորում են՝ 2008թ.-ից հետո հարկային պարտավորությունները չկատարած բնակիչները, եթե իրենց հորդորով ամբողջությամբ վճարում են մայր գումարը, նրանց զիջում են տույժերը, եթե չզիջեն` չեն վճարի: Մասնավոր ընկերություններին նույնպես զիջվել է շինությունների, փոխադրամիջոցների գույքահարկն ու հողի հարկը, որը բանավոր պատճառաբանվում է այդ ձեռնարկությունների պարապուրդով: Սակայն, ավագանու որոշումները պատճառաբանված չեն:

Ցածր վարչարարության մասին է խոսում նաեւ այն, որ համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների համար գումարներ չեն սահմանվում կամ սահմանվելու պարագայում հետեւողականություն չեն ցուցաբերում դրանք հավաքագրելու հարցում, ինչպես օրինակ, աղբահանման, ջրամատակարարման, կոյուղու ցանցի շահագործման եւ այլ դեպքերում: Դա պատճառաբանվում է ցածրորակ ծառայություններ մատուցելով, որն էլ իր հերթին պայմանավորվում է ֆինանսների բացակայությամբ: Սակայն, թե ինչպես են բարելավելու մատուցվող ծառայությունների որակը, եթե ոչ խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման դիմաց հավաքագրված գումարներն այդ նպատակին ուղղորդելով, պարզ չէ: Նորատուս համայնքում մանկապարտեզ հաճախող 120 երեխայի համար վարձավճար չի գանձվում ծնողներից այն դեպքում, երբ այդ համայնքը խմելու ջուր չունի, ոռոգման ցանց չունի: 

Նշված օրինակները վկայությունն են այն բանի, որ համայնքներում նվազագույն ենթակառուցվածքներ ստեղծելու իրենց պարտականությունը մի կողմ թողած, համայնքների ղեկավարները տարված են բնակչությանը սիրաշահելու քաղաքականությամբ: Համայնքի ղեկավարի պաշտոնը չեն դիտարկում ծառայողական պաշտոն, որի խնդիրը օրենքով տրված լիազորությունները կիրառելով համայնքում կենսապահովման բարենպաստ պայմաններ ստեղծելն է: Համայնքում կառավարումն իրականացնում են սեփական հայեցողությամբ եւ անձնական պատկերացումներով՝ կառավարման չորս տարիներն ավելի շատ ծառայեցնելով հաջորդ ընտրությանը նախապատրաստվելուն: Համայնքի նյութական միջոցներն ավելի հաճախ ուղղվում են անհատական խնդիրների լուծմանը, քան թե ռազմավարական նպատակների իրագործմանը (եթե այդպիսիք կան), որի շահառուն կարող է ողջ համայնքը լինել: Վարչարարությունն ավելի շատ տեղային ավանդույթների վրա է հիմնվում, քան թե օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների: 

«Մենք դատական պրոցես չենք սկսի՝ քյավառցին-քյավառցու դեմ 200-300 հազար դրամի համար դատարան չի գնա»: Այս կարծրատիպերի եւ ավանդական պատկերացումների արդյունքում Գավառի քաղաքապետարանը 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ  մոտ 246 մլն դրամ ապառք է կուտակել եւ այն հավաքագրելու ուղղությամբ առանձնապես ջանքեր չի գործադրում:

Սարուխան համայնքում համայնքային ղեկավարումն իրականացնողները համայնքի ղեկավարի աշխատակազմին մոտ 1 մլն դրամով պարգեւատրել են հարկերը լավ հավաքագրելու համար, սակայն երկու տարի հետո որոշում են ընդունել այդ տարվա չհավաքագրած հարկերը հավաքագրելու մեխանիզմներ մշակելու մասին: Կամ՝ ավագանու որոշումով Սարուխան համայնքի բյուջեից դրամաշնորհ է տրամադրվել մեկ այլ համայնքի, երբ ինքը բազում չլուծված խնդիրներ ունի՝ համայնքը չունի անգամ գլխավոր հատակագիծ, որը պատճառաբանվել է գումար չունենալով: 

Տրամաբանակա՞ն է օրենքի պահանջն անտեսելով, տեղական տուրքերն առանց գանձելու առեւտրի կամ այլ թույլտվություններ տրամադրելը տարվա սկզբում, իսկ գանձումները կատարելու համար սպասել տարեվերջին արտագնա աշխատանքի մեկնածների վերադարձին: Ընդ որում, անգամ այդ տարբերակով տեղական տուրքերը տարիներ շարունակ թերի են գանձվել, եւ մի քանի տարվա ապառքները կուտակելուց հետո հաճախ տնտեսվարողը դադարեցում է գործունեությունը կամ լուծարվում, որի դեպքում անհնարին է դառնում ապառքների գանձումը: 

Վարդենիկ համայնքում օրինակ, 2013թ.-ին 100 հա արոտավայրը վարձակալության է տրվել չափազանց խորհրդանշական արժեքով՝ 1 հա-ը 645 դրամով, ավելի պատկերավոր ասած՝ կես հակ խոտի արժեքով (1 հակ խոտը վաճառվում է 1300 դրամով): Այսինքն, այս քայլով համայնքի ղեկավարը պարզապես օրինականացրել է արոտավայրերի օգտագործումը, քանի որ 1 հա-ից գանձվող գումարի չափը ողջամիտ չէ: Մեկ այլ համայնքում՝ Նորատուսում, 10 հա ավազահանքը շահագործման է տրվել տարեկան 55 հազար դրամով, որը ամենանվազագույն գներով հաշվարկած, երկու բեռնատար ավտոմեքենա ավազի արժեքն է: 

Հետազոտությանն ամբողջական կարող եք ծանոթանալ այստեղ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ