HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ընդդիմությունը լայնածավալ հարձակվում է, Յանուկովիչը զիջումների է գնում

Երեկ Ուկրաինայում բավականին ծանր ու հանգուցային օր էր: Հակակառավարական ցույցերը հասել էին անգամ իշխանական Ռեգիոնների կուսակցության հենարանը համարվող Դոնեցկ ու Ղրիմ: Մի շարք շրջաններ, փաստացի, այլևս Կիևից անկախ են: Նախագահ Յանուկովիչը էական նահանջների գնաց` ընդդիմությանն առաջարկելով վարչապետի պաշտոնը: 

Շրջաններում

 Ընդդիմադիրները շարունակում են շրջ. պետ. ադմինիստրացիաների (областьная державная 
администрация) գրոհները` դրանով զրկելով պաշտոնական Կիևին այդ շրջաններում գործադիր իշխանություն իրականացնելու հնարավորությունից: Այսպիսով, եթե նախորդ օրը ընդդիմությունը գրավել և պահում էր թվով 26-ից միայն 6 շրջանների ադմինիստրացիաները, ապա երեկ այդ թիվը հասավ 13-ի: Սակայն ավելի ուշ ոստիկանության «Բեռկուտ»-ը կարողացավ գրոհով ետ վերցնել Զակարպատսկի, Չերնիգովսկի և Ժիտոմորսկի շրանների պետ. ադմինիստրացիաների շենքերը: Օրվա ավարտին 26 շրջաններից 10-ի ադմինիստրացիաները մնացին գրավված ընդդիմության կողմից: 
Արևելյան շրջաններում ակտիվ ցույցեր էին անում տարբեր ակումբների ֆուտբոլային ֆանատները և Ավտոմայդանի ակտիվիստները: Վերջիններիս անգամ հաջողվեց Յանուկովիչի ծննդավայր Դոնեցկում փողոցներ փակել:
Կիևում 
Ի հեճուկս հրադադարի մասին պայմանավորվածության և -18 աստիճան ցրտի, բախումները նաև շարունակվում էին Կիևում: Ընդդիմությունը ամրապնդեց իր դիրքերը արյունալի բախումների վայր Գրուշեվսկու փողոցում: Նաև կառուցվեցին բարիկադներ Բանկովի փողոցի վրա` նախագահի նստավայրից 150-200 մետրի վրա:
Կեսգիշերից հետո «Բերկուտ»-ի հետ հրադադարի պայմանավորվածությունը կրկին խախտվեց: 
Ընդդիմությունը պաշարեց (և ապա սկսեց գրոհել) «Ուկրաինայի տուն» միջազգային կոնֆերանս կենտրոնի շենքում գտնվող ոստիկաններին: Շուրջ 3 ժամ դիմադրություն ցույց տալուց հետո թվով մոտ 200 ոստիկանները հանձնվեցին և նահանջեցին:

Իշխանության նահանջը
Իրավիճակի` հսկողության տակից դուրս գալը ստիպեց նախագահ Վիկտոր Յանուկովիչին գնալ էական նահանջի: Ընդդիմության առաջնորդների հետ հանդիպմանը ցույցերը դադարեցնելու դիմաց նա առաջարկեց վարչապետի պաշտոնը տալ ընդդիմադիր «Բատկեվշինայի» ղեկավար Արսենի Յացենյուկին, իսկ փոխվարչապետի պաշտոնը` Վիտալի Կլիչկոյին: Յանուկովիչը նաև խոստացավ չեղյալ հայտարարել «բռնապետական» օրենքները և համաներում շնորհել բոլոր ձերբակալվածներին: Սակայն գիշերը՝ խորհդակցությունից հետո, ընդդիմության առաջնորդները հայտարարեցին, որ չեն նահանջելու, չեն ընդունելու նախագահի առաջարկը և վերահաստատեցին արտահերթ նախագահական ընտրությունների և սահմանադրական փոփոխությունների իրենց պահանջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter