HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Վլադիմիր Հակոբյան. «Շախմատը ֆանտազիայի եւ ինտուիցիայի խաղ է»

10-ամյա Վալերին նոյեմբերի 26-ին դպրոցում բազմաթիվ շնորհավորանքներ էր ստանում: Հպարտանում էր իր հայրիկով, ով արդեն երկրորդ անգամ դարձել է Օլիմպիական չեմպիոն: Նա նոյեմբերի 26-ի երեկոյան կրտսեր եղբայրների` 4-ամյա Էդուարդի, 1.5 տարեկան Սերգեյի ու մայրիկի հետ գնացել էր օդանավակայան` դիմավորելու իր չեմպիոն-հայրիկին:

Վլադիմիր Հակոբյանը 5 տարեկանում շաշկի էր խաղում, իսկ նրա հայրը համարում էր, որ չնայած որդու մոտ դա լավ է ստացվում, բայց շաշկին լուրջ խաղ չէ, եւ պետք է շախմատով զբաղվել. «Ես շախմատ այդքան էլ չէի սիրում, պարզ է, այն ավելի բարդ էր: Բայց սովորեցի ու միանգամից ինձ տարան Բաքվի այն ժամանակվա ամենալավ շախմատի դպրոցը»: Վլադիմիրին ստուգեցին եւ ապշանքով արձանագրեցին նրա ֆենոմենալ հիշողությունը: Առաջին մարզիչը` Ալեքսանդր Ասլանովը Վովայի հորն ասել է, թե ինքը դեռ չի տեսել, որ այդ տարիքում երեխան միանգամից ամեն ինչ ընկալի ու վերարտադրի: Այսպես սկսվեց նրա շախմատային կարիերան: Եվ միանգամից` մեկը մյուսի հետեւից, Վլադիմիրն ունենում է փայլուն արդյունքներ` 8 տարեկանում դառնում է  առաջին կարգի շախմատիստ, 11 տարեկանում` սպորտի վարպետի թեկնածու:

Երբ Վլադիմիրը 14 տարեկան էր,Հայաստանի Շախմատի ֆեդերացիան նրան հրավիրեց Հայաստան, որտեղ էլ նա շարունակեց իր շախմատային հաջողությունները` 15 տարեկանում դառնալով սպորտի վարպետ:  
Մինչ Հայաստան գալը 14-ամյա Վլադիմիրը Արգենտինայում դառնում է մինչեւ 16 տարեկանների աշխարհի չեմպիոն:
1989-ին Պուերտո-Ռիկոյում նվաճում է մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը, 1991-ին` մինչեւ 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը: Իսկ 1999 թ. դարձել է աշխարհի փոխչեմպիոն:
Մասնակցելով ավելի քան 30 միջազգային մրցաշարերի` Վլադիմիր Հակոբյանը հեշտությամբ նվաճում էր բարձրագույն տիտղոսներ:

Վլադիմիրի ֆենոմենալ հիշողությունը շեշտում են Հայաստանի շախմատի հավաքականի բոլոր տղաները: Պարզվում է` նման հիշողություն է ունեցել նրա պապիկը. «Ես կարող եմ վերարտադրել 8 տարեկանի մրցաշարում իմ արած բոլոր քայլերը: Ամեն ինչ շատ ուժեղ է տպավորվում իմ մեջ: Եվ դրանից է, որ այնպիսի խաղեր, ինչպես «Բլոտն» է կամ «Դուրակը», ինձ համար իմաստը ու հետաքրքրությունը կորցնում են, ես ամենը հիշում եմ: Այդ պատճառով էլ ինձ շախմատը դուր է գալիս: Այստեղ երբեք քայլերը չեն կրկնվում, երբեք նույն իրավիճակները չեն ստեղծվում, եւ միշտ ստեղծագործելու տեղ կա: Շախմատը ֆանտազիայի եւ ինտուիցիայի խաղ է»,- ասում է Վլադիմիրը:

Իր շախմատային ապշեցուցիչ ուղու մասին Վլադիմիրը պատմում է շատ համեստորեն ու շեշտում, որ լինելով շախմատիստ` իր երեք որդիներից ոչ մեկին շախմատ խաղալ չի սովորեցնի, քանի որ գիտի, թե ինչ ահռելի ջանքեր են պահանջվում բարձունքի հասնելու համար. «Եթե լինել շախմատիստ` ապա միայն առաջին կարգի: Այսօր ես չեմ մտնում աշխարհի լավագույն շախմատիստների տասնյակի մեջ: Իսկ 2-րդ տասնյակում լինելը ինձ քիչ է սփոփում»: 

Վլադիմիրը ցավով է նշում, որ մեր հավաքականի տղաները նույն թափով չեն կարողանում հանդես գալ անհատական մրցաշարերում: «Եթե նույն Գաբին անհատականի ժամանակ այսպիսի արդյունքներ ցույց տար, ապա աշխարհի լավագույն շախմատիստների տասնյակի մեջ կլիներ,նույնիսկ եռյակի, նույնն էլ ես կամ մյուս տղաները»,- ասում է Վլադիմիրը:

Համեստ ու զուսպ Վլադիմիրը ընկերական շրջապատում բավականին ակտիվ է. «Վովան շատ լավ մարդ է, հավասարակշռված է ու բարի: Նա ուրիշների հետ մի քիչ դժվար է կոնտակտի գնում, բայց շատ լավ ընկեր է»,-ասում է թիմակից Գաբրիել Սարգսյանը:
Վլադիմիրը խաղում է Ռուսաստանի, Իսպանիայի, Ֆրանսիայի ակումբներում: Բացի դրանից, զբաղվում է մարզչությամբ, եւ նրա բոլոր մարզիկներն արդեն գրոսմայստերներ են, իսկ Տիգրան Պետրոսյանը` արդեն Օլիմպիական չեմպիոն:

Ընկերներին Վովան հաճախ զբաղեցնում է երգով ու կիթառի նվագով: 6 տարեկանում նա ցանկություն հայտնեց կիթառ նվագել եւ մի քանի տարի հաճախեց կիթառի դասերի. «Ուսուցիչս ասում էր, թե 3 տարում ինձ հրաշալի կիթառահար կդարձնի, այնպես, որ կկարողանայի աշխարհում համերգներով հանդես գալ ու մեծ հաջողություններ ունենալ, սակայն ես ուղղակի ուզում էի ինձ համար նվագել ու երգել, ուրիշ ոչինչ»: Վլադիմիրը միշտ սիրով նվագում է ընկերների համար Վիսոցկու, Ռուբեն Հախվերդյանի երգերը, սակայն կիթառը իր հետ չի ճամփորդում. «Չեմ տանում հետս, բայց որ մի տեղ տան, միշտ կնվագեմ»,- ասում է շախմատիստը:

Վլադիմիր Հակոբյանը ասում է, որ մանկուց պարտություններին շատ հանգիստ է վերաբերվել եւ դրանք ոչ միայն չեն ընկճել նրան, այլ հակառակը` ուժ են տվել. «Պարտությունից հետո ես ավելի հավաքված եմ խաղում»:

Հավաքականի թիմային ոգին, որով մասնագետները բացատրում են Օլիմպիադայում տարած հաղթանակը, իրոք, շատ մեծ ազդեցություն է ունեցել տղաների վրա: «Ես էլ չեմ հասկանում` ինչու է այդպես: Կարծես թե նույն տախտակն է, խաղում ես, էլի, քեզ համար, բայց երբ կողքդ տեսնում ես քո 3 ընկերներին, մի տեսակ ուրիշ մթնոլորտ ես զգում, մենք անկեղծ ցավում ենք մեկս մյուսի համար, անկեղծ ուրախանում ու տխրում, երբ կողքիս զգում էի Լյովային, Գաբիին ու Տիգրանին, ինձ ավելի ուժեղ էի զգում, չնայած մեկ-մեկ նրանց խաղին հետեւելով` շեղվում էի»,- պարզաբանում է Վլադիմիրը:

«Երկու տարի առաջ, երբ Թուրինում չեմպիոն դարձանք, ուրախությունը, անկասկած, ավելի մեծ էր, այս անգամ մի տեսակ արդեն սովորական էր: Հետո` այս տարի մեզնից ոչ մեկը այնպես չէր ուրախանում, ինչպես 2006 թ. ցնծում էր մեր Կարենը: Ես նայում էի նրա ուրախությանը ու զարմանում, թե ինչպես կարելի է ամբողջ օրը հայկական դրոշի մեջ փաթաթված ուրախանալ: Ամենաէմոցիոնալը այս անգամ չկար: Եվ նույնիսկ զարմանալի էր, թե ինչպես 2-րդ անգամ չեմպիոն դարձանք, նույնիսկ անհավանական էր, քանի որ մեր միավորները ամենաբարձրը չէին,- զարմանում է Վլադիմիրը ու միանգամից ավելացնում,- իրականում ես գիտեմ` ինչու հաղթեցինք: Կարենը մեզ հետ էր, նա իր էներգիայով ամբողջ մրցաշարի ընթացքում մեր կողքին էր ու մեզ ուժ էր տալիս: Մենք նրա համար հաղթեցինք»:

Տա Աստված, որ Կարենի հոգին միշտ մեր տղաների հետ լինի ու միշտ նրանց հաղթական ոգով պարուրի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter