HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Լեզվի լեգիտիմության աղբյուրները

Չնայած հասարակության կենսամակարդակի անկման անշեղ ընթացքին (կամ գուցե հենց այդ պատճառով), Հայաստանում վերջին տարիներին սպառողական մշակույթը նոր տարածքներ ու դիրքեր է նվաճում. սուպերմարկետային ակցիաներից ու խաղարկություններից մինչեւ միջազգային բրենդների մուտքը տեղական համատեքստ:

Աշխատատեղերի եւ մասնագիտական հեռանկարի բացակայության պայմաններում նկատվում է մարդկային հոսք դեպի տարատեսակ մրցույթներ (հիմնականում հեռուստատեսային). երգիչների, պարողների, ֆոտոմոդելների եւ այլն: Գուցե երիտասարդներն այստեղ տեսնում են աշխատանք եւ համբավ ձեռք բերելու իրական հնարավորություն: Միեւնույն ժամանակ ի հայտ է եկել նոր «մշակութային միջնորդների» մի բազմամարդ խումբ, որոնք կարող են մեկնաբանել, գնահատել եւ խորհուրդներ տալ՝ ինչպես երգել (պարել, քայլել), ինչպես ճիշտ հագնվել, խնամել մարմինը եւ այլն: Շատ են ճաշակի եւ ոճի մասին հեռուստատեսային քննարկումները, որտեղ ենթադրյալ «հեղինակությունները» պարզաբանում են, թե ինչ է լավ ճաշակը, ինչպես կարելի է լինել նորաձեւ, ունենալ ոճ կամ «լինել ոճի մեջ»: Նրանց օգնությամբ (եւ վերահսկողությամբ), թվում է, կարելի է մուտք գործել սպառողական մշակույթի առայժմ ազատ կամ սակավամարդ տարածություններ կամ առնվազն լինել բանիմաց սպառող: Այս իմաստով՝ ուսուցողական են նաեւ որոշ շոուներ եւ սերիալներ, որոնց մեջ երեխաներն ու պատանիները գտնում են օրինակելի կենսաոճեր:

Այս ընթացքը հանգեցնում է նոր ապրանքների եւ համապատասխան ճաշակների  արտադրության: Ուրվագծվում է սոցիալական նոր խավ: Առաջնորդվելով ֆրանսիացի սոցիոլոգ Պիեռ Բուրդյոյի՝ ճաշակի վերլուծության հիման վրա արած եզրակացություններով՝ կարելի է պնդել, որ Հայաստանում սպառողական մշակույթի ոլորտում տեղի է ունենում սոցիալական նոր անհավասարությունների ձեւավորում եւ կայունացում (ասենք, վերոհիշյալ «մշակութային միջնորդների» եւ նորեկների միջեւ): Ընդ որում՝ մարդկանց այս խումբը աչքի է ընկնում սոցիալական հարմարվողականությամբ եւ ստատուս-քվոն պահպանելու ընդգծված հակումով: Նրանք, ըստ Բուրդյոյի, տիրապետող գաղափարաբանության կոլեկտիվ կրողներն են եւ կոչված են բնակչության մեջ տարածելու սեփական արժեքները սպառողական մշակույթի տեսքով, այդ մշակույթի ծնած ապրանքներով, ճաշակներով ու նախապատվություններով հանդերձ: Խորհրդային շրջանից ժառանգված մշակութային կապիտալի նշանակալի (եթե ոչ՝ ամբողջական) արժեզրկման պայմաններում ձեւավորվում են մշակութային կապիտալի նոր, Հայաստանի ներկա վիճակում լեգիտիմ ձեւեր:

Սպառողական մշակույթի մեջ առաջ է գալիս նաեւ համապատասխան լեզվական շերտ, «արտահայտչական ոճեր» (որոշակի բառապաշար, առոգանություն եւ այլն), որոնք ունեն տարբերակիչ նշանակություն որոշակի սոցիալական խմբի պատկանելու իմաստով:

Մի քանի անգամ անդրադարձել եմ գրական հայերենի եւ ժարգոնային լեզվի փոխհարաբերության եւ լեզվի մեջ կատարվող փոփոխությունների հարցին (տես, օրինակ, «Հարմարվողականության լեզուն» հոդվածը): Բայց կա փոփոխությունների մի ուրիշ, թերեւս պակաս ակնհայտ կամ անտեսված շերտ: Խորհրդային շրջանում ռուսերենի իմացությունը, իսկ ավելի հաճախ հենց ռուսական կրթությունը շատ ասպարեզներում հաջողության գրավական էր եւ խորհրդանշանային (սիմվոլիկ) իշխանության կարեւոր մաս: Առօրյա կյանքում այս բանը հաճախ արտահայտվում էր ոչ այնքայն ռուսախոսությամբ, որքան հայերենը եւ ռուսերենը շարունակ խառնելու, մի նախադասության մեջ մի քանի անգամ լեզվից լեզու անցնելու վարպետությամբ:  Այսօր դժվար է գնահատել արեւելահայերենի վրա ռուսերեն լեզվի թողած ազդեցության իրական չափը հայոց ռուսական կողմնորոշման գրեթե երկու դարի ընթացքում: Թեեւ ավելի ճիշտ կլինի խոսել ընդհանուր մշակութային ազդեցության մասին:

Ռուսերեն բառերի մի մեծ խումբ կա, եթե բավարարվենք միայն բառերով (պրիվետ, պակա, վաբշե, մարշրուտկա, աստանովկա, մոստ, մարոժնի եւ այլն), որ լայնորեն օգտագործվում է խոսակցական հայերենում: Գուցե այս փաստը կարելի է բացատրել պարզ սովորության ուժով: Դժվար է նույն կերպ բացատրել Հայաստանում ռուսական դիմելաձեւի (Այսինչ Այսինչովիչ), որ շատ դեպքերում թվում է պարզապես անխուսափելի, լայն տարածումը: Թերեւս, ռուսերենի իմացությունը հիմա անհրաժեշտ չէ վերնախավին պատկանելու համար, բայց ակնհայտ է, որ ռուսական դիմելաձեւը Հայաստանում շարունակում է լինել հարգանքի եւ սոցիալական որոշակի կարգավիճակի ճանաչման եւ արտահայտման անփոխարինելի միջոց: Ուրեմն, կարելի՞ է ասել, որ ռուսական չհաղթահարված, ավելի ճիշտ՝ երբեք չվիճարկված, տիրապետությունը մնում է կարեւոր գործոն սոցիալական աստիճանակարգի (հիերարխիայի) հավաստիության համար:

Հաջորդը ռուսերենից հայերեն մտած բառերի ռուսերենի նմանությամբ արտաբերելու սովորությունն է. պոլիծեխնիկ, պրակծիկա, ֆակուլծետ, մեձիա, ռաձիո, ձիպլոմ, ակաձեմիա («տ»-ի փոխարեն՝ «ծ» եւ «դ»-ի փոխարեն՝ «ձ»): Ավելին, այս սկզբունքը հետեւողականորեն կիրառվում է նաեւ մեծ թվով հայերեն բառերի նկատմամբ, այսինքն` ոչ միայն սանծիմետր եւ պոլիծիկա, այլեւ ճարահածյալ, ածյան, պածյան, մածյան, առավոծյան, արեւմծյան, Արարածյան եւ այլն, ոչ միայն Վլաձիկ, Էձիկ կամ Արծյոմ, այլեւ Ծիգրան, Բագրածյան, Բրուծյան, Գալսծյան, Լենինգրաձյան եւ, այո, Բայաձյան: Այսինքն, այս սկզբունքն այլեւս գործում է ինքնուրույն՝ տարածվելով հայերեն բառերի վրա, որոնք փոխառություններ չեն ռուսերենից:

Այս լեզվական շեղումը, որը ժամանակին հարանշանակել է խոսողի պատկանելությունը ռուսականությամբ սահմանվող հայկական էլիտային (կամ ի ցույց դրել նրա՝ էլիտային նմանվելու ցանկությունը), այժմ դարձել է մեծամասնության խոսակցական լեզվի կարեւոր մաս: Ըստ Բուրդյոյի՝ հանուն տարբերության կատարվող լեզվական եւ այլ շեղումները վերնախավին թույլ են տալիս տարբերվել մեծամասնությունից: Բայց, դուրս գալով վերնախավի շրջանակից եւ տարածվելով հասարակության մեջ, այս շեղումը, լեզվական այս օգտագործումը այլեւս չի նշանակում տարբերությունը, այլ ցանկությունը՝ «լինելու ինչպես բոլորը»: Կարծում եմ, որ այս մեխանիզմը բացատրում է նաեւ խոսակցական հայերենի մեջ կատարված այս փոփոխությունները:

Ինչպես պարզաբանում է Բուրդյոն՝ լեզվի սոցիալական կիրարկումները կամ օգտագործումները օժտված են սոցիալական արժեքով այն իմաստով, որ ձգտում են կազմակերպվել տարբերությունների համակարգերի մեջ, որոնք (տարբերակային շեղումների խորհրդանշային մակարդակում) վերարտադրում են սոցիալական տարբերությունների համակարգը: (Կարճ ասած՝ լեզվական տարբերությունները արտացոլում են սոցիալական տարբերությունները:) Խոսել նշանակում է յուրացնել արդեն ձեւավորված արտահայտչական ոճերից մեկը, որը որոշակի դիրք է զբաղեցնում ոճերի աստիճանակարգում, ընդ որում՝ վերջինիս կառուցվածքն արտացոլում է համապատասխան սոցիալական խմբերի աստիճանակարգը: Այսինքն` խոսողը, համապատասխան իր ընտրած ոճի, գործնականում իրեն տեսնում է սոցիալական աստիճանակարգի որոշակի աստիճանի վրա:

Բանավոր խոսքի մեջ մի քանի այլ նմանատիպ շեղումներ էլ կան: Կարելի է առանձնացնել բառերի մի փոքր խումբ, որտեղ «ց»-ն բռնում է «դ»-ի տեղը. արցյունք, արցյոք, բրցյա: Այլեւս օրինաչափություն է «թ»-ի փոխարինումը «ց»-ով -ություն (-ության, -ությամբ) վերջավորության մեջ. հաջողուցյուն, առողջուցյուն, հանրապետուցյուն, արագուցյուն եւ այլն: Ասենք, հեռուստացույց դիտելիս շատ փոքր է հավանականությունը՝ տեսնելու մարդու, որը նման դեպքերում արտաբերում է «թ», այլ ոչ թե «ց»: Այսպես խոսում են գրեթե բոլորը՝ լրագրողն ու հեռուստահաղորդավարը, բանաստեղծն ու գրականագետը, բոլոր նրանք, ում ընդունված է անվանել մտավորական, ուստի անիմաստ է թվում այս կիրարկման՝ որպես շեղման եւ այս տեղում «թ» հնչյունի իրավունքի վերականգնման մասին խոսելը:

Այս շեղման (դ-ց եւ թ-ց) ռուսական ծագումը նախորդների (տ-ծ եւ դ-ձ) նման ակնհայտ չէ, եւ ես չեմ փորձի դա հիմնավորել, թեեւ համոզված եմ, որ արտաբերության այս ձեւը նույնպես առաջ է եկել ռուսախոսության եւ հայերենի նկատմամբ ռուսերենի ենթադրյալ գերազանցության պայմաններում:

Ակնհայտ է, որ այս խոսելաձեւը գալիս է դպրոցից եւ ընտանիքից (չպետք է թերագնահատել նաեւ հեռուստատեսության դերը), իսկ համալսարանում այն այլեւս նորմ է, որին պետք է վարժվեն նրանք, ովքեր ցանկանում են «լինել ինչպես բոլորը» (օրինակ՝ գյուղից Երեւան եկածները):

Հարկ է նկատել, որ Բուրդյոյի մեկնաբանության մեջ այս արտահայտչական ոճերը կազմող նշանները համարվում են պատահական: Դրանք չունեն ինքնուրույն իմաստ, բացի այն, որ կատարում են տարբերակման գործառույթը: Բայց իմ բերած օրինակներում տարբերակիչ նշանների առաջացումը որոշակիորեն պայմանավորված է խորհրդային տարիներին ռուսերեն լեզվի ունեցած արտոնյալ վիճակով եւ (հիմնականում երեւանյան) խոսակցական լեզվի վրա գործադրած խորհրդանշանային ճնշմամբ: Այսինքն, դրանք այնքան էլ պատահական չեն: Գուցե կարելի է ասել, որ Հայաստանի դեպքում պատահականությունը որոշ չափով պայմանավորված է մշակութային տիրապետվածության պատմական փաստով:

Բուրդյոն ընդգծում է, որ պաշտոնական լեզուն իր ծագմամբ եւ սոցիալական կիրարկումներով անբաժանելի է պետությունից: Ֆրանսիական հեղափոխության նվաճումների ամրապնդումը հնարավոր էր թվում միայն նոր մարդու արտադրությամբ եւ վերարտադրությամբ: Այս քաղաքական ռազմավարության մեջ էր մտնում լեգիտիմ լեզվի հարկադրական ներմուծումը: Ազգի ձեւավորումը աներեւակայելի էր առանց ստանդարտ լեզվի ձեւավորման: Հարկադրել հասարակությանը նոր, մաքրված լեզու, նշանակում է պարտադրել մաքրված, կատարելագործված մտքեր: Լեգիտիմ լեզուն մշակութային կապիտալի կարեւոր մասն էր, եւ պայքարը նոր լեզվի եւ հին խոսվածքների միջեւ պայքար էր հանուն խորհրդանշանային իշխանության, որ վերնախավը ձեռք էր բերում նոր լեզվի միջոցով:

Ետխորհրդային շրջանում Հայաստանում կատարվեց բոլորովին այլ բան: Մտավորական խավի արժեզրկումից եւ ազգայնական հռետորության կուսակցականացումից հետո պարզ դարձավ, որ գրական արեւելահայերենը չունի այդ լեզուն կրող շահագրգիռ սոցիալական խավ: Խորհրդայինն շրջանում այս լեզվի ունեցած լեգիտիմության զգալի պաշարը (թեկուզ եւ պակաս, քան ռուսերենինը) աստիճանաբար սպառվեց:

Այսօր գրական արեւելահայերենը լեզվական կապիտալ է բավական նեղ իմաստով, հատկապես՝ ինչ վերաբերում է իշխանության հարաբերություններում նրա ունեցած դերին (որպես խորհրդանշանային իշխանության մաս): Այս դեպքում, որտեղի՞ց է լեզուն ստանում իր լեգիտիմության երաշխիքը, ի՞նչ է նշանակում տիրապետող լեզվական բանիմացությունը (կոմպետենտությունը) Հայաստանում: Կարծում եմ, որ հայերեն բանավոր խոսքի լեգիտիմությունը երաշխավորող արտահայտչական ոճերը տատանվում են վերը հիշատակված երկու հիմնական բեւեռների միջեւ: Մի դեպքում լեզուն իր սոցիալական համոզչությունը ստանում է քաղաքային ժարգոնի առոգանությունից եւ շարժուձեւից (նախկինում լուսանցքային, բայց որոշակի սոցիալական հեղինակություն ունեցող «ապերոյական լեզվից»), իսկ մյուսում՝ նախկին վերնախավային նշաններից (ռուսականացված արտաբերությունից): Այս երկու բեւեռները բնավ իրարամերժ չեն, ինչպես կարող է թվալ: Դրանք հաճախ համատեղվում են, ինչպես, օրինակ, ապերոյական ոճեր բանեցնող կանանց խոսքում, որոնք հասու են նաեւ ռուսական արտաբերության սոցիալական արժեքին:

Վերջապես, պետք է ընդգծել այն փաստը, որ այս երկու բեւեռներն էլ անմիջական առնչություն ունեն Հայաստանի քաղաքական-տնտեսական իշխանության եւ առհասարակ իշխանության հարաբերությունների հետ: Այն, ինչ անվանեցի քաղաքային ժարգոն, որի առոգանությունը եւ ուղեկից շարժուձեւը այսօր էլ մնում են տիրապետության եւ լեզվական բռնության առավել ազդեցիկ միջոցները, լեզուն է մի խավի, որին Հայաստանի վերնախավը կապված է ուղղակիորեն: Ընդհանուր առմամբ, այս լեզուն հենց այդ վերնախավի լեզուն է, հաճախ՝ ոչ միայն կուլիսային: Իր հերթին, «ռուսականությունը» արտացոլում է գաղութային հարաբերությունը եւ չհաղթահարված ռուսական մշակութային գերիշխանությունը: Իսկ հայոց ռուսահպատակությունը Հայաստանի ներկա վերնախավի լեգիտիմության կարեւոր աղբյուրն է: Ուրեմն, անհիմն չի լինի եզրակացնել, որ, վերջին հաշվով, այս երկու ոճերն էլ արտացոլում են առնվազն լոյալությունը ներկա իշխանության նկատմամբ եւ հակումը՝ պահպանելու սոցիալական ստատուս-քվոն:

Մեկնաբանություններ (5)

Թլկատինցի
Միով բանիւ համաձայն եմ Պարոն Բայադյանին հետ երբ գրում է «...որ գրական արեւելահայերենը չունի այդ լեզուն կրող շահագրգիռ սոցիալական խավ:» Ես կ՛ասէի որ արեւելահայերենը բոլորովին մատնւում է պետական անուշադրութեանը՝ ամենուր: Լեզուին հետզհետէ «ռուսականացման» երեւոյթները ակնհայտ ոն թէ խօսակցան, թէ պետական մակարդակներում: Այլ ապէս ո՞նց բացատրել նման ձեւակերպումներ - «հարցը կայանում է նրանում», «ինչպէ՞ս է ձեր անունը», «հայերէն, դա մի լեզու է», «նախագահական ընտրություննր» (նախագահի ընտրության փոխարեն), եւ այլն: Կարդում ես տարատեսակ անճոռնի բառակապակցություններ ինչպես - «այն բանից հետո երբ...», «այն մարդը որը որ...», «խոսքը գնում է...», «ձեզ հետ համամիտ եմ/համակարծիք եմ», «կիսում նրանց մտահոգությունը», «միանշանակ ձեզ հետ համաձայն եմ».....Ոչ մտահոգող կա լեզվի նկատմամբ, ոչ էլ լեզուն վերահսկող որեւէ կարող մարմին: Նույնիսկ հեղինակը ինչ-որ մեղքի բաժին ունի, երբ հոտվածը սկսկում է «չնայած-ով», որy զուտ ռուսաբանություն է: Դրա փոխարեն հայերենը մի քանի այլընտրանք ունի - թեպէտ, թեեւ, թեկուզ, հանդերձ, հակառակ, եւ այլն:
Թլկատինցի
Մի այլ պարզ օրինակ լեզվի ռուսականացմանը այսօրվա Հետքի հոդվածներից մեկում.....« Մենք արդեն գրել էինք այն մասին, որ դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովի ......»: Այդ «այն մասին-ը» արդյոք ուղղակի ռուերենի շարահյուսության վերածումը չէ՞ - о том что - ին: Նման ավելորդություններ ամեն տեղ երեւում են «գրական» արդի հայերենում: Պետք է գրվեր: «Մենք արդեն գրել էինք ՈՐ.........» եւ վերջ:
Թլկատինցի
«Նրանք, ըստ Բուրդյոյի, տիրապետող գաղափարաբանության կոլեկտիվ կրողներն են ....» ԸՍՏ ԲուրդյոյիՆ: Ըստ նրաՆ, ըստ սրաՆ...եւ ոչ - ըստ նրա, ըստ սրա..... ՏՐԱԿԱՆ ՀՈԼՈՎ - տալիս եմ սրան/նրան; համաձայն դրան/սրան.....
Ալվարդ
Փարիզում Փոմփիդու կենտրոնն էի փնտրում եւ հեռվից մի քանի տասնյակ մետրի հասնող հսկայական հերթ տեսա ու ենթադրեցի որ հավանաբար ժամանակակից արվեստով հետաքրքրվող տուրիստներ են: Մոտեցա` մեծամասամբ երիտասարդներ էին... ու պարզվեց որ այդ հերթը Ազգային գրադարան մտնելու համար էր, եւ ցուցասրահի մուտքը շենքի հակառակ կողմից էր: Կարծում եմ, պետք է այստեղ ընդգծել, որ խորհրդային ասելով նաեւ հասկանում ենք համաշխարհային հումանիտար քննարկումներից ու զարգացումներից կտրվածություն, սահմանափակ տեսադաշտ, հարցադրումներ ու բաց քննարկումներ անելու մշակույթի բացակայություն եւ ինտենսիվ ընթերցանության, նյութը վերլուծելու կարողության պակաս, մտքի ծուլություն...Այս գործոններն էապես ազդել են մեր մտածելու եւ արտահայտվելու ձեւերի եւ ունակությունների վրա: Քննարկումների եւ ընթերցանության մշակույթը կարող էր որոշակի լեգիտիմություն ու արդիականություն հաղորդել գրական լեզվին: Համալսարանական կրթությունը կարող էր նպաստել սրան բայց գիտենք որ այստեղ կա ժամանակակից գրականության, մեթոդների մեծ բաց եւ հազար ու մի այլ խնդիրներ.... Այսօր ունենք նաեւ Ինթերնեթ ու սոցիալական ցանցեր, որոնք լեզվի, մտածողության նոր շերտեր, սոցիալական խմբեր են ուրվագծում: Եւ եթե չունենք ծանրակշիռ գրքեր ու մտքեր կարդալու եւ հասկանալու կարողություն/ մշակույթը, Ինտերնետի հեղեղում հեշտ է քշվել, կորչել, որ կարծեմ իմ տարբերակն է.... Շնորհակալություն պրն Բայադյանին այս կարեւոր վերլուծության համար:
Թլկատինցի
Գոնէ չի գրել «Բայց բանը ԿԱՅԱՆՈՒՄ Է նրանում»: Համամիտ եմ երբ պատճառաբանում ես որ խնդիր, մասամբ, թույլ ազգային մտածողության հետեւանք է: Սակայն, այս պակասը որտե՞ղ եւ ե՞րբ է ծագել: Հայոց լեզվին հանդեպ մեր անհարգալիր վերաբերմունքը ո՞վ պետք է շտկի: Մարդիկ, լրատվական կայքերից բռնած մինչեւ պետական կառույցներ, կարծես արհամարական մոտեցում ունեն հայերենի նկատմամբ: Գրում են ինչ ձեւով էլ որ ցանկանան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter