HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր հայց «Նաիրիտի» դեմ. իրանական ընկերությունը պահանջում է սնանկ ճանաչել գործարանը

Անցյալ տարվա նոյեմբերին Իրանի Իսլամական Հանրապետությունում գրանցված SandbadTir INTL Transport Co.LTD ընկերությունը դատի է տվել «Նաիրիտ գործարան»-ին: Ընկերությունը պահանջում է սնանկ ճանաչել գործարանը:  

Շենգավիթի դատարնում, նախագահությամբ դատավոր Արա Կուբանյանի, այսօր ընթացավ ընդդեմ «Նաիրիտ» գործով նախնական դատական նիստը: Սակայն այն կարճ տևեց:  

Իրանական ընկերության շահերը դատարանում ներկայացնող Վրեժ Խաչիկյանը նիստին չէր ներկայացել: Փոխարենը նա դատարանին գրավոր միջնորդություն էր ուղարկել` խնդրելով հետաձգել դատական նիստը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ չեն հասցրել ձեռք բերել անցյալ նիստին գործարանի ներկայացուցչի պահանջած` իրանական ընկերության գործունեություն ծավալելու վերաբերյալ փաստաթղթերը, քանի որ դրանք պետք է ուղարկվեն Իրանի Իսլամական Հանրապետությունից: Վրեժ Խաչիկյանը հիմնավորել է, որ անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ և խնդրել է նիստը մեկ ամիս ժամկետով հետաձգել` պատշաճ կերպով բոլոր փաստաթղթերը ներկայացնելու համար:

«Նաիրիտի» ներկայացուցիչ Նելլի Թովմասյանը նշեց, որ նշված փաստաթղթերը հնարավոր էլ չի ստանալ, քանի որ, իրենց կարծիքով, այդ ընկերությունը գոյություն չունի: Այնուամենայնիվ, նա  չառարկեց նիստը մեկամսյա ժամկետով հետաձգելու միջնորդությանը` կողմի դատավարական իրավունքը պահպանելու նպատակով:

Դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել և հնարավորություն տալ կողմին ներկայացնել այդ փաստաթղթերը: Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 10-ը՝ ժամը 11:00-ն:

«Հետքը» փորձեց գործի մասին մանրամասներ ճշտել «Նաիրիտի» ներկայացուցչից, սակայն վերջինս խուսափեց մանրամասներ պատմելուց` նշելով, որ առկա պարտավորությունը վիճելի պարտավորություն է. «Մենք կասկածի տակ դնում ենք այն պատճառով, որ նրանք առայժմ փաստաթուղթ չեն ներկայացրել»,- ասաց ներկայացուցիչը:

Այնուամենայնիվ, Նելլի Թովմասյանը չժխտեց, որ «Նաիրիտը» պարտավորություն ունեցել է SandbadTir INTL Transport Co.LTD ընկերության նկատմամբ: Ներկայացուցիչն ասում է, որ այդ պարտավորությունը շատ վաղուց էր` 2006-2007թթ.-ին, և իրանական ընկերության հետ համագործակցել են մինչև 2008-2009թթ.: Համագործակցությունը եղել է ապրանքի առք ու վաճառքի տեքով:

«Կներեք, ձեր հարցերին պատասխանելու լիազորություն ես այս պահին չունեմ»,-մյուս հարցերին այսպես պատասխանեց «Նաիրիտ գործարան»-ի ներկայացուցիչը:

Հիմա մի զուգադիպության մասին. SandbadTir INTL Transport Co.LTD ընկերության հասցե նշված է Իրանի Հանրապետություն, Թաբրիզ, Ազատի փողոցը: Այս նույն հասցեում (որն, ի դեպ, շատ տարօրինակ ու անորոշ է, քանի որ չունի ոչ հստակ շենքի, ոչ էլ բնակարանի հասցե) էր գրանցված «Նաիրիտի» դեմ հայց ներկայացնող մեկ այլ ընկերության` «Նումարդ թրեյդինգ» ՍՊԸ-ի իրավանախորդը` Esmaeil Motavalli Soufiani Traiding-ը: Հիշեցնենք` «Նումարդ թրեյդինգ»-ը դիմել էր դատարան` գործարանից շուրջ շուրջ 5 մլրդ դրամ գումար բռնագանձելու պահանջով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter