HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հ. Սանասարյան. «Սևանա լիճն ուզում են սեփականաշնորհել»

«Հետքի» հարցերին պատասխանում է Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը

-Պարոն Սանասարյան, երեկ կառավարության նիստում որոշվել է, որ  մինչ 2019 թ. հունվարի 1-ը Սևանա լճից ջրի բացթողումների չափաքանակը հասնելու է առավելագույնը 240 մլն խմ-ի` այժմյան 170 մլն խմ-ի փոխարեն: Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը: 

-Կառավարությունը նման որոշում կայացնելուց առաջ պետք է ունենար օդերևութաբանական տվյալներ, որ ընդունենք, օրինակ, երաշտային խիստ անբարենպաստ պայմաններ են լինելու: Բայց, վստահորեն կարելի է ասել, որ նրանք նման բաներ չունեն: Ես նախագահական հանձնաժողովից դուրս եկա հիմնականում այն պատճառով, որ ինձ համար պարզ դարձավ՝ նախագահ Սերժ Սարգսյանը Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման մասին ունի իր տեսակետը, այն է՝ Սևանի մակարդակը 1900 մ-ից պիտի չանցնի: Իսկ գիտական ու գերատեսչական համապատասխան կառույցները հեշտությամբ «հիմնավորում»  են այդ տեսակետը:

Կարելի է ասել, որ հենց այդ նպատակով Արարատյան դաշտում 2-3 տարի առաջ բարձրացրեցին հողատարածքի ջրի ծախսը և նոր նորմատիվներ մշակեցին: Նաև խաղեր են սկսվել ջրամբարների հետ: Օրինակ՝ Ապարանի ջրամբարը  2012թ. կիսատ մնաց, երբ տեղացած առատ ձյան հետևանքով հեղեղումներ էին սպասվում: Նաև՝  միտումնավոր չեն գործարկում ջրմուղ պոմպակայանները, որպեսզի  ցույց տան, թե տեսեք՝ Արարատյան դաշտի այգիներն ու մշակաբույսերը  խանձվելու և ոչնչանալու վտանգի առաջ  են կանգնած: Այսինքն, Սևանա լճից ջուր բաց թողնելը դարձնում են պարտադրանք:

Սևանա լճի մասին պիտի ասվի նաև հետևյալը. այդ լիճն ուզում են սեփականաշնորհել: Ես ուղղակի անիծում եմ այն բոլոր լրատվամիջոցներին (ուզում է «Հետքը» լինի կամ մյուսները), որոնք տեղյակ են Սևանա լճի այդ ծրագրերից և միտումնավոր ոչինչ չեն գրում: Ըստ ինձ հասանելի տեղեկության՝ այդ խնդրին խառնված են հանրապետության փոխվարչապետը՝ Արմեն Գևորգյանը, և արդարադատության մի պաշտոնյա (նախկին), սակայն  կասկածից վեր է, որ առանց գլխավորի՝ Սերժ Սարգսյանի և անխիղճ բանկիր Տիգրան Սարգսյանի անհնար է այդպիսի ծրագիր ունենալ:

Սևանա լիճն ուզում են բաժանել 4 թե 5 կտորի, որոնց տերերը պետք է նաև կառավարեն Սևանա լիճ թափվող գետերի և գետակների ջրի որակի և այլ խնդիրները: Ըստ այդ նախագծի՝ նշված 4-5 կտորները պետք է օգտագործեն փոխկապակցված: Հասկանալի է, որ դա գործնականում անհնար է, և, ի վերջո, դրանք դառնալու են մեկ մարդու սեփականություն: Այսօրվա զարգացումները ցույց են տալիս, որ վերջին ասեղը Հայաստանում պետք է վաճառվի, իսկ իշխող կուսակցության վարած քաղաքականությունից պարզ երևում է, որ իր իշխանության օրոք պետք է վաճառվի պետության ու ժողովրդի սեփականություն հանդիսացող նույնիսկ վերջին ասեղը: Սևանա լճի հետ կապված խաղը ենթակա է այս քաղաքականությանը:

-Հայտնի՞ է Ձեզ՝ ո՞վ է լինելու սեփականատերը:

-Ոչ, ես Ձեզ արդեն ասացի, թե ովքեր են այս հարցում շահագրգռված:

Այստեղ միայն Սևանի հարցը չէ: Պատերազմում հաղթանակած Հայաստանը ծրագրված ոչնչացվում է ներսից: Ի՞նչ իմաստ ունի հարցազրույց տալ կամ  նախագահին, գլխավոր դատախազին դիմում գրել, երբ նրանք մեզ օտար ու կողոպտման ենթակա են համարում: Արդեն մարդիկ հասկանում են, որ պետություն-պետականությունը շնչահեղձ ու արյունաքամ է արվում: Եվ անիմաստ է, օրինակ, դատարան դիմել, քանզի վճիռները կայացվում են ի շահ իշխանական լծակներ ունեցողների: Մամուլը երբեմն գրում է, որ վարչապետը արհամարհական վերաբերմունք ունի բնակչության նկատմամբ, եւ այդ վերաբերմունքը նրա հետ կիսում են թե՛ նախագահը, թե՛ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները:

2008 թ. մարտին Տիգրան Սարգսյանը վարչապետ դարձավ, դրանից մեկ ամիս առաջ նա «Դելավոյ էքսպրես»-ում արդեն հրապարակել էր  մի հոդված, որտեղ ներկայացրել էր պետության դեմոնտաժի ծրագիրը: Ստացվում է՝ ո՛չ ազգային անվտանգություն կա, ո՛չ պետության վերահսկման որևէ օրգան: Այդպիսի մարդուն մեկուսացնելու փոխարեն թույլ տվեցին դառնալ վարչապետ, բայց միաժամանակ կարող եմ ասել, որ վարչապետ Հայաստանում գոյություն չունի. բոլոր հարցերի «ճարտարապետը» նախագահն է:

-Պարոն Սանասարյան, Ձեր պատկերացմամբ՝ Սևանա լճի պարագայում ի՞նչ քայլեր պետք է արվեն:

-Սևանա լճի խնդիրը սերտորեն կապված է երկրի մյուս խնդիրների հետ: Հիմնարար լուծումների համար անհրաժեշտ է հրաժարվել նախագահական համակարգից, վերականգնել  մահապատիժը... Մասնակիորեն, պետք է բոլոր լրատվամիջոցները հրաժարվեն օտարերկյա և տեղի ապազգային օլիգարխների ֆինանսավորումներից: Հանրապետության նախագահն իր ղեկավարած կուսակցությամբ արդեն սպառել է, երկիրը բերել է մահվան եզրին, հայտնի է, որ մահանալուց հետո արդեն հնարավոր չէ ոչինչ ասել: Պետք է ունենալ ազգային լրատվամիջոց, որը, իրական տեղեկություններ տարածելով, մարդկանց համոզի, որ իրենց ապագան վտանգված է: Այսօրվա կցկտուր և հիմնականում մակերեսային տեղեկությունների տարածմամբ մեծամասնությունը նկատում է միայն այն, թե կառավարությունը ինչպես է կողոպտում իրեն, սակայն գլխավորի, կյանքը խոչընդոտող գործոնների մասին շատ քիչ տեղեկություն ունեն: Ես համոզված եմ, որ լրատվությունը, հնարավորության և ցանկության դեպքում, մարդկանց կարող է օգնել գիտակցելու ստեղծված օրհասական իրավիճակը:

Ի՞նչ է նշանակում աշխարհում այս առանձնահատուկ բնական օբյեկտի՝ Սևանա լճի մակարդակի բարձրացման և այդտեղ արհեստական կերպով ձկնարդյունաբերության զարգացման խնդիրները հարմարեցնել օլիգարխների շահերին: Ամենևին չեմ զարմանա, որ նշված հանցագործ ծրագրերի իրականացման դեպքում լճի ափին հարյուրավոր միլիոն դոլար ծախսելով՝ կրոնական մի տաճար կառուցեն: Այժմ մեր երկրում երկու խնդիր լուծվում է ամենաբարձր մակարդակով: Դրանք են՝ ժողովրդի ունեզրկումը և կրոնականացումը, արտագաղթի մասին չեմ խոսի:

Մեկնաբանություններ (9)

Գեղամ
Այն տականքները ում մտքով նման բան է անցնում հարկավոր է նրանց ծնողների հետ համապատասխան բացատրական աշխատանքներ տանել.Սևանը առաջին հերթին մեր երկրի խորհրդանիշներից,բացի այդ երբ խմելու ջրի պրոբլեմ լինի մեր ժողովրդին կբավարարի ամբողջությամբ
hasmik
barbarosner
Սամվել
Ինձ ինֆարկտ է խփելու,այսպիսի հանցավոր որոշումները լսելով:Մեր տունը գող է մտել,հայե՛ր...
Ռուզան
Ամենաահավորն այն է, որ մենք ունենք իրենց նյութական նվաստ շահից այն կողմ չտեսնող հրեշավոր իշխանություն:
ԱՆԱՀԻՏ
Պետք է ազգովի լծվենք մի գործի օր առաջ իշխանությունից հեռացնենք սերժ սարգսյանին իր բանդայի հետ միասին թե չէ շատ վատ է լինելու;
Spartak
Սա էլ ձեր երազած անկախությունը:Դարեր շարունակ, որ անկախություն չենք ունեցել մեր մեղքով չենք ունեցել: մեր ներսի վիժվացքն է խանգարել:Ինչ անկախություն, հայ չտեսների համար չի անկախությունը,մեզ կփրկի միայն ուժեղ բռունցքը:
Գեւորգ
Հայոց փառաբանված, տաղանդավոր ժողովուրդ, մասնագետներ եւ իշխանավորներ! Ուղղակի խնդրում եմ երկու րոպե ժամանակ ծախսել ու մտածել բերված պարզունակ հաշվի վրա: 1. Խմելու շշալցված ջուրը վաճառվում է միջազգային գներով` մոտ 0,25 $ /լիտր: Սեւանից պլանավորվում է թողք, տարեկան մոտ 240 մլն խոր.մ = 240 մլրդ լիտր: Վաճառքի գինը կազմում է՝ 240 մլրդ x 0,25 = 60 մլրդ $. Թող արտադրական եւ տրանսպորտի ծախսերը կազմեն 40 մլրդ $ ( այսինքն գրեթե 65%!) Մաքուր շահը կազմում է ` 20 միլլիարդ դոլլար - թուրքի նավթ ու գազից շա-ա-տ (!!!!) Այսպիսի որոշում ընդունողներին ինչ ասել, կամ անել ?
Վ.Առաքելյան
Ինտերնետում գտեք-կարդացեք Տիգրան Սարգսյանի գիտական համարվող`,,Պետության Վախճանը,, աշխատությունը:
Վ. Առաքելյան
Պարոն Varaz Syuni (Amsterdam), խորհուրդ եմ տալիս կարդալ Հակոբ Սանասարյանի հայերի համար գրված թիվ 1 դասագիրքը` ,,Համակարգված դավադրություն,, -ը, շատ դիպուկ է գրված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter