HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

15 տարի փողոցում. բուժքույր Նունեն

Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի մոտ չհասած` երթուղայինների «Դիսպետչերական կետի» աշխատակցից ուզում եմ ճշտել, թե ինչպես հասնեմ ոստիկանության հարևանությամբ գտնվող հին կաթսայատուն: «Կաթսայատունն ինչի՞դ է պետք, բոմժանոց է ընդեղ»,-հարցնում է աշխատակիցը և փորձում կրկին ճշտել, թե արդյոք դա՞ է ինձ հետաքրքրում, թե՞ ոստիկանության բաժանմունքը: «Չնայած վերջերս հանել են բոմժերին ըդտեղից»,- շարունակում է պատասխանատուն և ցույց տալիս ճանապարհը:

«Դիսպետչերանոցի» աշխատակիցը ճիշտ էր ասում, այդ տարածքը տարիներ շարունակ անօթևանների համար որպես ապաստան է ծառայում: Կենտրոնի ոստիկանության նոր շենքի բացման, նախագահի այցելության նախապատրաստության ժամանակ մեծ թվով անօթևանների այնտեղից հանել են:

Ոստիկանության բաժանմունքի կողքով բարձրանում եմ դեպի կիսափուլ կաթսայատուն: Մեկը դուրս է գալիս: Հարցնում եմ` ներսում մարդ կա՞: Ասում է` հա: Ինքն էլ ինձ է հարցնում. «Նունեի մոտ եք գնո՞ւմ»: Չեմ ճանաչում Նունեին, բայց ասում եմ` հա: «Լավ չի Նունեն, պառկած է»,- ասում է անծանոթն ու ինձ բացատրում Նունեի «ննջարան» հասնելու ճանապարհը:

Աղբով լի կաթսայատան ներսում խոնավ է, պատերը կիսափուլ են, ներսում գտնվելու կամ քամուց պատսպարվելու պատրանք չի ստեղծում կաթսայատունը: Նկատում եմ մեկին, ով փորձում է ծխախոտ վառել: Մոտենում եմ նրան, որ հարցնում Նունեի մասին: «Ստեղ ա»,- ասում է և ցույց տալիս թախտի մեջ ընկղմված, վերմակով ծածկված և արտաքինից չերևացող Նունեին:

Նունեն գլուխը դուրս է հանում, վեր կենում ու փորձում տեսքի բերել իրեն: «Քնած էի ուղղակի, աշխատանքից եկել էի, հոգնել էի»,-շփոթված ասում է Նունեն:

Նա պատմում է, որ հավաքարար է աշխատում հարևանությամբ գտնվող ոստիկանության բաժանմունքում: Ամսական ստանում է 16 հազար դրամ: Եվ այդ գումարով չի կարող տուն վարձել: Դա է պատճառը, որ ավելի քան 8 տարի այդ կաթսայատանն է պատսպարվում, և արդեն 15 տարի է` փողոցներում է:

Նունե Մկրտչյանը պատմում է, որ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղից է: Այնտեղ է ապրում նաև իր որդին, սակայն ինքը սրտի խրոնիկ ռևմատիզմ ունի, և գյուղում ապրելիս ոտքերը ուռչում են, դրա համար եկել է Երևան:

Նունեն մասնագիտությամբ բուժքույր է: Աշխատել է առաջին մանկական հիվանդանոցում և Հանրապետական հիվանդանոցում («Արմենիա» ԲԿ): Բուժքույր աշխատել է նաեւ մասնավոր կանչերով, սրսկումներ է արել, հիվանդների խնամել: Այնուհետև աշխատել է տարբեր արհեստանոցներում: 

«Բան չեմ ուզում, ընդամենը մի հատ արհեստանոց լինի աշխատեմ: Ես մեքենայի աբիվկա եմ անում, կահույքի աբիվկա եմ անում, որ մի հատ փոքր արհեստանոց լինի, կանեմ,- ասում է Նունեն ու քիչ անց ավելացնում,- արհեստավոր մինչև կեսօր է սոված: Ես արհեստը հորիցս եմ սովորել, ամեն ինչ էլ անում եմ, պատ էլ եմ շարում»: Նունեն ասում է` որդին չի համակերպվում իր այս կյանքի հետ, բայց ինքն արդեն համակերպվել է. «Ես գիտեմ, որ արդեն ոչ մի բան հնարավոր չի անել, ամբողջը սուտ է»:

Մահճակալի մոտ կանգնած մարդն էլ Իշխանն է` Նունեի ընկերը: Միասին են այդտեղ ապրում: «3 թոռ ունեմ, շատ նման ես Մանեիս»,- ասում է Իշխանը: Պատմում է, որ ընտանիք ունի, նախկինում հացի գործարանի պահեստապետ է եղել, տուն էլ է ունեցել, բայց պարտքերի պատճառով ծախել է և մնացել փողոցում: «Էկեք էս կողմ,-զգուշացնում է Իշխանը,- էրեկ սառույցը ընկավ, կարող է էսօր էլ ձեր գլխին ընկնի»:

Առնետները տարբեր ուղղություններով վազվզում են: Նունեն ասում է` լիքն են, երբեմն հաց է տալիս նրանց:

Չորս կողմերից բաց կիսակառույցում տաքանալու համար փոքրիկ վառարան են դրել: Վառում են, ինչ գտնում են: Նունեի ձեռքերը հնոցապանի ձեռքերի տեսք ունեն` կոշտացած, սևացած և վնասված: Նկատում է ձեռքերը զննող հայացքս: «Սպասի գնամ լվացվեմ, գործից եմ եկել»,- ասում է ու շարունակում տրորել ձեռքերը, չի գնում լվացվելու: Քիչ հետո սկսում է  տրորել նաև աչքերը:

Վառարանի վրա կիսաեփ լոբով աման կա` մրոտված վառելիքի ծխից (մեքենաների անվադողեր, կոշիկներ և այլ իրեր են վառում): Իշխանն ու Նունեն չեն դժգոհում, ասում են` ուտելիք ունեն. «Փառք Աստծո, աշխատում ենք, ամեն ինչ էլ առնում ենք»,-ասում է Իշխանը:

«Ես ամաչում եմ, որ դուք հասել եք էս մխտառ տեղը, բայց եթե կարաք, մի հատ հանրակացարան գտեք»,- ասում է Իշխանը և հեռանում: Քիչ հետո վերադառնում` օղու շշով: Լցնում է բաժակը և շարունակում պատմել իր մասին: Վերջում էլ իր կենացն է խմում. «Օղորմի Իշխանին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter