HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

5 տարի «սուպեր» բենզին են վաճառում, բայց չեն ներկրում

Չնայած նրան, որ հատկապես Երեւանի բազմաթիվ բենզալցակայաններում «ռեգուլյար» եւ «պրեմիում» տեսակներին զուգահեռ վաճառվում է նաեւ «սուպեր» բենզին, պարզվում է՝ 2008-ից ի վեր մեր երկիր այդպիսի վառելիք չի ներկրվել (մարզերում նման բենզին գրեթե չեն վաճառում): Վերջին անգամ «սուպեր» տեսակի բենզին ներկրվել է 2008-ին՝ 1.416.200 լիտր (1.393.634 դոլար արժեքով): Այստեղ կա երեք տարբերակ. 1) ավելի ցածր տեսակի բենզինն իրացվում է «սուպերի» անվան տակ, 2) «սուպեր» բենզինը ներկրվում է ավելի էժան տեսակի անվան տակ, 3) վաճառողների պահեստներում այդ բենզինը մնացել է նվազագույնը 6 տարի եւ չի իրացվում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պետք է ուշադրություն դարձնի այս ամենին եւ ուսումնասիրի շուկայում առկա «սուպեր» բենզինը: Սակայն խնդիրը պետք է մտահոգի նաեւ ՊԵԿ-ին, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին, ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչությանը:

Ներկայացնենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները բենզինի եւ դիզվառելիքի արտահանման ու ներկրման վերաբերյալ, որոնք ստացվում են ՊԵԿ-ի մաքսային հայտարագրերից: 2013 թ.-ի ցուցանիշները, որոնք դեռեւս ԱՎԾ-ն չի հրապարակել, տրամադրել է ՊԵԿ-ը (ծավալները՝ տոննայով եւ փակագծերում՝ դոլարային արժեքով):

Նշենք, որ արտահանման ցուցանիշներն իրականում չեն արտացոլում պատկերը, քանի որ Արցախին հատկացվող միջոցները չեն երեւում:

«Ֆլեշն» ու «CPS»-ը ներկրում են, մյուսները՝ գնում նրանցից

Մեր երկրում բենզինի եւ դիզվառելիքի ոլորտում կա մի քանի խոշոր ընկերություն. «Ֆլեշ» ՍՊԸ, «Սի փի էս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ, «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ, «Մաքսհուր» ՍՊԸ, «Ռան-Օյլ» ՍՊԸ: Ըստ ՏՄՊՊՀ-ի 2010-ի վերջին  ուսումնասիրությունների՝ շուկայում գերիշխող դիրք ունեն «Ֆլեշը» (բենզին՝ 42,6 %, դիզվառելիք՝ 47,3 %) եւ «CPS»-ը (բենզին՝ 41,8 %, դիզվառելիք՝ 40,8 %, «Սիփի էս Օիլ Քորփորեյշն»-ը փաստացի փոխարինել է «Սիթի Պետրոլ Գրուպ»-ին, որի անունը տեղ է գտել ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության մեջ): Այս թվերը 4 տարվա հնություն ունեն, չնայած երկու ընկերություններն էլ մինչ օրս ակնհայտ առաջատար են ասպարեզում: Մյուս ընկերությունների՝ շուկայում մասնակցության չափաբաժինների վերաբերյալ ՏՄՊՊՀ-ն տվյալներ չունի:

«Ռան-Օյլ» ընկերության տնօրեն Սամվել Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ բենզին ու դիզվառելիք ընկերությունը չի ներմուծում, այլ գնում է «Ֆլեշից» ու «CPS»-ից: Մեր դիտարկմանը, թե պաշտոնական տվյալներով 2008-ից հետո «սուպեր» բենզին չի ներկրվում, Բաղդասարյանն առարկեց՝ նշելով, որ, օրինակ, «Ֆլեշը» բերում է, եւ իրենք երկու ընկերություններից էլ գնում են (Բաղդասարյանի հետ հեռախոսազրույցը կարող եք լսել այստեղ): «Ռան-Օյլ»-ն այն ընկերություններից է, որոնց լցակայաններում այսօր կարելի է «սուպեր» բենզին գտնել:

Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Լենինգրադյան եւ Կիեւյան եռաթեւ խաչմերուկի մոտ գործող լցակայանում (վերեւի նկարում), ինչպես նաեւ մի քանի այլ տեղերում, որոնք գործում են «Մաքս Գրուպ» կամ «Մաքս Օիլ» բրենդի տակ, նույնպես վաճառվում է «սուպեր» բենզին: Սակայն «Մաքսհուր» ընկերության հաշվապահությունից հերքեցին, թե իրենք այժմ «սուպեր» բենզին են վաճառում, եւ վերոնշյալն իրենց լցակայանն է՝ չնայած անվան առկայությանը: Միաժամանակ տեղեկացրին, որ «Մաքսհուրը» բենզին ու դիզվառելիք թե ներկրում է, թե գնում «Ֆլեշից» ու «CPS»-ից: Ներմուծումները կատարվում են Ռումինիայից եւ Բուլղարիայից (աուդիո):

Հավելենք, որ այսօր խոշոր ընկերությունները, փոքր լցակայանների տերերի հետ պայմանագիր կնքելով, նրանց իրենց վառելիքն են մատակարարում, որը վաճառվում է մատակարարի ապրանքանիշի ներքո:

«CPS» ընկերության տնօրեն Արթուր Դանիելյանի հետ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել. աշխատակցուհին մեր շարունակական զանգերին պատասխանում էր, որ ղեկավարությունից մարդ չկա, իսկ ինքը չի կարող պատասխանել հարցերին: Նախկինում առիթ ունեցել ենք նշելու, որ «CPS»-ը աշխատում է մեկուսի պայմաններում, ինչն ապացուցվում է հերթական անգամ (աուդիո-1, աուդիո-2, աուդիո-3):

«Ֆլեշի» տնօրինությունը նույնպես անհասանելի մնաց: Տնօրեն Յաշա Խաչատրյանը կամ տեղում չէր, դուրս էր եկել, կամ էլ խորհրդակցության էր: Իսկ փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը, ըստ ընկերության աշխատակցուհու, ներկա պահին չի աշխատում «Ֆլեշում» (աուդիո-1, աուդիո-2, աուդիո-3, աուդիո-4):

Եթե գերիշխողներից «CPS»-ի ապրանքանիշով լցակայաններից միայն մեկում մեր ֆոտոխցիկը «սուպեր» բենզին ֆիքսեց (վերեւի նկարում. Նորք-Մարաշում գտնվող այս լցակայանում «սուպեր» բենզինն արժե 500 դր, այնինչ բոլոր մյուս տեղերում 530 է, ինչը մտածելու տեղիք է տալիս), ապա լրիվ հակառակ պատկերն էր «Ֆլեշում»:

«Միկա Քորփորեյշն»-ի աշխատակցուհին էլ հայտնեց, որ ներկայում ընկերությունը չի վաճառում «սուպեր» բենզին եւ ներմուծումներ չի կատարում (աուդիո): Նա դժվարացավ ասել, թե որ երկրներից է ընկերությունը նախկինում բենզին բերել, սակայն «Միկայի» պաշտոնական կայքում նշված են Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Ռուսաստանը, Ուկրաինան:

Տնօրենի բացակայության պատճառով նրա հետ զրուցել չկարողացանք, սակայն «Արմինֆոն» տարեսկզբին գրեց, որ եթե ավելի վաղ ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր բոլոր ակտիվներից, այդ թվում՝ նավթային բիզնեսից հրաժարվելու մասին, ապա հիմա ոչ պաշտոնապես հայտնի է դարձել, որ «Ռոսնեֆտը» գնել է Բաղդասարովի նավթային ակտիվները: Ըստ այդմ՝ ռուսները գնել են ոչ միայն լցակայաններն ու նավթի բազաները, այլեւ գրասենյակային տարածքները: «Հայկական ժամանակի» հետ զրույցում էլ «Միկայի» ներկայացուցիչն ասել էր, որ այն դեռեւս չի վաճառվել, սակայն գործարքը չի բացառվում: Կարելի է ասել, որ «Արմավիայի»՝ ավիացիայից դուրս գալուց հետո Բաղդասարովը՝ ի դեմս «Միկա Քորփորեյշն»-ի, դուրս է գալիս Հայաստանի նավթային շուկայից: 

Ո՞րն է տարբերությունը

«Ռեգուլյար», «պրեմիում» եւ «սուպեր» տեսակներն իրարից տարբերվում են որակական հատկանիշներով: Արտասահմանից վերցված այս անվանումներին համարժեք կիրառվում են նաեւ խորհրդային տարբերակները՝ АИ-91, АИ-95, АИ-97 (կա նաեւ АИ-80 կամ «նորմալ» տեսակը, որը գրեթե դուրս է եկել շրջանառությունից), որտեղ երկրորդ բաղադրիչը օկտանային թիվն է: Այս թվով բնութագրվում է բենզինի ճայթյունակայունությունը (սեղմման ժամանակ վառելիքի չբռնկվելու ունակությունը):

Որքան բարձր է օկտանային թիվն, այնքան բենզինը ճայթյունակայուն է, այլ կերպ ասած՝ անվտանգ: Նշված օրինակներում օկտանային թիվը նվազագույնն է տվյալ տեսակի համար: Ասենք, «ռեգուլյար» բենզինի ՕԹ-ն պետք է ցածր չլինի 91-ից, «պրեմիումինը»՝ 95-ից, «սուպերինը»՝ 97-ից (մինչեւ 2006 թ. Հայաստանում «սուպերի» նվազագույն թիվը 98-ն էր):

Ցածր կարգի բենզինը բարձրի անվան տակ իրացնելն ամենատարածված խախտումն է

Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանն ասում է, որ սա շատ լուրջ հարց է, քանի որ իրենք էլ պարբերաբար բախվում են դրան: «Մենք շատ տխուր դեպքեր ենք հայտնաբերել, երբ, օրինակ, մի հորից երեք տեսակի բենզին է վաճառվում, կամ «ռեգուլյարը» «սուպերի» անվան տակ է վաճառվում»,- նշում է գլխավոր պետական տեսուչը: Ըստ վերջինիս՝ ամենատարածվածը ցածր կարգի բենզինը բարձրի անվան տակ իրացնելն է: Տեսչությունն արդեն երեք տարի հանրապետությունով մեկ իր ստուգումներն իրականացնում է հատուկ շարժական լաբորատորիայի միջոցով, որից, ըստ Խալիկյանի, տարածաշրջանում միայն Հայաստանն ունի: Դրանում մարդկային գործոնը բացակայում է. փոքր քանակությամբ նմուշը ավտոմատ կերպով ենթարկվում է զննության, եւ հաշված րոպեներից մեքենան թղթի վրա տալիս է դրա բնութագիրը: 

Տեսչությունը խախտում թույլ տված կազմակերպություններին կարող է տուգանել մինչեւ 300.000 դրամի չափով (ամեն լցակայանի համար) եւ նույնիսկ կասեցնել վաճառքը մինչեւ խախտումի վերացումը կամ ընդհանրապես արգելել: Ըստ գլխավոր տեսուչի՝ շատ ազդեցիկ է լինում մամուլի ներկայությունը ստուգումների ժամանակ, երբ արձանագրվում է խախտումը: Սպառողն էլ իր հերթին գիտակցում է, թե որտեղից կարելի է լիցքավորել, իսկ խախտում թույլ տված լցակայանը ձգտում է վերականգնել իր վարկը: Այս տարի, ըստ Լ. Խալիկյանի, ԱԺ կներկայացվի երկու օրինագիծ, որոնցով նախատեսվում է բարձրացնել տուգանքի չափերը, ինչն էլ ավելի զսպող գործոն կդառնա: Տեսչության պետի փոխանցմամբ՝ շատ են լինում դեպքեր, երբ փոքր ընկերությունը խոշոր ներկրողից գնում է «ռեգուլյար» բենզին (դա երեւում է հաշիվ-ապրանքագրերում), սակայն գերշահույթ ստանալու նպատակով սկսում է այն վաճառել որպես «սուպեր»: Կապ ունի նաեւ այն, թե որտեղ է տեղակայված լցակայանը, քանի որ հեռու վայրերում մարդկանց խաբելն ավելի հեշտ է:

Ներկայացնենք 2011-2013 թթ. շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից կատարված մի շարք ստուգումների եւ դրանց արդյունքների պատկերը: 

Այս ընկերություններից «Մաքսհուրի» եւ «Միկայի» դեմ տեսչությունը վճարման կարգադրություն արձակելու պահանջով (քանի որ չեն վճարել տուգանքը) դիմել է դատարան, նրանք էլ իրենց հերթին հակընդդեմ հայցեր են ներկայացրել՝ վիճարկելով տուգանքի որոշումները:

«Ֆլեշ» ՍՊԸ-ն 2012-ի առաջին եւ 2013-ի երրորդ եռամսյակներում պետք է ստուգվեր տեսչության կողմից, սակայն 2012-ի ստուգվողների ցանկից հանվել է տեսչության ծանրաբեռնվածության պատճառով, իսկ անցյալ տարի ՕԹ-ն որոշող սարքի խափանվելու արդյունքում ստուգումները հետաձգվել են ու նշանավել այս տարի: Այսկերպ չի ստուգվել նաեւ «Տիտան Պետրոլ» ՍՊԸ-ն (2013-ի երրորդ եռամսյակ):

Թե ինչպես է Տիգրան Սարգսյանը նպաստել բիզնեսի խթանմանը

ՀՀ կառավարությունը սահմանում է այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման: Այսինքն՝ տվյալ արտադրանքը պետք է պարտադիր փորձարկում անցնի, որից հետո տրվում է սերտիֆիկատ: Մինչեւ 2008 թ. փորձարկումները կատարվում էին կառավարության 2004 թ. հուլիսի 29-ի որոշման հիման վրա, որով պարտադիր հավաստման ենթակա ապրանքների մեջ հաստատված էին նաեւ նավթը, նավթամթերքը, գազը, այդ թվում՝ բենզինն ու դիզվառելիքը: 2004-ի նոյեմբերին Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը հաստատել էր նաեւ ներքին այրման շարժիչների վառելիքների տեխնիկական կանոնակարգը: Դրա 3-րդ մասը (շուկա մուտք գործելու կաննոները), մասնավորապես, սահմանում է. «ՀՀ տարածքում արգելվում է ավտոմոբիլային բենզինի եւ դիզվառելիքի իրացումն առանց համապատասխանության հավաստման: ՀՀ տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա եւ շրջանառության մեջ գտնվող ավտոմոբիլային բենզինն ու դիզվառելիքը պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ կամ համապատասխանության սերտիֆիկատով»:

Սակայն 2008-ի օգոստոսին նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը 2004-ի հուլիսյան որոշման մեջ կատարել է մի հետաքրքիր փոփոխություն. «պարտադիրի» ցանկում առկա նավթային ապրանքներից հանվել են, մասնավորապես, գազը, «ռեգուլյար», «պրեմիում», «սուպեր» բենզիններն ու դիզվառելիքը: Այդ փոփոխությամբ նշված ցանկը կրճատվել է շուրջ 65-70 տոկոսով: Կառավարությունն, ըստ այդմ, որոշել է, որ ցանկի կրճատումը լուրջ աջակցություն կարող է լինել բիզնեսի խթանմանը: Մասնավորապես, ներմուծողը ապրանքի համապատասխանության հավաստման աշխատանքները պետք է իրականացնի դրա իրացման փուլում, այլ ոչ թե ներմուծման պահին, որը, ըստ գործադիրի, կնպաստի մի կողմից` ներմուծողի ժամանակի խնայմանը եւ համապատասխանության հավաստման աշխատանքների ժամանակ մատուցվող ծառայության որակի բարձրացմանը, մյուս կողմից` սպառողների շահերի պաշտպանվածությանը: 2010-ին հուլիսին նույն նշանաբանով Տ. Սարգսյանի կառավարությունը «պարտադիրի» ցուցակից հանել է նաեւ ավիացիոն բենզինը, ռեակտիվ բենզինը, ռեակտիվ վառելիքը (կերոսին), շարժիչային յուղերն ու տուրբինային քսայուղերը, հիդրավլիկ հեղուկները:

Իսկ ինչու՞ է Տիգրան Սարգսյանը նման որոշումներ ստորագրել: Վառելիքի թիվ մեկ ներկրող Բարսեղ Բեգլարյանի («Ֆլեշ») ու վարչապետի մտերմությունը, որ չի հերքել նաեւ Սարգսյանը, արդեն քանի տարի կանաչ լույս է վառում գործարարի առաջ, եւ նա, կառավարության որոշումների շնորհիվ հայտնվելով արտոնյալ պայմաններում, վառելիք է մատակարարում պետական խոշոր կառույցներին, բանակին, սուբսիդավորվող դիզվառելիք վաճառում գյուղացիներին: Վերոնշյալ որոշումներով Սարգսյանն իր ընկերոջն ազատել է մաքսակետերում «ավելորդ գլխացավանքից»: Սակայն «Ֆլեշից» բացի՝ վարչապետը այդպիսով լավություն է արել նաեւ ավիացիոն վառելիք ներկրող Միխայիլ Բաղդասարովին, ՀՀ իրավապահների հիմնական մատակարար «CPS»-ին, յուղերի տարբեր ներկրողներին:

2011-ին կառավարությունը հաստատել է մի կարգ, որի համաձայն՝ մաքսային մարմինները Ստանդարտների ազգային ինստիտուտին են ներկայացնում հաստատված ցանկում առկա ապրանքները, որոնց ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների մասին ինֆորմացիան (կիսամյակային կտրվածքով) հետագայում փոխանցվում է մաքսայինին: Այդ ցանկի մեջ իբրեւ հավաստման ենթակա արտադրանք նշված են նաեւ «ռեգուլյար», «պրեմիում եւ «սուպեր» բենզինները, դիզվառելիքը: Սրանք ցանկում մնացել են նաեւ 2012-ի օգոստոսին նոր կարգի (ներկայում գործող) հաստատվելուց հետո: Իսկ մինչ այդ՝ 2012-ի հունիսին, կառավարությունն արդեն ուժը կորցրած էր ճանաչել 2004-ի հուլիսյան որոշումը:       

Մի խոսքով՝ անկախ ամեն ինչից՝ այսօր ավտոբենզինն ու դիզվառելիքն անցնում են համապատասխանության հավաստում եւ դրանց համար տրվում է սերտիֆիկատ: Սակայն շուկայի վերահսկողության պետական տեսչության ստուգումների արդյունքում բացահայտվել են դեպքեր, երբ վաճառողը ներկայացրել է,  օրինակ, «սուպեր» բենզինի սերտիֆիկատ, այնինչ ստուգումը ցույց է տվել, որ իրացվողն ավելի ցածր կարգի բենզին է: Սա թե սերտիֆակցնող մարմնի՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի, թե վերահսկող տեսչության լուծելիք հարցն է, քանի որ խախտումը կարող է կատարվել կամ սերտիֆիկացման փուլում, կամ էլ մանր իրացնողների կողմից ներկրողից գնված ցածրակարգ վառելիքը ավելի բարձրի անվան տակ իրացնելիս:

Հայաստան մտնող բենզինը հիմնականում բուլղարական եւ ռումինական ծագում ունի 

Հայաստան ներկրվող բենզինը գլխավորապես բուլղարական եւ ռումինական ծագում ունի: Եվրամիությունը ՀՀ-ի թիվ մեկ տնտեսական գործընկերն է հենց վառելիքի մատակարարման շնորհիվ: 2010-ին, օրինակ, «հանքային վառելանյութեր, նավթ եւ նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր» ապրանքախմբի 238.795 տ ներկրում է կատարվել, ինչը կազմել է այդ տարվա ԵՄ-ից ներկրումների 58 տոկոսը: 2011-ին ներկրումները նվազել են՝ 194.790 տ, ինչը ԵՄ-ից տարեկան ներմուծումների 48 տոկոսն է եղել: 2012-ին նշված խմբի ապրանքներից ներկրվել է 144.134 տ (ԵՄ-ից տարվան երկրումների 43 տոկոսը): 

Ներկայացնենք ԱՎԾ-ի տվյալները՝ բուլղարական եւ ռումինական վառելիքի ներկրումների վերաբերյալ (ծավալները՝ տոննայով եւ փակագծերում՝ դոլարային արժեքով): 

Իսկ ահա Ռուսաստանը, չնայած ՀՀ-ում գազի մատակարարման փաստացի մենաշնորհին, բենզինի ու դիզվառելիքի շուկայում չունի առայժմ նույնքան ամուր դիրքեր: Ասում ենք առայժմ, որովհետեւ անցյալ տարվա ապրիլի 4-ին կառավարությունում վարչապետի ներկայությամբ հայկական «Օյլ տեխնո» եւ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունները համաձայնագիր ստորագրեցին նավթամթերքների մարքեթինգի եւ առաքման բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծելու նպատակով համագործակցության վերաբերյալ: Տարեվերջին՝ դեկտեմբերի 2-ին, ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրվեց բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության համաձայնագիր: Օրեր անց՝ դեկտեմբերի 25-ին, երկրի ղեկավարն ընդունեց «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակությանը: Նախագահի ներկայությամբ «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» եւ «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրեցին համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր:

Բայց մինչեւ ռուսական նավթային «սապոգը» կհաստատվի Հայաստանում, վերադառնանք ԵՄ անդամների հետ առեւտրին: 2011-իմայիսին, երբ ՌԴ կառավարությունը որոշեց բարձրացնել նավթամթերքի արտահանման մաքսատուրքերը եւ մեկ ամսով արգելել բենզինի արտահանումը, հայաստանյան խոշոր ներկրողները հայտնեցին, որ իրենք Ռուսաստանից բենզին չեն ներկրում: «Ֆլեշը» որպես մատակարար նշեց Ռումինիային եւ Բուլղարիային, իսկ «CPS»-ը՝ Բուլղարիային, Ռումինիային, Իտալիային:

2008-ի օգոստոսյան ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո «The Georgian Times» թերթը բացահայտեց այն ընկերություններին, որոնք, թերթի բնորոշմամբ, այդ ծանր օրերին Հայաստանին փրկել էին էներգետիկ շրջափակումից: Դրանք ռուսական «Lukoil» եւ ռումինական «Rompetrol» ընկերություններն էին, որոնք բենզին եւ դիզվառելիք են մատակարարում Հայաստանին Բուլղարիայից եւ Ռումինիայից:

Պարբերականը, մասնավորապես, գրել էր, որ ռումինական «Rompetrol»-ի արտադրանքը Սեւ ծովով հասնում է մինչեւ վրացական Փոթի նավահանգիստ, որտեղիցէլ «Rompetrol Georgia»-ի միջոցով այն ձեռք է բերում հայկական «Ֆլեշ» ընկերությունը: 

«Rompetrol»-ը Ռումինիայի վառելիքի շուկայում երկրորդ խոշորագույն ընկերությունն է «Petrom»-ից հետո: Ստեղծվել է 1974-ին, 2007-ից վերահսկվում է «ԿազՄունայԳազ» ղազախական պետական ընկերության կողմից: Ունի մի շարք դուստր ձեռնարկություններ արտերկրում, որոնցից մեկը «Rompetrol Georgia»-ն է (հիմնադրվել է 2005-ին): Վերջինս, ըստ Wikipedia հանրագիտարանի տվյալների, որոնք վերցված են ընկերության կայքից, 2012-ի դրությամբ վառելիքի վրացական շուկայում 5 տոկոս ներգրավվածությամբ եղել է 5-րդ ընկերությունը: Վրաստանում այս ոլորտում մեծ դերակատարում ունեն ադրբեջանցիները: Պետական «SOCAR» ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «SOCAR Georgia»-ն, ոչ միայն Վրաստանին գազ մատակարարող հիմնական ընկերությունն է, այլեւ, ըստ պաշտոնական կայքի, տիրապետում է բենզինի վրացական շուկայի 72 եւ դիզվառելիքի 61 տոկոսին: Վերջերս, սակայն, հայտարարվեց, որ Ադրբեջանը անցյալ տարի 2012-ի համեմատ 76,3 %-ով նվազեցրել է բենզինի արտահանումը Վրաստան (2012-ին՝ 60.142 տ, իսկ 2013-ին՝ 14.250 տ): Այս հանգամանքից օգտվել են ռումինները, որոնք էլ լրացրել են եղած բացը:

Ըստ «The Georgian Times»-ի՝ ՀՀ-ի մատակարար բուլղարական ընկերությունը «Lukoil  Neftochim Burgas»-ն է: «Neftochim»-ը գործում է 1963-ից, 1999-ին ռուսական «Lukoil»-ի դուստր «Lukoil Europe Holdings» ձեռնարկությունը գնել է բուլղարական ընկերության վերահսկիչ փաթեթը (հետագայում ավելացրել է մասնաբաժինը) եւ այն վերանվանել ներկայիս անունով: «Lukoil Neftochim Burgas»-ը Բալկանյան թերակղզու խոշորագույն նավթավերամշակող գործարանն ու Բուլղարիայի ամենամեծ արդյունաբերական ձեռնարկությունն է:

Առաջ անցնելով՝ հայտնենք, որ «Մաքսհուր» ընկերությունից, մեր հարցին ի պատասխան նշեցին, որ իրենք էլ ներկրում են «Rompetrol»-ից եւ «Lukoil Neftochim Burgas»-ից:

Վրացական թերթը հաղորդել էր, որ Բուլղարիայից բենզինն ու դիզվառելիքը հասնում է մինչեւ Բաթում, որտեղից այն «Lukoil Georgia»-ի միջոցով ձեռք է բերում «CPS»-ը: Իր հերթին «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ «CPS»-ն իր վառելիքը ձեռք է բերում շահավետ պայմաններով. բանն այն է, որ Հայաստան եկող չափաքանակը ներառված է ռուսական քվոտայի մեջ, որն իր ծավալներով շատ ավելի մեծ է ու էժան:

Ռուսների նման բարեհամբույր կեցվածքը «CPS»-ի հանդեպ հասկանալի է դառնում, երբ հաշվի ենք առնում, թե ովքեր են կանգնած այս ընկերության թիկունքում:

Ի դեպ, «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը, որն ինչպես արդեն գրել ենք, 2012-ի նոյեմբերին թույլ տված խախտման պատճառով հայտնվել էր ֆիննախի «գորշ ցուցակում», կարողացել է խուսափել «սեւ ցուցակում» հայտնվելուց, ինչի դեպքում 6 ամսից մինչեւ 3 տարով կարող էր զրկվել պետգնումների մրցույթներին մասնակցելու իրավունքից: «Գորշ ցուցակի» գաղափարն այն է, որ եթե ընկերությունը ոչ ծանր խախտում է թույլ տվել, որպես զգուշացում մեկ տարով ընդգրկվում է տվյալ ցուցակում՝ առանց պետգնումներին մասնակցելու իրավունքի, իսկ եթե հանկարծ այդ մեկ տարում մասնակցության հայտ ներկայացնի, ապա կմտցվի արդեն «սեւ ցուցակ»: Սակայն նաեւ հայտնել ենք, որ այս ամենը որեւէ բան չի փոխել, քանի որ անկախ ամեն ինչից՝ նորաստեղծ «Սի փի էս Օիլ Քորփորեյշն»-ն արդեն մեկ տարի անում է «Սիթի Պետրոլ Գրուպ»-ի գործը: Ֆինանսների նախարարությունից «Հետքին» տեղեկացրին, որ մտածում են օրենսդրական այս բացը փակելու մասին, ինչի վերաբերյալ մենք ահազանգել էինք:

Ո՞վ է Աշոտ Սալազարյանի «թիկունքը»

«Հետքը» գրել է, որ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» (2012) եւ դրան նախորդած «Քաղ Պետրոլ Սերվիս» (1989), «Սիթի Պետրոլ Գրուպ» (2008) ընկերությունները հիմնադրել է Աշոտ Սալազարյանը, որը 1992-ից ներգրավված է ոլորտում:

Արդեն գրել ենք այն մասին, որ Սալազարյանը ռուսական բիզնես-միջավայրի ներկայացուցիչ է: Կարծիք կա, որ սա նրա անձնական բիզնեսը չէ. Սալազարյանն, այսպես ասած, լիազորված անձ է: Զարմանալի չէ, որ 1992-ից վառելիքի շուկայում ներգրավված նրա ընկերությունները, չնայած պետական կառույցների հետ ունեցած մի շարք խնդիրներին, պահպանել են իրենց դիրքերը երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող բնագավառում: Ավելին, ըստ մեր աղբյուրի, ժամանակին երկու անգամ նրանից փորձել են խլել բիզնեսը, սակայն՝ անհաջող:

«Հետքը» նաեւ գրել է, որ չնայած Սալազարյանն ու նրա կինը՝ «Քաղ Պետրոլ Սերվիս» ԱԿ-ի հիմնադիրներից Նոնա Սարգսյանը, ունեն ՀՀ անձնագիր, ընդգրկված չեն երկրի ընտրողների ռեգիստրում: Իրավաբանական անձանց պետռեգիստրի տվյալներով՝ նրանք գրանցված են Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում, բայց պարզվում է՝ դուրս են եկել հաշվառումից, դրա համար էլ բացակայում են ընտրողների ռեգիստրից: Ըստ մեր տեղեկությունների՝ Սալազարյանը միշտ չէ, որ Հայաստանում է լինում, եւ մեծ հաշվով հաշվառում ունենալն էլ էական չէ: «Քաղ Պետրոլ Սերվիս»-ի երրորդ հիմնադիրը Սալազարյանի քրոջ որդին է՝ Արա Հովհաննիսյանը, որն արտադրական կոոպերատիվի փոխնախագահն է, բնակվում է Շենգավիթում: «Հետքի» աղբյուրը նշել է, որ Սալազարյանի անունով հիմնադրված բիզնեսում ծանր կշիռ ունի նրա փեսան՝ Արամ Հովհաննեսի Հովհաննիսյանը (Արայի հայրը), որը Վանո Սիրադեղյանի՝ ՆԳ նախարար աշխատած ժամանակ (1992-1996 թթ.) եղել է Երեւանի փոխմիլպետ:     

Ռուսական հատուկ ծառայությունների նախկին գեներալ համարվող Սալազարյանի թիկունքում իսկապես ազդեցիկ ուժեր են կանգնած, այլապես հնարավոր չէ պատկերացնել, որ նրանից չեն կարողացել խլել շահավետ բիզնեսը: Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ այս գործարարը ներգրավված չէ քաղաքականության մեջ, ընդհանրապես հեռու է այդ ոլորտի ինտրիգներից, կարող է զարմանալի թվալ, սակայն ստվերային մուծումներ «վերեւներին» չի կատարում: Ավելի խոսուն փաստ կարծես թե չի կարող լինել: Նախորդ հրապարկումներից մեկի մեջ գրել էինք, որ, ըստ որոշ խոսակցությունների, այդ «թիկունքը» Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն է կամ նրա շրջապատը: Կիրիենկոն 1997-1998-ին ՌԴ վառելիքի եւ էներգետիկայի նախարարն էր, հետո մի քանի ամսով դարձավ վարչապետ, իսկ հիմա «Ռոսատոմ»-ի ղեկավարն է: 

Սակայն Սալազարյանին մոտիկից ճանաչողների տեղեկացմամբ՝ նախկին իրավապահի թիկունքում 1995-1998 թթ. ՌԴ ՆԳՆ նախարար, բանակի գեներալ Անատոլի Կուլիկովն է:  Վերջինս Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի հավատարիմներից էր, նրա օրոք զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ ներքին գործերի նախարարությունում, եղել է ներքին զորքերի հրամանատարը, մասնակցել է առաջին չեչենական պատերազմին: 1998-ին, երբ Վիկտոր Չեռնոմիրդինի կառավարությունը ազատվեց, եւ կազմավորվեց նորը՝ Կիրիենկոյի գլխավորությամբ, պաշտոնից հեռացվեց նաեւ Կուլիկովը, որը հետագայում երկու անգամ ընտրվեց Պետդումայի պատգամավոր: Ներկայում ՌԴ զորահրամանատարների ակումբի նախագահն է:  

Նաեւ Բարսեղ Բեգլարյանը, Հարություն Փամբուկյանը, Ռոբերտ Գալուստյանը

«Միկա  Քորփորեյշնի»-ի հիմնադիր Միխայիլ Բաղդասարովին վերն անդրադարձանք: Տեսնենք, թե ովքեր են բենզինի ու դիզվառելիքի շուկայի մյուս հայտնի ընկերությունների տերերը:

Ամենախոշորի՝ «Ֆլեշի» հիմնադիրը բոլորին քաջ հայտնի, ծագումով ղարաբաղցի գործարար Բարսեղ Բեգլարյանն է (Ֆլեշ Բարսեղ): Ըստ իրավաբանական անձանց պետռեգիստրի տվյալների՝ նա 1995-ին հիմնադրված ՍՊԸ-ի 84,17 տոկոսի փայատերն է, իսկ կինը՝ Սեդա Մելիքսեթյանը՝ 15,8 տոկոսի: Մնացած փոքր մասնաբաժինը գրանցված է Հասմիկ Սիսակյանի անունով. այն նախկինում պատկանել է վերջինիս ամուսնուն՝ Սամվել Սանամյանին: Այս երկու ընտանիքներն ապրում են Քանաքեռ-Զեյթուն համայնքի նույն փողոցում՝ իրար հարեւանությամբ:

2004-ին հիմնադրված «Մաքսհուր» ՍՊԸ-ն 2011-ից 100 տոկոսով պատկանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանին, որը 2002-ին նույնպես ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի ու Մհեր Բագրատյանի հետ հիմնադրել է «Մաքս Կոնցեռն»-ը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այսօր Փամբուկյանի անունը շատ չի շրջանառվում թե քաղաքական դաշտում, թե մամուլում: Բանն այն է, որ գործարարը տեղափոխվել է Մոսկվա, չնայած շարունակում է ՀՀ քաղաքացի մնալ եւ, ըստ ընտրողների ռեգիստրի, գրանցված է Աջափնյակում:

«Ռան-Օյլ» ՍՊԸ-ն էլ հիմնադրվել է 2000-ին: 2006-ին ընկերությունը ձեռք է բերել Ռոբերտ Գալուստյանը, որին, ինչպես ՕԵԿ-ական Ռոբերտ Մասումյանին, անվանում են Բենզին Ռուբո: Այս ընկերությունը նաեւ իրանական «Behran Oil»-ի եւ ռուսական «Գազպրոմի» յուղերի պաշտոնական ներկրողն է ՀՀ-ում: Բացի դրանից՝ Գալուստյանը Եր. Քոչարի ու Բագրատունյաց փողոցներում գործող «Բելլա» հյուրանոցների տերն է:

Շուկայում գործում է նաեւ «Տիտան Պետրոլ» ՍՊԸ-ն, որը 2011-ին հիմնադրել են Ազատ Նավասարդյանն ու Արթուր Տոգրամաջյանը՝ 50-ական տոկոս մասնաբաժնով: Ընկերությունը վաճառում է խոշոր ներկրողների բենզինն ու դիզվառելիքը:

Լցակայանների լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի, Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (4)

avo
bacahaytelov nshvac maxinacianer, voronq hanrahayt en , duq anuxxakioren reklamum eq nshvac grpanahatneri anunner@. .minchder nranc anunner@ petq imanan mimiayn iravapah marminneri hamapatasxan ashxatoxner@. ayl voch te joxovurd@
Tero
It's very easy. Get a sample of the Super gasoline and Regular gasoline and have their octane rating tested by a laboratory. Then compare the two.
Սերոբ
Լրիվ խայտառակությունա
Վ. Առաքելյան
Անհասկանալի է թե ինչպես մի կողմից ,,Արմավիա,, ընկերությունը սնանկ է ճանաչվում իսկ մյուս կողմից Միխայիլ Բաղդասարովը սնանկանալու փոխարեն «Ռոսնեֆտին,, է վաճառում ակտիվներ: Չնայած մյուս կողմից հասկանալի է թե ինչու ճիշտ ժամանակին են փչանում, ,,հիվանդանում,, վառելիքի սուպերորակը որոշող սարքերը և վերահսկողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter