HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քոչարյանի մտադրություններն ավելի քան ակնհայտ են»

«Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

-Պարոն Դանիելյան, այսօր քննարկումների տեղիք է տվել Ռ. Քոչարյանի հարցազրույցը: Դեռ նախորդ տարեվերջին խոսում էին նրա՝ քաղաքականություն վերադարձի մասին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Քոչարյանը խախտեց հարաբերական լռությունը:

-Ամեն ինչ առավել քան ակնհայտ է: Դեռևս նախագահի վերջին ընտրությունների ժամանակ Քոչարյանը մի կարճ հրապարակային ուղերձ էր հղել Սերժ Սարգսյանին, որտեղ բացահայտ ասել էր, որ Սարգսյանից հետո ինքն է պատրաստվում նախագահ դառնալ: Ավելին` հստակ ակնարկել էր, որ ինքը պատրաստ է ապահովել Սարգսյանի անվտանգությունը պաշտոնավարությունից հետո, ու բերել էր անձնական ու ծագումնաբանական հիմնավորումներ, թե ինչու ինքը դա կանի: Ու դրանից հետո քննարկել, թե որոնք են նրա մտադրությունները ու անիմաստ ենթադրություններն անել, տարակուսանք է հարուցում: Մոտավորապես նույն բանն էր ասել նաև 2008-ին, հիշո՞ւմ եք ամենաերիտասարդ թոշակառուն չդառնալու մասին նրա մտադրությունը: Նորից եմ կրկնում. նրա մտադրություններն ավելի քան ակնհայտ են:

-Գործնականում հնարավո՞ր է Քոչարյանի վերադարձը, և ի՞նչ հնարավոր զարգացումներ կլինեն դրանից հետո:

-Սա Սերժ Սարգսյանի վերջին ժամկետն է: Այս ընթացքում նա պետք է նախապատրաստեր իր հաջորդին: Դա ավտորիտար երկրների կարգն է, երբ ստիպված են ապահովել իշխանության ժառանգականությունը, սակայն նրան դա չի հաջողվել, և կարծում եմ, որ չի էլ հաջողվի: Պատճառը պարզ է` շուտով Հայաստանին պետք կլինի ճգնաժամային կառավարում, և նման պայմաններում հնարավոր իրավահաջորդը պետք է լիներ խարիզմատիկ կերպար, որը կարողանար հանրությանը և քաղաքական ու տնտեսական նոմենկլատուրային մոբիլիզացնել: Նման մարդ նրա շրջապատում գոյություն չունի: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը այլ տարբերակ չունի: Դժվար թե դրսից նա անվտանգության երաշխիքներ ստանա: Ոչ արևմուտքի, ոչ հյուսիսի, ոչ էլ հարավի համար նա արդեն ընդունելի կերպար չէ: Ինչպես արտաքին քաղաքականության մեջ նա շրջադարձ կատարեց, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ կարող է նույնը անել և փաստի առաջ կանգնեցնել իրեն սատարողներին: Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա նա կարող է վերահսկել նոմենկլատուրան, իսկ ինչ վերաբերում է հասարակությանը, դա արդեն այլ խոսակցություն է:

-Համացանցում արդեն բազմաթիվ բացասական կարծիքներ կան Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին: Մարտի 1-ի էջը դեռևս չի փակվել: Մյուս կողմից` առկա է Ձեր նշած նոմենկլատուրայի դրական վերաբերմունքը: Ի՞նչ եք կարծում` որի՞ ազդեցությունն ավելի մեծ կլինի:

-Մարտի 1-ի էջը, իհարկե, չի փակվել: Հատկապես դա ծանր հարց է ՀԱԿ-ի և մյուս ուժերի համար, ովքեր 2008-ին բարիկադների վրա էին: Նրանք չեն կարող շրջանցել այդ հարցը, բայց շատ-շատերը, որոնք նույնպես բարիկադների վրա էին, կարծես թե նույն Մարտի 1-ը ներել են Սերժ Սարգսյանին և այսօր ուղղակի կամ անուղղակի նրան են սատարում: Ես չեմ կարծում, որ Հայաստանի քաղաքական կուսակցությունները այդքան սկզբունքային են: Հայաստանում կուսակցությունները միավորվում են անձերի շուրջը կամ էլ հանդես են գալիս անձերի դեմ: Դրանք անձնական կամ կուսակցական շահերի վրա հիմնված գոյակցություններ են: Գաղափարներն ու սկզբունքները Հայաստանի քաղաքական ուժերի համար խորթ երևույթ են:

-Իսկ հասարակությո՞ւնը: Չէ՞որ այսօր կարող ենք ասել, որ ունենք քաղաքացիական հասարակության որոշակի հատված, որն անկախ է քաղաքական ուժերից:

-Այո, այսօր կան քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք անկախ են իշխանությունից, և այս տարիների ընթացքում դա մեր եզակի լուսավոր կետերից է, սակայն այդ նախաձեռնությունները ոչ միայն իշխանությունից են անկախ, այլ նաև միմյանցից: Այդ խմբերը միշտ չէ, որ միմյանց հետ համերաշխ են: Նոր ձևավորվող քաղաքացիական խմբերը այդպես էլ չկարողացան միմյանց հետ կլոր սեղանի շուրջը նստել և որոշումներ կայացնել: Դեռևս շուտ է խոսել այն մասին, որ քաղաքացիական նախաձեռնությունները լուրջ գործոն են արդեն դարձել և կարող են համախմբել հանրությանը: Քաղաքացիական հասարակությունը դեռևս ձևավորման փուլում է: Ճիշտ է` իշխանությունը չի կարողանում նրանց վերահսկել, սակայն պառակտել դեռևս կարողանում է: Դա քաղաքացիական շարժման հիմնական թուլություննեից մեկն է:

-Ի վերջո, Քոչարյանի վերադարձը հավանակա՞ն է: Ի՞նչը կարող է խանգարել դրան:

-Մինչև որ Հայաստանուն չկայանա քաղաքացիական հասարակությունը և չտրանսֆորմացվի քաղաքական շարժման, մինչև որ Հայաստանում իշխանությունն ու բիզնեսը միմյանցից չտարանջատվեն, ամեն ինչ էլ հնարավոր է: Ես ցանկացած զարգացում չեմ բացառում:

-Ի՞նչ կշահի և կկորցնի Հայաստանը նրա վերադարձով:

-Իսկ ի՞նչ ունենք այսօր, որ ինչ կորցնենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter