HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երվանդ Զախարյանի մութ գործարքները, արտոնյալ գեներալը և «բանկում գրավադրված» 12 ընտանիք

12 ընտանիք պայքարի մեջ է մտել «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ի հետ: Ընկերությունը սեփականության վկայական ունի այդ տարածքի նկատմամբ և ուզում է վտարել նրանց, սակայն բնակիչներն ասում են, որ այն օրինական ճանապարհով չի ձեռք բերվել և որպես երկար տարիների բարեխիղճ օգտագործողներ տարածքի նկատմամբ իրենց իրավունքներն առաջնային են: 

1987 թվականից նրանց մի մասը սկսել է մաքրել Երեւանի Նոր Նորքի 7-րդ զանգվածին հարակից (Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից քիչ ներքև ընկած հատվածում) ձորակը, ձերբազատել քարերից, հարթեցնել և մշակելի հողատարածք սարքել: Որպեսզի դիմակայեն «մութ ու ցուրտ» տարիների դժվար պայմաններին, հետզհետե մարդիկ են ավելացել, բերքատու այգիներ ստեղծել և տներ կառուցվել:  7 ընտանիք տուն է կառուցել, որից 3-ը` քարե շինություններ են:

Կարինե Մեսրոպյանը

Սոնա Գզողյանը

 

6 երեխայի մայր Կարինե Մեսրոպյանը 1988-ից եկել և տիրություն է արել այդ տարածքի 2,7 հա հեկտարին: «Ծանր պատերազմական վիճակ էր, իմ երեխաները սոված էին, բարուրի երեխա ունեի, չէի կարողանում պահել: Ես եկել եմ ստեղ արդեն մարդ կար: Էդ հողը էս 25 տարվա մեջ, բարուրի էրեխեն հետս, մյուս երեխեքս հետս, էս օձերի ու կարիճների մեջ մաքրել եմ լոմ ու քլունգով, 80 կիլոգրամանոց քարերը գետնի միջից հանել եմ, պատ եմ շարել, Մասիս լեռի նման լեռը 3 մասի եմ բաժանել հարթեցնելով, որ բան ցանեմ, որ իմ էրեխեքը ուտեն: Ձեռներիս նայի, մազոլ են եղել սաղ»,- ասում է Կ. Մեսրոպյանը` ցույց տալով կոշտուկներով պատված ձեռքերը: 

«Իմ երեխաների հետ ես գրանցված եմ այստեղ, իմ աղջկան այստեղից ենք ամուսնացրել, իմ որդուն այստեղից են բանակ տարել»,- շարունակում է Սոնա Գզողյանը, ում ընտանիքը հենց այն ընտանիքների թվին է պատկանում, որ քարե տուն է կառուցել և ապրում է այդ տան մեջ: Վտարելու դեպքում Սոնայի ընտանիքը կհայտնվի փողոցում:

«Օպերայի էն տակը որ սարքում էին, Նարինեի (քարե տուն ունի նաև Նարինե Եսայանի ընտանիքը-հեղ.) ամուսինը փողը տվել է, որ ուրիշ տեղ չտանեն էդ հողը, էստեղ բերեն: 80 մեքենա հող է բերել, որ էս ճանապարհը սարքել ենք»,- ասում է Սամվել Չոբանյանը, ով առաջին տուն կառուցողներից է:

Ճանապարհը, որը բնակիչների ջանքերով է բարեկարգվել

Բնակիչները բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան` խնդրելով այդ տարածքները սեփականաշնորհել կամ վարձակալության տալ իրենց, քանի որ մաքրել ու մշակում են: 77 տարեկան Վարդգես Հարությունյանը առաջիններից է, ով հիմնել է իր այգին, կառուցել փոքրիկ տնակ և արդեն 22 տարի այդ տարածքին տիրություն է անում: Նրա մոտ էլ պահպանվել են այդ դիմումներին տված Երևանի քաղաքապետարանի պատասխանները. քաղաքապետարանը պարբերաբար մերժել է` պատճառաբանելով, որ դրանք անտառային հողեր են, իսկ երբ կատերգորիան փոխվի, աճուրդ կկազմակերպվի և այդ ժամանակ կանդրադառնան բնակիչների խնդրանքներին:

Վարդգես պապի մոտ պահպանվել է նաև իր այգու այս նկարը

Օրերից մի օր` 2011-ին հայտնվել է «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ն և հայտարարել, որ տարածքը իրենն է: Իսկ ՍՊԸ-ի հիմնադիր և բաժնետեր, ռուսաստանաբնակ Գոռ Խեչոյանը, տարածք այցելության ժամանակ, տեսնելով բնակիչների այգիները, կառուցած տները, հայտարարել է. «Լավ եք սարքել, բայց մեզ համար եք սարքել»: Ընկերությունը վտարման պահանջով դիմել է դատարան:

Որտեղից հայտնվեց «Ագրոհոլդինգ Արմենիա»-ն

«Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ն 2002-ին պետական գույքի մասնավորեցման պայմանագրով ձեռք է բերել Դավիթ Բեկի 201 հասցեում գտնվող «Ավտոտեխսպասարկման կայան» անավարտ շինությունը` 1.5 հա հողատարածքով: Այն ԽՍՀՄ-ի տարիներից ժառանգված կիսակառույց է եղել:

Դատարանում ի հայտ է եկել, որ 2003թ.-ի հունիսին կառավարությունը որոշում է կայացրել հողերի նպատակային նշանակությունը փոխել և «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ին առանց մրցույթի վարձակալության իրավունքով հողամաս տրամադրել`  ունեցած կիսակառույց շինության կից լրացուցիչ 2.8 հա հողամաս` 50 տարի ժամկետով: Այդ տարածքը տրամադրվել է ընկերությանը քարի մշակման գործարան կառուցելու նպատակով, չնայած բնապահպանության նախարարությունը ծրագրին բացասական կարծիք է տվել, քանի որ այն կից է Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակելի հատվածին:  Իսկ «Ագրոհոլդիանգ»-ը խոստացել է 240 աշխատատեղ ստեղծել, ներդնել 1.5 մլն եվրո:

Նարինե Եսայանը և նրա տունը

«Անցել է արդեն 11 տարի ոչ մի ներդրում, ոչ մի քար քարին չի դրվել, ոչինչ չի արվել, և սրանից հետո էլ նրանք դեռ հողի պահանջ են ներկայացրել: 11տարի պետությունը մնում է խափված ու դրա վրա աչքերը փակում է»,- պատմում է Նարինե Եսայանը:

Ստացվում է, որ այդ տարածքը սկզբից վարձակալության, հետո արդեն սեփականության իրավունքով պատկանել է «Ագրոհոլդինգ Արմենիա»-ին: Սակայն 2009-ին և 2012-ին քաղաքապետարանը, բնակիչների դիմումներին ի պատասխան, վստահեցրել է, որ նախորդ դիմումների պարզաբանումները մնում են ուժի մեջ:

«2007 թվականից հետո ՀՀ օրենսդրության մեջ չեն կատարվել այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս խնդրո առարկա հողամասը հատկացնել Ձեզ»,- Վարդգես Հարությունյանին պատասխանել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա. Ամյանը:

Իսկ 2012-ի գրությամբ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը Կարինե Մեսրոպյանին հորդորել է շարունակել օգտագործել այդ տարածքը: 

Արտոնյալ գեներալը

Բնակիչները կարծում են, որ այս ամենը քաղաքապետարանի և նախկին քաղաքապետ Երվան Զախարյանի սարքած «շիլաշփոթն է», որի շուրջը մեծ գումարներ են պտտվել: Ավելին, արանքում հայտնվել է նաև գեներալ Ավետիսյանը: Սեփականության սկզբնական վկայականը չի ունեցել տարածքի քարտեզ կամ նկարագիր: Ինչպես ընկերության նախկին պահակն է պատմել բնակիչներին, ընկերության տարածքը ոչ թե կիսակառույց շինության ձախ, այլ աջ կողմում է եղել: Սակայն հետագայում այդ տարածքին տիրացել է գեներալ Վարդան Ավետիսյանը, նույն ինքը` ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական, Վարդան Ավետիսյանը: Այդ պատճառով նրա տարածքն անձեռնմխելի են թողել, և «Ագրոհոլդինգին» տվել բնակիչների կողմից զբաղեցրած հատվածը:

Սա է բացատրում այն հանգամանքը, որ քաղաքապետարանը շարունակաբար իրենց դիմումներին, ընդհուպ մինչև 2009 և 2012 թվականներին, պատասխանել է, որ տարածքի վերաբերյալ որոշում չի կայացվել` այդպիսով «փափուկ բարձ» դնելով բնակիչների գլխի տակ:  

Արտոնյալ «Ագրոհոլդինգ Արմենիա»-ն

Իսկ հիմա ամենակարևորը. «Ագրոհոլդինգ Արմենիա»-ն մինչ օրս չի վճարել ձեռք բերված հողատարածքի գինը: Նրա սեփականության վկայականում հստակ գրված է, որ հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ: «ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերում հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը ենթակա է վճարման»: Օրենքի նշված հոդվածը պարտավորեցնում է կատարել վճարում, քանի որ նույն հոդվածում ասվում է, որ «իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը»: Մինչդեռ 2012թ. «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ի անվամբ կատարվել է իրավունքի պետական գրանցում և տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականը:

Ագրոհոլդինգին պատկանող կիսակառույցը. երևում է նաև Վարդգես Հարությունյանի տնակը

Քաղաքապետարանի այս «նվերը» հիմա գրավադրված է «Արդշինինվեստբանկում»` 440 հազար դոլար վարկի դիմաց. «Ագրոհոլդինգ Արմենիա»-ն իր գույքը գրավ է դրել երրորդ` «Ամասիա» ընկերության պարտավորությունների դիմաց:

Տարածքի մեջ են նաև վերևում նշված անձանց տները, հողատարածքները և նրանց ապագան: «Մեզ բոլորիս գրավ են դրել, մենք մարդ չե՞նք»,- ասում է Սոնա Գզողյանը: Թե ինչպես է կադաստրային արժեքը չվճարված հողը որպես գրավ վերցրել բանկը, բնակիչները զարմանում են:

«Այսօր մեկ թիզ հող չես կարող առնել առանց կադաստրային արժեքը վճարելու, այնինչ` 43 հազար մետր հողի տեր են»,- ասում է բնակիչների փաստաբան Արմինե Հարությունյանը: Մենք ասում ենք` դուք առանց ոչ մի կոպեկ մուծելու  194 մլն դրամի գույքային վնաս եք պատճառել պետությանը, խաբել եք և ոչ մի բան չեք արել ձեր խոստացածներից»: 

Վտարման վճիռ և վարչական հայց

«Ագրոհոլդինգ Արմենիա»-ն, իմանալով, որ բնակիչները որոշել են դատարան դիմել և հողերի օգտագործման 10 տարվա վաղեմության հոդվածով պահանջել իրենց զբաղեցրած տարածքները, ինքն է դիմել դատարան: Ընկերությունը դատարանից պահանջել է վտարել իր տարածքի մեջ ինքնակամ շինությունների տերերին և հողամաս զբաղեցնողներին: Ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի հակընդդեմ հայց էլ բնակիչներն են ներկայացրել: Դատավոր Նաիրա Մարգարյանը, սակայն, վտարման վճիռ է կայացրել: Վերաքննիչը, Նախշուն Տավարացյանի նախագահությամբ, նույնն է թողել առաջին ատյանի վճիռը:

Դատարանում ներկայացվել է, որ 1985թ. կառուցվել է Սիրվարդ Զարգարյանի տունը 1987թ.` Արման Նազարյանի տունը, 1988թ.` Հայկ Չոբանյանի տունը, 2005թ.` Գառնիկ Ստեփանյանի տունը, 2008թ.` Նարինե Եսայանի տունը: Սակայն դատարանը չի համարել, որ նրանք անընդմեջ, բարեխիղճ և բացահայտ տիրապետում և օգտագործում են այդ գույքը և տարածքները: Փաստաբան Արմինե Հարությունյանը նշում է, որ  եթե ապօրինի էր, ապա ինչու պետական որևէ կառույց չի ասել` հարգարժան բնակիչներ, դուք մուտք եք գործել ուրիշի տարածք, հանկարծ շինություն չկառուցեք: Հակառակը, իր պատասխաններով քաղաքապետարանը վստահեցրել է, որ հողն անտառային է և աճուրդ է լինելու:

12 ընտանիքները նոր հայցով մտել են վարչական դատարան: Վիճարկում են «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի օգտին Երևանի քաղաքապետի կայացրած որոշումը և վարձակալության պայմանագիրը: Արմինե Հարությունյանն ասում է, որ վարձակալության պայմանագրի դեպքում պետք է լիներ անշարժ գույքի հատակագիծը, որը չի եղել: 

Այսօր կայացած դատական նիստում ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը քաղաքապետարանի ներկայացուցչից պահանջեց ներկայացնել այնպիսի փաստաթղթեր, որտեղ հստակ երևա, որ մինչ կառավարության որոշումը քաղաքապետարանը տվյալ տարածքի վերաբերյալ որևէ տեղեկանք կամ փաստաթղթային հիմնավորում է ներկայացրել կառավարությանը, որ նշված տարածքը որևէ կերպ օգտագործվել է կամ ոչ: Իսկ հայցվոր կողմը պիտի ներկայացնի Հանրային հեռուստաընկերության տարիներ առաջ արված նկարահանումը, որտեղ երևում են, որ այդ տարածքում ոչ միայն այգիներ են մշակվել, այլ նաև տներ են եղել: 

Այսօրվա նիստում Կադաստրի ներկայացուցիչը միջնորդեց, որպեսզի գործում ներգրավվեն նաև «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի հիմնադիրները` Գոռ և Արմեն Խեչոյանները: Դատարանը բավարարեց միջնորդությունը և նիստը հետաձգեց մինչև ապրիլ:

«Այնքան էն հղփացել, որ մարդու իրավունքները ոտահարում են, այստեղ մարդ կա, մարդ չկա, տուն ունի, տուն չունի, իրենց համար միևնույն է: Չենք հանձնվելու: Փաստը մնում է փաստ, որ մենք ենք իրական տերը այս հողատարածքի: Դու ոնց այսքան տանջանքը, այսքան գործը անտեսես,- ասում է Նարինե Եսայանը: -Մենք էլ ենք սուբյեկտ, իրենք էլ են սուբյեկտ, ինչու ոչ մեզ, այլ իրենց»:

«Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ի տնօերն Արշավիր Մարտիկյանի հետ զրուցել չհաջողվեց. ընկերության գրասենյակից պատասխանեցին, որ պրն Մարտիկյանը տեղում չէ, շատ զբաղված է և դժվար ժամանակ գտնի: Այնուամենայնիվ, թողեցինք հեռախոսահամար, որ ազատվելու դեպքում Ա. Մարտիկյանը կապ հաստատեր: Առ այսօր որևէ արձագանք չենք ստացել:

Մեկնաբանություններ (2)

Յո երթաս?
Ճզմել, ոչնչացնել անճարներին` բազմապատկելու համար կարողությունն ու զորությունը հզորների! Ահա հասարակարգի զարգացման ներկա համաշխարհային պարզ կարգախոսը, որը ջանադրաբար սերտել եւ իրականցնում են առավել աչքաբաց, գործունյա հայերը: Հառաջ Հայաստան ---- դեպի ու՜ր, կարճամիտ թշվառաներ!
Garbis Sariyan
SHAME!! SHAME!!! AMOTE!!! AMOTE!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter