HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ է բանակի ղեկավարությունը խնայում հրամանատարներին

«Հետքի» հարցերին պատասխանում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը: 

Շուրջ 15 տարի է՝ լուսաբանում եք զինվորական քրեական գործեր: Առաջիններից էիք, ով բարձրաձայնեց մահապատժի դատապարտված շարքային զինվորների մասին: Զինվոր Արթուր Մկրտչյանի քրեական գործով եղավ Ձեր լրագրողական հետաքննությունը: Ինչպե՞ս ծանոթացաք գործին, ի՞նչ պարզեցիք:

Մարդու խնդիրը ինձ համար առաջնային է: Իմ հրապարակումների հերոսները տուժած մարդիկ են: Գտնում եմ, որ իրավապաշտպանությունը մարդկային տեսակի հարց է: Ինձ համար բացահայտեցի, որ սիրտս տանում է դեպի անարդարությունների զոհերը: Առաջին զինվորական գործը՝ մահվան դեպք, ուսումնասիրել եմ 1997-ին: Զգացի, որ շատ ծանր աշխատանք է, բայց չէի կարողանում հրաժարվել: Երեկոները մտածում էի, որ այլևս չեմ գրի, բայց առավոտյան նորից շարունակում էի աշխատել: Այդ տարիներին բանակային հանցագործությունների մասին գրելը փակ թեմա էր:

1990-ականների վերջին «Պրոմեդիա» ամերիկյան կազմակերպությունը լրագրողական հետաքննությունների մրցույթ հայտարարեց: Հելսինկյան կոմիտեի անդամ էի, ու Արթուր Մկրտչյանի ընտանիքը դիմել էր կոմիտե՝ ներկայացնելով, որ աղաղակող անարդարություն է կատարվել իրենց որդու գործով: Այնքան միամիտ էի, որ կարծում էի, թե իմ լրագրողական հետաքննությամբ կարող եմ Արթուր Մկրտչյանի գործի վերաբացմանը նպաստել: 1998 թ-ին «Նուբարաշենի» բանտում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի և փաստաբան Լուսինե Սահակյանի հետ հանդիպեցինք Արթուրին: Ծանր տպավորություն էր. մինչ օրս չեմ մոռացել: «Մահվան» հարկում էինք, և կարծես մահվան հոտ էր փչում, սարսափելի անմխիթար պայմաններում էին այդ մարդիկ: Շատ տեղեկություններ հավաքեցի 1996 թ-ին Կոթիի զորամասի 18 պահակակետում կատարվածի մասին, հանդիպեցի նաև այս գործով պատասխանատու պաշտոնատար անձանց, ինչպես նաև հենակետում զոհ դարձած 5 զինծառայողների հարազատների հետ, ովքեր համոզված էին, որ Արթուրը չի կատարել հանցագործությունը, իսկ դատական գործընթացն ամբողջությամբ կեղծ է եղել: Իմ հետաքննության ընթացքում այս մարդիկ անգամ բողոքով դիմեցին գլխավոր դատախազին: Ինձ համար կատարված հանցագործության նախնական պատկերը պարզ դարձավ. Արթուրը անմեղ դատապարտյալ է:
Այսպիսով, ես ներկայացրեցի գործը մրցույթին, հաղթողների թվում նաև ես էի: Սկսեցի ուսումնասիրել քրեական գործը: Այդ ծրագրի շրջանակներում հնարավորություն ունեինք նաև մասնագիտական, իրավաբանական խորհրդատվության, և որպես փորձագետ ընտրել էի այն ժամանակ ճանաչված փաստաբան Մարինա Ջանոյանին, ում եզրակացությամբ, ի դեպ, Արթուր Մկրտչյանի նկատմամբ պետք է արդարացման դատավճիռ կայացվեր:  Երևի թե, առաջին լրագրողն էի, ում քրեական գործի հատորները տրամադրվեցին: Դեռ ողջ էր Արթուրի գործով փաստաբան Համլետ Մաթոսյանը, ով կարևոր տեղեկություններ հայտնեց: Մեր առջև բացվեց անօրինականությունների, կեղծիքների մի ողջ շղթա: Ես համոզված էի, որ իմ հետաքննությունը կնպաստի, որ Արթուրի գործը վերանայվի, և նա ազատություն վերադառնա: Հասկացա, որ պետական մարմինների կողմից չկա պատրաստակամություն գործը վերանայելու:

14 նախկին զինվորներ կան, այդ թվում՝ Արթուր Մկրտչյանը, ովքեր մեղադրվել են ծանրագույն հանցանքների մեջ ու դատապարտվել պատժի առավելագույն չափի և մինչ օրս բանտում են: Ի՞նչ լուծումներ եք տեսնում:

Հանրապետության նախագահը կարող է ներում շնորհել այդ երիտասարդներին, ովքեր 18 տարեկանում գնացել են բանակ հայրենիքին ծառայելու և ոչ թե հանցագործության մասնակից դառնալու ու այդպես էլ չեն վերադարձել իրենց օջախները: Նրանք երկար տարիներ է՝ բանտում են: Առհասարակ, ցմահ դատապարտյալների գործերով, հիմնականում շինծու մեղադրանքներով են դատապարտվել կամ վատ քննված գործեր են: Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարության ժամանակահատվածում շատ ավելի էին 18-21 տարեկան շարքային զինվորները դատապարտվում մահապատժի: Եթե օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարվի այդ գործերով, կհամոզվեն դրանում:  

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության 2010 թ-ի ուսումնասիրության համաձայն՝ ամբաստանվողների 78 տոկոսը շարքայիններն են եղել, 2.6 տոկոսը ենթասպայական կազմից, մոտ 15 տոկոսը կրտսեր սպայական և միայն 4 տոկոսը՝ ավագ սպայական կազմից: Ինչո՞վ եք բացատրում սա, երբ հիմնականում պատժվում են շարքայինները: Պետական պատասխանատվության աստիճանը բանակում ինչպե՞ս եք գնահատում:

Բանակում կատարված հանցագործությունների առաջին պատասխանատուն պետությունն է: Սպանություն, ինքնասպանություն կամ բռնի որևէ դեպքի համար պետությունն է պատասխանատվություն կրում, քանի որ բանակը փակ կառույց է և գտնվում է պետական հսկողության ներքո: Օրինակ՝ Արթուրի գործով դիրքում տեղի է ունեցել հանցագործություն, որը կոծկվել է հենց իշխանական վերին օղակների կողմից: Բնական է, որ այս գործի բացահայտումը  ձեռնտու չէ իշխանությանը: Բայց այս մարդը չկատարած հանցագործության համար 18 տարի է՝ բանտում է, թող ներում շնորհի գերագույն գլխավոր հրամանատարն ու ազատ արձակվեն տղաները: Հայկական բանակում իրավիճակն այնպիսին է, որ և՛ զոհերն են շարքային զինծառայողներ և՛ դատապարտվողները: Մի խոսքով, թիրախը շարքային զինծառայողն է: Զինվորական ծառայության են մեկնում, հիմնականում, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Պաշտոնատար անձանց երեխաները չեն ծառայում: Իսկ խեղճ ընտանիքների զավակներին հեշտ է ճնշել, մեղադրանքներ առաջադրել ու բանտեր ուղարկել, որովհետև նրանք չունեն հարուստ «պապաներ», նույնիսկ չեն կարողանում լուծել իրենց իրավական պաշտպանության խնդիրները: 
 
Դատարանների արխիվում, ուսումնասիրելով պատժի առավելագույն չափի դատապարտված զինվորների գործերը, համոզվեցի, որ հրամանատարական կազմը գրեթե դուրս է մնում պատասխանատվությունից: Հիմնականում դատարանը բավարարվում է 1-2 տարի պայմնանական պատիժներով: Երկկողմանի ծնողազուրկ զինվոր Ցոլակ Պողոսյանը ևս ցմահ է դատապարտվել: Նա անգամ փաստաբան վարձելու գումար չի ունեցել…

Ծնողներ չունեցող կամ միակողմանի ծնողազուրկ երեխաները ևս թիրախ են: Նրանց գլխին ամեն ինչ բարդելը շատ ավելի հեշտ է, քանի որ գիտեն՝ հակազդեցության չեն հանդիպելու: Առհասարակ, շարքայինների և նրանց ընտանիքների նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած, լավ չէ: Վարդան Սևյանի մահվան դեպքը հիշեցի, որն ինքնասպանություն էին որակել: Նա ծայրահեղ չքավոր ընտանիքից էր: Տղայի դին բերել էին բակ և ասել՝ իջեք-տարեք: 

Հրամանատարական կազմին իրական պատասխանատվության ենթարկելով՝ ի՞նչ եք կարծում՝ բանակում սպանությունների թիվը կնվազի՞:

Միանշանակ: Պետք է խնդիր դրվի զորամասի հրամանատարի վրա, որ նա պատասխանատու է զինվորի կյանքի համար, այլապես խստագույն պատժի կենթարկվի: Այդ դեպքում հանրությունը կտեսնի, որ սա գործոններից մեկն է և էականորեն կնվազեն բանակում մահվան, բռնությունների դեպքերը: Իսկ այժմ անպատժելիության մթնոլորտը բանակում կայուն է: Բանակի ղեկավարությունը խնայում է հրամանատարներին, փոխարենը անողոք վերաբերվում շարքայիններին: Այս եզրահանգմանն եմ եկել տարիների իմ գործունեության արդյունքում: Որևէ զինվորական գործ մահվան դեպքերով  իրականում չի բացահայտվում:

Ինչո՞ւ․․․  

Հրամանատարական կազմն ավելի լուրջ գործերով է զբաղված, քան մարդկային կյանքերն են: Իրենք ունեն իրենց բիզնեսը, փառահեռ կյանքը, և սա հանրության աչքի առջև է: Մահվան դեպքերի դինամիկան չի նվազում, այլ նվազում և աճում է. Մի տարի 35, հետո`50, այս տարի էլ  ոչ պաշտոնական տվյալներով 31 զոհ է (պաշտոնական թիվը դեռ հրապարակված չէ):
  
Կա՞ ինչ- որ չգրված օրենք խնայելու հրամանատարներին: Ինչո՞ւ են, ըստ Ձեզ, խնայում նրանց: 

Հրամանատարներն անձեռնմխելի են: Հիշո՞ւմ եք սպա Արտակ Նազարյանի գործը․հեռուստատեսային շոու կազմակերպեցին, Սեյրան Օհանյանն անմիջական պատասխանատուներին ազատեց աշխատանքից և ուղարկեց այլ զորամասեր: Այդպես էլ հայտնի չդարձան խոշտանգված սպայի սպանության իրական պատասխանատուները: 

Ուսումնասիրել եք` ովքե՞ր են մեր բանակի կրտսեր ու ավագ հրամանատարական կազմում:

Իհարկե, շատ լավ կլիներ, որ ունենայինք կրթված, լուրջ մասնագիտական հենք ունեցող սպաներ, կրտսեր ու ավագ հրամանատարական կազմ: Բայց խնդիրը համակարգային է: Եթե մեր փառապանծ գեներալները Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանն են, չի կարող որևէ կրթություն բանակում իրավիճակ փոխել: Տեսեք`մի կողմում Սեյրան Օհանյանի 350.000 եվրոյանոց մեքենան է, մյուս կողմում` նրա մարտական ընկերների սոցիալական բողոքի ակցիաները: Սոցիալական անարդարությունն այնքան մեծ է, որ մթնոլորտի, արժեհամակարգի փոփոխության հիմք չի կարող դառնալ: Սեյրան Օհանյանն ասում էր՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն իմ մարտական ընկերն է, իսկ հիմա Վոլոդյան կեղծ մեղադրանքով բանտում է: Վոլոդյա Ավետիսյանը հերոս է ամեն տեղ՝ և՛ բանտում և՛ ազատության մեջ, իսկ Սեյրան Օհանյանի հերոսական անցյալն այլևս մոռացված է: Նա այլևս հերոս չէ: Նա շատ հանգիստ է տանում իր ընկերներին փակելը կամ բանակում եզակի հեղինակություն ունեցող գնդապետ Բուդաղյանին կեղծ մեղադրանք առաջադրելը: Հիմա էլ ուզում են բանակ զորակոչել Վոլոդյա Ավետիսյանի հիվանդ որդուն, որ փակված հերոսին խոցեն խորապես:

Առաջարկներ են հնչում, որ բանակում ավելացվեն հոգեբանների հաստիքները: 

Այս իրավիճակում ի՞նչ կարող է փոխել հոգեբանը, երբ բանակում կրիմինալ մթնոլորտ է, բացակայում է վերահսկողությունը և այլն: Զուգահեռաբար կամք պիտի լինի, որ իրավիճակը փոխվի: Ռազմավարություն պետք է մշակվի և բարեփոխման գործընթացը պետք է լինի բաց և թափանցիկ: Սեյրան Օհանյանը առանց զինվոր Մհեր Խլղաթյանին այցելելու հայտարարեց, որ նա բռնության չի ենթարկվել: Հաջորդ օրը նույնը հայտարարեց նախարարի «վկաներից» մեկը՝ Մարգարիտա Խաչատրյանը: Պետք է հրաժարվել կեղծիքից: Նախարարը հանրության համար այս մտահոգիչ հարցին չպետք է մոտենա ընտրովիության՝ ում հետ է ձեռնտու աշխատել սկզբունքով:

Հաճախ կարծիքներ են հնչում, որ չի կարելի այսքան լուսաբանել զինվորական հանցագործությունները, քանի որ բանակի վարկը դրանով ընկնում է: Ի՞նչ կարծիքի եք այս հայտարարությունների վերաբերյալ: 

Այդ մեղադրանքը հնչեցնողները թող իրենց մեղադրանքների վեկտորն ուղղեն դեպի զինվորական վերնախավը, որի թողտվության հետևանքով մենք ունենում ենք զոհեր: Ընդհակառակը՝ այդ դեպքերը պետք է մեծ հնչեղություն ստանան, հանրության ու լրատվամիջոցների վերահսկողությունը շատ կարևոր է դրանք կանխելու առումով:
 
Զինվոր Արմեն Հովհաննիսյանի մասին շատ գրվեց: Ինձ հուզում է մի հարց. ինչո՞ւ զինվորը մենակ հայտնվեց ադրբեջանական 30 հոգանոց դիվերսոն խմբի դիմաց:
  
Ես ցավակցում եմ Արմենի ընտանիքին: Նա հերոս է, կատարել է այն, ինչ պիտի աներ իրական զինվորը: Համոզված եմ, որ բոլոր այն տղաները, ովքեր զոհվել են բանակում տիրող բռնի մթնոլորտի հետևանքով, պոտենցյալ հերոսներ են եղել: Այս դեպքով Պաշտպանության նախարարությունը աղմուկ- աղաղակ բարձրացրեց: Սա բանակի վերնախավի երեսը փրկելու միջոց էր, քան իրական մտահոգություն: Այս չափազանցված վիճակն ինձ հիշեցնում է մյուս բոլոր զոհերին: Երբ հարազատները Լույքս Ստեփանյանի դիակը ցանկանում էին Երևան բերել, Սեյրան Օհանյանը եկավ այդ մարդկանց ընդառաջ: Ես տեսա այդ օրը նախարարի տառապանքը: Նա առաջին անգամ էր մասնակցում շարքային զինվորի հուղարկավորության: Կուզենայի, որ Սեյրան Օհանյանը միշտ հիշեր բոլորիս համար ծանր այդ օրը:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի Առաքելյան
Եթե իսկապես օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարվի այդ քրեական գործերով, ապա ոչ միայն անօրեն դատապարտվածների մեծ մասը անմիջապես կազատվեն, այլև կծագի այդ հանցագորցությունները իրագործած շարքային քննիչից մինչ նրանց կոծկումների մասին հրաման իջեցրած ամենաբարձր պաշտոնյային, ցմահ բանտարկվածների բանտախցում մեկուսացնելու անհրաժեշտությունը: Որքան էլ այդ բանից խուսափելու նպատակով կեղծիքները ավելի մեծ հանցավոր կեղծիքներով ծածկեն միևնույնն է,` չի կարող Խունտայի իշխանությունը հավերժ գոյատևել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter