HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամենաահավոր» պատիժը, թերեւս, կլինի ԵՄ-ի ուշադրության պակասը Երեւանի հանդեպ»

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած հարցուպատասխանի ժամանակ Արեւելքի ու Արեւմուտքի շփումների եվրոպական կենտրոնի ասոցիացիայի անդամ Էրիկա Լերները (Չեխիա) պատասխանել է նաեւ «Հետքի» հարցերին:  

-Տիկին Լերներ, ինչպիսի՞ն են Եվրոպայի քաղաքական ակնկալիքները Կովկասից, մասնավորապես` Հայաստանից` հաշվի առնելով Մաքսային միությանը միանալու Հայաստանի հայտարարությունը:

Հայաստանի ղեկավարությունը որոշում է ընդունել` ելնելով շահերից, որոնք ինքը կարող էր ստանալ այս կամ այն դեպքում: Երեւում է, Ռուսաստանը կարողացավ Հայաստանին ավելին տալ, քան ԵՄ-ն: Մենք դա չենք կարող հաստատել, քանի որ չունենք ինֆորմացիա այն պատճառների մասին, որոնք ազդել են նախագահ Սարգսյանի որոշման վրա: Բավականին տարօրինակ է, որ նա չփորձեց բացատրել իր որոշումը ժողովրդին ուղղված ուղերձում: Կարծես, այդպիսի ուղերձ չի էլ եղել: Նաեւ նկատեցինք, որ նախագահ Սարգսյանը չի սիրում շփվել մամուլի հետ. նրա նախագահության օրոք ինֆորմացիա ունենք միայն 3-4 մամուլի ասուլիսների ու եւս մի քանի հայտարարությունների մասին, որոնք արվել են հյուրերի հետ հանդիպումների ժամանակ: Այսինքն` Հայաստանում ռադիոյով, հեռուստատեսությամբ ելույթ ունենալու կամ թերթերին հարցազրույց տալու ավանդույթ չկա: Եվրամիությունը Հայաստանից ոչինչ չի ակնկալում: Կային ակնկալիքներ, որոնք չարդարացան:

Այժմ, միգուցե, ԵՄ-ն պարզապես կցանկանա դիվանագիտորեն ցույց տալ Հայաստանի իշխանությանը, որ վերջինիս որոշումը սխալ էր: Հայաստանին ոչ ոք չի պատժի: ԵՄ-ն այժմ ամբողջությամբ ընկղմված է Մոլդովայի եւ Ուկրաինայի խնդիրների մեջ ու բավարարված է Վրաստանի հետ համագործակցությամբ: Այդ իսկ պատճառով «ամենաահավոր» պատիժը, թերեւս, կլինի ԵՄ-ի ուշադրության պակասը Երեւանի հանդեպ: Մեզ համար, հակառակը, ավելի կարեւոր է, թե ինչ է ցանկանում Երեւանը առաջարկել Բրյուսելին, ինչ պարգեւավճար կարող է նա խոստանալ եւ տալ այն բանի դիմաց, որ մուտք ստանա ժողովրդավարության եվրոպական ընտանիք:  

-Ըստ Ձեզ` ի՞նչ դեր է խաղում Մաքսային միության ստեղծումը մեր տարածաշրջանում: Ո՞րն է դրա ստեղծման շարժիչ ուժը:

Ցանկացած մաքսային միություն կոչված է հեշտացնելու ընդհանուր արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) ներդրումը անդամների շրջանում: Մոտավորապես այնպես, ինչպես նախատեսված էր Արեւելյան գործընկերության դեպքում, սակայն չիրագործվեց ձեր տարածաշրջանի հայտնի պայմանների ու պատմության պատճառով: Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մաքսային միությունը նույնպես բացառություն չէ: Ազատ առեւտուրն ու շուկաների բաց լինելը երկրներին հնարավորություն է տալիս ավելի լավ զարգանալ: Դրան զուգահեռ` անդամ-երկրների ԱՏԳ մասնակիցները մանեւրի ավելի լայն դաշտ են ստանում եւ գործողությունների ավելի մեծ ազատություն` ընդհուպ ընտրելու այն երկիրը, որտեղ կարելի է մաքսազերծել ապրանքը, ներմուծման հայտարարագիր լրացնել, հարկեր մուծել եւ ընկերություն գրանցել:

Ինչպես գիտեք, նախագահ Սահակաշվիլու օրոք եղած Վրաստանի եւ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ մաքսային միությունների նախագծերը չիրականացան: Այժմ` Վրաստանի` ԵՄ-ի տնտեսական վերահսկողության տակ մտնելուց հետո տարածաշրջանում ՄՄ-ին այլընտրանք կարող են լինել երկու նախագծեր. Թուրքիայի եւ Ադրբեջանի ու Հայաստանի եւ Իրանի մաքսային միությունները:    

-Ձեր կարծիքով` ո՞վ է ուկրաինական սցենարի հեղինակը, եւ ի՞նչ զարգացումներ կարող են լինեն Մայդանում:

Ուկրաինայում տեղի ունեցողի միակ մեղավորն այդ երկրի նախագահն ու նրա շրջապատն են: Իմանալով տրամադրություններն իր երկրում, երբ այն պառակտման եզրին է, ինչին հանգեցրեց ինքն իր քաղաքականությամբ` բավական է մի կայծ, որպեսզի իրավիճակը պայթի: Շիկացնելով դրությունն այնքան, որ մենք արդեն խոսում ենք Մայդանում զոհերի մասին` այսօր (հարցազրույցն արել է հունվարի 25-ին- հեղ.) նախագահ Յանուկովիչը զիջումների է գնում. ընդդիմադիրներին առաջարկել է վարչապետի ու փոխվարչապետի պաշտոնները, համաձայնել է Մայդանում ձերբակալվածների ազատմանը: Դժվար է բացատրել, թե ինչով է առաջնորդվել Յանուկովիչը` դրությունը սահմանագծին հասցնելով:

Զարմանալի է, սակայն ցուցարարներին ցրելու համար, չգիտես ինչու, միանգամից չեն կիրառվել ջրցան մեքենաներ: Այդ մեթոդը բավականին արդյունավետ վերջերս կիրառվեց Թուրքիայում, իսկ Կիեւի ցուրտ ձմռան պայմաններում ավելի արագ կգործեր: Ի դեպ, կարծեմ Հայաստանում էլ 2008-ի փետրվարին (ի նկատի ունի մարտի 1-ը- հեղ.) միտինգը ցրելիս չեն կիրառել ջրցան մեքենաներ: Արդյունքում եղան զոհեր թե ընդդիմության, թե իրավապահների շրջանում: Ուկրաինայում իրավիճակը բարդ է: Լեհաստանի վարչապետն արդեն զգուշացրել է երկրի հնարավոր փլուզման մասին: Դա կհանգեցնի լուրջ հետեւանքների ամբողջ տարածաշրջանի համար:  

Մեկնաբանություններ (1)

Հայ
Տեր ԱՍՏՎԱԾ, էս եվրոպացին էս ինչ ա ասում? Եվ ցավալին այն է, որ ասում է այն, ինչ նաև մեզանում են շատ ասում; Ինչ պատիժ, ինչ պարգևավճար--- և ընդամենը սա է եվրոպական ժողովրդավարությունը; ԹՈՒՀ....Երբ պիտի մենք միայն մեր ներսը, մեր պատմությանը նայենք որպես ԱՍՏԾՈՒՑ հետո երկրորդ ուսուցչի, որ ուրիշները չթելադրեն մեզ, թե ինչպես ապրենք մեր հողի վրա; ԵՐԲ? Երբ այլևս որևէ հայ հինգ հազար դրամով չվաճառի իր ձայնը? Երբ ոհմակները կշտանան ժողովրդի արյունը լափելուց? Երբ երկրի ղեկավարները դադարեն սուտ խոսել? Երբ գիտակցեն, որ ԱՍՏԾՈՒ տուն մտնելը դերասանություն չէ? ԵՐԲ?????????????????????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter