HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Մաքուր պատերազմների եւ արվեստի մասին

էսսե 

Ես օբյեկտիվորեն գնահատում եմ այն, ինչ ունեմ, բայց միշտ սուբյեկտիվ կերպով ունեցածս հավասարվում է հողին, երբ տեսնում եմ ամենն ընդհանրական պատկերի մեջ․․․ Ու ինձ թվում է՝ պատերազմները հենց էդ պատճառով սիրելու առիթ են տալիս, որովհետեւ ունեցածդ միանգամից հեռանում է՝ կամայականությամբ, անսպասելի, երբեմն անվերադարձ․․․ Բայց հիմա մաքուր պատերազմ չկա, ու դրա համար շատ եմ վախենում գրականության համար, շատ եմ վախենում կինոյի համար, ու մեր միջեւ եղած բոլոր տեսակի հարաբերություններից՝ ընկերական, ընտանեկան, սեռական․․․

Անընդհատ կարելի է պատկերացնել իրավիճակը, ստեղծել կոնֆլիկտներ, ինչպես խոհանոցում՝ ամենապրիմիտիվ գործողության, այնպես էլ  ստեղծումի պահին, բայց երբեք այդ կոնֆլիկտն իրական շոշափման հիմքեր չի տալիս, չի տնկում մազերը փշաքաղվելու աստիճան, որովհետեւ բոլոր պատերազմների, սպանությունների, ծիսակատարությունների գաղափարական հողը կրկնվում են պատմության շրջապտույտի հաշվին, եւ թվում է՝ մենք անընդհատ նորի մեջ ենք ու նոր ելքեր պետք է գտնենք։

Իրական արվեստագետի ինքնազոհողությունն այսօր հավասարվում է զրոյի, որովհետեւ կենսափորձը հիմնված է հարաբերության տեսակի եւ հարաբերության օբյեկտի պատմության վրա, իսկ դրա համար բավարար հիմքեր չկան․ ցավոք, իրական զինվորները կամ նահատակվել են կամ նահատակվում են։

Արվեստի նման սոցիալականացումը ուզած-չուզած ցցվում է դիմացդ, ու հասկանում ես, որ ազնիվ գործողությունը, ինչպես օրինակ, գրասեղանից պատերազմի դաշտ հասնելու ճանապարհը, հետո դառնում է ամենակարեւոր տարրերից մեկը հարաբերության տարերայնության, որը միաժամանակ եւ ցավեցնում է, եւ ոգեւորում, որովհետեւ ուրիշի ապրումը կարճ ժամանակում, զգացական ուժեղ վակուումի ազդեցությամբ լցվում է ներսդ ու քեզ ամենակարող դարձնում։

Ես մի բարեկամ ունեմ, որն առանձնացել է ու հեռու է ապրում հարաբերություններից։Նրա մշտական սանձարձակությունը, արվեստի մեջ ցայտնոտներն ու առերես հանգստությունը պայմանավորված է նրանով, որ արդեն մարտի դաշտում սպանել է դիմացինին, կողքի վիրավորին գրկել է, հետո հասել մի փլատակի՝ առանց մտածելու, որ հասնելը հիմա ամենակարեւոր գործողությունն է, ու մի քանի կում ջուր է տվել զինակցին։ Բայց նույնիսկ այս պարագայում նրա հարաբերությունը չի ավարտվում․ այն ուրիշ` համակերպման բնույթ է կրում, որովհետեւ շատերն առանց խոսքի, առանց բացատրությունների սպասելու մայրաքաղաքից կիլոմետրեր են անցնում նրա հետ մի բաժակ կոնյակ խմելու կամ պարազապես կատակելու համար։

Նախանձում եմ նրա այդքան թանկ վճարած այժմյան դատարկության ու հանգստության համար։

Այնպես որ այսօր արվեստի մեջ գերակշռողը դառնում է տրամաբանականը, կատարողականը եւ այլ զարգացմանը միտված տարրերը, որոնք կարող են հիմք ծառայել ձեւաչափի եւ մատուցման հնարամտության, բայց ոչ երբեք ուժեղ ներազդման վրա։

Ցավոք, ինֆորմացիոն արագությունն այսօր ավելի հաճախի կարող է ընդմիջել միտքը, գործողությունը, ստեղծման պահը՝ չխնայելով զգացածից ամենակարեւոր դետալները։

Մենք կուլ ենք գնում մեր ստացած ինֆորմացիայի եւ վերջինիս ավելորդության ուշ գիտակցման պատճառով, իսկ դատարկ տարածությունները լցված են բազամաշերտ զվարճալի խաղալիքներով։

Որեւէ ճշմարտություն, որի բացարձակումը տրված է վերբալ մակարդակով ու ընդգրկում է շատ կարեւոր կոնցեպցիա, այսօր ներառական չի, որովհետեւ ամեն նմանատիպ ճշմարտություն բազմիցս օգտագործվել է քաղաքական գործիչների ճառերում, հնչել աղանդների առաջնորդների շուրթերից, ամենաուժեղ հավաքների ժամանակ, որոնք մշտապես ավարտվել են մեծ հիասթափությամբ․․․Կարող ենք եզրակացնել, որ մենք ոչ թե պատմության (փոխանցված վերբալ եւ գաղափարական իմաստով, ոչ թե սոսկ գործողությունների) կրկնողն ենք մաքուր իմաստով, այլ արդեն շահարկողը, ինչից սարսափելի վտանգ դեռեւս մարդկությունը պետք է որ զգացած չլինի։

Այսօր հույսի, հավատի, սիրո գաղափարական հիմքերն այնքան են ծամծմվել ֆինանսավարկային պատմությունների ու փուչիկ իշխանությունների կողմից, որ եւ գրողը, եւ նկարողը, եւ ստեղծողը, եւ ամեն մեկս հարաբերության ժամանակ կորցնում ենք մեր գլուխը՝ չհասկանալով խորքային պատճառները, որոնք մշակվել եւ խարխլվել են, որոնք ծնվել եւ արհեստականորեն մսխվել են։

Կոմերցիոն եւ մաքուր արվեստի խնդիր այլեւս պետք է, որ չդրվի, որովհետեւ մաքուր գրականության, մաքուր կինոյի եւ մաքուր խոհանոցի հնարավորությունը շատ լավ հայտնի է ստեղծողի համար, ու ինչ-որ պահից սկսած սոցիալական ազդակների շնորհիվ կամ պատճառով վերջինս դուրս է թռչում իր մաքուր վիճակից։

Համենայնդեպս, ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի գործերը դադարեցի կարդալ, երբ Ճապոնիայի իր ծխոտ, ծանր նկուղային բարից հետո Նահանգներում սկսեց առավոտյան վազել, հայտնվել “New York Times”-ի առաջին էջում ու հարցազրույցներ տալ գրելու ընթացքի ու գրածի մասին։Այս համատեքստում ամենասարսափելին այն է, որ գրական գործի, կինոյի, կտավի կամ քանդակի մասին խոսակցությունն սկսում է ավելի կշիռ բերել, քան բուն գրական գործը, կինոն, կտավը կամ քանդակը։

Հակառակ ընթացք որդեգրածների համար այլընտրանքը դժվար բան է դառնում, որովհետեւ հանրայինի զգացողությունը տրված է ստեղծողին, ու նա դրանից հրաժարվել չի կարող մի պարզ պատճառով․ այն, ինչի համար ինքն անցնում է զգայական փորձություն, ինչի համար վերլուծում է հարաբերության ամեն մի տեսակ ու գնում նոր հարաբերությունների, չի կարող ստեղծածով չմեխել այդ նույն հանրության ճակատին։

Բացի այն, որ արվեստի մաքուր ստեղծման եւ մատուցման ձեւն իր տեսակով առանց համեմատությունների ունի բազմաթիվ խնդիրներ, այն իր տեսակով բացարձակ լինելով, օգտագործվում է պետությունների, իշխանությունների, մաքուր միությունների եւ հարաբերությունների ոչնչացման համար։Արվեստի հետ առնչությունը դառնում է վերլուծության թեմա ոչ թե դիսկուրսի, արվեստագիտական կամ արվեստասիրական հիմքի վրա, այլ վերջինիս քաղաքականացված, ոչ քաղաքականացված , շահութաբեր եւ ոչ շահութաբեր, կեղծ փաստերի կամ իրականության հիմքի վրա առաջացած երկխոսության։ Այդ երկխոսությունները, սովորաբար, մեկնաբանության տեսք ստանալով, հայտնվում են սոցիալական ցանցում՝ ձեռք  բերելով էլ ավելի հանրային որակ եւ մեդիա գործիքավորում։

Երկար ձգվող քաղաքացիական շարժումների, քաղաքական երկխոսությունների, դիվանագիտական հարաբերությունների անվերջ շարանների գլխին կանգնած անհատները մշտապես խուսափում են արյունալի ելքերից՝ իրենց վերագրելով տոլեռանդության հրաշալի շահարկվող սկզբունքը․․․Տոլեռանդության մասին մտածելիս նախեւառաջ պետք է  ավելի լուրջ հարցադրման առաջ կանգնել․ ինչպե՞ս են ստեղծվել եւ ստեղծվում նմանատիպ եզրույթները, ինչպիսի՞ գաղափարական բնույթ են վերջիններս կրում, ինչպե՞ս են այդ եզրույթներով կեղծ գաղափարներ  մտցնում անընդհատ հեղափոխության ձգտող զսպված հասարակությունների երակի մեջ։

Նման արհեստական զսպումները մեծ պայթյունների կարող են հանգեցնել նախեւառաջ արվեստում, որտեղ ավելի շուտ կսպանվի իշխանավորը, ավելի շուտ կուլ կգնա հասարակությունը, ավելի շուտ տոլեռանդությունը կվերանվանվի ավելի բնական ու գործուն բառի։ Այս պահանջը գնալով հրատապ է դառնում, այլապես մաքուր պատերազմները կենսական դաշտից շանս ունեն տեղափոխվելու դեռեւս ամբողջովին չվերարտադրվող ստեղծման՝ արվեստի դաշտ։

Մեկնաբանություններ (1)

ընթերցող
Համենայնդեպս, ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի գործերը դադարեցի կարդալ, երբ Ճապոնիայի իր ծխոտ, ծանր նկուղային բարից հետո Նահանգներում սկսեց առավոտյան վազել, հայտնվել “New York Times”-ի առաջին էջում ու հարցազրույցներ տալ գրելու ընթացքի ու գրածի մասին։Այս համատեքստում ամենասարսափելին այն է, որ գրական գործի, կինոյի, կտավի կամ քանդակի մասին խոսակցությունն սկսում է ավելի կշիռ բերել, քան բուն գրական գործը, կինոն, կտավը կամ քանդակը։ 100%

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter