HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինվորներին՝ պատժել, հրամանատարներին՝ խնայել

Դատարանների կենտրոնական արխիվում ուսումնասիրելով պատժի առավելագույն չափի դատապարտված զինվորների գործեր` տեսնում եմ, որ բանակում տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրվում են շարքայինները, իսկ հրամանատարական կազմը շատ հաճախ պատասխանատվության է ենթարկվում` 1-2 տարվա պայմանական պատիժներով: Բանակում պետական պատասխանատվության թույլ լինելու մասին տարիներ շարունակ բարձրաձայնում են տեղական ու միջազգային հասարակական տարբեր կառույցներ, սակայն զինադադարից հետո զորամասերում բռնությունների, մահվան դեպքերը չեն նվազում: Տարբեր տվյալների համաձայն, 1994 թ.-ից մինչ օրս հայկական զորամասերում գրանցվել է շուրջ 1500 մահվան դեպք:

Արխիվում ծանոթացա նախկին շարքային, 18 տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի երեքհատորյա քրեական գործին: Այս անգամ հնարավոր դատական սխալի մասին չէ, որ ցանկանում եմ բարձրաձայնել, այլ թե ինչպես է զորամասի հրամանատարության թողտվությամբ հենակետում կատարվել առանց վերահսկողության մնացած երեք զինվորի սպանություն:

Շարքային Աշոտ Մանուկյանը, ով կատարված հանցանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, դատապարտվել է մահապատժի` գնդակահարության ձևով (մահապատժի դատավճիռները 1991 թ.-ից չէին իրագործվում. մորատորիում էր հայտարարված, 2003 թ.-ին մահապատիժը հանրապետության նախագահի հրամանագրով փոխարինվեց ցմահ ազատազրկման), իսկ «Պեմզաշեն» տեղամասի վերահսկողության համար պատասխանատու վերադասները՝ 1-2 տարվա պայմանական պատիժներով: Աշոտ Մանուկյանը 18 տարի բանտում է: Դատապարտվել է 20 տարեկանում: Թե նախաքննության, թե դատավարության ժամանակ ցուցմունքներ է տվել, որ ինքն է կրակել երեք զինվորների վրա, իսկ պատճառը եղել է պարտքի շուրջ եղած վեճը: 

Դեպքը տեղի է ունեցել 18 տարի առաջ՝ զինադադարի առաջին տարիներին, 1996 թ.-ի փետրվարի 23-ին Տուֆաշեն գյուղի մոտ տեղակայված զորամասի «Պեմզաշեն» տեղամասում: Դեպքից մեկ օր անց միայն հենակետում հայտնաբերվել են շարքայիններ Վլադիկ Օսիպյանի, եղբայրներ Սամվել ու Սերգեյ Վարդանյանների դիակները: Դեպքի վայրից կորել էին նաև երեք զինվորներին ամրակցած ԱԿՄ տեսակի ավտոմատները: Պահակակետում ծառայություն է անցկացրել 4 զինվոր, սակայն այդ օրը նրանցից մեկը` Գևորգ Խալաթյանը, հենակետում չի եղել, ինքնակամ լքել է պահակակետը: Իսկ դատավարության սկսվելուն պես նա մեկնել է Լեհաստան, թեպետ եղել է առանցքային վկաներից մեկը:  Փաստորեն, պահակակետում մնացած երեք զինվորները մնացել են մենակ` առանց հրամանատարկան կազմի` սպաների ու ենթասպաների հսկողության:

Աշոտը հայտնաբերվել է փետրվարի 26-ին հորաքրոջ տանից, ինքնակամ ցույց է տվել շենքի մուտքում` 4-րդ ու 5-րդ հարկերի մեջտեղում, խորդանոցի մոտ պահված երեք զենքերը: Աշոտը Տուֆաշեն գյուղի զորամասում ծառայող նախկին զինվոր է եղել, այդ զորամասից տեղափոխվել է նախ Ղարաբաղ, ապա Կարմիր` ծառայությունը շարունակելու: Սակայն նախկին ծառայակիցներից Վլադիկը նրան պարտք է եղել 7000 դրամի չափով, որն էլ չի կարողացել վճարել: Այդ օրը, ըստ Աշոտ Մանուկյանի ցուցմունքի, ինքն ինքնակամ լքել է Կարմիրում գտնվող իր զորամասը ու եկել նախկին զորամաս, բարձրացել «Պեմզաշեն» պահակակետ իր պարտքի հետևից: Պարտքի պատճառով վեճ է եղել իր ու Վլադիկի միջև: «Պահակակետի երեք զինվորները հարձակվեցին ինձ վրա»,- իր ցուցմունքում նշել է Աշոտ Մանուկյանը: Այդ պահին Աշոտը վերցրել է կացարանում դրված զենքերից մեկն ու կրակ բացել:

Հարց. ինչպե՞ս է այլ զորամասի զինծառայողը ինքնակամ լքել իր զորամասը, եկել հասել նախկին զորամաս, բարձրացել պահակակետ, անգամ մեկ գիշեր մնացել այնտեղ: Վկաներից մի քանիսը իրենց ցուցմունքներում նշում են. «Սպաներն ու ենթասպաները օրերով, ամիսներով չէին բարձրանում հենակետեր, մենք ուտում էինք հաց ու սոխ, մենակ ներքև էինք իջնում հաց ստանալու»:

Հարց. ո՞ւմ վրա է դրված եղել «Պեմզաշեն» տեղամասի պահպանության պատասխանատվությունը: Պատասխանատուն, ըստ հրամանի, ավագ լեյտենանտ Վասիլ Հովսեփյանն է եղել, իսկ հսկողությունը դրված է եղել գնդապետ, զորամասի շտաբի պետ Վալերի Գրիգորյանի վրա: Տեղանքում ստուգումեր պիտի իրականացնեին սպաներ Կարեն Կարախանյանն ու Գրիշա Ալեքսանյանը: Նշված չորս անձինք անգամ չեն կալանավորվել, երբ նրանց մեղադրանք է առաջադրվել իրենց պարտականություններում դրսևորած անփութության համար: Նրանցից մեկի նկատմամբ կիրառվել է հրամանատարության հսկողության հանձնում, իսկ երեքի նկատմամբ` ստորագրություն հանրապետությունից չբացակայելու մասին խափանման միջոցները: Դատավճռով երկու երիտասարդ սպաները դատապարտվել են 2 տարվա ազատազրկման, սակայն հաշվի առնելով նրանց երիտասարդ տարիքը` դատարանը վճռել է դատավճռի կատարումը հետաձգել մեկ տարով, իսկ Կարախանյանն ու Հովսեփյանը` 1-ական տարվա ազատազրկման:

Ի դեպ, այս գործով ևս դատավճռի վերջում նշված է. «Իրեղեն ապացույցները ոչնչացնել» արտահայտությունը, ինչը քրեական գործի վերաբացման հիմքերն է վերացնում: Նաև առկա է 1990-ականների դատավճիռներին բնորոշ «Հանուն Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության» կիսաջնջված ձևակերպումը:

Պարզից էլ պարզ է, որ այս հանցագործությունը հնարավոր չէր լինի, եթե հենակետում լիներ պատշաճ հրամանատարական վերահսկողություն, եթե զորամասի պատասխանատուները ամենայն պատասխանատվությամբ մոտենային իրենց վստահված զինվորների կյանքերին:   

Մեկնաբանություններ (5)

Վեհարի Առաքելյան
Ինտերնետում գտեք, կարդացեք Հակոբ Սանասարյանի` ,,Համակարգված դավադրություն,, -ը, կարդացեք` ,,ԻՆՉՊԵՍ ՓԼՈՒԶԵԼ ԵՐԿԻՐԸ ՆԵՐՍԻՑ Գնդապետ Դանի նոթերը,,` http://www.louysworld.com/archives/25130, Դիտեք` ,,Ճշմարտություն ցեղասպանության մասին,,` http://www.louysworld.com/
Զարուհի
Հարգելի Ջոն, Ձեր նշված հղումով ոչինչ չեմ կարողանում նայել, չի բացվում նյութը: Իսկ այն, ինչ գրում եք, հավանական է, ոչինչ հնարավոր չէ բացառել, քանի որ շատ տեսություններ կան, թե ովքեր են իրականում կառավարում աշխարհը:
Զարուհի
Հարգելի Վեհարի, այո՛, դրանք կարդացել եմ, նաև Հակոբ Սանասարյանի :
Վեհարի Առաքելյան
Հարգելի Զարուհի, 1. John-ի հղումով ներբեռնվում է ,,СИОНСКИЕ ПРОТОКОЛЫ,, փաստաթուղթը: Այն ամենայն հավանականությամբ արդեն Ձեր համակարգչի ներբեռնումների թղթապանակումն է:
John
հետաքրքիր փաստաթուղթ http://john2001.pixub.com/?type=2 Կարդացեք այս շատ հետաքրքիր փաստաթուղթ, որը փաստորեն բացահայտում է թե ում հրամանին են իրականում ենթարկվում բոլոր տեսակի սեռժիկները, ռոբեռտները, լևոնները, պուտինները, մեդվեդևները և մնացած քաղաքական գործիչները: Ներկայացված է բանակի, ոստիկանության, ազգային անվտանգության և մնացաց ուժային կառույցների ծախված ղեկավարների դերը, և դրանից հետևող այն փաստը որ ուժային կառույցների նպատակը ոչ թե ազգի անվտանգությունն է, այլ ընդհակառակը` այդ կառույցների ամենամեծ վտանգնեն ներկայացնում տվյալ ազգին: Փաստաթուղթը ուսամնասիրելուց հետո շատ անբացատրելի թցվացող փաստեր ստանում են իրենց տրամաբանական պատասխանները. Օրինակ Բացահայտվում է թե ինչու երբ 1988 թվականին հայաստանին արհեստականորեն գցեցի անելանելի վիճակում (պատերազմ, սով, բլոկադա, արտաքին ճնշումներ(այն ժամանակ անբացատրելի և տարորինակ թվացող) և այլն), ու երբ հայ քաջորդիները արյան գնով կռվում էին թշնամու դեմ, հենց թիկունքում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում էին կազմվում հայ ազատամարտիկների դիվադրաբար ոչնչացման պլանները... ոչ թե թշնամու երկրի պաշտպանության նախարարությունում, այլ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում... Ովքեր էին այդ հակա-հայկական տարրերը պաշտպանության նախարարության որոնք դավադրաբար մեջքից եին գործում և ում էին ենթարկվում.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter