HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու թանկարժեք աղբավայրը ակներցիների համար չէ

Ալավերդի համայնքի 2013թ.-ի բյուջեից քաղաքի աղբահանության համար նախատեսվել եւ փաստացի ծախսվել է 33 մլն դրամ: Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը 2014թ.-ի բյուջեում 22,3 մլն դրամով ավելացրել է քաղաքի աղբահանության ծախսը. այն կազմում է 55,3 մլն դրամ: Նախորդ տարվա դեկտեմբերի 10-ի ավագանու նիստում համայնքի 2014թ.-ի բյուջեն հաստատելիս Արտավազդ Վարոսյանը չմեկնաբանեց, իսկ ավագանու անդամներին չհետաքրքրեց 22,3 մլն դրամով աղբահանության ծախսերն ավելացնու պատճառը:

«Հետք»-ը պարզեց, որ, չնայած աղբահանության համար բյուջեից հատկացված պատկառելի միջոցներին, քաղաքի Սանահին գյուղական եւ Սանահին կայարանային թաղամասերում աղբահանումը մասնակի է իրականացվում, իսկ Ակներ եւ Մադան գյուղական թաղամասերն ընդհանրապես չեն աղբահանվում:  

Ալավերդու նորակառույց աղբավայրից շուրջ 15 կմ հեռավորության վրա գտնվող եւ 650 բնակիչ ունեցող Ակներ գյուղական թաղամասի աղբահանության համար Ալավերդու քաղաքապետը ամիսը 10 լիտր  դիզվառելիք է տրամադրում Ակների թաղապետ Գառնիկ Ծատինյանին: Այդ մասին «Հետք»-ին այսօր հայտնեց թաղապետը: «Ակներում աղբահանությունը քաղաքից տարբեր հաճախականությամբ է կատարվում: Իմ  հանձնարարությամբ, Ակներում աղբահանությունը կատարվում է  թաղապետ Գառնիկ Ծատինյանի միջոցով»,- հեռախոսով հայտնեց Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը:

Թաղապետ Գառնիկ Ծատինյանը, Ակների ձորի հսկայական աղբակույտերի համար արդարանալով, ասաց. «Ժողովուրդն է թափում, ես ի՞նչ կարամ անեմ»:

Սուսաննա Կոնինյան

Ակներցի Սուսաննա Կոնինյանը  մեզ հետ զրույցի ժամանակ գյուղի աղբահանության վիճակը մեկ բառով «բրախած» բնութագրեց: Մեր հարցին, թե ով է հսկայական աղբակույտերը լցրել Ակների ձորը, Սուսաննան պատասխանեց, որ հենց Ակների գյուղացիներն են աղբը լցնում այդտեղ: «Գյուղում ոչ մի տեղ աղբարկղ չկա, բռնչքու մոտի էն սետկեն է մեր ամբողջ գյուղի աղբամանը: Դրել են, մթոմ թե աղբը բերենք էդտեղ լցնենք: Ես 2 կմ վերեւ` սարի տակին եմ ապրում, ո՞նց կարող եմ այդքան տարածքն անցնեմ,  բերեմ իմ աղբը թափեմ սետկի մեջ: Թափում եմ մեր տան մոտակայքի  փողոցների լանջերին: Որ տեղ չունենք, տենց ենք անում: Ամեն փողոցում որ աղբարկղ դնեն, տենց չի լինի»,- ասաց նա:

Ակների աղբահանության վիճակի մասին զրուցեցինք ավագանու անդամ, ակներցի Ռուբեն Ծատինյանի հետ: «Ակները տեր չունի, գյուղին կարգին թաղապետ է պետք: Մի 6 ամիս առաջ եմ գյուղի աղբահանության ծանր վիճակի մասին խոսել քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի հետ: Ասաց՝ պրոբլեմ չկա, կկարգավորեմ: Ասել եմ՝ գոնե շաբաթը մի անգամ Ակներ աղբի մեքենա ուղարկեք, մարդիկ իրենց կուտակած աղբը լցնեն»,- ասաց Ռ. Ծատինյանը: 

Մինչդեռ, ակներցիները փաստում են, որ ոչ թե շաբաթը մեկ, այլ ընդհանրապես «Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի աղբի որեւէ ավտոմեքենա Ակներում երբեւէ չի երեւացել: Անուշադրության մատնված ակներցիները աղբահանությունն իրենց պատկերացրած ձեւով են իրականացնում. նրանք Ակների ձորում հիմնել են իրենց աղբավայրը եւ գյուղի կոշտ կենցաղային աղբն ու շինարական թափոնները լցնում են բնության գեղատեսիլ վայրը` այդպես էլ անտեղյակ մնալով  Ալավերդու  թանկարժեք 150 մլն դրամանոց  նոր  աղբավայրից:

Ակներում ջրամատակարարումը ծայրահեղ վատ վիճակում է:

Քաղաքապետարանը 2008թ.-ին համայնքի բնապահպանական վճարների 9 մլն դրամ ներդրումներով Ակների «Սառն աղբյուր» հանդամասում կառուցել է լեռնային աղբյուրներից սնվող ջրագիծ:

Ըստ գյուղացիների՝ ջրագիծն իրեն  չի արդարացրել:

Վերգուշ Մուրադյան

«Որ ջհանդամիցն ունենք խմելու ջուր: Ամառն էլ չենք ջուր ունենում: 2008թ.-ին ջրի համար շատ փող ծախսեցին, էն վերեւի ծմակի տակին մի հատ բասեին կա սարքած, էնտեղ հոսող ջրեր կար, հավաքեցին բասեինը: Հիմա էդ ջրի տեղն էլ չգիտենք: Ջրի պրոբլեմն ա, ճամփու պրոբլեմն ա: Ես տարիքով մեծ եմ: Հինգ երեխա ունեմ: Քուլփաթս էսենց ապրելու խաթեր, չիմ գնացին Ռուսաստան»,- ասաց ակներցի Վերգուշ Մուրադյանը:

Գոհար Շավինյանն էլ դժգոհեց, որ եկած ջուրը շատ ուժեղ նստվածք է ունենում: «Մինը բռնչքու տակի աղբիրն ա, մինն էլ գեղի ամենավերեւի մասումն ա, մլի աղբիրն ա: Մենակ մլի աղբրումն ա ջուր գալի:

Վազգեն Ծատինյան

Էն ջուրը, որ 2008թ.-ին Սառնաղբրի հանդի բասեյնումը հավաքեցին` երկու տարի բարակ կաթեց»,- ասաց Վազգեն Ծատինյանը: Սուսաննա Կոնինյանն էլ ասում է, որ Ակները շրջապատված է խմելու ջրերով: Գյուղի վերեւում Սառնաղբյուրն է, կողքով հոսում են Ոռնակասարի լեռնային աղբյուրների ջրերը, ներքեւում էլ Ագարակի ջրագիծն է: «Բայց գյուղը տեր չունի, որ էդ ջրերը հասցնեն գյուղացիներին»,- ասաց  Սուսաննան: 

Անանցանելի են «Սանահին-Ակներ» միջհամայնքային, ինչպես նաեւ գյուղամիջյան բոլոր ճանապարհները: Ակներցիներն իրենց ապրելակերպից դժգոհելիս չգիտեն՝ որն ասեն, որը թողնեն: 

Մեկնաբանություններ (2)

ՆԱՐԻՆԵ
ՈՉ ՄԻԱՅՆ ԱԿՆԵՐ , ԱՅԼ ԱՄԲՈՂՋ ՔԱՂԱՔՆ Է ԱՆՏԵՐ ՈՎ Է ԴՐԱ ՄԱՍԻՆ ՄՏԱԾՈՒՄ : ԿԱՐԳԻՆ ՔԱՂԱՔ ԷՐ ԷՍԻՆՉ ԴԱՌԱՎ ՀԻՄԱ ՀԱՐՑ ԵՄ ՏԱԼԻՍ . ԻՆՉ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՀԵՏԱԳԱՆ ՈՐևԷ ՄԵԿՆ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ : ՄԻ ՄԱՐԴԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՔԱՂԱՔԸ ՁԵՌԻՑ ԳՆՈՒՄ Է ՈՎ ՊԻՏԻ ՄՏԱՑԻ ԴՐԱ ՄԱՍԻՆ
ARAM
chi gnum gnacel e arden . Marzpetn chlini vapshe xortakvac enq um uzumen poxen texakal el poxecin inch piti anen qaxaqapet@ chi ashxatum bayc lav xosuma televizrov . menak eta amborj or@ :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter