HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անօթևանները մուրացիկ չեն»

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամը 2001 թվականից գործում է Հայաստանում: Զբաղվում է սոցիալապես անպահով, անվճարունակ 20-ից բարձր տարիք ունեցող անձնաց կարճաժամկետ մասնագիտական ուսուցումներ իրականացնելով, այդ թվում` խոհարարություն, վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում, կավագործություն և այլն:

2004 թվականից հիմնադրամը փողոցներում հայտնաբերում է անօթևաններին, թաք թեյ, սուրճ, քաղցրավենիք, տաք հագուստ բաժանում, որպեսզի ձմռան ամիսներին մարդիկ չցրտահարվեն: 2011-ից անօթևաններին նաև կացարան է տրամադրում:

Թեմայի շուրջ զրուցել ենք «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի տնօրերն Շավարշ Խաչատրյանի հետ:

Պրն Խաչատրյան, ինչո՞ւ որոշվեց Հաղթանակի անօթևանների կացարանը միացնել ձեր հիմնադրամին:

Երևանում անօթևանների թիվը օրեցoր շատանում էր` սոցիալական խնդիրներից ելնելով, Հայաստանի Հանրապետության վիճակից, և մարդիկ փողոցներում շատ էին հայտնվում: Նման պայմաններում 2011 թվականին քաղաքապետի հանձնարարությամբ և անմիջական մասնակցությամբ ու համաֆինանսավորմամբ դեկտեմբերի 22-ից սկսեցինք պահել անօթևաններ: Ի տարբերություն Հաղթանակ գյուղի, որտեղ անօթևաններին պահում էին երկու ամիս և թողնում էին դուրս, և անօթևանը մնում էր նորից անօթևան, դանիական մոդելի հիման վրա մենք պահում ենք մարդուն, լուծում ենք նրա խնդիրը: Անօթևանը գալիս է մեզ մոտ, մենք նրան ախտահանում ենք, շորերն այրում, նոր հագուստ տրամադրում: Եթե չունի անձնագիր, լուծում ենք անձնագրի հարցը, հետո աշխատում ենք լուծել հետագա գործունեության հարցը. առաջին հերթին` գտնել հարազատներին, պարզել, թե ինչ պատճառներով է նա դարձել անօթևան, հաշտեցնել հարազատների հետ: Եթե չի հաջողվում, մարդուն տալ մասնագիտական կողմնորոշում, տեղավորել աշխատանքի, որ մարդն անցնի ինքնուրույն կյանքի, ինտեգրվի հասարակություն և մոռանա իր դժվար օրերը: Մեր խնդիրը դա էր, և մեզ հաջողվեց դա:

2011-ի դեկտեմբերի 22-ից 7 օրվա ընթացքում մենք հավաքագրեցինք մոտ 40 մարդ: Մինչև Հաղթանակ գյուղի անօթևանների հետ միացումը Երևանի փողոցներից հավաքագրել ենք 230 անօթևան, որից 37 հոգու հաշտեցրել ենք ընտանիքի հետ, 30-ն անցել է ինքնուրույն կյանքի, 4 զույգ է ձևավորվել, 8-ին տեղավորել ենք ծերանոց: Լուծել ենք բազմաթիվ մարդկանց անձնագրերի, հաշմանդամության հարցերը, ուղարկել ենք բժշկական սպասարկման: «Սպասիր ինձ» հաղորդաշարի միջոցով գտել ենք հարազատներին և ուղարկել ենք ՌԴ, Ուկրաինա: Մեր կատարած աշխատանքն այնքան արդյունավետ ու թափանցիկ էր, որ դա նկատեց ՀՀ կառավարությունը, սոցապնախարարությունը: Չորրորդ գյուղը 60 հոգի էր պահում, փակեցին, միացրեցին մեզ` ելնելով նրանից, որ մենք ավելի արդյունավետ ենք աշխատում, լուծում ենք մարդկանց հարցերը:

48 անօթևան մենք ունեինք, 43 էլ եկան Հաղթանակ գյուղից: Հաջորդ օրը հիվանդանոցից 7 հոգի բերեցին, 98 հոգի եղան, մոտ 3-ն էլ մեր հին բնակիչներից եկան, պահեցինք, մենք 100 տեղ ունենք և մեզ ֆինանսավորելու են 100 հոգու համար:

Ինչպե՞ս եք ֆինանսավորվելու:

Հիմա` հունվարի 1-ից, պետությունն է մեզ աջակցելու և ֆինանսավորելու: Պետությունը մեր առջև դրել է հարց, որ մարդկանց մենք պետք է պահենք 3 ամիս: Այն ժամանակ մարդիկ սնվում էին օրը 3 անգամ, հիմա պիտի սնվեն 2 անգամ` առավոտյան և երեկոյան: Այսինքն` մարդը պետք է սնվի, գնա աշխատանք փնտրելու կամ մենք օգնենք նրան աշխատանք գտնել: Բայց աշխատանքը թափած չէ, իրենք էլ պետք է շահագրգռված լինեն, որ գտնեն: 56 մլն դրամ ՀՀ պետբյուջեից պիտի ֆինանսավորվենք, 8 մլն դրամի օգնություն էլ դանիական կազմակերպությունն է տրամադրելու: Երբ աշխատում էինք քաղաքապետարանի հետ և 40 հոգի էինք պահում, մեզ ամսական 2.5 մլն դրամ էին տալիս: Յուրաքանչյուրի սնունդը 1335 դրամ էր, բայց հիմա պետությունը կրճատեց և դարձրեց 760 դրամ: Բայց դա էլ է սխալ, քանի որ ունենք անկողնային հիվանդներ, հաշմանդամներ, որոնք չեն գնալու աշխատելու, ուրեմն ինչպես պետք է սնվեն: Մինչև հաշմանդամին տեղավորենք Գյումրի, փաստաթղթերը դասավորենք, խումբը տան, 2-3 ամիս կանցնի, էդ մարդը պիտի սոված մնա՞:  Նման մարդկանց համար գոնե պիտի գումար նախատեսեն:

Հայտնի՞ է, թե Երևանում քանի անօթևան կա:

Երևանում մոտ 1000 անօթևան կա, մենք տեղերը գիտենք, բայց հնարավորություն ունենք միայն 100-ին պահելու: Կան նաև անօթևաններ, որոնք չեն ուզում գալ, որովհետև իրենց այդ կյանքը ձեռնտու է: Այսինքն` չունեն հսկողություն, ինչպես ուզում են ապրում են, խմիչք են օգտագործում, նաև ցրտահարվում են: Ունենք մոտ 10 հոգի, որոնք ցրտահարությունից անդամահատվել են: Դա պետության համար ավելի ծանր խնդիր է: Ավելի լավ է պետությունը մի քիչ ավելի շատ գումար ծախսի, նման հարցերը լուծի պետական մակարդակով, ֆինանսավորի, որ ավելի շատ մարդկանց պահենք կացարաններում, որովհետև նման խնդիրների դեպքում պետությունն ավելի շատ վնասներ է կրելու: Տեսեք` մարդը ցրտահարվում է, բժիշկները գումար են ծախսում, ոտքը անդամահատում են, նյութեր են ծախսում, հետո այդ մարդուն պետք է պրոթեզավորեն, տան հաշմանդամության կարգ և թոշակ և այլն:

Ձեր փորձն ի՞նչ է ցույց տալիս, անօթևան դառնալու հիմնական պատճառը ո՞րն է:

Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ անօթևան են դառնում հիմնականում սոցիալական վիճակից. աշխատանք չունեն, տներ են վաճառել, մնացել են փողոցում, ոմանց հարազատներն են դուրս հանել:

Լրագրողների մոտ թյուր կարծիք է ձևավորվել, որ անօթևանները նաև մուրացկաններ են: Լրիվ տարբեր են: Անօթևանները մուրացիկ չեն: Մուրացկանություն անում են հիմնականում այն մարդիկ, որոնք սոցիալապես անապահով են, ունեն ընտանիք, այսինքն` իրենց դրդում են` հարսը, տղան, ամուսինը, որ գնա մուրացկանություն արա, փող բեր: Կան մարդիկ, որոնք պլաստմասսայե շշեր են հավաքում, որ տանեն հանձնեն: Մարդիկ կան, որ մետաղ են հավաքում, որ տանեն հանձնեն: Նրանք տուն ունեն, սոցիալապես անապահով են և ապրուստի միջոց են փնտրում:

Ձեր կացարանում միայն Երևանի՞ անօթևաններն են, թե՞ մարզերից էլ կան:

Մարզերից էլ կան, բայց այս ծրագիրը պետք է լինի միայն Երևան քաղաքի համար: Երեկ ինձ զանգահարել էին Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղից, ասում էին` մեկին տեղավորեք: Բա ի՞նչ է անում Արմավիրի մարզպետարանը, պետական բյուջեից բավականին մեծ գումարներ է ստանում, ունի սոցիալական վարչություն, այդ վարչությունն ունի 30-40 աշխատող, ի՞նչ են անում նրանք: Եթե մենք սկսենք գյուղերից ընդունել, մարդիկ կթողնեն գյուղերը, կգան Երևան: Արդարադատության նախարարության շենքը որ այրվել էր, 12 հոգի մարդ էինք հավաքագրել այնտեղից, բայց պարզվեց, որ բոլորը մարզերից էին: Գրություններ գրեցինք համապատասխան տեղեր և նրանց հետ ուղարկեցինք մարզեր, և ես նրանց այլևս չեմ տեսել փողոցում:

Անհրաժեշտություն կա՞, որ նման կենտրոններ լինեն նաև մարզերում:

Համաձայն եմ, որ կա անհրաժեշտություն, և մենք ինքներս էլ էինք աշխատում, որ նման կենտրոն լինի նաև մարզերում, օրինակ` Գյումրիում և Սյունիքում: Ամեն մի մարզում չի կարելի բացել, պետությունը չունի այդպիսի միջոցներ: Պետք է նպատակային լինի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter