HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վեց տարի վագոն-տնակում. բազմազավակ ընտանիքի երկու երեխաները ծնողների հետ չեն

Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքի վերջնամասում է գտնվում Զաքարյանների վագոն-տնակը: Մեր այցելության պահին ընտանիքի մայրը՝ Էլմիրան, դրսից վառելափայտ էր տանում, հյուրերին տեսնելով շփոթվեց ու արագ քայլերով ներս մտավ, իսկ մեզ դիմավորեց սագը: Նա վագոն տնակի դիմաց անձրեւից պաշտպանվելու համար մտել էր ծածկի տակ եւ, անծանոթներին տեսնելով, կտուցը առաջ պարզած առաջ եկավ:  Էլմիրան սագի հարձակումից պաշտպանելու համար դուրս եկավ տնակից: Նրա ոտքերը կիսով չափ թաց էին. ինչպես տնակ տանող ճանապարհը, այնպես էլ տնակի դիմաց ամբողջությամբ ցեխ էր ու  ջրափոսեր:

Էլմիրան վերջապես ներս հրավիրեց: Դռնից ներս մտնելիս արդեն զգացվում էր խոնավության հոտը: Անձրեւաջրերը տեղ-տեղ կաթում էին վագոն տնակի առաստաղից, դրան գումարվում էր նաեւ վառարանի կողքին շարված թաց փայտի հոտը:  Դրսում ցերեկ էր, իսկ ներսում՝ գրեթե «գիշեր»: «Լամպչկեն վառվել է, կներեք սենյակում մութ է, զապաս լամպչկա չկա, որ փոխենք»,- նեղսրտեց Էլմիրան եւ պատմեց, որ քիչ առաջ էլեկտրիկն էր եկել, 8.500 դրամ էլեկտրաէներգիայի պարտք ունեն եւ զգուշացրել է, որ չվճարելու դեպքում կհոսանքազրկի վագոն-տնակը:

«Ասում էր՝ եթե չվճարենք հնարավոր է լույսը անջատի: Չգիտեմ՝ կանջատի, թե չէ, նաղդի ասաց: Այս ամիս էլ նպաստը ուշացրել են, որ տային՝ կվճարեինք, գոնե երեխեքը մութ տեղ չմնան»,-ավելացրեց Էլմիրան եւ արցունքները թաքցրեց երեխաներից:

Կիսամութ վագոն-տնակում միակ ուրախությունը երեխաների ձայնն էր, նրանք փոքր տարածքում վազվզում էին հեռուստացույցի լույսի տակ: Միայն աղջկներից մեկը՝ Անահիտն էր նստած վառարանի կողքին ու թախծոտ աչքերով ուսումնասիրում հյուրերին:

Արդեն երկու շաբաթ է նրա ոտքը վնասվել է: Մայրը պատմեց, որ աղջիկն ընկել է, «ոտքը դուրս է ընկել»: Սկզբում նույնիսկ չի կարողացել քայլել, հետո տարել են «սնխչու» մոտ, մերսումներ է արել ու հիմա աղջիկը կարողանում է ինքնուրույն շարժվել: Հիվանդանոց չեն տարել, բժիշկը Անահիտին չի զննել, պատճառը մեկն է՝ գումար չունեն:

Անահիտը սովորում է 2-րդ դասարանում եւ ոտքի վնասվածքի պատճառով մի քանի օր է՝ դպրոց չի հաճախում եւ իր օրն անցկացնում է կիսամութ վագոն-տնակում՝ վառարանի կողքին նստած:

Հանգիստ զրուցելու համար Էլմիրան անջատեց հեռուստացույցը, այդ պահին մարեց նաեւ փոքրիկների ակտիվությունը եւ հերթով տեղավորվեցին մոր կողքին:

Տնակում մայրն էր եւ 4 երեխաները: Աղջիկներից երկուսը՝ Վերան եւ Գայանեն ապրում են ծնողներից առանձին, նույն գյուղում, բայց Էլմիրայի հայրական տանը: Այնտեղից ավելի հեշտ է դպրոց գնալը, բացի այդ, թեթեւանում է ընտանիքի հոգսը, մասամբ լուծվում է երեխաների քնելու հարցը: Այժմ ամուսինները եւ 4 երեխաները քնում են նույն սենյակում, քանի որ տնակի երկրորդ սենյակում հնարավոր չէ քնել, անձրեւաջրերը ներս են լցվում:

Էլմիրան պատմեց, որ արդեն 6 տարի է՝ ապրում են վագոն-տնակում: Նրանց միակ եկամուտը նպաստն է՝ 61.000 դրամը: Ամուսինը՝ Արմենը, ամառվա ամիսներին առեւտուր է անում շուկայում, սակայն նա էլ առողջական խնդիրներ ունի եւ օրերով անկողնային հիվանդ է դառնում:

Էլմիրայի ասելով, Արմենի ողնաշարը խախտվել է, թեթեւ ծանրությունից բռնվում է: Ուսից դուրս է գալիս նաեւ ձեռքը: «Նույնիսկ քնած ժամանակ, եթե կտրուկ շարժում անի, կարող է ձեռքը դուրս գա ուսից: Արդեն սովորել ենք, մասաժներով գցում ենք տեղը»,-նշում է Էլմիրան: Ըստ տիկնոջ՝ 6 տարի առաջ  Արմենը երկրոդ կարգի հաշմանդամություն է ունեցել եւ թոշակ է ստացել, սակայն «մաղարիչի» գումար չունենալու պատճառով չի անցել հերթական բուժզննումը եւ զրկվել է հաշմանդամության կարգից: Մեր այցի ժամանակ Արմենը ընտանիքի հետ չէր, այցելել էր աներոջ տանը ապրող դստրերին:

Հարցին, թե առաջնային ինչի կարիք ունեն, Էլմիրան նշեց քարերով տան, թեկուզ երկու փոքր սենյակ, բայց որ այդ կառույցը տուն կոչվի: «Հագուստ լավ, թե վատ ունեն երեխեքը: Հարեւանները, համագյուղացիները օգնում են: Գյուղապետն էլ գումարով է օգնում, չեմ դժգոհում»,-ասաց Էլմիրան՝ հավելելով, որ երեխաները պահանջկոտ չեն, բայց քաղցրի կարիք շատ ունեն, ինչը չեն կարողանում բավարարել:

Տիկնոջ խոսքերով՝ խանութներում պարտքեր էլ չունեն. «Վերցնենք, բա հետո ո՞նց տանք: Իհարկե, լինում է, որ պարտքով ուտելիք ենք վերցնում, բայց նպաստը ստանում, պարտքը փակում ենք: Մեզ նեղություն ենք տալիս, բայց պարտքերի տակ չենք ընկնում»,-ավելացրեց Էլմիրան:

Նա նշեց, որ իրենց ունեցածը մեկ սագն է եւ մեկ գլուխ խոզը, որը հեռուստահաղորդումներից մեկում հյուր լինելուց հետո բարեգործն է նվիրել: Էլմիրան մեզ հրաժեշտ տվեց հետեւյալ խոսքերով. «Մնալու եմ Ձեր բարի խաբարին սպասող, երեւի օգնող կլինի»:

Ակնաշենի համայնքապետ Միսակ Միսակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ համայնքապետարանի ուշադրության կենտրոնում է Զաքարյանների ընտանիքը, սակայն միշտ չէ, որ կարողանում են օգնել: «Մի քանի օր առաջ օգնության խնդրանքով դարձյալ դիմում են գրել, տեսնենք ինչ ենք անելու, մի բանով պիտի օգնենք»,-նշեց համայնքապետը:

Մեկնաբանություններ (4)

hasmik
aj qez apahov Hajasyan
AraratY
Dear Grisha, As you are aware, the Armenian College and Philanthropic Academy of Kolkata was founded by the members of the Kolkata Armenian Community to educate Armenian children from all over the world. The College has announced admission of students for new academic year for children between the age of 7 and 11, covering all expenses for education, lodging, medical and travel. Therefore, the Zakaryan family can fully benefit from this charitable institution and give their children the education they well deserve. The Mother See of Holy Etchmiadzin can be contacted for further detailed information.
AraratY
Dear Grisha, As you are aware, the Armenian College and Philanthropic Academy of Kolkata was founded by the members of the Kolkata Armenian Community to educate Armenian children from all over the world. The College has announced admission of students for new academic year for children between the age of 7 and 11, covering all expenses for education, lodging, medical and travel. Therefore, the Zakaryan family can fully benefit from this charitable institution and give their children the education they well deserve. The Mother See of Holy Etchmiadzin can be contacted for further detailed information.
levman
harci lucum klini, ete ayd tnakum , tekuz zhumanakavor, bnakecnen erkir kochvaci ghekavarutyan@ irenc @ntaniqnerov handerzg, voronq korcrel en mardkayin amen inch@...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter