HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայում մտահոգված են Լեռնահարստացման կոմբինատի ճակատագրով

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի կառավարումն արդեն 3 ամիս է` 1.2 մլն դոլար պարտքի դիմաց ստանձնել են «Ապառաժ» ՍՊԸ-ի կառավարիչները: Վերջիններս խուսափում են հայտնելուց, թե որքան  ժամանակ կկառավարեն ԼՀԿ-ն  եւ ինչպիսի գործարք է կնքված «Ապառաժ»-ի  եւ «Մեթըլ Փրինս» ընկերության գլխավոր տնօրեն Մադլեն Թաշճյանի միջեւ: ԼՀԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գագիկ Գեւորգյանը խուսափեց այդ մասին որեւէ  տեղեկատվություն հաղորդելուց:  Վերջին երեք ամիսներին ԼՀԿ-ում տիրող վիճակի  մասին մեզ հետ չցանկացավ զրուցել նաեւ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը:

«Իմ ունեցած տեղեկություններով՝ ԼՀԿ-ն մխրճված է մեծ պարտքերի մեջ: Ախթալա համայնքի բնակչության եւ ինձ համար, որպես քաղաքապետի, լրջագույն խնդիր է ԼՀԿ-ի ճակատագիրը»,- ասում է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը:

Ախթալայի բնակիչներից մոտ 300 մարդ աշխատում է կոմբինատում: Հայկազ Խաչիկյանն անհանգստանում է, որ ընկերության գործունեության դադարեցման դեպքում Ախթալան կհայտնվի սոցիալական աղետի մեջ: Առանց այդ էլ Ախթալան զերծ չի մնացել արտագաղթից, նախկին 5000 բնակչության փոխարեն ներկայումս համայնքի բնակչության թիվը հասնում է 3000-ի: Հայկազ Խաչիկյանը կարծում է, որ այլընտրանքային աշխատատեղեր քաղաքում կարող է ստեղծվել մանր ու միջին ձեռնարկությունների միջոցով: «Մեր բնակչության մեջ, սակայն նստած է խորհրդային հոգեբանությունը, նրանք մտածում են, թե պետությունը պետք է ամեն ինչ անի իրենց աշխատանքով ապահովելու համար»,- ասում է նա:

Կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ Գագիկ  Գեւորգյանի կարծիքով՝  ամենակարեւոր խնդիրը կոմբինատի նկատմամբ աշխատողների եւ Ախթալայի բնակչության հավատի վերականգնումն է: «Դուք գիտեք, թե մենք ինչ վիճակում ենք ընդունել կոմբինատը: Մենք փորձել ենք կարգ ու կանոն ստեղծել ընկերության արտադրամասերում: Հանքափորներին աշխատանքային նոր հագուստ եւ լապտերներ ենք տվել: Նաեւ աշխատում ենք ժամանակին վճարել աշխատավարձը»,- ասաց նա:

Այսուհանդերձ, Գագիկ Գեւորգյանն սկզբում համաձայնեց, սակայն զրույցի ավարտին մերժեց կոմբինատի ջարդման արտադրամասում բանվորների աշխատանքային պայմանները դիտելու մեր խնդրանքը: Հանքափոր Արմենը հաստատեց, որ հագուստ եւ լապտերներ տվել են, աշխատավարձն էլ ուզում են ժամանակին վճարել. «Բայց 120.000 դրամով մարդուն ո՞նց կարելի է ուղարկել հանքում աշխատելու»,- դժգոհեց նա:

Քաղաքապետ Խաչիկյանը ԼՀԿ-ի նոր կառավարիչների հետ հույսեր է կապում Ախթալայում կուտակված բնապահպանական ռիսկերը վերացնելու գործում: «Ախթալան ՀՀ կառավարության որոշմամբ տարածաշրջանի տուրիզմի զարգացման կենտրոններից է: Վտանգավոր թափոնակույտերը վտանգում են ոչ միայն բնակչության առողջությունը, այլեւ քաղաքում  տուրիզմի զարգացումը»,- ասում է Խաչիկյանը:

Ըստ Գագիկ Գեւորգյանի՝ 2013թ.-ի դեկտեմբերի 4-ի «Պոչանքները ջրաքամում են միջհամայնքային ճանապարհաեզրին» «Հետքի» հոդվածից հետո դադարեցվել է Ախթալա-Մեծ Այրում միջհամայնքային ճանապարհին պոչանքների  կուտակումը,  իսկ թափված պոչանքները ռեկուլտիվացվել են: Նա ասաց, որ ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների ուսումնասիրությունից հետո կորոշվի քաղաքի վարչական տարածքում թափված անկառավարելի պոչանքների խնդիրը:

Ախթալայի քաղաքապետը նկատել է, որ նոր պաշարների հայտնաբերման ուղղությամբ կոմբինատի սեփականատերերը լեռնահետախուզական աշխատանքներ չեն իրականացնում: Վերջինս տեղեկացրեց, որ Ախթալայի եւ Դեբեդ գետի բնապահպանական անվտանգության համար մեծ ռիսկեր են պարունակում նաեւ ընկերությանը պատկանող Շամլուղի բաց հանքավայրի ծանր մետաղներով հագեցած ջրային հոսքերը: Ախթալա համայնքի 2014թ.-ի բյուջեի եկամուտները կազմում են 58 մլն 178 հազար դրամ: Քառամյա ծրագրով 2013 թ.-ին հիմնանորոգել է համայնքի Սվինեց թաղամասի մանկապարտեզի շենքը, Բարիտ թաղամասում կառուցվել է մարզահրապարակ, պետբյուջեի միջոցներով վերանորոգվել են համայնքի 4 շենքերի տանիքները, 2013թ.-ի  դեկտեմբերին սկսվել են համայնքի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները`240 մլն դրամ նախահաշվային արժեքով: Վերանորոգումը կատարվում է պետբյուջեի միջոցներով: Օբյեկտը նախատեսվում է ավարտել 2015 թ.-ին:

«Նախատեսվում է կառուցել օրվա երկու կարգավորիչ ջրամբար, փոխվելու է  13 կմ երկարությամբ ներքին ջրագծի ողջ ցանցը»,- ասաց Հայկազ Խաչիկյանը եւ հավելեց, որ քառամյա ծրագրով 2014թ.-ին նախատեսվում է վերանորոգել  քաղաքի Սարահարթ թաղամասի խաղահրապարակը:

«Այս տարի նաեւ նստարաններ ենք տեղադրելու քաղաքի բակերում, հանգստի գոտիներում եւ մարզահրապարակերում: Բարիտ թաղամասի մարզահրապարակի համար ձեռք կբերենք մոտ 1 մլն դրամի մարզագույք»,-նշեց նա:

Հայկազ Խաչիկյանն ասաց նաեւ, որ 2014թ.-ին բյուջեի եկամուտների խնայողության նպատակով վարչարարական նոր մեխանիզմ կկիրառի համայնքապետարանի երեք նախադպրոցական ուսումնական հաստատություններում: «Երեք նախադպրոցական հաստատություներն էլ աշխատելու են, սակայն մեկ տնօրենով:  Այդ դեպքում բյուջեի  խնայողությունը կկազմի 4 մլն դրամ»,- ասաց նա:

Ախթալան աղբավայր չունի: Քաղաքապետը կարեւորում է նաեւ քաղաքի աղբավայրի խնդիրը: «Շատ լավ է, որ կառուցվում է նոր ջրագիծ, վերանորոգվում են մանկապարտեզները, սակայն մենք շատ վատ ենք ապրում, մեր ապրելակերպը չի փոխվում»,- ասացին քաղաքի Սարահարթ թաղամասի հրապարակում հավաքված կենսաթոշակառուները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter