HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ համայնքապետը սեփական խանութից տուրք չի գանձում

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի՝ նախօրեին Ալավերդիում հրավիրած 2014թ.-ի աշխատանքային արտագնա առաջին խորհրդակցությանը մասնակցում էին Թումանյանի տարածաշրջանի 30 համայնքների ղեկավարները: Քննարկման օրակարգային առաջին խնդիրն առնչվում էր   տարծաշրջանի համայնքներում բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման 2013թ.-ի ցուցանիշներին: Մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման  վարչության պետ Սեւակ Հովհաննիսյանը հայտնեց, որ 2013թ.-ին սեփական հարկային եկամուտների ցածր հավաքագրում են  կատարել Ալավերդի, Ախթալա, Շամլուղ, Աթան, Ահնիձոր, Արեւածագ, Լորուտ, Ծաթեր, Կաճաճկուտ, Նեղոց, Շամուտ եւ Քարկոփ համայնքները: Սեփական հարկային եկամուտների անհամեմատ բարձր ցուցանիշներ են ապահովել Արդվի, Աքորի, Թեղուտ, Ծաղկաշատ, Կարմիր Աղեկի, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Քարինջ համայնքները:

Ըստ Սեւակ Հովհաննիսյանի՝  տարածաշրջանի  ընդամենը 3-4 համայնքեր են  սեփական հարկային եկամուտների բոլոր ցուցանիշներն ապահովել, մնացածներն այս կամ ցուցանիշով թերացել են: Արթուր Նալբանդյանն էլ    փաստեց, որ բոլոր հարկատեսակներով, բացի հողի հարկն ու գույքահարկը, Լոռու մարզպետարանը հատել է սեփական եկամուտների հավաքագրման 90%-ը: Հողի հարկը հավաքագրվել է 89,5%-ով, իսկ գույքահարկը` 98,5%-ով: «Թվում էր, թե գույքահարկի 98,5%-ը մեզ համար բարձր ցուցանիշ է, արդեն ոգեւորվել էինք ինչ որ չափով, մեկ էլ տեսանք, հանրապետությունում էլի վերջին տեղում ենք»,- ասաց Լոռու մարզպետը: Վերջինս համոզված էր, որ  Թումանյանի տարածաշրջանի համայնքներում սեփական եկամուտների նորմալ հավաքագրման դեպքում մարզը իր ցուցանիշներով կմոտենար  գրեթե 100 տոկոսին: «Ինչո՞ւ պետք է Թումանյանի տարածաշրջանի համայնքների պատճառով մեր մարզի ընդհանուր ցուցանիշներն իջներ: Հողի հարկով չենք կարողանում 90%-ն անցնել»,- համայնքապետերին նախատեց Ա. Նալբանդյանը:

Վերջինս հանձնարարեց նրանց հենց տարվա սկզբից, հատկապես հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքի, պետական տուրքի եւ հողի վարձակալության հավաքագրման գործում ցուցաբերել հետեւողականություն:  ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Լոռու մարզ կատարած իր վերջին այցի շրջանակներում նույնպես հանձնարարել է  մարզպետարանին  հասնել համայնքների սեփական հարկային եկամուտների 100 տոկոս հավաքագրման: Ա. Նալբանդյանը համայնքապետերին խորհուրդ տվեց բյուջեում սեփական հարկային եկամուտներ պլանավորել իրենց հնարավորություններին համապատասխան: «Մեկը զոռով Ձեր ձեռքը չի բռնում ու ասում՝ եկամո՛ւտդ ավելացրու: Ինչքան եկամուտի փաստացի հնարավորություն ունեք, դա նախատեսեք: Եվ տարվա վերջին մենք խնդիրներ չենք ունենա»,- ասաց նա:

Մարզի 17 համայնքներում բյուջեի սեփական եկամուտներում տեղական  տուրքեր չեն նախատեսվել: «Դուք հավատում եք, որ  այդ 17 համայնքներում գոնե մի փոքր առեւտրի կրպակ չկա: Համայնք ունենք, որտեղ բյուջեով նախատեսվել է 40 հազար դրամ տեղական տուրք, հավաքվել է 5 հազար դրամը: Ենթադրում եմ , որ այդ համայնքապետը չի գանձել հենց իր սեփական խանութի տուրքը»,- ասաց մարզպետը: Պարզվեց, որ Թումանյանի տարածաշրջանում  բյուջեով տեղական տուրքեր չեն սահմանվել Շամուտի, Ջիլիզայի եւ Չկալովի համայնքներում: Այս տարվա հունիսի 1-ից նախատեսվում է նվազագույն աշխատավարձը  45 հազար դրամից դարձնել 50 հազար: «Քանի որ արդեն պետական դոտացիաներն ավելացվել են, պետբյուջեից մինիմում աշխատավարձի բարձրացման հետ կապված այլ ակնկալիքներ պետք է չունենաք»,- համայնքապետերին զգուշացրեց մարզպետը: 

Անդրադառնալով օրակարգային 2-րդ՝ գարնանացանի  նախապատրաստական աշխատանքներին եւ դրա հետ կապված խնդիրներին, մարզպետը նշեց, որ 2014թ.-ին համայնքներին պետական աջակցությունը լինելու է շարունակական: Ասաց, որ գյուղնախարարության հետ արդեն քննարկվել է գյուղական համայնքերին ազոտական պարարտանյութերով ապահովելու խնդիրը: Գյուղնախարարությունն առաջարկել է նաեւ ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութեր: Մեկ պարկը պարունակում է 50 կգ պարարտանյութ,  պետությունը դա գյուղացուն առաջարկում է 7 հազար դրամով: Մարզպետը գյուղնախարարությանը խնդրել է պարարտանյութն ուղարկելուց հետո անպայման գյուղացիներին օգնել մեթոդական եւ խորհրդատվական ցուցումներով:  

Շնողի համայնքապետ Հովիկ Սահակյանը մարզպետին դժգոհեց, որ  ազոտական պարարտանյութը հողի եւ բույսի համար արդյունավետ է գարնանը, մինչդեռ այն գյուղացիներին առաջարկվում է աշնանը: «Գարնանը տրվող կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութն էլ անհրաժեշտ է հողին տալ աշնանը` ցրտահերկի ժամանակ»,- ասաց համայնքապետը: Համայնքապետերը դժգոհեցին, որ գյուղական համայնքներում մեծ պահանջարկ ունեցող գյուղատնտեսի եւ անասնաբույժի հաստիքներ չունեն: Նշեցին, որ գյուղնախարարության հաստիքացուցակներով գյուղերում աշխատող անասնաբույժներից շատերն աշխատում են միայն պետպատվերի  շրջանակներում եւ զլանում են կատարել գյուղացիների անասունների  բուժումը:   Արթուր Նալբանդյանը խոստացավ ճիշտ հիմնավորման դեպքում տարածքային կառավարման նախարարության միջոցով լուծել գյուղական համայնքներում գյուղատնտեսի հաստիքի խնդիրը: Խոստացավ նաեւ եկող շաբաթվա ընթացքում մարզպետարանում հրավիրել մարզի անասնաբույժների  եւ համայնքապետերի ընդլայնված խորհրդակցություն` խնդիրը մանրամասն քննարկելու համար: Ա. Նալբանդյանը  համայնքապետերին հանձնարարեց պահանջված ժամկետում  մարզպետարան ներկայացնել պարարտանյութերի, վառելիքի եւ սերմացուների հայտերը եւ դրանց   գումարները: Այլ  պարագայում, մարզպետը  չերաշխավորեց  դրանց  ժամանակին մատակարարումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter