HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միլիոնները ծախսվում են, իսկ արդյունք չկա

Սանահինի վանական համալիրում պետբյուջեի միջոցներով 2012-2016թթ. համար նախատեսված վերականգնման և ամրակայման աշխատանքները չեն վերահսկվում նախագծի հեղինակի կողմից: Վանական համալիրի ամրակայման և վերականգնման նպատակով պետբյուջեից 2012-2013թթ. հատկացված 40,5 մլն դրամը ՀՀ մշակույթի նախարարության ակնհայտ թողտվությամբ վատնվել և չի ծառայել նպատակին:

Համալիրի Սբ. Աստվածածին (10-դ դար), Սբ. Ամենափրկիչ (966թ.) եկեղեցիների, հարակից նախագավիթ -տապանատան, գավթի և Գրիգոր Մագիստրոսի ճեմարանի վերականգնման և ամրակայման աշխատանքները վարչապետ Տիգրան Սարգսյանի հրահանգով մեկնարկել են 2012-ի 3-րդ եռամսյակից: Աշխատանքների իրականացման համար պետբյուջեից 2012 թ.-ին հատկացվել է 18 մլն դրամ: Հատկացված այս գումարով մասնակիորեն պետք է վերականգնվեր համալիրի Սբ. Աստվածածին 10-րդ դարի եկեղեցին, հեռացվեր տանիքի և պատերի բուսածածկը: Նախատեսվել է ամրակայել և վերականգնվել եկեղեցու պատերի և ծածկասալերի առանձին հատվածներ:

Նախատեսված այս աշխատանքներից 2012թ. Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքից համալիրի 70-ամյա պահակ Հովիկ Վերանյանի ջանքերով մաքրվել է խոտածածկի և ծառերի արտաքին շերտը: Վերջինիս չի հաջողվել մաքրել եկեղեցու տանիքի տակի և պատերի խորքում տարածված ծառերի և խոտածածկույթի արմատները, որոնք կարող են վերաճել և պոտենցիալ վտանգ ներկայացնել եկեղեցու ամրության համար: «Եկեղեցու տանիքը ես եմ մաքրել, արմատները հանելու համար տանիքի բետոնը պետք է քանդեինք, պատերից քարեր էլ պետք է տեղաշարժեինք: Իրանք ասել են մենակ ծառերը կտրի»,- ասաց Հովիկ Վերանյանը:

Շինարարները 2012-ին հանել են եկեղեցու հին ծածկասալերը, դրանցից պահպանվածները կրկին շարվել են եկեղեցու տանիքի մի մասում: Մնացած բաց մասը շինարարները ծածկել են ցելոֆանով և դադարեցրել աշխատանքները: Սրանով ավարտվել են Սբ. Աստվածածին եկեղեցում 2012թ. նախատեսված 18 մլն դրամի մասնակի վերականգնման և ամրակայման աշխատանքները: Սբ. Աստվածածին եկեղեցու նախագավթի և Գրիգոր Մագիստրոսի ճեմարանի մասնակի վերականգնման և ամրակայման համար 2013-ին պետբյուջեից հատկացվել է 22,5 մլն. դրամ:

«Հետքը» պարզեց, որ 2013թ. Սբ. Աստվածածին եկեղեցու նախագավթում մասնակի վերականգնման և ամրակայման որևէ աշխատանք չի կատարվել: Մասնակի վերանորոգման ենթարկված Մագիստրոսի ճեմարանի տանիքից և պատերից շարունակվում են ջրահոսքերը: Նախատեսված աշխատանքների փոխարեն շինարարների կողմից սալիկապատվել է Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքի՝ 2012-ին անավարտ մնացած մասը: Եկեղեցու ճակատային պատից մի քանի ընկնող քարեր են հանվել և դրանց տակը մաքրելուց հետո տեղադրվել: Ապաշնորհ տեղադրման արդյունքում առանց այդ էլ քայքայված քարերը ավելի են վնասվել:

Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը «Հետքին» հայտնեց, որ արդեն ավարտվել են վանական համալիրի վերանորոգման և ամրակայման 1-ին և 2-րդ փուլերը, գարնանը սկսվելու է 3-րդ փուլը: Ըստ Տեր Միքայելի՝ մասնագետ շինարարները Սբ. Աստածածին եկեղեցու տանիքի և նախագավիթի, Գրիգոր Մագիստրոսի ճեմարանի մասնակի վերականգնման և ամրակայման աշխատանքերից շատ գոհ են եղել:

ՀՀ մշակույթի նախարարության՝ 2011թ. հայտարարված Սանահինի վանական համալիրի կառույցների վերականգնման և ամրակայման նախագծային աշխատանքների ձեռք բերման մրցույթում հաղթել է «Ահանա» ՍՊԸ-ն: Նախագիծը 2012թ. մայիսին արժանացել է մշակույթի նախարարության գիտամեթոդական հանձնաժողովի հավանությանը: Նախագծի հեղինակ Աշոտ Հովսեփյանը աշխատանքների 1-ին և 2-րդ փուլերում հսկողություն չի իրականացրել: Ըստ Սանահինում տարածված լուրերի՝ նախագծի հեղինակը աշխատանքների ընթացքում Սանահին չի այցելել իր առողջական խնդիրների պատճառով: Իրենց հնարավորության սահմաններում շինարարների անորակ աշխատանքների կապակցությամբ բողոքել են Սանահինի վանական համալիրի աշխատողները:

«Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքի համար Ծաթերի քարհանքից բերված բազալտե ծածկասալերը ավտոմեքենայից դատարկելիս նկատեցի, որ դրանք շատ փխրուն են, ձեռքիս փշրվում են: Ես այդ մասին անմիջապես տեղեկացրի մոմավաճառ Սոխակ Սիմոնյանին: Սոխակը շինարարներին արգելեց Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքին տեղադրել Ծաթերի անորակ ծածկասալերը: Շինարարները ստիպված բերեցին ավելի ամուր ծածկասալեր»,- պատմեց պահակ Հովիկը, ում Սանահին գյուղում նաև Պեպո են կոչում:

Սանահինի վանքի բակում հանդիպեցինք Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարնի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանին: Խնդրեցինք նրա կարծիքը Սանահինի վանական համալիրի վիճակի և կատարված վերականգնման աշխատանքների մասին: Պարոն Սարգսյանը մշակույթի նախարարությանը չնեղացնելու համար խուսափեց գնահատականներից, սակայն ասաց, որ մշակույթի նախարարությունը պետք է ուժեղ հսկողություն սահմանի Սանահինի վերականգնման և ամրակայման աշխատանքների նկատմամբ: Զավեն Սարգսյանն իր մտահոգությունը հայտնեց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հյուսիսային պատի վթարային վիճակի առնչությամբ:

«Ամենափրկչի ներսում անձրևներից հետո լճակներ են առաջանում, ամենամեծ վտանգը եկեղեցու ավագ խորանի կամարների անձրևներից քայքայված` ամեն րոպե ընկնելու պատրաստ քարերն են»,- ասաց վանական համալիրի մոմավաճառ Սոխակ Սիմոնյանը: Սբ. Ամենափրկչի ողջ տանիքը քայքայված է: Եկեղեցու ներսում անձրևաջրերի հորդառատ հոսքեր չեն լինում միայն գմբեթի տակ: Սանահինի վանական համալիրը հանձնված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը: Կաթողիկոսարանը առայժմ չի միջամտում Սանահինի վանական համալիրի վերականգնման և ամրակայման անփառունակ աշխատանքներին:

Առաջին լուսանկարում՝ Սբ. Ամենափրկիչը՝ խոտածածկ տանիքով

Մեկնաբանություններ (4)

Հասմիկ
Շատ շհորհակալ եմ Լարիսա Փարեմուզյանին, որ պապբերաբար Լոռվա սրբավայրերի վերականգնման աշխատանքների, հավաստի, լուսաբանմամբ է զբաղվում, ապրելով Սնահինի Սարահարթ հիշում եմ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2010թ-ի ապրիլի 13-ին 200 միլիոնի հատկացման մասին էր խոստանում, ցավոք, իր խոսքին տեր չեղավ:Դրանից անմիջապես հետո լսեցի հուշարձաններ ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն Սամվել Կարապետյանի զրպարտիչ հայտարարությունը կաթողիկոսի հասցին: Կարծում եմ, որ սրանք իրար հետ կապ ունեն: Եկեղեցուն կարելի է մեղադրել Սանահինում հոգևոր սպասավորներ չունենալու հարցում, բայց ոչ վերականգնման, որոհետև դա ՀՀ օրենսդրությամբ մշակույթի նախարարության մենաշնորհն է, որը, ավաղ, իր պարտականությունները պատշաճ չի կատարում:
Արեն
Հարգելի Լ. Փարեմուզյան, խնդրում եմ, որ Օձունի եկեղեցու վերականգնմանն էլ ժամանակ առ ժամանակ անդրադառնաք: Մանավանդ, կատարվող աշխատանքների որակին և ճարտարապետական տեսքին: Գիտեմ, որ խնդիրներ կան հիմնադրամի տնօրենի և ճարտարապետի միջև: Չեմ ուզում, որ նրանց պռոբլեմների պատճառով եկեղեցին տուժի:
Աշոտ
Սանահինի վանքը բազմաթիվ հայ և օտարազգի այցելուներ ունի, որոնք դժգոհ են Ս. Հարություն եկեղեցու ժանգոտած և քայքայված տանիքից ներս թափվող անձրևաջրերից, վանքի տարածք մխրճվող գերեզմաններից, Ս. Հակոբ եկեղեցու, Զաքարյանների և Արղությանների դամբարանների անմխիթար վիճակից: Եթե քայլեր չձեռնարկվի Ս. Ամենափրկիչ եկեղեցու հարավայի պատը կքանդվի, իսկ որմնանկարներն անձրևաջրերից եղծվում են:Սանահինի վանքը համաշխարհային հուշարձաններ ցանկ մտած սրբավայր է և մշակույթի նախարարուհին պարտավոր հետևողական լինել:
Լարիսա
Աշոտ, Ձեր նշած հուշարձանների մասին հոդվածը մի քանի օրից կուղարկվի : Ես դրանց վիճակին տեղյակ եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter