HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրադադարի ռեժիմի «օրինաչափ» խախտումները և հայկական Գրանդ ստրատեգիայի բացակայությունը

Ստյոպա Սաֆարյան
քաղաքական վերլուծաբան
 

Արդեն քանի տարի է, ինչ ադրբեջանա-ղարաբաղա-հայկական շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումներ են արձանագրվում, որոնք ոչ միայն վտանգում են սահմանամերձ բնակավայրերի բնակիչների անվտանգությունը, այլեւ ուղեկցվում են երկու կողմերի զինված ուժերի զինծառայողների կորուստներով: Իսկ դրանց իրական մեղավորը մնում է անպատիժ, թեպետ շատերիս է պարզ գոնե դրանց գերակշիռ մասի ադրբեջանական ծագումնաբանությունը: 

Պաշտոնական Բաքվի համար սանձազերծված սադրանքների, դիվերսիաների ու ագրեսիայի փորձերի նպատակը նախարարարական կամ նախագահական ամեն հանդիպումից առաջ գրեթե նույնն է. 

1. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու միջազգային հանրությանը ցույց տալ, որ կոնֆլիկտը ոչ միայն սառած չէ, այլեւ կարող է բռնկվել նոր թափով ու վտանգել տարածաշրջանում նրանց շահերը եւ աշխարհաքաղաքական ծրագրերը: Հետեւաբար՝ այդ երկրների ղեկավարները պետք է խելքները գլուխները հավաքեն ու իրենց օրակարգում առաջնահերթություն դարձնեն ղարաբաղյան հակամարտության լուծումը: Ադրբեջանական կողմն այդպես է վարվել բոլոր ժամանակներում՝ Աֆղանստան ՆԱՏՕ-ի ներխուժման, Իրաքյան պատերազմի, վրաց-ռուսական պատերազմի, Թունիսի,  Եգիպտոսի, Լիբիայի «արաբական գարունների» այժմ էլ՝ Սիրայի կամ Ուկրաինայի ճգնաժամերի ժամանակ, երբ աշխարհի համար առաջնահերթություն եղել են այդ հրատապ հարցերը, բայց ոչ Կովկասը: Բոլորիս հիշողության մեջ թարմ է, թե ինչպես 2012թ-ի ամռանը Ադրբեջանը Հայաստանի հետ Տավուշի մարզի սահմանագծում հուժկու համազարկերով «դիմավորեց» գերազանցապես Սիրայի խնդրով տարածաշրջան այցելող ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին: Բաքվի ավագ եղբայր Անկարան «տեղի ունեցածը» գնագատեց բառացիորեն այսպես՝ «քանի դեռ չեք կարգավորել հակամարտությունը, այդպիսի բաներ շատ են լինելու ու զոհեր շատ են լինելու»: Նման մի հայտարարություն էլ 2011-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էր արել երկու նախագահների սանկտ-պետերբուրգյան  հանդիպմանը հաջորդած սադրանքի կապակցությամբ:   

2. Քննարկումների օրակարգում առաջնային դարձնել ոչ թե Բաքվի ախորժակին այլեւս չհամապատասխանող Մադրիդյան առաջարկները, այլ հրադադարի ռեժիմի խախտման, վստահության միջոցների ու այլ հարցեր: Անգամ երեխան կնկատի, որ վերջին տարիներին հարեւան երկրում տարվող քարոզչությունն այն մասին, որ Ադրբեջանը ռազմական եղանակով ետ է բերելու բոլոր հողերը ու նաեւ ակնարկվում է «Երեւանի խանության ադրբեջանական պատկանելության» մասին (ինչպես օրերս Գանձակում կրկնեց Իլհամ Ալիեւը), Ալիեւ կրտսերին թույլ չեն տա իր հասարակությանը «վաճառել» Մադրիդյան առաջարկների նման «մինիմալիստական» տարբերակները: Հետեւաբար, Իլհամ Ալիեւին ձեռնտու է հանդիպումների ժամանակ քննարկել ամեն ինչ, բացի կարգավորման տարբերակները, որոնք իր ախորժակի հետ անհամադրելի են:  Իսկ դրա լավագույն ձեւը արհեստական խնդիրներ հարուցելն է՝ լավ իմանալով, որ հայկական եւ միջազգային  կողմերը նախեւառաջ հանդիպման ժամանակ բարձրացնելու են այս հարցերը, իսկ իրեն հնարավորություն են տալու միջազգային հանրության վրա «վաճառել իր խաղաղությունը»՝ սեփական շահերի բավարարման դիմաց: 

Սակայն սադրանքների հարցում Ադրբեջանի ղեկավարության հետապնդած նպատակները թողնենք մի կողմ: Հայաստանը, անգամ՝ միջազգային հանրությունը շատ քիչ լծակներ եւ շահագրգռություն ունեն ազդելու Ալիեւի ուղեղի վրա ու նրան ստիպելու մտածել խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ. աշխարհի հզորները կախված են Ադրբեջանի ռազմավարական դիրքից ու նրա նավթագազաբեր ռեսուրսներից, իսկ Ալիեւի ուղեղը կախված է բացարձակապես իր մոլագար ֆանտազիաներից: 

Սակայն, միանշանակ է, որ Հայաստանն ավելի լուրջ բան պետք է մտածի այս արատավոր ու մահաբեր շրջանից դուրս գալու, իր զինվորների ու ազգաբնակչության կյանքը պաշտպանելու եւ Ադրբեջանին զսպելու համար: Եւ դա չի կարող իրականացվել միայն ռազմական ագրեսիայի դիմաց ռազմական պատասխանով: Ռազմական հակահարվածը եւ հակառակորդի մոտ ավելի մեծ զոհեր պատճառելը կարող է բարձրացնել սեփական հասարակության վստահությունը զինված ուժերի հանդեպ, նաեւ՝ հակառակորդին հասկացնել, որ հայկական պաշտպանությունը ճեղքել նրան չի հաջողվի: Բայց դա՝ ժամանակավորապես ու մինչեւ հաջորդ սադրանքը, դիվերսիան ու ագրեսիան, որը հասարակությանը նոր երկմտանքների ու անվստահության մեջ է նետում:    

Արդեն չափազանց զայրացնող է այն «ռազբորկան», որ հաջորդում է նման միջադեպերին: Հայկական կողմը հայտարարում է, թե դիվերսիան ադրբեջանական կողմից է եղել, վերջինս էլ պաշտոնական խողովակներով ու լրատվամիջոցներով հակառակն է մատուցում: Նույն «ձայնասկավառակը» պտտեցվում է նաեւ այժմ՝ հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը ԼՂՀ հյուսիս-արեեւլայն եւ հարավ-արեւելյան սահմանագծերում արձանագրված դիվերսիայի եւ հուլիսի 23-ի երեկոյան կրկին Տավուշի մարզի սահմանագծում հրադադարի ռեժիմի լրջագույն խախտման կապակցությամբ:  Այժմ էլ հայկական կողմը ադբեջանական կողմի ստերն է բռնացնում, թե արդյո՞ք ադրբեջանական զինված ուժերի կապիտան Էլնուր Ջաֆարովը սպանվել է «հունվարի 23-ին՝            շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմի կրակոցի՞ց» (ինչպես պնդում է Ադրբեջանի ՊՆ-ը), թե՞ «հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական դիվերսանտների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում» (ինչպես փաստարկում է ԼՂՀ-ը ՊՆ-ը): Նման դեպքերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հերթին բավարարվում են անհասցե հայտարարություններ ու կոչեր անելով՝ «զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից» եւ այսպես շարունակ: 

Այդ «ռազբորկայի» խորապատկերին հայ հասարակությունը սրտի կսկիծով հավուր պատշաճի հուղարկավորեց իր հերոս նահատակին՝ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական դիվերսիան 9 ծառայակիցների հետ հերոսաբար ու կյանքի գնով ետ մղած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին: Նրանից էլ առաջ այլոց է ճանապարհել՝ հերոսացվա՞ծ, թե՞ չհերոսացված: 

Մինչեւ ե՞րբ պետք է շարունակվի այս վիճակը: 

Քանի՞ գրոշ արժե հայ-ռուսական ռազմավարական եւ ռազմա-քաղաքական համագործակցությունը, Հայաստանի անվտանգության համար Ռուսաստանի երաշխավոր լինելը, Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի եւ Հայաստանի ողջ սահմանների վրա նրա իրավասությունը տարածելու 2011թ. պայմանագրային փոփոխությունները, երբ վերջին ամիսներին արդեն որերորդ անգամ Տավուշի մարզի սահմանագիծը բացահայտ խախտվում է Ադրբեջանի կողմից: Ե՞րբ է ռուսական ռազմաբազան պաշտպանելու այդ սահմանը: Թե՞ մեր ռազմավարական դաշնակցին բացառապես հետարքրում են Հայաստանի աշխարհաքաղքական նշանակության սահմանները Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի հետ, բայց ոչ ավելին... Ինչպե՞ս ՀՀ քաղաքացին հավատա, որ ՀԱՊԿ-ը իր անվտանգության ապահովման հովանոց է: Ո՞ւմ է պետք այդպիսի վիրտուալ անվտանգության մեխանիզմը: Հայ-ռուսական համագործակցությունը միայն բաժակաճա՞ռ է... 

Ինչքա՞ն պետք է անցնի, որ հասկանանք, որ մենք ԵԱՀԿ լիիրավ անդամ ենք: Ե՞րբ պետք է հասկանանք, որ ԵԱՀԿ-ը ունի վեճերի խաղաղ կարգավորման (Վալետտայի եւ այլ մեխանիզմներ), նման միջադեպերի հետաքննության, փաստահավաք առաքելություններ կազմելու տարբեր մեխանիզմներ: Ե՞րբ է այդ կառույցի լիիրավ անդամ Հայաստանը պահանջելու օգտագործել այդ մեխանիզմները՝ պարզելու, թե ո՞վ է իրականացրել սադրանքը, ագրեսիան ու դիվերսիան, եւ ո՞վ է կրում դրա պատասխանատվությունը: Չէ՞ որ սադրանքների ու դիվերսիաների իրականացման շուրջ վեճը մեծ ու բարդ կոնֆլիկտի մեջ ինքնին դարձել է հարաբերականորեն ինքնուրույն վեճ, որն այլեւս պետք է առանձնացվի ու առանձին լուծում ստանա, անկախ բուն հակամարտության լուծման հեռանկարից: Միթե՞ Հայաստանն այդ կառույցին անդամակցում է նրա ղեկավարներին հյուրընկալելու, ռեստորան տանելու եւ հյուրասիրելու, նրանց առջեւ Իլհամ Ալիեւից տրտնջալու համար: Միթե՞ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում մեր հայկական խորհրդարանական պատվիրակությունը միայն տուրիզմի կամ լալահառաչ հայտարարություններ անելու համար է: Բա էլ ինչի՞ համար են խորհրդարանական ու ժողովրդական դիվանագիտությունները... 

Նախկին գումարման խորհրդարանում նման միջադեպերի ժամանակ գոնե խմբակցությունների ղեկավարների մակարդակով համատեղ հայտարարություն-նամակներ էինք հղում միջազգային կառույցներին, ինչպես դա արեցինք Մանվել Սարիբեկյանի պատանդառության ու Ադրբեջանում նրան խոշտանգելով սպանելու դեպքում, Գերմանիայի Բունդեսթագում ադբեջանական լոբբինգի ճնշման տակ ԼՂՀ-ի վերաբերյալ բանաձեւի ընդունումը կանխելու նպատակով եւ այլն: Առաջին անգամ հրապարակայնացնում եմ նաեւ այն, թե ինչպես տարիներ առաջ, երբ ԵԽ Մարդու իրավունքներ Թոմաս Համերբերգը զեկույց էր պատրաստում Ադրբեջանում մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների կապակցությամբ, ներքին հաղորդակցությամբ «Ժառանգության» անունից նրանից խնդրեցի մինչ զեկույցը պատրաստելը Ադրբեջանի իշխանություններիից պատասխաններ ստանալ Ջուղայի հայկական գերեզմանոցը բարբարոսաբար ավերելու վերաբերյալ, Ադրբեջանի իշխանությունների այն բարբաջանքի կապակցությամբ, թե այնտեղ ապրում եւ գործում է բազմահազարանոց հայկական փոքրամասնություն, որի ինքնությունը եւ իրավունքները պաշտպանված են: Խնդրել եւ պահանջել էինք իր հանդիպումներում պատասխաններ եւ ապացույցների ստանալ այդ ամենի վերաբերյալ (եթե կա հայկական համայնք, ապա ինչո՞ւ է հայկական եկեղեցին փակ, ինչո՞ւ հայերը չեն այցելում եկեղեցի, ինչո՞ւ են վախենում բարձրաձայնել իրենց ազգային ինքնության մասին եւ այլն) եւ դրանք ներառել զեկույցում: Այսինքն, միջազգային կառույցներին  ու նրանց պաշտոնյաներին ստիպում էինք օգտվել այն գործիքներից, որոնք բոլորիս են պատկանում: Պահանջում էինք աշխատել եւ պատշաճ կատարել իրենց պարտականությունները, եւ պահանջատեր էինք, քանի որ Հայաստանը միջազգային այդ կազմակերպությունների անդամ է: 

Գրանդ ստրատեգիան հենց այն է, որ ռազմական հակամարտությունը կառավարվում է ոչ միայն ռազմական, այլեւ ռազմա-քաղաքական ու ավելի լայն դիպազոնի միջոցներով եւ գործիքներով, երբ հասարակության ցանկացած անդամ, իշխանության ցանկացած օղակ իր ներդրումն է ունենում ու դերը կատարում կոնֆլիկտի մենեջմենթի կամ լուծման մեջ, երբ պետությունը օգտագործում է իրեն հասու բոլոր մեխանիզմները, այդ թվում՝ միջազգային կառույցներում՝ հակառակորդի վարքագծի, իրավիճակի վրա ազդելու ու այն վերահսկելի պահելու նպատակով: 

Մինչդեռ այսօր ռազմավարական միտքն ու քննարկումը իսպառ վերացվել են Հայաստանում: Փորձագիտական միտքը ճամբարավորվել ու հեղինակազրկվել է: Որոշումների կայացումն ու ռազմավարական հետազոտությունը անջրպետվել են միմյանցից: Փորձագետների մեծ մասը ընդամենը վեր է ածվել իշխանության կամ ընդդիմության քայլերը արդարացնողի, կամ էլ լավագույն դեպքում հանրությանը «տեղեկացնում է», թե ինչ է կատարվում այստեղ ու այնտեղ: Երկրում մտահոգիչ վիճակում են հայտնվել ոչ միայն առկա, մեզ տեսանելի սպառնալիքների կառավարման գործառույթները, որ պետք է իրականացնեն իրավասու պետական գերատեսչություններն ու հասարակական դերակատարները, այլեւ հնարավոր սպառնալիքների կանխատեսման գործառույթները: Հասարակությունը, քիմքով զգալով այս իրավիճակը, չի կարող չմտահոգվել, չի կարող անվստահություն չտածել իր անվտանգության (լայն իմաստով) մարմինների ու կարողունակության վերաբերյալ: Չի կարող, քանի որ ամեն օր ու ամեն պահի տեսնում է տոտալ անգործություն, անադեկվատություն, անարհեստավարժություն եւ տգիտություն բոլոր պետական մարմիններում: Այլ բառ հնարավոր չէ գործածել այս ամենի կապակցությամբ: 

Այս իրավիճակում մնում է սպասել հաջորդ միջադեպին ու դրա կապակցության պաշտոնական ու ոչ պաշտոնական փոխադարձ մեղադրանքներին, քանի դեռ չենք գիտակցում, որ ցանկացած հարցում եւ կոլեկտիվում, համայնքում պարտադիր է Ճիշտը եւ սխալը, ճշմարիտն ու սուտը պարզելը, մեղավորին բացահայտելն ու պատժելը: Այլապես կստացվի, որ կա’մ բոլորը ճիշտ են, կա’մ՝ բոլորը սխալ... Իսկ սուտը տարածվելու մեծ հատկություն ունի: Ու այդ արատավոր շղթայի մեջ մնալով անընդհատ կորուստներ ենք տալու ու արցունքներով ճանապարհելու ենք մեր հերոս որդիներին, քանի դեռ խելքներս գլուխներս չենք հավաքել: 

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Լուրջ եւ լրիվ իրավացի են այս հարցադրումները: Գլուխն ավազի մեջ թաքցնելն ու բանակցությունների անիմաստ թատրոնը միայն վնասում է մեզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter