HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այշե Գունայսու. «Հրանտը սպանվեց: Սա է Թուրքիայի իրականությունը»

«Հետքի» հարցերին պատասխանում է թուրքական «Özgür Gündem» օրաթերթի և Բոստոնի «Armenian Weekly»-ի սյունակագիր Այշե Գունայսուն

-Այշե, ե՞րբ առաջին անգամ իմացաք Հրանտ Դինքի մասին:

- Մենք գիտեինք նրան 1996-ին «Ակոսի» առաջին հրատարակումից: Մեր պարտականությունն էր հետեւել այն ամենին, ինչ կապված էր Թուրքիայում ոչ մուսուլման համայնքների հետ. մարդու իրավունքների խախտումներ, նշված համայնքների խնդիրներ ու պատմություն:

-Իսկ երբեւէ հանդիպե՞լ էիք նրան:

-Այո, մենք Ստամբուլի մարդու իրավունքների ասոցիացիայի ռասիզմի եւ խտրականության դեմ կոմիտեում սերտ կապերի մեջ էինք 1996-ից ի վեր: 1997-ին մեր կազմակերպած ցուցահանդեսը, որը կոչվում էր «Տուզլայի երեխաների ճամբարը. մի նվաճման պատմություն», մեր եւ Հրանտ Դինքի համատեղ աշխատանքի արդյունք էր, քանի որ նա էր տրամադրել ճամբարի մասին պատմությունը, լուսանկարները, ամբողջ նյութը: Եվ նա հատուկ հոդված գրեց ճամբարի հետ իր փորձառության եւ այն մասին, թե ինչ էր ինքը զգում կառավարության կողմից ճամբարը վերցնելու վերաբերյալ: Հետո մենք նյութը գիրք դարձրեցինք երեք լեզվով` թուրքերեն, անգլերեն, հայերեն: Դինքի հոդվածը հրապարակվեց գրքում: Նա մեր մոտ գործընկերն էր ու մեկը, որից շատ բան սովորեցինք անձնական շփումներում: Ես մի քանի անգամ այցելել եմ Հրանտին «Ակոսի» խմբագրությունում` լսելու նրա կարծիքը, խորհրդակցելու նրա հետ, մեր աշխատանքի հետ կապված տարբեր առիթներով նրա օգնությունը խնդրելու:

-Ձեր կարծիքով` ո՞վ էր Հրանտ Դինքը թուրք իրականության մեջ:

-Նա այն անձն էր, ով կարողացավ թուրք հասարակության լայն հատվածի աչքին փոխել հայերի հանդեպ ընկալումը: Որովհետեւ նա ինքն իրեն հանրայնորեն հասանելի դարձրեց` մասնակցելով հարթակային քննարկումներին եւ գլխավոր հեռուստաալիքներին հարցազրույցներ տալով: Նույնիսկ նրանք, ովքեր Թուրքիայի հայերի մասին ոչինչ չգիտեին, իմացան նրանից եւ սիրեցին Հրանտին, որովհետեւ նա մարդկանց հետ շփվում էր ի սրտե զրուցելով, անկեղծությամբ եւ ուղղամտությամբ: Մյուս կողմից` նա ձգտում էր հավասարակշռություն պահպանել իր մտքերն արտահայտելիս` հնարավորինս փորձելով չվանել թուրք հասարակությանը: Նա նույնիսկ արշավ սկսեց այն երկրների խորհրդարանների դեմ, որոնք որոշումներ էին ընդունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Հրանտի մոտեցմամբ` ինքը պարտավոր էր դա անել` թուրք հանրությանը հավաստիացնելու, որ ինքը Թուրքիայի տարածքային եւ ազգային միասնականության համար վտանգ չի ներկայացնում: Բայց նույնիսկ դա չօգնեց նրան: Թուրքիան մի վայր է, որտեղ նույնիսկ այդպիսի հավասարակշռված, զգույշ, երբեմն փոխզիջումային մոտեցումը չի հանդուրժվում: Չնայած թուրքերի ազգային զգացումները չվիրավորելու բոլոր ջանքերին` Հրանտը սպանվեց: Սա է Թուրքիայի իրականությունը: Մութ ուժերը, որոնք սպանեցին նրան, հասկանալ տվեցին, որ դարավոր պետական մտածելակերպը չի թողնի ինչ-որ հայի ոտքի կանգնել եւ խոսել:   

-Ի՞նչ եք կարծում, ինչու՞ սպանվեց Հրանտ Դինքը:

- Կարծում եմ, որովհետեւ ցեղասպանությունը չի եղել ու ավարտվել 1915-1923 թթ.: Այն հիմա էլ շարունակվում է ցեղասպանության ագրեսիվ, կոպիտ ու լպիրշ ժխտմամբ: Մերժողականությունը պահպանելու համար թուրքական կառավարությունները միշտ էլ նացիոնալիզմով են կերակրել թուրք մարդկանց, ինչը, բնականաբար, խրախուսել է ուլտրաազգայնական տարրերին, որոնք սերտ կապերի մեջ են պետական ապարատի եւ դրա գաղտնի ուժերի հետ:  

- Ըստ Ձեզ` ո՞վ է իրականում պատվիրել Դինքի սպանությունը:

-Կարող եմ ներկայացնել միայն իմ անձնական տպավորությունը, որովհետեւ իրականությունն աղոտ է ու կոծկված: Ով կամ ինչ ուժ էլ պատվիրած լինի նրա սպանությունը, պետական ապարատի մաս է, հատկապես` գաղտնի ծառայությունների եւ հատուկ ռազմական միավորումների, որոնց մենք անվանում ենք «խորը պետություն»:

- Ի՞նչ փոխվեց Թուրքիայում Դինքի սպանությունից հետո:

-Հրանտի սպանությունը բարձրացրեց, ինչպես ասում են, հայկական «հարցի» վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը: Շատ շրջանակներ, նույնիսկ` ձախերը, ուշադրություն չէին դարձնում, թե ինչի միջով էին անցնում հայերը ժխտողական երկրում, ժխտողականության պայմաններում: Դինքի սպանությունից հետո սոցիալիստական շրջանակներն սկսեցին ներգրավվել նրա մեջ, ինչ Մարդու իրավունքների ասոցիացիան էր անում Հրանտի մահից մեկ տասնամյակ առաջ: Սակայն ցասում է առաջացնում այն, որ դրա համար Հրանտ Դինքը պիտի սպանվեր: Բացի դրանից` թուրք հասարակության ավելի լայն հատվածներ, որոնք անտարբեր էին եւ ներգրավված չէին քաղաքականության մեջ, այսպես թե այնպես սկսեցին իմանալ, թե ինչից են տառապում Թուրքիայի հայերը: Նրա մահից հետո շատ թուրք դեմոկրատներ պոռոտախոսում էին Դինքի թաղմանը «հարյուր հազարավորների» երթի մասին, ինչն ինձ խելագարեցնում է: Որտե՞ղ էին այդ մարդիկ, երբ Հրանտին ահաբեկում էին նրա դատավարությունների ժամանակ, երբ ֆաշիստները «Ակոսի» դիմաց ցույցեր էին անում: Ի՞նչ է, Հրանտը պիտի սպանվե՞ր, որպեսզի այդ «հարյուր հազարավորները» միավորվեին իր իդեալների շուրջ:  

Լուսանկարը` Այշե Գունայսուի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter