HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագաչափի «զոհն» այս անգամ իրավաբան է. նա դատի է տվել ՃՈ-ին

Մարինե Մադաթյան
Գրիշա Բալասանյան

Երևան քաղաքի Սևանի խճուղում տեղադրված արագաչափը վերջերս ֆիքսել է երթևեկող «Մերսեդես Բենցի» խախտումը՝ արագության գերազանցում 24 կմ/ժ-ով: Վարորդը դեռ ոչ միայն չի վճարել 30 հազար դրամ տուգանքը, այլև այս դեպքը նրա համար առիթ է դարձել` դատական կարգով քննության առարկա դարձնելու վարչական ակտ նշանակող մարմնի` ճանապարհային ոստիկանության գործունեության օրինականությունը:

Վարորդը՝ «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի համահիմնադիր, «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը, դիմել է Վարչական դատարան` նշանակված վարչական տուգանքը անվավեր ճանաչելու պահանջով: Նա ոստիկանության` վարչական ակտ նշանակելու այս որոշումը համարում է ոչ իրավաչափ: Ա. Ղազարյանի հայցապահանջի իրավական հիմքերը «կարգազանց» մի շարք վարորդների կարող են ազատել վարչական տուգանքից:

Վարչական ակտն անվավեր է, քանի որ չի հանձնվել հասցեատիրոջը օրենքով սահմանված ժամկետում

Վարույթ իրականացնող մարմինը վարչական ակտը պարտավոր է ընդունել իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում: Սա` ըստ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացված վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի:

Նույն հոդվածի 2-րդ մասն էլ սահմանում է, որ վարչական ակտը հանձնվում է հասցեատիրոջը այն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում:

Ա. Ղազարյանի հայցապահանջի իրավական հիմքերի թվում է օրենքի 7-րդ հոդվածի այս երկու մասերի խախտման փաստը:

Արագաչափ սարքը լուսանկարել է մեքենան 2013թ. հուլիսի 5-ին, իսկ ոստիկանությունը իրավախախտման վերաբերյալ որոշումն ընդունել է հուլիսի 17-ին (հոդվածի 1-ին մասի սահմանած առավելագույն ժամկետի խախտմամբ):

Հուլիսի 17-ին կայացրած որոշումը ոստիկանությունը վարորդին ուղարկելու նպատակով փոստային բաժանմունքին է հանձնել օգոստոսի 4-ին (հոդվածի 2-րդ մասի սահմանած առավելագույն ժամկետի խախտմամբ):

Արդյունքում` վարորդը հուլիսի 5-ին տեղի ունեցած դեպքի մասին տեղեկացել է միայն մեկ ամիս անց:

Մինչև վարչական դատարան դիմելը Ա. Ղազարյանը վարչական բողոք է ներկայացրել ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանին: Վերջինս մերժել է բողոքը` վկայակոչելով Վճռաբեկ դատարանի որոշումներից մեկը` որպես նախադեպային որոշում: Այս որոշումը, սակայն, ինչպես նշում է իրավաբանը, վերաբերում է վարչական ակտի մասին տեղեկանալու իրավունքին: Իսկ Ա. Ղազարյանն այժմ վաչական դատարանում վիճարկում է ոչ թե վարչական ակտի մասին տեղեկանալու իրավունքը, այլ վարչական ակտը օրենքով սահմանված ժամկետի խախտումով հասցեատիրոջը հանձնելը:

Արա Ղազարյան

Իրավաբանի խոսքով՝ վարչարարության գործընթացը պետք է որոշակի լինի, ժամկետները խախտելը զրկում է քաղաքացուն պաշտպանվելու հնարավորությունից:

«Նրա հիշողությունից ջնջվում են իր պաշտպանվելու համար անհրաժեշտ փաստեր, հանգամանքներ, տպավորություններ և այլն։ Հենց այս երևույթը նկատի ունենալով է օրենսդիրը ժամկետային սահմանափակումներ սահմանել, ինչպես նաև սահմանել է դրանք հարգելու իմպերատիվ պահանջ. պետական մարմնի համար որևէ հայեցողություն այստեղ սահմանված չէ»,- նշում է Ա. Ղազարյանը։

Արագության սահմանափակման գոտու ավարտի մասին ճանապարհային նշանը՝ անթույլատրելի վայրում

Կառավարության որոշմամբ` երկու ուղղությամբ երթևեկության մեկ, երկու կամ երեք գոտիներ ունեցող ճանապարհներին «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ» նշանը պետք է տեղակայել միայն ճանապարհի ձախ կողմում:

Աճառյան փողոցը երկու ուղղությամբ էլ ունի երեք երթևեկելի գոտի։ Համաձայն վերոնշյալ որոշման` 80կմ/ժ արագության սահմանափակման գոտու ավարտն ազդարարող նշանը պետք է տեղադրված լիներ հանդիպակաց ուղղության երթևեկելի մասի ձախ կողմում, սակայն տեղակայված է ճանապարհի աջ կողմում:

Այս դեպքում, ինչպես նշում է Ա. Ղազարյանը, որևէ վարորդ ապահովագրված չէ վարչական պատասխանատվության ենթարկվելուց, քանի որ նշանը կարող է անտեսանելի լինել:

«Այն հանգամանքը, որ 2-րդ գոտով երթևեկող վարորդի համար 3.25 նշանը կլինի անտեսանելի, հաստատվում է իմ կողմից կատարված 3.25 նշանի լուսանկարներով, որոնք ես կատարել եմ ճանապարհի հանդիպակաց երթևեկելի մասի ձախ կողմից։

Նույնիսկ նման մեծ հեռավորության դեպքում միջին չափի բեռնատարը գրեթե ծածկում է նշանը։ Ակնհայտ է, որ եթե նույն լուսանկարը արված լիներ 3.25 նշանի երթևեկելի մասի 2-րդ կամ 3-րդ գոտուց, նշանը անտեսանելի կլիներ»,- նշում է Ա. Ղազարյանը։

Թակարդու՞մ, թե՞ իրավական կարգավորում. որտե՞ղ են արագաչափերի տեղադրման նորմատիվ իրավական ակտերը

«Շատ կարևոր է տեսնել, թե որտեղ են դրված այդ չափիչ սարքերը: Արդյոք նորմատիվ իրավական ակտ կա՞ դրա հիմքում, թե՞ ոստիկանը ոնց որոշել, այդտեղ Էլ դրել է: Վարչարարության հիմնական սկզբունքներն են այստեղ դեր խաղում` անհրաժեշտության սկզբունք, պիտանիության սկզբունք և այլն… Արդյոք հետազոտություն արվե՞լ է տեղադրելուց առաջ: Երբ որևէ փողոցում արագաչափ է դրվել, պարզե՞լ են` անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Թե՞ դրել են միայն նրա համար, որ վարորդը գնա ու դիտմամբ խախտի»,-  ասում է Ա. Ղազարյանը:

Իրավաբանի կարծիքով` սա թակարդում է, որովհետև վարորդի համար տրամաբանական է, որ մայրաքաղաքից դուրս շարժվելուն զուգընթաց պետք է մեծացնի արագությունը, ոչ թե նվազեցնի:

Նա պարզել է, որ նախկինում` «ոչ վաղ անցյալում», հակառակն է եղել:

«Աճառյան փողոցի այս հատվածում սահմանված էր 60 կմ/ժ արագություն և տեղադրված էր տեսախցիկ, իսկ քաղաքից դուրս գալիս՝ 80 կմ/ժ արագություն։ Նման իրավակարգավորումը ողջամիտ էր, անհրաժեշտ ու համաչափ։ Սակայն մի որոշ ժամանակ անց տեսախցիկը հանվեց, ու նշված վայրում թույլատրելի արագության չափը մեծացվեց։ Դրա փոխարեն տեսախցիկը տեղադրվեց մոտ 2 կմ հեռու՝ քաղաքի ելքից դուրս, և հենց այս հատվածում թույլատրելի արագությունը նվազեցվեց՝ 60 կմ/ժ»,- նշում է Ա. Ղազարյանը։

Խախտում անելու հավանականությունը, իրավաբանի կարծիքով, այս դեպքում շատ մեծ է, քանի որ իրավակարգավորումը անտրամաբանական է: «Ավելին, նման կարգավորումը դրդում է վարորդներին կատարել իրավախախտում և իր բնույթով կարելի է որակել որպես իրավախախտում կատարելու դրդչություն»,- նշում է Ա. Ղազարյանը։

Ոստիկանությունը, իրավաբանի խոսքով, պետք է ցույց տա այն նորմատիվ իրավական ակտը, որի հիման վրա տվյալ վայրում տեղադրվել է արագաչափը: «Բաց այստեղ նաև ուրիշ հարց է առաջանում,- նշում է Ա. Ղազարյանը,- արդյո՞ք ոստիկանությունը իրավունք ունի նորմատիվ իրավական ակտ սահմանել: Նորմատիվ իրավական ակտ իրավունք ունի սահմանել նախարարը, կառավարությունը, բայց չէ՞ որ ոստիկանության կարգավիճակը կառավարությանն առընթեր է, և նրան զրկեցին նախարարության կարգավիճակից»:

Վիճակագրություն չեն տրամադրում` արդյոք նվազե՞լ են խախտումները, թե՞ ոչ

Հայցապահանջի իրավական հիմքերը իրավաբանն այժմ մտածում է վիճարկել ոչ միայն վարչական դատարանում, այլև հասցնել մինչև Սահմանադրական դատարան: Պարզվել է նաև, որ ոստիկանությունը չի տրամադրում տեղեկատվություն` տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի տեղադրումից հետո ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների քանակի վերաբերյալ:

«Իրականում նման վիճակագրություն արվում է,- նշում է Ա. Ղազարյանը, բայց միգուցե խնդիր կա, որ չեն տալիս, միգուցե վերցնում ենք այդ վիճակագրությունը և տեսնում ենք, որ ոչինչ չի՞ փոխվել: Միգուցե շատացել են խախտումները, որովհետև իրականում թակարդում է արվում»:

Տուգանքի նվազագույն շեմը նվազագույն զամբյուղի գրեթե մեկ երկրորդն է

«Հերիք է որ վարորդը 24 կմ/ժ արագությամբ ավել քշի ու ընկնում է 30 հազարի տակ: Աբսուրդ է, տուգանքի նվազագույն շեմը դրել են նվազագույն զամբյուղի մեկ երկրորդը»,- ասում է Ա. Ղազարյանը:

Այս դեպքում, իրավաբանի խոսքով, գործ ունենք վարչական ակտի անհամաչափության խնդրի հետ: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով`  վարչական վարույթ իրականացնող մարմինը վարչարարությունն իրականացնելիս պետք է առաջնորդվի համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով: 

Սահմանադրական դատարանում, Ա. Ղազարյանի կարծիքով, վիճարկելու հարց է նաև վարչական ակտի անհամաչափությունը:

 

 

 

Մեկնաբանություններ (12)

Leonid
Inch veraberum e tugankneri chapin dra shat chisht lucumy gtel en shvediayum Tuganki chapy voroshvum e yst gorcakicneri, nayc te xaxtum kataroxy tarekan inch ekamut uni. Shat mardikanc hamar ed tuganknery voch mi azdecutyun el chunen u henc nman varordnern en xaxtum. Edoisi varordi hamar ete tuganky kazmer mi shaaat klorik gumar myus angam shat zguish kliner
Levon
Արա ջան, այդ ժամկետների խախտման արդյունքում նրանք կարողանում են քաղաքացուց մի քանի անգամ շատ գումար կորզել, քանի որ մինջև առաջին խախտունը գալիս է ամիս ու կես անցնում է և այդ ժամանակ էս դու իմանում տվյալ տեղի խախտմանտ մասին, բայց ինչ տեսնում ես որ մեկուկես ամիս այդ ակտերտ կգան ու գումարը կկազմի մի աստղաբաշխական թիվ... Իսկ եթե ոստիկանը տվյալ ժամանակ կանգնեցնի քեզ որ դու խախտում էս արել պարզ է որ կիմանաս դրանից հետո և այլևս չէս կրկնի.... Կարճ ասած ՄԵԾ ԲԻԶՆԵՍ!!!
Arsen
Ես ինքս էլ այդ արագաչափի «զոհն» եմ դարձել 14 կմ/ժ գերազանցմամբ, որի տուգանքը տաս հազար դրամ է: Սակայն բանը ինչումն է, ես արագաչափի տեղը լավ գիտեի ու տեսել էի, բայց չգիտեի որ Հերացու փողոցից սկսվող ճանապարհը որտեղ սկզբում արագությունը սահմանափակվում էր 70 կմ/ժ, Պլեյ Սիթիի խաչմերուկում բարձրանում է 80-ի , քաղաքից դուրս գալով դառնում է 60, այսպիսի բան միայն մեր «դառը» իրականության մեջ կարող է լինել: Ավելացնեմ նաև որ քաղաք մտնող նույն հատվածում արագությունը 70կմ/ժ է սահմանափակված: Որտեղ է տրամաբանությունը, իհարկել վարորդներին հնարավորինս շատ «կոշկելու և կլպելու» մեջ: Արա Ղազարյանին առաջարկում եմ բերված փաստերը նույնպես օգտագործել ու եթե օգնության կարիք լինի պատրաստ եմ դատարանում հանդես գալու: Այդ տուգանքը ինձ շատ էր զայրացրել իր անարդարությամբ, սակայն ես ճար չունեի, դրա դատարանով բողաքարկումը ինձ վրա շատ թանկ կնստեր, առավել ևս որ ես իրավաբան չեմ:
Մարատ
Հաջողություն Արա Ղազարյանին, արդեն զզվել ենք արագափողաքամիչներից ...: Մյուս կողմից՝ առավել քան համոզված եմ, որ ոստիկանությանը, ասել կուզե՝ պետությանը, ըստ էության ոչինչ էլ չի հասնում էդ տուգանքներից, քանզի դրանցից մասհանվող այդ 30 տոկոսը հազիվ էլ հերիքի արագափողաքամիչներն սպասարկող մեծաքանակ անձնակազմի աշխատավարձերին, իսկ դա նաեւ նշանակում է, որ պետական մարմինն ամբողջովին աշխատում ու շահագործվում է մասնավորի համար:
Գեւորգ
Ամեն բանի համար պիտի բողոքենք, ապացուցենք, դատի տանք, ծանոթ գտնենք, կաշառք տանք՜- միթե մարդուն կյանքը տրվել է այսպիսի տխմար ձեւով ծախսելու համար? Միլիոնները են դնում, արագնթաց ու լայն ճանապարհներ սարքում ու բերում վրան դնում են 60 -ի նշան, որ ինչ անեն - պարզ է՝ բռնեն, փող քաշեն! Տո ավելի լավ չէր քար ու քանդ թողնեին, բայց առանց միլիցու, նկարելու ու ներվեր քայքայելու: Ականջդ կանչի Վանո! Մի ժամանակ սրանց լրիվ ....իր էր արել ճամփաներից, հանգիստ, քո հավեսով քշում էիր ու վթարներ էլ ավելի քիչ էին լինում: Շատ լրջորեն առաջարկում եմ այսպիսի հասարակ փորձ կատարել: Կամերա, միլիցա - լրիվ անջատում ենք մի ամսով (կամ գոնե մի շաբաթով), նախօրոք բոլորին իրազեկելով՝ որ եթե դեպքերի թիվը նկատելիորեն պակասեց, ապա հետագայում սրանք ընդհանրապես լիկվիդացվում են! Ինչ եք կարծում արդյունքն ինչ կլինի? Փորձեք, կտեսնեք! Իհարկե, երես առնողներ ու լկտիներ միշտ էլ կգտնվեն: Սրանց դեմ էլ կարելի հենց կարգապահ ու լուրջ վարորդների օգնությամբ պայքարել: Նաեւ պետք է չարամիտ խախտմամբ պայմանավորված վթարների դեպքում պատիժը խստացնել: Մի խոսքով՝ իսկական բարի ցանկություն եթե լինի, շահի փոխարեն, ապա ամեն ինչ կարելի կլինի կարգավորել:
Հակոբ
ժողովուրդ ջան եկեք կանգնենք Արայի կողքին ու հասնենք են բանին, որ ընդհանրապես հանել տանք Մարատի կողմից ճիշտ բնութագրված արագափողաքամիչները, մտածեք դեռ խաչմերուկներին ու պարքինգ կոչվածներն ել կան, որոնցով էլ կարող են մեզ թալանել, ու դա խախտումներով ազատ վարելու համար չեմ գրում, տեսախցիկները վարորդին զրկում են երթևեկության ընթացքում ստեղծված պահին համեմատ ազատ որոշում կայացնելու հնարավորությունից!!!!! միևնուն է ում, որ պետք է խախտել առանց վախենալու դա անում են
Karen Pogosyan
shnorhakalutjun Arain. Nujn aragachap@ indz tuganel e 13 angam- kani vor nkarel er etevic, chkar aragachpi nshan ev akter@ ekel ein xaxtum katareluc 1,5 amis heto-
Rozi
Yes misht el hpartacel em A.Xazaryanov ev nra katarac gorcerov,hamberutyan ev hajoxutyan gravakannery Dzer dzerqum en,sharunakeq aydpes,menq Dzez het enq
ominac
Յուսացէք, բայց երբեք մի սպասեք որ այդ արագութիւն չափող մեքենաները հանուին ճամբաներէն։ Շատ աղուոր դրամի աղբիւր է պետութեան համար որ կրնան նաեւ օգտակագործել հասարակական ճանանպարհորդային գիները նուազելու համար․ Ամենա շատ որ կրնաք ընել այն է որ ոստիկանապետ ըսուածը չկրնայ իր ուզազին պէս որոշել թէ ով պիտի վճառէ ով ոչ։
Davit
Նշված նորմատիվների հետ կապված մի դեպք եմ ւզում վկայակոչել. Երևան Արմավիր մայրուղու Արգավանդի խաչմերուկ չհասած (Ոսռիկանության ակադեմիային մոտ) հատվածում կար գործող արագաչափ, որը տեղադրված էր 80 կմ/ժ սահմանափակման գոտում: Բոլորովին վերջերս այն տեղափոխվել է մի քանի հարյուր մետրով և տեղադրվել 70 կմ/ժ սահմանափակման գոտում: () Ավելի քան վստահ եմ, որ գոյություն չունի որևէ նորմատիվ և հիմնավորում. ինչու էր արագաչափ նկարահանող սարքը տեղադրված իր նախկին տեղում, առավել ևս ինչու է կատարվել նշված տեղափոխությունը: իսկ վիճակագչությունն այս դեպքում բոլորս էլ հասկանում ենք, որ տանում է դեպի վճարումների 70 տոկոսն ստացող մասնավոր անձանց էլ ավելի հարստացմանը: P.S. հետաքրքիր է եթե ՕԲՅԵԿՏԻՎվիճակագրություն կատարվի այս մասնավոր անձանց և նրանց մերձավորների կատարած խախտումների մասին ինչ արդյունք կունենանք........................... :)
Susanna
Արա ջան իմ մեծ հարգանքն ու շնորհակալությունը Քեզ:Մենք Քեզ հետ ենք!
Edgar
Արա ջան եսել եմ դժգոհ էս կամերաներից, բայց մի դրույթ երևի հաշվի չես առել, յուրաքանչյուր խաչմերուկ նշանակում է այդ փողոցում գտնվող արագության վերջը և հաջորդ խաչմերուկում արդեն պիտի տեսնեիր ինչքան է թույլատրվում: Ձեր նշված փողոցում ես տեսնում եմ խաչմերուկ, անկախ այն բանից թե արագության վերջը նշանը որտեղ է դրված, կամ դրված է թե չէ դա նշանակում է խաչմերուկից հետո նոր արագություն է սպասվում եթե նույնիս էլի 80 լինի թույլատրելին խաչմերուկից հետո նշանը կլինի, եթե տվյալ տարածքտ բնակավայր է արդեն ակամա պետք է գիտակցել որ 60 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter