HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիահայերը բրինձ ու շաքար ունեն, նրանց այլ օգնություն է պետք

Սրճարանի աղմկոտ միջավայրում լարված լսում էի սիրիահայ զրուցակցիս, ով բնակվում է Հալեպում, ժամանակին պաշտոնյա է եղել այդ երկրում և մոտիկից ծանոթ է այսօր Սիրիայում ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Սիրիահայերի մասին որոշ տեղեկություններ էի փորձում ճշտել: Նախնական զրույցում նա խնդրեց, որ կհամաձայնի խոսել մեկ պայմանով՝ առանց իր անուն-ազգանունը հրապարակելու: «Հասկանո՞ւմ եք, ինձ համար ամեն մի հայի կյանքը թանկ է: Վիճակն այնքան փխրուն է»,- ասաց զրուցակիցս: Նրա խոսքով՝ Սիրիայում ապրող հայերի ամեն մի խոսքի հետևում են: Այնուհետ նա օրինակ բերեց վերջերս տեղի ունեցած մի դեպք, երբ «Ֆեյսբուքում» մի օգտատեր գրառում էր կատարել Սիրիայում ռմբակոծության մասին՝ նշելով, որ ռումբն ընկել է թիրախից 50 մ հեռու: Դրանից 20 րոպե հետո երկրորդ ռումբն է ընկել: «Ֆեյսբուքը» վերահսկվում է Սիրիայում, և տվյալ դեպքում՝ ֆեյսբուքյան մեկ գրառումը ճշգրիտ տեղեկություն է տվել թիրախի մասին: Ըստ նրա՝ թե սիրիական կառավարությունը, թե ընդդիմությունը հետևում են հայերին ու հայկական լրատվամիջոցներին, ամեն մի խոսք թարգմանվում է, և դա է պատճառը, որ նա հրաժարվեց ներկայանալ:

Սիրիայում հայերի թվի մասին

Ըստ զրուցակցիս՝ պատերազմից առաջ, այսինքն՝ մինչ 2011 թ., Հալեպում հայերի թիվը հասնում էր մոտավորապես 45-50.000-ի, Ղամիշլիի շրջանում՝ 12-15.000-ի, Դամասկոսում՝ 8-10.000-ի, Լաթաքիայի շրջանում՝ 6-8.000-ի, իսկ մյուս քաղաքներում ավելի քիչ էին: Պատերազմից հետո այս թվերը կրճարտվեցին 1/3-ով: «Այս 1/3-ի ջախջախիչ մեծամասնությունն անվերադարձ դուրս է եկել: Հիմնական պատճառները ոչ միայն վախը կամ կյանքի անապահովությունն է, այլև այն, որ նրանց մեծամասնությունը կորցրել էր ամեն ինչ, և այլևս կորցնելու բան չուներ»,- նկատեց զրուցակիցս: Սիրիայից հայերը տեղափոխվել են հիմնականում Լիբանան և Հայաստան:

Սիրիայի ներկան

«Գործը, հանգիստ շարժվելը մտահոգիչ է և՛ արաբների, և՛ հայերի, և՛ արաբ քրիստոնյաների համար, որովհետև նախ այնտեղ արդյունաբերությունը, որ շատ կարևոր բաժին է Հալեպում (Հալեպը ճանաչված է իբրև Սիրիայի թիվ մեկ արդյունաբերական քաղաք կամ Սիրիայի արդյունաբերության մայրաքաղաք), ոչ ևս է, գոյություն չունի, որովհետև ներքին շուկայում ջախջախիչ մեծամասնությունը, դժբախտաբար, թուրք է: Այս ամբողջը ստուգված են վիդեոներով, փաստերով: Սա է վիճակը»,- ներկայացրեց զրուցակիցս: Նրա տվյալներով՝ տեղի արդյունաբերության մեջ նախկինում կար մոտ 100 հայ գործարար, մինչդեռ այսօրվա դրությամբ այդ 100-ի սեփականությունն անցել է գրոհայիններին:

Մյուս կողմից՝ պետական 16 կազմակերպությունների (սրանց մեջ կան տնտեսական, ռազմական եւ այլ ոլորտների ընկերություններ) մեծ մասը փոխադրվել է Հալեպի հայաշատ թաղամասեր՝ ինչը բացատրվում է ապահովության գոտի ստեղծելու հանգամանքով, քանի որ մինչ այդ կազմակերպությունների գրասենյակները եղել են հարձակումների համար խոցելի տեղերում: «Մեր տները գրավել են, մեջը նստել, և որի՞ն կարող ես ասել՝ ախպեր ջան, ի՞նչ ես անում»,- նկատեց նա:

Կարևորագույն խնդրի մասին

Զրուցակիցս կարծում է, որ Սիրիայի հայկական համայնքի համար կարևորագույն խնդիրը փոխադրությունն է: Նա, օրինակ, առաջարկեց հայերի որոշակի հատված տեղափոխել Սիրիայի Լաթաքիայի նահանգի Քեսաբ գյուղաքաղաք, որը ֆիզիկական կամ նյութական կորուստների չի ենթարկվում, քանի որ գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության տակ:  

«Բրնձաշաքարային» օգնությունից դուրս

Զրուցակիցս ասաց, որ Հայաստանից Սիրիա ուղարկվող օգնության՝ սննդի ու հագուստի ծախսերը 4 անգամ ավելի մեծ են, քան այն, ինչ հասնում է Սիրիա: «Այսինքն՝ այստեղ օգնություն ասվածն իր ամբողջ բարի նպատակով մսխվում է…. Ի՞նչ տալու համար՝ բրի՞նձ, շաքա՞ր… Մենք լեցուն բրինձ ունենք… Հալեպում ամեն ինչ կա: Հավանաբար, նա, ով օգնություն է ուղարկում, կարևոր է իր համար, որ օգնի, բայց չի մտածում, որ եթե այդ գումարը տակից ուղարկի, 100 ընտանիքի փոխարեն կօգտվեր 500 ընտանիք»,- ասաց նա: Ըստ նրա՝ կարելի էր այդ գումարը ներքին կարգով ուղարկել, որը կարող էր ծախսվել էլ ավելի կարևոր կարքիների՝ օրինակ, կապի միջոցների համար: Նրա խոսքով՝ ինքը Հալեպում 1 կգ շաքարավազը գնում է 1 դոլարով, իսկ Հայաստանից Սիրիա հասնող 1 կգ շաքարավազը մոտավորապես 3 դոլար է կազմում: Օգնությունն էլ, ըստ նրա, պետք է լինի փոխհամաձայնեցված, պետք է խորապես իմանալ, թե իրականում ավելի շատ ինչի կարիք ունի Սիրիայի հայկական համայնքն այս օրերին:

Սիրիահայ նախկին պաշտոնյան շեշտում է, որ Հայաստանի կողմից այսօր համայնքն առաջին հերթին ակնկալում է ոչ թե նյութական, այլ դիվանագիտական օգնություն, որն իր մեջ ներառում է մի շարք բաղադրիչներ, այդ թվում՝ սիրիահայերի փոխադրումը այդ երկրի ներսում եւ Սիրիայից Հայաստան: Միաժամանակ նա փուչ է համարում այն հայտարարությունները, թե սիրիահայերը հեշտացված կարգով են ՀՀ քաղաքացիություն ստանում՝ բերելով իր և կնոջ օրինակը, երբ շտապ կարգով անձնագիր ստանալու համար մոտ 50.000 դրամ են ծախսել: Զրուցակիցս անչափ կարևոր է համարում սիրիահայերին հուզող հրատապ խնդիրների համակարգումը Հայաստանում, ինչից հետո հասկանալի կդառնա, թե կոնկրետ ինչի կարիք ունեն մեր հայրենակիցները, և ինչպես կարելի է օգնել նրանց: Այդ նպատակով նա առաջարկում է հրավիրել Հայաստան-սփյուռք արտակարգ խորհրդաժողով, որի օրակարգը կլինի մեկը՝ սիրիահայության հարցը:   

Լուսանկարը՝ washingtonpost-ի 

Մեկնաբանություններ (1)

nayiri
սուրիահայերու նշուած թիւը իրականութենէն շատ հեռու է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter