HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսպես ապրել այլևս չի կարելի

Հայաստանի Հանրապետության կառավարության և իշխող կուսակցության համառ ջանքերն ուղղված Հանրապետության կենսաթոշակային համակարգի բարեփոխմանը` 1974 թվականից հետո ծնված քաղաքացիների համար պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման ճանապարհով, ձևավորեցին բողոքի հզոր շարժում, այդ թվում նաև այն քաղաքացիների շրջանում, որոնց համար այս «նորարարությունը» ըստ տարիքային ցենզի ընդհանրապես հրատապ չէ:

Առանց անդրադառնալու նշված օրենսդրական ակտի ՀՀ Սահմանադրությանը իրավական համապատասխանության հարցին (որի մասին բազմիցս նշվել է ԶԼՄ-ներում, միտինգներում և ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից), նպատակահարմար կլիներ բացահայտել այն հիմնական պատճառը, որով հասարակության ճնշող մեծամասնությունը չի ընկալում Հայաստանի կառավարության, կարծես թե, բարի մտադրություններն ուղղված ապագա կենսաթոշակառուների բարեկեցության ապահովմանը:

Ցավոք, պետք է նշել, որ իշխանության գործադիր ճյուղի և իշխող կոալիցիոն քաղաքական ուժերի համատեղ ընդունվող «բարի մտադրություններով» որոշումները հանգեցնում են երկրի բնակչության լայն շերտերի մշակութային, հոգևոր, սոցիալ-տնտեսական և կենցաղային պայմանների վատթարացմանը:

Որպես վերոնշյալի հետևանք ունենք երկրից աշխատունակ բնակչության արտագաղթի աղետալի չափերի, ինչպես նաև գործազրկության, աղքատության, հանցագործության և բնակչության սոցիալական կազմալուծման աճ, որոնք հանգեցնում են փոքր քաղաքների և գյուղերի դատարկմանը, ազգակցական կապերի` որպես սոցիալական ինստիտուտի անկմանը, ամուսնալուծությունների և արտամուսնական երեխաների թվի ավելացմանը և այլն:

Պետք է խոստովանել, որ ցանկացած նախաձեռնություն, որ հանդես են բերում երկրի կառավարման հասարակական-քաղաքական և պետական ինստիտուտները, ժողովրդի կողմից ընդունվում է անվստահությամբ:

Ուշադրությունը չկենտրոնացնելով մեր իրականությանը բնորոշ այնպիսի երևույթների վրա, ինչպիսիք են կոռուպցիան, կլանային համակարգը, կուսակցական, կորպորատիվ շահերի պաշտպանությունը, ամենաթողությունը և համընդհանուր անպատասխանատվությունը, հարկ է նշել, որ պետական և տեղական կառավարման հայրենական համակարգի կադրային համալրումը կատարվում է հիմնականում թերի կրթությամբ, վատ դաստիարակված և ոչ պրոֆեսիոնալ անձերով, որոնց կրթության և դաստիարակության թերությունները հնարավոր չէ լրացնել որևէ ժողովրդավարական և տեխնիկատեխնոլոգիական նորամուծություններով:

Կարելի՞ է արդյոք բարձրացնել բնակչության լայն խավերի վստահությունը, եթե.

• Կառավարության անդամները Կուտակային կենսաթոշակային ապահովության մասին օրենքի անհրաժեշտությունը հիմնավորում են միայն այն հանգամանքով, որ նման համակարգեր ներդված են մի շարք այլ երկրներում, որտեղ սոցիալ-հասարակական, տնտեսաֆինանսական և մշակութային ու բարոյական ցուցանիշներն իրենց որակական հատկանիշներով համադրելի չեն Հայաստանի նմանատիպ ցուցանիշների հետ: Եվ դա հաստատում է երկրի Վարչապետը, որն իր կարգավիճակով գոնե պետք է ավելին իմանա, քան նրա կաբինետի անդամները.
• Ազգային ժողովի լսումներում Կառավարության անդամները Վարչապետի հետ միասին չկարողացան համոզիչ հիմնավորումներ բերել 2014 թվականի երկրի բյուջեի մուտքերի ու ծախսերի վերաբերյալ.
• Ազգային ժողովի լսումներում Կառավարության անդամները չկարողացան օբյեկտիվորեն հիմնավորել Ռուսաստանին գազի գծով պետական պարտքի առաջացման պատճառները.
• Չնայած ՀՀ կառավարության հանդիսավոր խոստումներին երկրում ներդրումային կլիմայի բարելավման մասին` աշխատատեղերը չեն ավելանում, միջին և փոքր բիզնեսը կրճատվում է և շինարարական ինդուստրիան անդամալուծվում է. 
• Ունենալով այդքան զարգացած հանքարդյունաբերություն (ըստ Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության տվյալների` ավելի քան 400 օբյեկտ) պետական գանձարանը տարեցտարի նվազում է, իսկ պոչամբարների ծավալով և քանակով մենք հասել ենք բնակլիմայական աղետի մակարդակի (տե'ս «Հայաստանի կոտրվող ողնաշար» վավերագրական ֆիլմը.
• Բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց վրա դրված պարտականությունները չկատարելու համար շատ հանգիստ տեղափոխվում են մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր պաշտոնի.
• Պետական ծառայողների պատրաստման տարբեր մակարդակների ղեկավարները պատասխանատվության չեն ենթարկվում «ապագա» ղեկավարների ոչ պատշաճ պատրաստման համար.
• Բարձրաստիճան պետական ծառայողները և ՀՀ Ազգային ժողովի շատ պատգամավորներ անձամբ կամ դրածոների միջոցով զբաղվում են գործարարությամբ, որպես կանոն, չհայտարարագրելով իրենց եկամուտները.
• Ստորև աղյուսակն ուսումնասիրելիս կարելի է զարմանալ, թե ինչպես է հաջողվում բնակչությանը խոշոր եղջերավոր անասուններ պահել՝ առանց կենդանիների արածեցման համար անհրաժեշտ արոտավայրեր վարձակալելու:
Համայնքի անվանումը Արոտավայրերը (հա)
Համայնքի խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը
Ընդամենը Վարձակալված 
Գավառ 6067,94 788,4 5682
Վարդենիկ 4763,3 100 5217
Նորատուս 3874 - 2021
Սարուխան 2313,88 480 1000

(Գուցե այս և շատ այլ երևույթների մասին բացատրություններ տան տարածքային կառավարման, գյուղատնտեսության նախարարությունների կամ Հարկային ծառայության չինովնիկները):
• Անտեսելով Երևանի կենտրոնում կառուցապատման արգելման մասին բոլոր նորմատիվ որոշումները, շարունակվում են կառուցապատվել բակային ու հանրային նշանակության տարածքները` չնայած բնակչության բողոքներին ու փորձագետների բացասական գնահատականներին. 
• Հետիոտների համար վերգետնյա անցում է կառուցվել, որն ընդհուպ մոտեցել է հարևան շենքի պատուհաններին՝ համարյա մտնելով քաղաքացու բնակարանը.
• Ազգային ժողովում իշխող կուսակցության «ազգային ընտրյալն» ի լուր ամենքի հայտարարում է, որ «բոլորին փաթթած ունի», իսկ նրա կուսակիցները «բերանները ջուր են առել», այդ թվում նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահը.
• Հայրենական հեռուստատեսությունը ցուցադրում է այնպիսի հաղորդումներ և գովազդային հոլովակներ, որոնց միակ նպատակը, կարծես թե, հեռուստադիտողներին բթացնելն է.
• Եվ այլն:

Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել. յուրաքանչյուր նոր օր իր հետ բերում է նոր ցայտուն օրինակներ, սակայն խնդիրն այն է, որ մինչ օրս որևէ մեկը չի բարեհաճել հանրությանը բացատրել, թե որն է պատճառը, որ մեր երկիրն անկախության տարիներին սնանկացել է հոգևոր, քաղաքական, մշակութային, տնտեսական և բարոյական առումներով:
2013 թվականին Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրումների ծավալը կազմել է 28 մլրդ դոլար, իսկ ռազմավարական արժութային պահուստները հասել են 50 մլրդ դոլարի(Արա Թադևոսյանի «Անվտանգություն vs ապագա՞» հոդվածը): Պարոն Վարչապետ, իսկ մեզ մոտ ինչպիսի՞ն է դրությունը: Արդյոք մենք ի վիճակի՞ ենք պատասխանել մեր իրական հակառակորդներին այսպիսի սպառնացող ծավալներով արտագաղթի պայմաններում: Պատերազմի և խաղաղության ժամանակ ասում են. «Տարածքն իմն է, եթե այնտեղ կանգնած է իմ զինվորը»: 

Բարձր ամբիոններից մենք հաճախ ենք խոսում հայ մարդուն բնորոշ բարոյական կերպարի մասին՝ որպես homo sapiens-ի հնագույն տեսակի ներկայացուցչի, իսկ մեր անձնական օրինակով բազմապատկում ենք ընդհանուր անբարոյականությունը, որը մեզ` միատարր սոցիումի անդամներիս մասնատում է առանձին անհատների, անասնական եսամոլական բնազդներով` ի ուրախություն մեր թշնամիների և ի սարսափ մեր ժողովրդի ու բարեկամների:

Մեզ անհրաժեշտ է անհապաղ ինքնամաքրվել: Չի կարելի ապրել կեղծիքի մեջ: Եվ այս գործընթացը պետք է սկսվի քաղաքական, հոգևոր, տնտեսական և մշակութային վերնախավի ներկայացուցիչներից, որոնք պետք է օրինակ ծառայեն հասարակության անդամների համար:

Լևոն Ներսիսյան
Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների 
պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն

Մեկնաբանություններ (1)

sam
Интересно.! Те кому адресована эта статья, думают о том в какой стране будут жить их дети и внуки? Или они давно уже в ландоне или Париже!? Страусиная поза пока позволяет грабить собственный народ, но так не может быть всегда. Человека вспоминают по его делам после жизни, представьте сколько ненависти и проклятий при жизни адресовано АДРЕСАТАМ!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter