HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում ավելի քան 1000 անօթևան կա, 100-ը` ժամանակավոր կացարանում

2013 թվականի դեկտեմբերի վերջին Հաղթանակ գյուղի (4-րդ գյուղ) անօթևանների կացարանը տեղափոխվել է Վարդաշեն և միավորվել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի կացարանի հետ: Այս օրերին միավորված կացարանում 100 անօթևան կա:

Հունվարի 16-ն էր, բայց Նոր տարվա զարդարանքները դեռևս փակցված էին պատերին ու վարագույրին: 56-ամյա Անահիտ Մուրադյանի մահճակալի վերևում նաև փափուկ խաղալիքներ են կախված: Անահիտն արդեն երկրորդ տարին է` անօթևանների այս կացարանում է ապրում: 6 տարի կալանավայրում է եղել: Դուրս գալուց հետո ծանոթ-բարեկամների տանն է ապրել, հետո` փողոցներում:

«Այո, ես սխալ եմ գործել, որ ես իմ տանը տեր չկարացա կանգնեմ, ընկա սրա-նրա խելքին, խաբին` փողերս կերան, իմ տունը չսեփականացրեցին ու առան ձեռիցս: Ինչ ունեի` կորցրել եմ, մենակ մնացել է իմ մաքուր խիղճը ինձ հետ ու էս էրեխեքը»,- արտասվելով ասում է Անահիտը` ցույց տալով մահճակալի վերևում կախված փափուկ խաղալիքները:

Կացարանի սոցաշխատողն ու բուժքույրն ուղեկցում են ինձ ամենաբարեկարգ, իրենց իսկ խոսքով, «լյուքս» սենյակը: էլեկտրական ջեռուցիչի վրա եփվող ճաշի հոտը «վարակել է» սենյակը: Կացարանում երկանգամյա սնունդ են տալիս՝ նախկին երեք անգամի փոխարեն: Ճաշի համար անօթևաններն իրենք են հոգ տանում: 

Մահճակալին թիկն տված կինը ձգվում է տեղում: Տիկին Լիդան է` անօթևանների Հաղթանակ գյուղի ժամանակավոր կացարանից, որին 2011-ի ձմռանն այնտեղ եմ ծանոթացել: Պատմում է, որ փաստաթղթերի հարցը լուծվել է, բայց դեռևս անօթևան է: Խնդրում է չնկարահանել իրեն: Տիկին Լիդան ուզում է օբյեկտիվ լինել. «Ճիշտա, մի քիչ ցուրտա, բայց պլիտաները թողնում են, միացնում ենք ու մարդկանց ջերմ վերաբերմունքից մենք ջերմանում ենք»:

Տիկին Լիդայի հարևանը 62-ամյա Սուսաննա Ղարագյոզյանն է: Պարտքի դիմաց տունը վաճառել և հայտնվել է փողոցում: Ասում է` հարազատներ չունի: Երկու ամիս է` անօթևանների կացարանում է: Դրանից առաջ վարձով է ապրել, ստամոքսի խոցը պայթել և արյունահոսությամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից էլ, չունենալով վարձավճարի գումարը, հայտնվել է անօթևանների կացարանում: «Ինչ գործ ասես արել եմ, զավոդներում աշխատել եմ, 38 տարվա ստաժ ունեմ, էս վերջում էլ հավաքարար եմ եղել»,- ասում է Սուսաննա Ղարագյոզյանը: Արփի համայնքում հավաքարար է աշխատել և ցուրտ, պատուհանները ջարդված վագոն-տնակում ապրել: Դեղեր են նշանակել, գումար չունի, տիկին Լիդան իր թոշակով է դեղ գնել Սուսաննայի համար:  

Քիչ անց գալիս է նաև սենյակի մյուս բնակիչը` տիկին Աղավնին ու որդին` Գարեգինը: Նրանք էլ Հաղթանակի կացարանի շուրջ 4 տարվա բնակիչներն էին: 

Սուրճի հոտն է տարածվում. տիկին Աղավնին ու որդին պատրաստվում են սուրճ խմել: 

Կականց սենյակները կոկիկ են, մաքրությունն իրենք են ապահովում: Կարգն է այդպես: Պայմաններից էլ չեն դժգոհում, հարմարվել են: Աշխատակիցներից մեկը ցույց է տալիս բարեկարգ լոգասենյակը: 


60-ամյա Գևորգ Մարուքյանը տեղաշորի մեջ է դիմավորում սենյակ մտնող հյուրերին: Նոր է լողացել, և քանի որ դրսում ցուրտ է, մտել է անկողին: 

«Տուն ունեցել եմ, բայց հիմա չունեմ»,- ասում է նա: Գևորգը մոտ 5 ամիս ապրել է Գնունի փողոցում գտնվող նկուղներից մեկում: Շուրջ մեկ տարի է` անօթևանների կացարանում է:

Գագիկ Հակոբյանն իր 40-ամյակը նշել է հունվարի 15-ին: Չի սպասում հարցերի, ուզում է պատմել երեխայի մասին: «Երեխուս ինձանից բաժանել են»,- ասում է նա ու ցույց տալիս պատին փակցրած դստեր` Թամարի լուսանկարը: Այս տարի Թամարը առաջին դասարան է գնացել, իսկ ինքը կողքին չի եղել: «Էսօր երկու տարի եղավ, որ եկել եմ էստեղ: Եկա` ոչ խոսում էի, ոչ ման էի գալի, ոչ ձեռս աշխատում էր: Հիմա լավացել եմ, բայց տեղը հանգիստ չի: Տանը լավանայիր, կհելնեիր երեխուդ կտենայիր»,-ասում է Գագիկը: Գագիկի կինը հեռացել է` տանելով նաև դստերը: 8 ամիս անց Գագիկը կաթված է ստացել, մի կողմն անշարժացել է: Որոշ ժամանակ ընկերոջ տանն է ապրել, ով էլ նրան բերել է անօթևանների կացարան: Քույր-եղբայրներ ունի, որոնց ամուսինները ոստիկաններ են: Սոցաշխատողը պատմում է, որ մեկ անգամ զանգահարել և խնդրել են քրոջը գալ. Գագիկի փաստաթղթերին վերաբերող հարցում անհրաժեշտ էր հարազատների ուղեկցությունը: Չեն եկել:

Սարգիս Ճաղալյանի 50 տարին դեռ չի լրացել: 4 երեխա ունի: Մեկ տարի է` անօթևանների կացարանում է: Կնոջ հետ վատ հարաբերությունների հետևանքով հեռացել է տնից: Ասում է` կամ պետք է մնար ու դատվեր, կամ...(չի շարունակում), դրա համար հեռացել է տնից: Աշխատում է` շարունակում է «Ֆայլա բազարում» կանգնել և հոգալ իր ծախսերը:

Սարգիսը լուսանկարվել չի ուզում. «Չեմ ուզում երեխեքս, թոռս տենան, թեկուզ գիտեն, որ ստեղ եմ»,- ասում է նա: Մահաճակալի կողքի պահարանի վրա փափուկ խաղալիքը 4-ամյա թոռան` Դիմայի համար է: «Էս քանի օր պիտի գան երեխեքս` թոռանս հետ, զանգեցին էսօր, հլը չեն եկել Նոր տարիս շնորհավորեն: Լավ ծնող եմ ես եղել: Իմ համար թոռանս ուշքը գնում է, իմն էլ` իրա համար»:

Բորիս Սաֆարյանը շուտով կդառնա 55 տարեկան: Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է եկել, բայց, ինչպես սենյակի ընկերներն են պատմում, խաբել են ու փողերը չեն տվել, Բորիսն էլ հայտնվել է անօթևանների կարգավիճակում: «Ամուսնացած չեմ, մենակ եմ ներկա մոմենտին»,- իր մասին ավելացնում է Բորիսը: Հարցնում եմ` պատին փակցված կիսամերկ աղջկա լուսանկարի մասին: Պարզվում է` Բորիսի «հավանած վրացուհին է Ռուսաստանում»: 

Միջանցքում կացարանի բնակիչների հետ զրույցս ընդհատում է հատակով մեկ, ձեռքերի օգնությամբ տեղաշարժվող անձը` Սուրենը:

Խոսել չի կարող Սուրենը, 4 մատ է ցույց տալիս, երբ տարիքն եմ հարցնում: Գարեգինը հուշում է` 40 տարեկան է նա: Սոցաշխատողը պատմում է, որ Սուրենը հրաժարվում է ամեն տեսակի օգնությունից, ամեն ինչ ինքնուրույն է ուզում անել: Երբ Հաղթանակից տեղափոխել են անօթևաններին, Սուրենին կացարանի տղամարդիկ առաջարկել են գրկել ու բարձրացնել երրորդ հարկ: Հրաժարվել է և ինքնուրույն աստիճաններով բարձրացել: Սոցաշխատողն ասում է` սայլակ չունեն դեռ, բայց շուտով կունենան, և Սուրենը ստիպված չի լինի հատակով մեկ ձգվելով տեղաշարժվել:

Վերջին սենյակում 16 մահճակալ է տեղադրված: Պատուհանը բաց է ձմռան ցրտին: Սենյակի վերջում` Սուրենի հարևանությամբ գտնվող մահճակալում Կարեն Ղարագյոզյանն է: 20 օր առաջ նրան ցրտահարված Հանրապետության հրապարակից տեղափոխել են հիվանդանոց: Ոտքերը ստիպված են եղել անդամահատել: Կարենի մահճակալի մոտ կանգնելը դժվար էր, հենց նրա վերևի պատուհանն էր բաց:

«Խցակիցները» սկսեցին դժգոհել. հատուկ խնամք պահանջվող մարդկանց բերել են սովորականների հետ բնակեցրել, իսկ առաջինները «տակներն են անում», հոտը ողջ սենյակով մեկ տարածվում է, պետք է առանձնացնել:

Սոցաշխատողը արդարանում է` նոր են տեղափոխել Հաղթանակի անօթևաններին, դասակարգման և դասավորման փուլում է ամեն ինչ, այդ հարցն էլ կլուծվի: «Պատուհանը նկարեք, ասեք` գիշերները չենք քնում, պատուհանը բաց ենք թողնում էս ձմեռվա ցրտին, հոտից չենք կարում քնել»,- դժգոհեցին հարևանները:

Անօթևանների այս կացարանում 100 անօթևան է տեղավորվել: «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանն ասում է, որ Երևանում շուրջ 1000 անօթևան կա: Այսինքն` նրանցից 10 տոկոսը ժամանակավոր ապաստա ունի: Անօթևաններ կան նաև մարզերում: 

Մեկնաբանություններ (1)

Hagop Alexanian
This is a tragedy, The gavernment should make more shelters!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter