HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդցի երիտասարդները՝ ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի

Հունվարի 28-ին Ալավերդիում տեղի է ունեցել երիտասարդ ակտիվիստների նախաձեռնող խմբի տոնատեղեկատվական ակցիա: Վերջինիս նպատակը «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի հետ կապված ալավերդցիներին տեղեկատվություն հաղորդելը և օրենքի դեմ պայքարում համայնքի բնակչության ակտիվացումն էր:  

Խմբի ակտիվիստ, լրագրողուհի Մարիանա Պեպանյանը «Հետքին» հայտնեց, որ «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի դեմ պայքարը մի քանի երիտասարդներով սկսել են սոցիալական ցանցում: Հետո նկատել են, որ Ալավերդիում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերից չօգտվողների համար ինֆորմացիան այնքան էլ հասանելի չէ: «Աշխատանքից հետո պարզապես մի քանի հոգով օրենքի խոցելի կողմերի մասին տեղեկացրինք մարդկանց, դրանից հետ բնակիչները սկսեցին մեզ զանգահարել, ցանկություն հայտնեցին միանալ մեզ, որի արդյունքում էլ նախաձեռնող խմբի անդամների թիվը մեծացել է»,- ասաց Մարիանան:

Նա ներկայացրեց Հայոց բանակի օրը կուտակայինի դեմ տեղեկատվական ակցիա անցկացնելու՝ խմբի հիմնավորումները. «Օրենքի կիրառումը կնպաստի արտագաղթի ավելացմանը, այդ դեպքում էլ ի՞նչ հզոր բանակի մասին կարելի է խոսել, եթե զինվորներ չլինեն: Առանց այդ էլ զինակոչային տարիքի շատ հայ երիտասարդներ արդեն արտագաղթել են: Հենց բանակի ամրության, հենց օրենքի դեմ կանգնողների համար էլ որոշեցինք կազմակերպել այս ակցիան»:

Նախաձեռնող խմբի շուրջ 20 անդամներ, ալավերդցիներին «Դեմ եմ» շարժման պահանջների մասին տեղեկատվական թերթիկներ բաժանելով, շրջեցին Ալավերդու Թումանյան, Սպանդարյան, Ս. Սարահարթ թաղամասերով: Նրանք մտան քաղաքի կենտրոնական հանրախանութ և շուկա: Ակտիվիստները բնակիչներին կոչ էին անում չկատարել կենսաթոշակային ֆոնդերի և կառավարիչի ընտրություն, ձեռնպահ մնալ այդ ուղղությամբ որևէ գործողություն կատարելուց, քանի որ ՍԴ-ի հունվարի 24-ի որոշումը նրանց տալիս է այդ հնարավորությունը: Կոչ էին անում աշխատողներին գործատուներից պահանջել իրենց աշխատավարձից չկատարել պարտադիր կուտակային վճարումներ և փոխանցումներ: Ակտիվիստներին փողոցներում ոգևորությամբ իրենց համաձայնությունն էին հայտնում հատկապես երիտասարդները: Ակտիվիստները այցելեցին Ալավերդու Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձան, իսկ վերջում Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում մոմեր վառեցին և աղոթեցին հայրենիքի համար զոհված զինվորների հոգիների հանգստության համար:

«Մեր պահանջը այն է, որ օրենքը տվյալ դեպքում ավելի երկար ճանապարհ անցնի, ավելի երկար քննարկումների առարկա դառնա, օրենքի կիրառումը չդառնա պարտադիր, այլ լինի կամավոր սկզբունքներով: Աշխատող մարդը ինքը որոշի՝ օգտվելու՞ է օրենքից, թե՞ չի օգտվել»,- ասաց ակտիվիստ Օլեգ Դուլգարյանը: Ակտիվիստ Աշխեն Թանդիլյանը գտնում է, որ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքով ոտնձգություն է իրականացվում մարդու սեփականության սահմանադրական իրավունքի նկատմամբ: «Այնպես որ դեպի մարտի 28-ը գնալու լուրջ ճանապարհ ունենք: Ես հույս ունեմ, որ Սահմանադրական դատարանը կկանգնի քաղաքացիների կողքին»,- ասաց Աշխենը: Ակտիվիստ Լիլիթ Խեչիկյանը ասաց, որ «Ազատություն» ռադիոկայանով լսել էր ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հայտարարությունը այն մասին, թե ինքը կամավոր կմիանար կուտակային կենսաթոշակային ֆոնդին, եթե անձամբ վատ կառավարեր այդ գումարները: «Ինձ թվում է՝ յուրաքանչյուրս էլ այնքան խելք ունենք, որ հանրապետական պատգամավորի նման կարող է կառավարել մեր գումարները»,- ասաց Լիլիթ Խեչիկյանը:

Մանանա Խեչիկյանն էլ ասաց, որ «Կոտակային կենսաթոշակի մասին» օրենքին դեմ է, որովհետև կուտակային ֆոնդերը մասնավոր են, ոչ թե պետական. «Ես չեմ կարծում, որ 30 տարի հետո նրանք ի վիճակի կլինեն մեր գումարները հետ վերադարձնել: Շատ հանգիստ մի 20 տարի հետո կարող են սնանկ ճանաչվել, այդ դեպքում մեր գումարները ո՞վ է մեզ վերադարձնելու»: Ակտիվիստ Արգամ Ջավախյանն էլ կուտակայինին դեմ է նրա համար, որ երիտասարդությանը ճշգրիտ տեղեկատվություն չի տրվել: Այսուհանդերձ ալավերդցի երիտասարդ ակտիվիստները վճռական էին մինչև մարտի 28-ը «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի դեմ պայքարը Ալավերդիում թեժացնելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter