HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թեկնածուները` կոռուպցիայի մասին

Կոռուպցիայի դեմ պայքարի հարցը նախագահի թեկնածուների ծրագրերում առաջնակարգ տեղ է զբաղեցնում:

Ե՛վ ծրագրերում, եւ՛ ելույթներում թեկնածուները նշում են, որ ներքին քաղաքականության մեջ իրենց կարեւորագույն քայլերից մեկը լինելու է հակակոռուպցիոն արշավը: Բայց քանի որ այս թեման բավականին ծավալուն է եւ անընդհատ շոշափվում է քարոզչության ընթացքում` ելույթներում, հանրահավաքներում, ասուլիսներում եւ այլուր, կանդրադառնանք միայն թեկնածուների նախընտրական ծրագրերի` կոռուպցիային վերաբերող դրույթներին:   

Բնականաբար, ընդդիմադիր կամ այդպիսին ներկայացող թեկնածուները խնդրին անդրադառնալիս անպայման խոսում են ներկա իշխանությունների կոռումպացվածության մասին: 

«Այսօր Հայաստանում քաղաքական եւ տնտեսական իշխանությունները հայտնվել են նույն ձեռքում: Այստեղ է բոլոր չարիքների արմատը` քաղաքական կյանքի քրեականացում, կոռուպցիա, սոցիալական բեւեռացում, արտագաղթ...: Իշխանափոխությունը խնդրի լուծում չէ. նորերը նույնն են անելու, եթե համակարգը մնա նույնը: Օրվա հրամայականը քաղաքական եւ տնտեսական իշխանությունների անցավ բաժանումն է,- իր ծրագրի հիմնադրույթներում նշում է թեկնածու Արամ Հարությունյանը:- Տնտեսական քաղաքականության անկատարությունը, չհամակարգված լինելը պետական կառույցներում տնտեսական հանցագործությունների եւ կոռուպցիայի հիմք են ծնում: Տնտեսական, իրավական բարեփոխումների շնորհիվ կստեղծվի մի իրավիճակ, որը կապահովի հասարակությունը ամուր հակակոռուպցիոն նորմատիվային բազայով` դարձնելով կաշառակերությունը հասարակության բոլոր խավերի բարոյական խնդիր»: 

Վազգեն Մանուկյանն իր ծրագրում ներկայացրել է ԽՍՀՄ փլուզումից հետո հասարակական հարաբերությունների «համընդգրկուն փոփոխությունները», որոնցից մեկն էլ կոռուպցիայի տարածումն էր. «Սահմանադրության ընդունումից հետո ընկած շրջանում գործող կլանային հարաբերություններն արդեն կանոն դարձրեցին ընտրակեղծիքների համակարգը: Հասարակական կյանք թափանցեցին մեր ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող այնպիսի երևույթներ, ինչպիսիք են ընտրակաշառքը և քաղաքական կոռուպցիան: Ահա սա էր կլանային հարաբերությունների գինը: Հարաբերություններ, որոնք արդեն շատ են հեռացել ազատ շուկային հատուկ սկզբունքներից»:Ղարաբաղի հարցը ունենալով` մենք դառնում ենք շատ հետաքրքիր խաղացող մնացած բոլոր խաղացողների համար: Ղարաբաղի հարցը չունենալով` դառնում ենք մի հատ սովորական փոքր պետություն, որը դժվար թե ինչ-որ օգտակար լինի այս տարածաշրջանում ինչ-որ մեկի համար
Վազգեն Մանուկյանը որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջոց առաջարկում է կիրառել հետխորհրդային Էստոնիայի փորձը: Ըստ այդմ` «պետական մարմինների հետ շփումն իրականացվում է վիրտուալ` էլեկտրոնային հաղորդակցության միջոցով (բիզնեսի գրանցում, հարկային հաշվետվությունների ներկայացում, լիցենզիայի ձեռքբերում և այլն)»: 

Հարկատու-պետություն շփումների նվազեցման անհրաժեշտության մասին արտահայտվել է նաեւ Արթուր Բաղդասարյանը, որն իր ծրագրում նշել է քաղաքական, ինստիտուցիոնալ, սոցիալ-տնտեսական, դատաիրավական և այլ ոլորտներում առկա կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ անհաշտ պայքարի մասին:  

Դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննեսյանն էլ հայտարարել է. «Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու դեպքում երաշխավորում եմ` հասարակության մեջ բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, սոցիալական արդարություն եւ համերաշխություն, հասարակական լիարժեք կարգ ու կանոնի հաստատում, անպատժելիության վերացում, կադրերի ճիշտ եւ անաչառ ընտրություն, իրական պայքար կոռուպցիայի դեմ, արդար եւ անկաշառ դատական համակարգ, քաղաքական համակարգի ապաքրեականացում եւ ապաառեւտրայնացում, քաղաքական եւ բիզնես վերնախավերի տարանջատում»:

Այս տողերը, ի թիվս ՀՅԴ-ականների մյուս խոստումների ու նրանց «ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն» անհասկանալի մարտավարության, առնվազն տարակուսանք են առաջացնում: 2003-ից առ այսօր դաշնակները իշխանության մաս են կազմում, նրանց ձեռքին են նախարարական մի շարք պորտֆելներ, այդ թվում` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Մյուս կողմից` գաղտնիք չէ, որ սոցիալական ոլորտը ամենակոռումպացվածներից մեկն է մեր երկրում: Ու հիմա 5 տարի այդ ոլորտը ղեկավարող կուսակցության թեկնածուն ընտրվելու դեպքում «երաշխավորում» է «սոցիալական արդարություն»: 

Կոռուպցիայի դեմ պայքարելու մասին խոստումներ է տալիս նաեւ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Վերջինս 2006-ից կառավարող հիմնական կուսակցության` ՀՀԿ-ի անդամ է, իսկ 2007-ից` վարչապետ: Հետեւաբար նա եւ իր կուսակցությունն են առաջին հերթին պատասխանատու այն երեւույթների գոյության համար, որոնց հաղթահարման մասին խոսում են հենց իրենք: 
Ահա Սարգսյանի նախընտրական ծրագրի այն դրույթները, որոնք առնչվում են կոռուպցիային. «Կոռուպցիա, ստվերային տնտեսություն, մրցակցային անհավասար պայմաններ. այս խնդիրների լուծումը գտնվում է արդյունավետ կառավարման ոլորտում և պահանջում է կառավարման տեխնոլոգիաների, միջոցների ու մեթոդների ներդաշնակ փոփոխություն: Մեր քաղաքականության առանցքային հարցերից մեկն է լինելու կաշառակերության ու կոռուպցիայի դեմ գործուն և հետևողական պայքարի ծավալումը»:

«Կոռուպցիայի, ստվերային տնտեսության հաղթահարումը, բացի թվարկված մոտեցումներից, ենթադրում է նաև հոգեբանական բարդույթի հաղթահարում: Հարկերից խուսափելն ու կաշառակերությունը կդիտարկվեն անպատվաբեր և հանրության կողմից դատապարտելի երևույթներ: Հաշվի չեն առնվելու անձնական կապերը և իբրև ընկեր, բարեկամ կամ կուսակից չեն դիտարկվելու բոլոր նրանք, ովքեր խուսափելու են հարկերի վճարումից և հանդուրժելու են այս արատավոր երևույթը»: 

Սարգսյանը, փաստորեն, սրանով հաստատում է, որ այսօր կոռուպցիան Հայաստանում կրում է համատարած, համակարգային բնույթ: Վարչապետը հասկանալիորեն շրջանցել է այն թեման, թե ինչու է կոռուպցիան այսօր հասել աննախադեպ չափերի եւ դեռ շարունակում է աճել: Նա միայն գրել է, թե ինչպես կարելի է պայքարել դրա դեմ: Վազգեն Մանուկյանի պես Սարգսյանն էլ նշել է հարկատու-պետություն վիրտուալ շփման օգտակարության մասին. «Մենք կմշակենք ծրագրեր և կներդնենք էլեկտրոնային կառավարման համակարգը, որը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման հաստատություններում կապահովի ինտերնետի միջոցով պետական ծառայությունների մատուցում` նվազագույնի հասցնելով շփումը պետական ծառայողի և քաղաքացու միջև և, դրանով իսկ, էապես կրճատելով կոռուպցիայի ռիսկերը»:

Կարճ ասած` կոռուպցիայի դեմ պայքարի մասին գրելուց եւ խոսելուց առաջ կառավարման լծակներ ունեցող ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի թեկնածուները եթե ոչ ծրագրերում, ապա ելույթներում նախ պետք է անդրադառնային դրա տարածման պատճառներին, վերջին 5 տարիների ընթացքում իրենց ձեռնարկած (այսինքն` չձեռնարկած) հակակոռուպցիոն մասշտաբային արշավին, ինչի վերաբերյալ նախընտրական խոստումներ են տալիս: Իրենց իշխանական գործունեությունը գնահատելիս այս եւ այլ բացթողումների մասին նրանք լռում են: 

«Միան­գա­մայն պարզ է, որ ոմանք մեր առջեւ արդարացիորեն դնելու են հետեւյալ հարցը. իսկ մի՞թե նախ­կինների օրոք չեն եղել կոռում­պացված նա­խարարներ, պաշտո­նեական չարաշահումներ կամ այլ տիպի օրինազանցություններ։ Իհարկե եղել են, չէին կարող չլի­նել, քանի որ նման երեւույթներ կան աշխարհի բոլոր, նույնիսկ ամե­նաօրինապաշտ երկրներում։ Այդ արատավոր երեւույթները մարդ­կու­թյանն ուղեկցել են պե­տա­կանության առաջացման առաջին իսկ օրվանից ի վեր եւ հետագայում եւս շարունակելու են դրսեւորվել այս կամ այն կերպով։ Բայց մի բան են առան­ձին երեւույթները, անհատական օրինազանցությունները, բոլորո­վին մի այլ բան՝ խմբային կամ կազմակերպված հանցագոր­ծու­թյուն­ները,- նոյեմբերի 16-ի հանրահավաքի ժամանակ հայտարարել էր առաջին նախագահ, այժմ թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը։- Նախ­կին իշխանությունները պատե­րազ­մի, էներգետիկ ճգնաժամի, ցնցումային տնտեսական բարե­փո­խում­ների պայման­նե­րում, իրենց ուժերի ներածին չափով, պայքարել են այդ երեւույթների դեմ։ Իսկ եթե նրանք դրանում թերացել են, ապա այդ գործը պետք է շարունակեին ներկա իշ­խա­նությունները, որոնք մեզ նե­րե­լու ո՛չ տրամադրություն, ո՛չ էլ քրիստոնեական առա­քինու­թյուն չունեին»։

Բուն նախընտրական ծրագրում, անդրադառնալով կոռուպցիային, Տեր-Պետրոսյանը շարունակել է ներկա իշխանությունների քննադատումը. «Եթե Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը որոշ առումով պայմանավորված է օբյեկտիվ գործոններով, այն է՝ շրջափակումներով, միջ­ազ­գային շուկայում նավթի գների անընդհատ բարձրացմամբ եւ դոլարի կուր­սի շարունակվող արժեզրկմամբ, ապա գլխավորապես այն արդյունք է կառավարման արատավորության, ներկա իշխանությունների վարած սխալ տնտե­սական քաղաքականության եւ համատարած կոռուպցիայի, որը կրում է հա­մա­կարգային բնույթ եւ կառավարվում վարչախմբի պարագլուխների կողմից։ Ընդ որում` ժողովրդի կեղեքումն ու հարստահարումը տեղի է ունենում ոչ միայն համակարգավորված եւ անթափանցիկ մեխանիզմների, այլեւ պետա­կան մասշտաբի բացահայտ հանցագործությունների միջոցով, ինչպիսիք են՝ «Հայռուսգազարդի» մատակարարած գազի գումարի անհետացումը, հանրապետություն ներկրվող բենզինի ծավալների եւ ղազախական գազի հետ կապ­ված վիճակագրական մեքենայությունները, հանքերի, պահուստային հողերի, քաղաքային բնակավայրերի հողատարածքների, պետական գույքի սեփակա­նաշնորհման ապօրինի գործարքները եւ այլն»։    

Լ. Տեր-Պետրոսյանն իր ծրագրում որպես «իրավական պետության կայացման ու երկրի բարոյահո­գե­բա­նա­կան մթնոլորտի առողջացմանն ուղղված հրատապ միջոցառումներ»  ներկայացրել է կոռուպցիայի, պաշտոնեական չարաշահումների, կաշառակերության, դրամաշորթության, վիճակագրական կեղծարա­րություն­ների, քրեական եւ տնտեսական հանցագործությունների դեմ անզիջում պայքարը:

ԱՄԿ առաջնորդ Արտաշես Գեղամյանն իր «Արարման ծրագրում» առանձին գլուխ է նվիրել կոռուպցիայի թեմային, որում նա քննադատել է ներկա իշխանություններին, եւ ոչ մի խոսք չկա նախկինների մասին, ում հակաքարոզչությունը, փաստորեն, նա այժմ անում է: Բանն այն է, որ բուն «Արարման ծրագիրը» 2007-ի ԱԺ ընտրություններից առաջ Գեղամյանի առաջարկած նույն «Հակաճգնաժամային ծրագիրն» է, ասել է թե` ներկայիս ղեկավարների քննադատությունը, իսկ լրացումները որակումներ են Լ. Տեր-Պետրոսյանի, նրա իշխանության եւ թիմի մասին: 

Այսպիսով` Գեղամյանն իր ծրագրի «Հակակոռուպցիոն քաղաքականություն» գլխում գրում է. «Միջազգային կազմակերպությունների հետազոտությունների համաձայն («Ֆրիդոմ Հաուզ» կազմակերպության 2006 թ. հրապարակած «Անցումային երկրները» զեկույց, «Գելապի» 2006 թ. կոռուպցիայի համաթիվ ուսումնասիրություն, 2006 թ. Համաշխարհային բանկի հրապարակած «Կոռուպցիայի դեմ պայքարը անցումային տնտեսությամբ երկրներում») արձանագրվել է, որ, չնայած 2003 թ. Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրի մշակմանը ու 2004 թ. Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրաստիճան խորհրդի ստեղծմանը, իրավիճակը Հայաստանում կոռուպցիայի բազմաթիվ բաղադրիչների առումով դարձել է ավելի վատ, քան 2002 թ.»: 

Սա հենց այն է, ինչի համար պատասխանատվություն են կրում իշխանության մաս կազմող կուսակցությունները, այդ թվում` նրանց նախագահական թեկնածուները:      

Գեղամյանը շարունակում է. ««Թրանսփարենսի ինթերնեյշնլ-Հայաստան» ՀԿ-ի կողմից 2006 թ. անցկացված հարցման արդյունքներով ակնհայտ է դարձել, որ Հայաստանում կոռուպցիայի տարածմանը հիմնականում նպաստում են պետական պաշտոնյաները, եւ որ այն մեծապես առկա է երկրի կառավարման համակարգի բարձր մակարդակում: Հարցվածներն առավել կոռումպացված պետական ինստիտուտներ են ճանաչել ՀՀ նախագահի, կառավարության եւ նախարարների ինստիտուտները, շատ մտահոգիչ են դատախազական համակարգին տրված գնահատականները: Խոր տագնապ է հարուցում նաեւ այն, որ հարցվածների մեծ մասը որպես ամենակոռումպացված նշել է ընտրական համակարգը եւ հարկային ծառայությունը»: 

«Կոռումպացվածությունը հիմնականում հետեւանք է իշխանությունների քաղաքական կամքի բացակայության, ինչպես եւ վերջիններիս` կոռուպցիայի աղբյուր լինելու հանգամանքով: Հասարակական այդ չարիքը մեծապես պայմանավորված է ընտրական ողջ համակարգի զանգվածային կոռումպացվածությամբ, ընտրական համակարգ, որն էլ ձեւավորում է իշխանություն»,- եզրակացնում է Գեղամյանը եւ առաջարկում կոռուպցայի դեմ պայքարի ուղղություններ: Դրանցից են քրեածին տարրերի` ԱԺ ներթափանցման դեմ աշխատանքը, հասարակության կողմից կառավարության գործունեության վերահսկման մեխանիզմների ստեղծումը, պաշտոնատար անձանց վրա դրվող արգելքը ձեռնարկատիրությամբ զբաղվելու հարցում, անօրինական եկամուտների քողարկման դեմ վարչական եւ քրեական պատասխանատվության խստացումը եւ այլն:

Կոռուպցիայի մասին իր ծրագրում ամենից շատ խոսել է Արման Մելիքյանը: Այս թեկնածուն ընդհանրապես տարբեր ոլորտների կամ երեւույթների մասին գրելիս բավականին ծավալուն կերպով անդրադարձել է դրանց էությանը, միջազգային պրակտիկային եւ այլն: 

«Հայաստանում կառավարման կոռուպցիոն համակարգն արդեն իսկ ձեւավորված է եւ գտնվում է իր զարգացման բարձրակետում: Դա կարող էր եւ տեղի չունենալ, եթե Հայաստանի նոր իշխանությունները ՀՀ անկախացումից ի վեր համապատասխան կանխարգելիչ գործողությունների միջոցով թույլ չտային պետական կառավարման համակարգի եւ բիզնեսի սերտաճում,- ասում է Արման Մելիքյանը:- Չքավոր պետական պաշտոնյաները, օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած իշխանական լծակները, սկսեցին աստիճանաբար ներքաշվել կոռուպցիոն գործընթացների մեջ` մեր պետությանը հասցնելով թե' նյութական, թե' բարոյական էական վնասներ: Մեր օրերում այդ չհամակարգված, առանձին կոռուպցիոն դրսեւորումները, «ստեղծագործաբար» զարգանալով, վերաճեցին կառավարման կուռ եւ անհաղթահարելի թվացող կոռուպցիոն համակարգի»: 

Ա. Մելիքյանը կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում պարտադիր քայլ է համարում պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, ԶԼՄ-ի ազատ եւ անկախ խոսքի առկայությունը, ինֆորմացված քաղաքացիական հասարակությունը եւ այլն: Ըստ նրա` «Երկրում գործող կառավարման կոռուպցիոն համակարգը թույլ չի տալիս վստահությամբ վերաբերվել մեր պետությանը եւ հիմք է ստեղծում, որ խոշոր միջազգային դերակատարները դիտարկեն Հայաստանը ոչ թե որպես հավասար գործընկեր, այլ որպես իրենց քաղաքական շահերի տարածաշրջանային կամակատար»: 

«Իրական ժողովրդավարական երկրին բնորոշ պետական կառավարման համակարգի ներդրումը հնարավորություն կընձեռի վերացնել իշխանության եւ գործարարության սերտաճման երեւույթը, առավելագույնս կնպաստի ստվերային տնտեսության վերացմանը եւ տնտեսության մեջ իրական մրցակցային դաշտի ձեւավորմանը: Սա թույլ կտա երկրում գործող պետական կառավարման կոռուպցիոն համակարգի կողմից ներկայումս ապօրինաբար յուրացվող միջոցները վերաուղղորդել նպատակային սոցիալական եւ զարգացման ծրագրերի իրականացմանը»,- եզրափակել է Ա. Մելիքյանը: 
Բնականաբար, թեկնածուների ծրագրերի հակակոռուպցիոն դրույթները իրարից շատ չեն տարբերվում: Բացառությամբ Ս. Սարգսյանի, մյուսները հիմնական շեշտը դնում են արմատական փոփոխությունների անհրաժեշտության վրա: Այլ հարց է` դրանց մասին խոսող թեկնածուներն արդյոք բավարար քաղաքական կամք կունենա՞ն, որ չտրվեն կոռուպցիայի գայթակղությանը եւ ոչ դյուրին արշավ սկսեն այդ երեւույթի դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter