
Կառավարությունը եվրաբոնդերի թողարկումից ստացված 700 մլն դոլարը բյուջեում ներառել է օրենքի խախտմամբ
ՀՀ կառավարությունը 2013 թ. սեպտեմբերին միջազգային շուկայում տեղաբաշխեց եվրաբոնդեր՝ 700 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: ՀՀ կառավարության հոկտեմբերի 3-ի N1069-Ն որոշմամբ եվրաբոնդերից փաստացի ստացված 690,2 մլն դոլարը (մոտ 280 մլրդ դրամ) ներառվել է ՀՀ պետական բյուջեում: Գոյացած 10 մլն դոլար տարբերությունը եվրաբոնդերի թողարկման և տեղաբաշխման ընթացքում միջնորդներին տրված վճարներն են:
Սակայն հարց է առաջանում՝ իրավունք ունե՞ր կառավարությունը ինքնուրույն որոշելու, թե ինչպես ե՞ն բաշխվելու եվրաբոնդերից ստացված միջոցները: Նշենք, որ «Հետքին» ուղարկված պարզաբանման մեջ ՀՀ ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ միջոցները բյուջեում ներառվել են ու բաշխվել են բացառապես կառավարության որոշումներով:
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն. «Պետական բյուջեում փոփոխությունները և լրացումները կատարվում են օրենքով»: Հետևաբար՝ եվրաբոնդերից ստացված գումարնեը պետք էր բյուջեում ներառել «2013 թ. պետական բյուջեի մասին» օրենքի փոփոխությամբ, ոչ թե կառավարության որոշմամբ:
Նշենք, որ 2013 թ. պետական բյուջեի ծախսերը հաստատվել են 1 տրլն 152 մլրդ դրամ ծավալով, իսկ դեֆիցիտը՝ 120 մլրդ դրամ ծավալով: Հետևաբար՝ եվրաբոնդերից ստացված 280 մլրդ դրամը կազմում է բյուջեի ծախսերի 10.4%-ը, ու 2,3 անգամ բազմապատկում է դեֆիցիտը: Այսպիսի փոփոխությունները, բնականաբար, պետք է իրականացվեն միայն օրենքով:
Կա նաև մեկ այլ անհարթություն օրենքի հետ: «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 12-րդ հոդվածով՝ պետական բյուջեի դեֆիցիտը պետք է ներկայացնել այնպես, որ այն չգերազանցի կանխատեսվող ՀՆԱ-ի 5%-ը: 2013 թ. հաստատված բյուջեում դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցությունը կանխատեսվել էր 2.64%: Սակայն եթե դեֆիցիտին ավելացվում է ևս 280 մլրդ դրամ, ապա այն կաճի մինչև ՀՆԱ-ի 8,8%: Կառավարությունն այս պարադոքսը լուծել է շատ յուրօրինակ մաթեմատիկայի օգնությամբ: N1069-Ն որոշմամբ հաստատված աղյուսակով դեֆիցիտի ընդհանուր մակարդակի փոփոխություն ցույց չի տրվել, թեև 280 մլրդ դրամ մուտքի նշման մասին: Հնարավոր է՝ այստեղ դեր է խաղացել ռուսական վարկի վերաֆինանսավորման փաստը: Այսինքն՝ քանի որ 178 մլրդ դրամը (մոտ 440 մլն դոլար) ուղղվել է ռուսական վարկի մարմանը, այդ չափով դեֆիցիտի ֆինանսավորման ծավալը կրճատվել է: Որպես զուտ մուտք թողնվել է 101,2 մլրդ դրամը, որն էլ անհասկանալիորեն «չեզոքացվել է» դեֆիցիտի ներքին ֆինանսավորման հաշվին:
Մաթեմատիկական այս մանիպուլյացիաներն իրականության, տրամաբանության ու օրենսդրության հետ ոչ մի առնչություն չունեն: Պարզապես կառավարությունը չի ցանկացել փչացնել մակրոտնտեսական պատկերը, քանի որ դա բացասաբար կանդրադառնա երկրին տրվող միջազգային վարկանիշերի վրա: Դեֆիցիտի կտրուկ աճն ամենուրեք ցույց կտրվի որպես մակրոտնտեսական պայմանների վատթարացում, այդ թվում՝ doing business-ում և Moody`s-ի գնահատականներում: Բայց արդյո՞ք դա բավարար արդարացում է նման մանիպուլյացիաների համար:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել