
Նախարարական ամենահարուստ ընտանիքը
Բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ունեցվածքը հայտարարագրելիս հայտարարագրում են նաեւ իրենց հետ փոխկապակցված անձանց գույքն ու դրամական եկամուտները: Ըստ այդմ՝ պարզվում է, որ նախարարների կանանցից ամենահարուստը Գագիկ Բեգլարյանի կինն է:
Գագիկ Բեգլարյանի, նրա տիկնոջ ու որդու եկամուտները, կուտակած դրամները «մրցակցությունից» դուրս են թողնում մինչ այդ ամենահարուստ նախարարի «տիտղոսակիր» բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ընտանիքին:
Ըստ Գագիկ Բեգլարյանի գույքի ու եկամուտների 2012թ. հայտարարագրի` նա նշված տարում ունեցել է ընդամենը 1 մլն 943 հազար դրամի եկամուտ, որը աշխատավարձն է: Սակայն, նրա հաշվին եղել է 278 մլն 900 հզար դրամ եւ 92 հազար դոլար: Համեմատության համար նշենք, որ նախարարի կուտակած գումարներն ավելի շատ են եղել 2011-ին, համապատասխանաբար՝ 282մլն 962 հազար դրամ եւ 95 հազար դոլար:
Նախարարի կինը՝ Նունե Նիկոլյանը, նշված տարում շահաբաժնից ստացել է 8 մլն դրամի եկամուտ, սակայն իր հաշվին առկա դրամական միջոցներն անհամեմատելի են ստացած եկամուտների հետ:
2012թ. նրա հաշվին եղել է 35 մլն 571 հազար դրամ եւ 3 մլն 601 հազար դոլար: 2011թ. Նունե Նիկոլյանի կուտակած դրամական միջոցները եղել են համապատասխանաբար 11 մլն 571 հազար դրամ եւ 3 մլն 631 հազար դոլար:
Նախարարի որդին՝ Հրանտ Բեգլարյանը, իր ֆինանսական միջոցներով քիչ է զիջում ծնողներին: 2012թ. նա որեւէ եկամուտ չի ստացել, սակայն նրա հաշվին եղել է 71 մլն 500 հազար դրամ, 718 հազար դոլար եւ 85 հազար եվրո:
Հրանտ Բեգլարյանը 2011թ. ունեցել է 73 մլն դրամ, 720 հազար դոլար: Եվրոյով պահվող գումարի չափը եղել է նույնը՝ 85 հազար:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել