HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե ՍԴ-ն վերջնականապես չկասեցնի, ապա քաղաքացիների ցասումն այլևս զսպելը շատ դժվար կլինի»

«Հետքի»  հարցերին պատասխանում է «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

-Դավիթ, ՍԴ-ի որոշումը պարտադիր կուտակայինի մասին ոմանք որակում են որպես թակարդ, քաղաքացիական հատվածի կրքերը դեպի մարում տանելու քայլ: Ի՞նչ սպասելի զարգացում կլինի՝ ըստ Ձեզ:

-Անձամբ ես և իմ ընկերները փորձում ենք զերծ մնալ այլևայլ գնահատականներից: Ես կոնկրետ նախընտրում եմ իմ գնահատականները այս կամ այն երևույթի ենթատեքստի շուրջ պահել իմ ներսում: Կարևորն այն է, որ մենք, գիտակցելով և ճիշտ հասկանալով իրերի իրական ընթացքը, շարունակենք շարժվել ճիշտ ուղով, կատարել մարտավարական ճիշտ քայլեր և ճիշտ ուղղորդել մեր պայքարի վեկտորը: Գնահատականները կարող են մնալ մեր ներսում, կարևորը՝ հասկանալով իրադրությունը՝ գործել ճիշտ:

-Տվյալ դեպքում գնահատականներ տալու մասին չէ խոսքը: Որևէ մեկը չի ասում, թե գնահատեք իրավիճակը, այլ որպես նախաձեռնող խմբի անդամ՝ հանրային հատվածին իրազեկելու մասին է, թե ինչ կատարվեց: Չէ՞ որ ՍԴ-ի որոշումը կամուկաց է առաջացրել, շատերը չգիտեն՝ ինչպե՞ս վարվել, որո՞նք են լինելու հետագա  քայլերը:

-Մենք մեր մամուլի ասուլիսի ժամանակ էլ հայտարարեցինք, որ ՍԴ-ի այս որոշումը դեռ ոչինչ չի նշանակում, որ սա դեռ ՍԴ դիրքորոշումը չէ օրենքի վիճարկվող հոդվածների վերաբերյալ, քանի որ դատաքննությունն անգամ դեռ չի սկսվել: Ոչինչ արտառոց իրականում տեղի չի ունեցել, պայքարը շարունակվում է նոր թափով: Հիմա մենք ձեռնամուխ ենք լինելու, որ մարդիկ շարունակեն չընտրել ֆոնդեր և կառավարիչներ, աշխատելու ենք այն ուղղությամբ, որ գործատուները, հիմնվելով ՍԴ-ի  որոշման վրա, չկատարեն փոխանցումներ իրենց աշխատողների աշխատավարձերից կուտակային որևէ ֆոնդի կամ կամուրջ հաշվի:

-Այսինքն՝ պայքարը որակական ա՞յլ փուլ է մտնելու:

-Կարծում եմ, որ հատկապես պետական համակարգի, այսինքն՝ բյուջետային աշխատողների պարագայում, փոխանցումները կլինեն, նույնիսկ կլինեն վարչական ճնշումներ ֆոնդեր ու կառավարիչներ ընտրելու համար: ՍԴ-ն պիտի ուշադրություն դարձնի այս հնարավոր իրողության վրա. եթե մենք նկատենք ֆոնդերի ու կառավարիչների ընտրության կտրուկ աճ, այն էլ պետական համակարգի աշխատողների շրջանում, կոնկրետ ինձ համար ակնհայտ կլինի, որ գործել է վարչական ճնշման հայտնի մեխանիզմը:

Պայքարը այս պահին ունի հստակ վեկտոր՝ իրազեկել քաղաքացիներին, որ շարունակեն չընտրել ֆոնդեր և կառավարիչներ, աշխատել գործատուների հետ, հատկապես՝ մասնավոր սեկտորի, որպեսզի նրանք այսօր կանգնեն իրենց աշխատողների կողքին, չգնան հակասահմանադրական օրենքի սահմանած գործարքին, մանավանդ որ նրանք հիմա այդ հնարավորությունն իսկապես ունեն, քանի որ չեն ենթարկվելու որևէ տույժի կամ տուգանքի: Գործատուները պիտի գիտակցեն, որ իրենց աշխատողներն իրենց կողքին են եղել այսքան ժամանակ, հիմա էլ ակնկալում են, որ իրենց գործատուն է լինելու իրենց կողքին, հատկապես, որ ՍԴ որոշումն այդ հնարավորությունն ընձեռում է, այսինքնէ գործատուն չի տուժում, ուստի պատճառ չկա, որ գործատուն չկանգնի իր աշխատակցի և նրա օրինական պահանջի կողքին:

-Դավիթ, ունե՞ք ուրվագծային պատկերացում՝ ի՞նչ է լինելու:

-Այս պահին միայն կանխատեսել կարելի է, իսկ կանխատեսումն անշնորհակալ գործ է:

-Մինչ մարտի 28-ը կա՞ն ծրագրային քայլեր

-Ես անձամբ ուզում եմ հուսալ, որ ՍԴ-ն իսկապես թույլ չի տա, որ այս խայտառակ օրենքն այս տեսքով, որն օրինականացնում է գրպանահատությունը, գործի: Իսկ եթե դա տեղի չունենա, եթե ՍԴ-ն վերջնականապես չկասեցնի, ապա կարծում եմ՝ քաղաքացիների ցասումն այլևս զսպելը շատ դժվար կլինի: Այդ դեպքում մենք շարժվելու ենք մասսայական քաղաքացիական անհնազանդությունների ուղով, որի հնարավորությունը մենք օրենքով և Սահմանադրությամբ ունենք:

Մինչ մարտի 28-ը մենք աշխատելու ենք քաղաքացիների հետ, որ չընտրեն ֆոնդեր, աշխատելու ենք գործատուների հետ, և որ շատ կարևոր է՝ մոբիլիզացնելու ենք մարզերի բնակչությանը, քանի որ, ի ուրախություն մեզ, մարզերում ևս բարձրանում է դժգոհության ալիք, ուստի մենք կանգնելու ենք նաև մարզերի բնակչության կողքին ու միասնական ավելի մեծ ուժով ենք պայքարելու այս չարիք հանդիսացող օրենքի դեմ:

Լուս.՝ Դ. Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter