HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ցմահ ազատազրկում՝ խոշտանգումներով եւ անթույլատրելի ապացույցների «հիմնավորումով»

Հունվարի 30-ին Ուկրաինայի Վճռաբեկ դատարանը քննելու է Հայաստանի քաղաքացի Մերաբ Ալոյան-Սուսլովի քրեական գործը: Դատարանը կամ պետք է արդարացնի նրան, կամ ուժի մեջ թողնի 2012 թվականի նոյեմբերի 8-ին Կիեւի առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը՝ ցմահ ազատազրկում, կամ էլ բեկանի եւ ուղարկի ստորին ատյան՝ նոր քննության, եթե գտնի, որ գործի քննության ընթացքում տեղի են ունեցել էական խախտումներ: Ռուսաստանում եւ Ուկրաինայում հայտնի գործարարը մեղադրվում է իր հեռավոր ազգականի եւ գործարար ընկերոջ սպանությունը պատվիրելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել 2010թ. Կիեւ քաղաքում, երկու գործարարների՝ 2008թ. համատեղ հիմնած «4room» կահույքի խանութի առջեւ, որից հետո Ռուսաստանում ձերբակալվել է ՀՀ եւ ՌԴ քաղաքացի Մերաբ Ալոյանը (Հայաստանի անձնագրում հանդես է գալիս Ալոյան ազգանունով, ամուսնանալուց հետո ընդունել է կնոջ Սուսլով ազգանունը):

Մերաբ Սուսլովը ձերբակալվել է Ռուսաստանում եւ Ուկրաինայի պահանջով արտահանձնվել է այդ երկրին: Որպեսզի հնարավոր լինի կատարել նրա հանձնումը, Ռուսաստանի իշխանությունները նախօրոք նրան զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից:

Մերաբ Ալոյան-Սուսլովի հարազատներն առանձնապես սպասելիք չունեն Վճռաբեկ դատարանից, որը գործը քննելու է միայն իրավունքի մասին հարցերի հիմքով: Հայտնի ձեռնարկատիրոջ գործի քննությանը հետեւել են Կիեւի լրատվամիջոցները եւ իրենց հրապարակումներում մշտապես շեշտադրել են, որ հասարակական մեծ հնչեղություն ստացած այս գործով դատարանին չհաջողվեց հանրությանը համոզել, որ Մերաբ Ալոյան-Սուսլովը հանցագործ է: Հիմնական պատճառն այն է, որ այս գործի նախաքննությունն ու դատաքննությունն ընթացել են աննախադեպ խախտումներով, որի մասին անընդհատ բարձրաձայնել են Մերաբ Ալոյանը, նրա փաստաբաններն ու հարազատները:

Նրա ՄԻԵԴ գանգատի վրա աշխատող իրավաբան Արա Ղազարյանն ասում է, որ Վճռաբեկ դատարանին ներկայացված բողոքում բոլոր հիմնավորումները կան, որ Մերաբ Սուսլովին իբրեւ սպանության պատվիրատու ներկայացնող ապացույցներն անհիմն են, դրանք ձեռք են բերվել օրենքի էական խախտումներով եւ չեն կարող դրվել նրան առաջադրված մեղադրանքի հիմքում: Իրավաբանի ասելով՝ քրեական գործում չկա հիմնավոր ապացույց, որ Շաբաբ Ալոյանի սպանության պատվիրատուն Մերաբ Ալոյանն է:

Մերաբ Սուսլովի դատապարտումը հիմնված է խոշտանգումներով ձեռք բերված ապացույցների վրա

Որ Մերաբ Սուսլովն է պատվիրել սպանությունը՝ առաջին հերթին հիմնավորել են քիլլերներից մեկի՝ Դավիթ Բատիկյանի (մյուս քիլլերը մահացել է դեպքի ժամանակ) եւ նրա կնոջ` Ռոզա Նայթի ցուցմունքներով (վերջինս այդ օրերին Կիեւում է եղել Բատիկյանի հետ): Սակայն նրանցից ցուցմունքները ձեռք են բերվել խոշտանգումներով: Գործի նյութերից պարզ է դառնում, որ Դավիթ Բատիկյանի եւ վերջինիս կնոջ՝ Նայթի նկատմամբ ոստիկանության աշխատակիցները բազմիցս կիրառել են ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն՝ գլխին եւ երիկամներին հարվածելու, պոլիէթիլենային փաթեթով խեղդելու, քնից, բնական պահանջները հոգալուց եւ ուտելիքից զրկելու, սպառնալիքներ հնչեցնելու եղանակներով, պահանջելով տալ խոստովանական ցուցմունքներ:

«Սա արդեն հիմք է, որ գործը բեկանվի: Խոշտանգումներով ձեռք բերված ապացույցը, եթե մնում է ապացույցների զանգվածում, անկախ նրա ապացուցողական նշանակությունից՝ պետք է հանվի: Խոշտանգումը դժվար ապացուցելի է, բայց ընդունված մոտեցում է, որ եթե անձը բարձրաձայնում է այդ մասին, ինքնըստինքյան ապացուցման բեռն անցնում է պետական մարմնին: Նրանք պետք է հիմնավորեն, որ խոշտանգում չի եղել»,- ասում է Ա. Ղազարյանը:

Դ. Բատիկյանը գրությամբ դիմել է Ուկրաինայի եւ Հայաստանի գլխավոր դատախազներին եւ ներկայացրել է իր նկատմամբ կիրառված խոշտանգումները՝ խնդրելով քննության առնել դրանք: Դիմումներին ընթացք չի տրվել:

Մերաբ Սուսլովի դատապարտումը հիմնված է անթույլատրելի ապացույցների վրա

Մերաբ Սուսլովի դեմ ցուցմունք տված երեք վկաների ինքնությունը չի բացահայտվել, նրանք չեն հարցաքննվել ո՛չ նախաքննության փուլում, ո՛չ դատարանում, Մերաբը երբեք նրանց չի տեսել, հարցեր չի ուղղել նրանց, սակայն այդ ցուցմունքները որպես ապացույց են դիտվել նրա դեմ: «Այս դեպքում գործ ունենք չստուգված ապացույցների հետ, երեք վկաները հակընդդեմ հարցման չեն եթարկվել»,- նշեց իրավաբանը:

Նախաքննությունն իրականացնող մարմինն այս մասով պատճառաբանել է, որ վկայի պաշտպանության ծրագիր է կիրառել՝ երեք վկաների անձնական կյանքը պաշտպանելու նպատակով նրանց ինքնությունը գաղտնիացրել են, նրանց անունները եւ հասցեները փոխել են: Ա. Ղազարյանի ասելով՝ դա ընդունված ընթացակարգ է, բայց կա նաեւ նման վկաներին հարցաքննելու հնարավորություն տալու ընթացակարգ՝ դեմքը շղարշով փակելու, ձայնը փոխելու, միջնապատ տեղադրելու եւ այլ միջոցներով: Վերջինս նշում է, որ եթե նույնիսկ այդպես է, քրեական գործի նյութերից չի երեւում, որ վկայի պաշտպանության ծրագիրը կիրառվել է, որովհետեւ այդ ծրագիրը մի ամբողջ պրոցես է. քննիչը պետք է որոշում կայացրած լինի, վարույթային այլ փաստաթղթեր պետք է կազմվեն, որից պարզ դառնա, որ վկայի պաշտպանության ծրագիր է կիրառվել: «Այստեղ բացարձակապես ոչինչ չկա, պարզապես դատավճռում գրում է, որ մեղքը հիմնավորվել է նաեւ այս երեք անձանց ցուցմունքների հիման վրա: Ստացվում է, որ չստուգված ապացույցների հետ գործ ունենք, եւ սա նույնպես պետք է հանվի ապացույցների զանգվածից: Ապացույցների ստուգման հնարավորությունը եթե չի ապահովվում, նշանակում է դատաքննությունն անարդար է:

Հավելենք, որ վկայակոչված երեք անձանցից մեկը՝ Արամ Իբոյան անվամբ, համընկել է Հայաստանի քաղաքացի, նույնպես ազգությամբ եզդի Արամ Իբոյանի անվան հետ: Նա Հայաստանից ՀՀ գլխավոր դատախազության միջոցով դիմել է Ուկրաինայի գլխավոր դատախազությանը՝ խնդրելով հետաքննել, թե ինչպես է իր անունը հայտնվել վկաների ցանկում եւ ինչպես է քրեական գործի նյութերով գրվել իր ինչ-ինչ ցուցմունքների մասին, երբ ինքը երբեք չի անցել այդ գործով իբրեւ վկա եւ երբեւ՝ չի հարցաքննվել Ուկրաինայի քննչական մարմինների կողմից այդ կամ որեւէ այլ գործով: 

Ըստ Արամ Իբոյանի՝ «Լրատվամիջոցներից պատահաբար տեղեկացել եմ, որ Ուկրաինայի Հանրապետությունում ցմահ դատապարտված ՀՀ քաղաքացի Մերաբ (Սուսլով) Ալոյանի քրեական գործով իմ անձը ներկայացվել է որպես գործով անցնող վկա, եւ որ ես իբր մեղադրող բնույթի ցուցմունքներ եմ տվել ընդդեմ Մերաբ Ալոյանի: Ես Մերաբ Ալոյանի դեմ հարուցված քրեական գործով որեւէ դատավարական կամ քննչական գործողությունների, առավել եւս նրա դեմ ցուցմունք տալուն երբեք չեմ մասնակցել եւ երբեք որեւէ արձանագրություն չեմ ստորագրել:

Մեղադրական դատավճռի տեքստից պարզվում է, որ գործով անցնող երեք առանցքային վկաների նկատմամբ կիրառվել է վկայի պաշտպանության միջոց, որի շրջանակներում քրեական գործի նյութերում նրանց անունները ներկայացվել են կեղծանուններով, որոնցից մեկի համար ընտրվել է «Արամ Իբոյան. անուն, ազգանունով կեղծանուն: Ստացվում է, որ ոմն անձ ցուցմունք է տվել ընդդեմ Մերաբ Ալոյանի, նրա նկատմամբ կիրառվել է վկայի պաշտպանության միջոց ու այդ նպատակով նրա անձը քրեական գործում ներկայացվել է կեղծ անունով, սակայն անհասկանալի պատահականությամբ կեղծ անվան բոլոր տվյալները համընկնում են իմ անվան, ազգանվան եւ հայրանվան հետ: Նշվածը խիստ մտահոգիչ է ինձ համար, քանի որ այդ հանգամանքը մեծ վնաս է հասցնում իմ բարի անվանը ու հեղինակությանը` իմ ընտանիքի, հարազատների եւ համայնքի աչքերում»,- հայտնել է Արամ Իբոյանը:

Վերջինս միաժամանակ դիմել է Ուկրաինայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկային: «... այս կեղծ անունը, ազգանունը եւ հայրանունը համընկնում են իմ անվան, ազգանվան ու հայրանվան հետ: Ստացվում է, որ ոմն անձ ցուցմունք է տվել ընդդեմ Մերաբ Սուսլովի, ընդ որում՝ այդ ցուցմունքներն առանցքային նշանակություն են ունեցել մեղադրանքի ու դատապարտման համար: Զարմանալի է, որ անհասկանալի պատահականությամբ կեղծ անվան բոլոր տվյալները համընկնում են իմ անձնական տվյալների հետ: Ես Մերաբ Սուսլովի գործով երբեւիցե որեւէ դատավարական գործողության չեմ մասնակցել, երբեւիցե այս գործով չեմ հարցաքննվել՝ առավել եւս նրա դեմ մեղադրական ցուցմունքներ տալով:

Սույն գործով նախաքննության մարմինները կատարել են պաշտոնեական կեղծիք կամ օգտագործել են իմ անձնական տվյալները, որի իրավունքը նրանք չունեին: Վրդովվեցնող է այն հանգամանքը, որ նշված ցուցմունքներում ես իբր թե հայտարարել եմ, թե Մերաբ Սուսլովն է հանդիսացել մեղադրանքի հիմքում ընկած դեպքի՝ սպանության պատվիրատուն, եւ թե իբր նա այդ մասին պատմել է ինձ: Առանձնապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ նշված ցուցմունքներն առանցքային նշանակություն են ունեցել Մերաբ Սուսլովին մեղադրանք առաջադրելու ու մեղադրական դատավճռի համար: Խնդրում եմ սույն դիմումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում եւ ընթացք տալ դրան օրենքով սահմանված կարգով»:

Դատախազությունը նշված դիմումին ընթացք չի տվել:

Իրավաբանները նշում են, որ վկաների պաշտպանության նպատակով կեղծանունների օգտագործումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ընդունելի է համարվում, սակայն կեղծանուններ ընտրելիս պրակտիկայում խորհուրդ է տրվում խուսափել մտացածին անձնանունների օգտագործումից, քանի որ նման պարագայում չի բացառվում, որ որպես կեղծանուն ընտրված անձնանունը համընկնի մեկ այլ անձի անվան հետ:

Միաժամանակ նշում են, որ վկաների պաշտպանության նպատակով կեղծանունների օգտագործմանը մասնագետները բացասաբար են վերաբերվում, քանի որ կեղծանունների օգտագործումը կեղծ վկաների եւ սուտ ցուցմունքների օգնությանը դիմելու լայն հնարավորություններ է ընձեռում:

Դատաքննության ընթացքում նրան քրեական գործի նյութերին ծանոթանալու բավարար ժամանակ չի տրամադրվել: Նախ՝ քրեական գործի նյութերը պետք է թարգմանաբար տրամադրվեին, կամ՝ ռուսերեն, կամ՝ եզդիերեն լեզուներով, պետք է թարգմանիչ  տրամադրվեր: Դատաքննության 3-4-րդ ամսում է միայն նրան թարգմանիչ տրամադրվել, այն էլ ժամանակ չի հատկացվել, որ թարգմանիչն ամբողջությամբ թարգմանի, որից հետո դատաքննությունը վերսկսվի: Դատաքննությանը զուգահեռ, դատարանի դահլիճում կամ ընդմիջումների ժամանակ թարգմանիչը թարգմանել է ուկրաիներենից ռուսերեն:

Մերաբ Սուսլովը նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ որեւէ կապ չունի այդ սպանության հետ: «Ես ոչ մի, նույնիսկ աննշան առնչություն չեմ ունեցել այդ հանցագործության հետ, որի համար ինձ մեղադրում են»,- հայտարարել է նա դատարանում: Այդ փուլում կալանավայրում նրան շարունակաբար սպառնացել են, որ վերջ կտան կյանքին, բազմիցս բռնություն են գործադրել նրա նկատմամբ, եւ նա մշտապես բարձրաձայնել է այդ մասին:

Մինչդատական փուլում Մերաբ Սուսլովը 6 ամիս զրկված է եղել իր փաստաբաններին տեսնելու հնարավորությունից, գործով 29 վկաներից 22-ը դատարան չեն ներկայացել եւ չեն հարցաքննվել, մի շարք առանցքային վկաներ դատարանի դահլիճում հայտարարել են նախաքննության ընթացքում իրենց նկատմամբ խոշտանգումներ կիրառելու մասին եւ հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից: Դատաքննության ժամանակ Մերաբին հեռացրել են դատարանի դահլիճից, անգամ նրա փաստաբաններին են հեռացրել դահլիճից: Նա զրկված է եղել վերջին խոսքի իրավունքից, որը քրեական դատավարության օրենսգրքի պարտադիր պահանջ է: Եվ, փաստորեն, մեղադրական դատավճիռը կայացվել է առանց նրանց ներկայության:

Ինչպես նշում է Արա Ղազարյանը, այս թերությունները հետագա փուլերում չեն վերացվել, օրինակ՝ վերաքննիչ դատարանում ամբողջ ծավալով գործի քննություն տեղի չի ունեցել, մեկ-երկու նիստով ավարտվել է, մինչդեռ այս փուլում պետք է վերացվեին առաջին ատյանի դատաքննության ընթացքում տեղի ունեցած բոլոր թերությունները: «Ստացվում է, որ եթե ապացույցներից հանես Դ. Բատիկյանի եւ նրա կնոջ ցուցմունքները, հանես վկաների ցուցմունքները եւ խախտումով ձեռք բերված այլ «ապացույցներ», մնում են միայն սպանված Շաբաբ Ալոյանի հարազատների՝ որդու, եղբոր, կնոջ ցուցմունքները, որոնք բոլորը միաբերան պնդում են միայն մեկ բան՝ որ Մերաբ Ալոյանի եւ Շաբաբ Ալոյանի հարաբերությունները լարված են եղել: Այս հայտարարություններն ընդունվել են որպես ապացույց, որ Շաբաբ Ալոյանի սպանությունը պատվիրել է Մերաբ Ալոյանը: Այսպիսով, ստացվում է, որ խախտումներով ձեռք բերված ապացույցները քրեական գործից հանելուց հետո գործում ապացույց չի մնում, որով Մերաբ Սուսլովին կարող են դատապարտել սպանություն պատվիրելու համար»,- հայտնեց իրավաբանը:  

Խախտվել է Մերաբ Սուսլովի՝ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի իրավունքը

Առաջին ատյանի դատարանում գործը քննող դատական կազմը ստեղծված չէր օրենքի հիման վրա: Ուկրաինայում դատավորին նշանակում են երկու ժամկետով՝ առաջին 5 տարին՝ ժամանակավոր, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո՝ մշտական հիմունքներով: Այս գործով նախագահող դատավորի 5 տարին լրանալուն դեռեւս 2 ամիս կար, բայց Գլխավոր Ռադան արդեն հաստատել էր նրա թեկնածությունը որպես մշտական հիմունքներով դատավոր, մինչդեռ նա հինգ տարի չէր պաշտոնավարել, որից հետո մշտական հիմունքներով նշանակվեր դատավոր: Այսինքն, Մերաբի գործը քննող դատավորների կազմը օրենքի հիման վրա ստեղծված չէր:

Խախտվել է Մերաբ Սուսլովի հրապարակային դատաքննության իրավունքը

ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն` բոլոր ապացույցները, որպես կանոն, պետք է ներկայացվեն դռնբաց նիստում, մեղադրյալի ներկայությամբ` մրցակցային վիճաբանություն ապահովելու նպատակով: Մինչդեռ, ոչ միայն առաջին ատյանի դատարանը, այլեւ վերաքննիչ դատարանը 2013թ. ապրիլի 22-ին երկու օր վերանայել է քրեական գործը եւ ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատավճիռը առանց դատաքննություն իրականացնելու, առանց ձայնագրառման, լրագրողներին արգելվել է նկարահանել եւ ձայնագրառել դատական պրոցեսը: Շաբաբ Ալոյանի հարազատները ոստիկանության ներկայությամբ բռնություն են գործադրել լրագրողների նկատմամբ՝ հարվածել են նրանց, վնասել տեսախցիկը եւ այլն, ապա դատավորի պահանջով լրագրողները հեռացվել են դահլիճից :

Արդյոք սա չի՞ նշանակում, որ դատարանին խիստ անհրաժեշտ են եղել դատավարական խախտումները, որովհետեւ Մերաբ Սուսլովին դատապարտելու ապացույցներն իսկապես կաղում են: Ինչո՞ւ պետք է հանրությունը հավատա ներկայացված մեղադրանքին, եթե Ուկրաինայի արդարադատությունը նման աղաղակող խախտումներով է ցանկանում հիմնավորել Մերաբ Սուսլովի մեղքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter