HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մենք ենք տերը մեր երկրի

Սարո Սարոյան

Մարդը հանրային էակ է: Արիստոտելն ասում էր` հանրությունից դուրս մարդը կամ աստված է, կամ գազան: Ուստի յուրաքանչյուր մարդ իր անվտանգության ապահովման ու կենսագործունեության համար ստիպված է հարաբերվել այլոց հետ: Մարդկանց հարաբերվելու արդյունքում ի մի եկող (բյուրեղացող) կոլեկտիվ համակեցության մեջ էլ ձեւավորվում է հանրույթը:

Սոցիալական միջավայրում անվտանգության բավարար երաշխիքներ ստանալու ու իր կենսագործունեության պայմանները բավարարելու համար դեռեւս մարդկության պատմության վաղ շրջանից մարդը գիտակցված գնում է այլոց հետ իր համակեցությունը կարգավորելու ճանապարհով: Մարդկային փոխհարաբերությունների վտանգի աստիճանից ու բարդությունից ելնելով` այդ ճանապարհն անցնում է սոցիալական փոքր բջիջներից մինչեւ բարդագույն միավորումներ կազմավորելու մի ամբողջական շղթա (ընտանիք-համայնք-տոհմ-ցեղ եւ այլն): Նշված շղթայի ծավալման արդյունքում է, որ մարդկությունը ծնում է իր համակեցության ունիվերսալ օրգանիզմներից գլխավորը` «պետությունը»:

Կարելի է ասել, որ պետությունը կոլեկտիվ համակեցության մակրոօրգանիզմն է: Եւ ուստի «պետությունների համայնքում» նրա առաջնային խնդիրը սեփական անվտանգության ու կենսագործունեության ապահովումն է այնպես, ինչպես միկրոօրգանիզմներում (թաղերում, համայնքներում) նույն այդ խնդիրն է ընկած մարդկային փոխհարաբերությունների հիմքում: Այդ նպատակով յուրաքանչյուր պետություն պարտավոր է բնականոն համակեցության մեջ մտնել հարեւան պետությունների հետ, որպեսզի կարողանա ապրել: Այսինքն` պետությունների ընտանիքում ապրել այնպես, ինչպես ապրում են հենց իրեն ծնած ու իր մեջ ինտեգրված (բնակվող) տարբեր «տրամաչափի» հանրույթները: Այն է` ապրել անվտանգ, նյութական բարիքների ապահովմամբ, հոգեւոր պահանջմունքների բավարարմամբ ու շրջապատի ու իր համար կանխատեսելի ապագայով: Սա պետությունների համակեցության բանաձեւն է: Սա ցանկացած կոլեկտիվ համակեցության բանաձեւն է:

Ինչպես մարդկանց մոտ, պետությունների «մեծ համայնքում» համակեցությունը կարգավորվում է ըստ պետությունների ունեցած սուբյեկտայնության` միմյանց բնական շահերը ճանաչելու եւ ըստ այդմ պայմանավորվելու միջոցով:Այլապես գալիս է կոլեկտիվ համակեցության բնական անհավասարակշռությունը լուծելու ուժային ճանապարհը` երկկողմ կամ բազմակող հակամարտությունը: Ինչպես մարդը, երբ չկարողանալով իր կենսական շահերը պաշտպանելու համար կիրառել հակադրվելու եւ վրեժի մեխանիզմները, ստիպված է համակերպվել ցանկացած շահագործման, այնպես էլ պետությունը, եթե չի կարող կամք ու կարողություն ցուցանել իրեն պարտադրված հարկադրանքը մերժելու համար` ստիպված է տանել ամեն տեսակ նվաստացում: Իսկ կամք ու կարողություն ցուցանելու ողջ էներգիան գալիս է պետությանը ծնած հանրության արժեքային համակարգից: Ունի այդ հանրությունը կամք ու կարողություն իր մեջ հավասարակշռված ու արդարացի համակեցություն հաստատել, ուրեմն նաեւ կկարողանա արտաքին աշխարհին պարտադրել` հարգել իր պետությունը ու նույնաբովանդակ համակեցություն հաստատել իր հետ:

Վերը նկարագրված ընդհանրական պատկերից անցում կատարենք մասնավորապես Հայաստան պետության ու նրա հանրության վարքին ու վիճակին: Ասվածից պարզ է դառնում, որ այսօր Հայաստանի անմխիթար վիճակի պատճառը մեր հանրության ներսում եղած արժեքների ընդհանուր դեգրադացիան է: Ակնհայտ է, որ մեր հանրության ներսում քաղաքացիներն ու քաղաքացիական խմբերը միմյանց բնական շահերը ճանաչելու ու պայմանավորվելու որեւէ ռեսուրս ու անգամ գիտակցություն չունեն: Այստեղից էլ այն չգիտակցվածությունը, որ պետության Սահմանադրությունը դա քաղաքացիների համընդհանուր պայմանագիրն է (պայմանավորվածությունն է) իրենց իրավունքների եւ երկրի պետական կարգի մասին: Բայց այդ տգիտությունը ողբերգության կեսն է:

Ակնհայտ է, որ մեր կոլեկտիվ համակեցության մեջ ամեն ինչում ճչացող անհավասարակշռություն գոյություն ունի, բայց շատ քչերը զորություն ունեն դրան ի պատասխան կամք բանեցնել: Այսինքն մենք անզոր հանրություն ենք: Իսկ դա ինչպես վերեւում ասվեց, գալիս է իր կենսական շահերը պաշտպանելու համար հակադրվելու եւ վրեժի մեխանիզմների բացակայությունից: Հայաստանում մարդը ստիպված է համակերպվել ցանկացած շահագործման ու տանել ամեն տեսակ նվաստացում, քանի որ հանրության արժեքային համակարգում չկա հակադրվելու, իր շահերը ուժով պաշտպանելու եւ վրեժի ինստիտուտը: Դրա փոխարեն լիարժեք ու ամբողջ ծավալով գործում է մեկ այլ մեխանիզմ: Խոսքը մարդկային փոխհարաբերություններում խնդիրները լուծելու եւ համակեցության մեջ տեղ գտած անհավասարակշռությունը հաղթահարելուն միտված խորամանկելու մեխանիզմի մասին է: Խորամանկելու գործիքներն են սուտը, կեղծիքը, անազնվությունը, ամեն տեսակ մանիպուլյացիաները, ինտրիգները եւ այլն: Խորամանկելու կերպարներն են ամեն տեսակ շուլերները, մկները, խաչագողերը, փերեզակները, չարչիները, բազազները, քցողները եւ մեր կոլեկտիվ համակեցության մեջ բուն դրած հարյուր հազարավոր այլ սրիկաներն ու տականքները:

Հիմա հարց տանք մեզ: Ինչպե՞ս կարող է նման արժեքային ունեցող հանրությունը միջազգային հանրությունում ինչ-որ տեղ զբաղեցնել: Այդ հանրության ու նրա ներկայացրած պետության դինամիկան գաղթն է (արդեն հարյուրամյակներ կրկնվող արտագաղթն ու բռնագաղթը), տեղը` վտարանդիությունը (որպես հանրագումար` սփյուռքը), փիլիսոփայությունը` սկսվածությունը (իջիր ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը), խոսքը` ողբն ու բողոքը (ամբողջ աշխարհը մեր դեմ է): Իրերի վիճակն այդպես է, քանզի այդ հանրությունը չունի զորություն (անզոր հանրություն է)` չունի գիտակցություն, չունի կամք, չունի հմտություն, չունի ըմբոստություն, չունի վրեժի զգացում եւ այլն: Այդ անզորությունն էլ ծնել է տեր փնտրելու մոլուցքը: Տեր են փնտրում գրեթե բոլորը` հարյուր հազարների հասնող առեւտրականները, մտավորականները, չինովնիկները (պաշտոնեությունը), ոստիկանները եւ այլն: Նրանց բոլորի համար ընկալելի ու ընդունելի է «տանիք» («կռիշ») փնտրելու ու գտնելու երեւույթը:

Յուրաքանչյուր պետության անվտանգության հիմնարար կապիտալը առաջին հերթին նրա քաղաքական դասն է` հանրության այդ շարժիչ ուժը: Ինչպիսին է մեր քաղաքական դաշտն այսօր եւ ինչպիսին է այն եղել անցյալում: Այստեղ ամեն ինչ կամ նույնն է կամ ավելի ողբերգական: Տեր են փնտրում երիտասարդ կարիերիստները, տեր են փնտրում կուսակցականները (այստեղից էլ անձ-կուսակցությունների երկարակեցությունն ու կուսակցական առաջնորդների «վկաների» հսկայական բանակը), տեր են փնտրում քաղաքական դաշտին մոտ կանգնած հանրային գրեթե բոլոր դեմքերը, տեր են փնտրում հենց իրենք` կուսակցությունների առաջնորդները, տեր են փնտրում պատգամավորներն ու օլիգարխները, տեր են փնտրում Հանրապետության նախագահները, տեր է փնտրում գրեթե ամբողջ Հայաստանը:

Հայաստանն այսօր կարոտ է իր տերերին եւ ոչ թե տերեր փնտրողներին: Արդեն երկու տարի է քաղաքացիական հանրության մի լայն շերտ` ակտիվ երիտասարդներ, հռչակել են «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը: Այդ երիտասարդները հասցրել են հաղթանակներ կերտել տվյալ կարգախոսի տակ, ապրել տիրոջ զգացումով, ապրել ազատ ու պետության նկատմամբ հոգատար: Հանրության լայն շերտերը կապրեն այդ երիտասարդների «իմաստնությամբ», ընդօրինակելի կլինի երիտասարդների վարքը, պատրաստ կլինեն փոխել իրենց հանրային արատավոր արժեքները, ուրեմն կունենա Հայաստանը լուսաբաց: Կփնտրեն տերեր, ուրեմն ստիպված կլինեն ողջ արատավոր շղթայի մեջ` սկսած տեղական «թաղ նայողից» մինչեւ Հանրապետության նախագահ, տեր ու ծառա խաղալ, ճորտանալ ու ստրկանալ, գաղթել ու վտարանդի («իզգոյ») դառնալ, սսկվել ու ողբալ:

Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

Հ.Շ.
Ուրեմն այսպէս, Հայերը փնտռում են լաւ ղեկավա՞րներ... Այդ ինչ զարմանալի բան... Անոնք մինչդեռ ունին մօտաւորապէս տասը միլիոն ղեկավարներ, Հայաստանում եւ աշխարհի տարածքին: Որոնցմէ իւրաքանչիւրը անշուշտ լաւագոյնն է, մնացեալ բոլորին բաղդատած: --- Հ.Շ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter