HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեղուտ» ՓԲԸ-ն փշալարերով «շրջափակել է» թեղուտցիներին

«Թեղուտ» ՓԲԸ-ն ցանցապատել է Թեղուտի «Լորուտ», «Փիջուտ», «Դուքանաձոր» հանդամասերը: Ընկերությունը գյուղի «Ձորիգյուղ» հանդամասի կամրջի մոտից մինչեւ իր բետոնի արտադրամաս՝ շուրջ 2 կմ երկայնքով փշալարերով թեղուտցիներից մեկուսացրել է նաեւ Շնող գետը: Գետը եւ հանդամասերը ցանցապատելու պատճառները շարքային թեղուտցիներից շատերը դեռեւս չեն ընկալում: «Ճիշտն ասած՝ գյուղի ապրելակերպը մի քիչ լավացավ, բայց մի բան սխալ արին, որ էն  չափարը քաշեցին:  Ջուրն էլ ա չփարած, գյուղացիներն էլ ապրանք չեն ուզում պահել: Հողն էլ ա իրանցը, տվել ենք: Սաղ զաբոռ ա: Ապրանքը չես կարա տանես ջուրը: Ճալու ջուրն էլ են չփարել: Հմի անասունը մի 3 կմ ըրածացնելով տանում ենք Մանստեւ ջրում, բերում»,- ասում է թեղուտցի Արտաշես Մելիքսեթյանը:

Շնող գետի փշալարերի հետ կապված «Թեղուտ» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից «Հետքի» հարցմանը պատասխանել են, թե ցանցապատվել են այն տարածքները, որոնց նկատմամբ ընկերությունն ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքներ: «Նման ցանցապատումներն անհրաժեշտ են ապօրինի ոտնձգություններից ընկերության սեփականության անձեռնմխելիությունն ապահովելու, մարդկանց առողջությանը եւ կենդանիներին սպառնացող հնարավոր ազդեցությունները բացառելու եւ ընկերության տարածք մուտքը կանոնակարգելու համար»:  

Հունվարի 10-ին Թեղուտի համայնքապետ Ֆրունզե Նորեկյանը մեզ հայտնել էր, որ Թեղուտը գյուղատնտեսական առումով արդեն հայտնվել է փակուղու մեջ: Գյուղն իր շրջակայքում այլեւս արոտավայր չունի: Մեծ մասը ճանաչվել է հանրային գերակա շահ, որի պատճառով գյուղացիները ստիպված դրանք վաճառել են ընկերությանը: Մնացած 119 հա արոտավայրերը գտնվում են գյուղից 10 կմ հեռավորության վրա՝ Թեղուտի սարերում: Գյուղից  161 մարդ է աշխատում ընկերությունում: Նրանք իրենց աշխատանքին զուգահեռ սարերում չեն կարողանում անասուն պահել: Տարվա մեջ 5-6  գյուղացի է անասունը սար տանում: Բացի այդ, գյուղացիներն այլեւս իրավունք չունեն  «Ֆերմեր» հանդամասում արածեցնել իրենց անասունը: Նախորդ տարվա հուլիսից «Թեղուտ» ՓԲԸ-ն դարպասներով պատնեշել է այլեւս իրեն պատկանող՝ գյուղի նախկին  «Ֆերմեր» հանդամասի անասունների արոտի ճանապարհը: «Իրենք ասում են, որ ֆինանսավորող «ՎՏԲ» բանկն է արգելել գյուղացիներին էդ արոտներն օգտագործել»,- ասում է համայնքապետ Ֆրունզե Նորեկյանը:

Ընկերության տնօրինությունը ջանում է մինչեւ այս տարվա կեսը շահագործել հանքավայրը, լեռնահարստացման կոմբինատն ու պոչամբարը: Ֆրունզե Նորեկյանը  դեռեւս չի պատկերացնում, որ ինչպես «Ֆերմեր» հանդամասի  դարպասները, այնպես էլ  Շնող գետի փշալարերը գյուղացիների անասունների արոտի ու ջրի ճանապարհը փակել են հենց հանքավայրի շահագործման պատճառով: Շնող գետը խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման աղբյուր է Թեղուտի եւ Շնողի համար: Ընկերության լրատվական ծառայությունից «Հետքին» հայտնել են, թե Շնող գետի 2 կմ երկայնքով շրջափակման ազդեցությունները մեղմելու համար, ազդակիր համայնքների տարածքներում անասնապահությամբ զբաղվող սուբյեկտների համար, նրանց հետ համաձայնեցված վայրերում, պայմանավորվել են ապահովել անասուններին ջուրը տանելու պայմաններ: Հունվարի 10-ի դրությամբ գյուղացիներն այդ պայմանավորվածության մասին տեղյակ չէին: Թեղուտցիները 161 հատ խոշոր եղջերավոր անասուն ունեն: «Այս տարի ավելի կնվազի քանակը, հիմա Թեղուտում ոչ թե մոզի, այլ կով են մորթում»,- ասաց Թեղուտի համայնքապետը:

Թեղուտի զարգացման գործում «Թեղուտ» ՓԲԸ-ի աջակցությունը համայնքապետ Ֆրունզե Նորեկյանին չի գոհացնում. «Դեռ 2010թ. խոստացել էին վերանորոգել դպրոցի մարզադահլիճը: Հիմա ասում են՝ չենք խոստացել: Հրաժարվում են»: «Վալլեքս» խմբի (որի մեջ մտնում է նաեւ «Թեղուտ» ՓԲԸ-ն) տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վահրամ Ավագյանն ասաց, որ ընկերության տնօրինությունը գյուղի դպրոցի մարզադահլիճը վերանորոգելու խոստում չի տվել որեւէ մեկին: Ֆրունզե Նորեկյանը «Հետքին» նաեւ հայտնեց, որ խմելու ու ոռոգման ջրամատակարարման, գազիֆիկացման եւ Շնող-Թեղուտ միջհամայնքային ճանապարհի ու Թեղուտի գյուղամիջյան ճանապարհների կապիտալ վերանորոգումը գյուղի հրատապ լուծում պահանջող խնդիրներից են եւ տեղ են գտել գյուղի 2013-2016թթ. քառամյա զարգացման ծրագրում: Ավագանու անդամ Ավետ Ավետյանը կարծում  է, որ գյուղի վարչական տարածքում մնացած շատ քիչ քանակությամբ հողերով ու անասուններով Թեղուտն այլեւս զարգանալ չի կարող: Այդ պատճառով նա կարծում  է, որ գյուղի զարգացման պատասխանատվությունը պետք է ստանձնի «Թեղուտ» ՓԲԸ-ն: Ըստ Վահրամ Ավագյանի՝ ընկերությունը պատրաստ է Թեղուտի զարգացման ցանկացած առաջարկություն քննարկել:

Ավագանու անդամ Ա. Ավետյանը նաեւ հայտնեց, որ դեռեւս լուծված չէ «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից 12-րդ դարի կառույց Բարձրյալ խաչ մատուռի ճանապարհի փակման խնդիրը: Անցյալ տարի հուլիսի 5-ին այդ ճանապարհի փակման պատճառով թեղուտցիները փակել էին գյուղի ճանապարհը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ձեռք բերած բանավոր պայմանավորվածությամբ` ճանապարհը օրվա ցանկացած ժամի պետք է բաց մնար գյուղացիների համար:  Պայմանավորվածությունից 1,5 ամիս հետո  ճանապարհի խնդիրը կրկին ծագեց: «Թեղուտի եւ «Թեղուտ» ՓԲԸ-ի  բարեկամական հարաբերությունների հիմնական նախապայմաններից մեկը խաչի ճանապարհը բացելն է»,- ասում է Ավետ Ավետյանը: «Թեղուտցիների համար Բարձրյալ խաչ այցելելու սահմանափակումներ չեն եղել եւ չկան: Առանձին դեպքերում ճանապարհը փակվել է այնտեղ կատարվող աշխատանքների պատճառով»,- ասում է ընկերության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վահրամ Ավագյանը:  

Հունվարի 10-ին՝ մեր այցելության օրը, Թեղուտը թաղված էր աղբակույտերի մեջ: Համայնքում աղբահանությունը ֆինանսավորում է «Թեղուտ» ՓԲԸ-ն: «Ահագին ժամանակ է աղբահանություն չի կատարվում: Աղբի ավտոմեքենայի վարորդին եմ տեսել: Ասավ` ինձ բան ասող չի եղել»,- ասաց Ֆրունզե Նորեկյանը:

Թեղուտի համայնքային բյուջեի 2013թ. եկամուտները կազմել են 27 մլն դրամ, որից 12 մլն դրամը «Թեղուտ» ՓԲԸ-ի հողի եւ գույքահարկի վարձավճարներն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter