Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Փաստաբան Շարբաթյանի գործով վկան դատարանում պնդեց իր նախաքննական ցուցմունքը



Հունվարի 30-ին Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  2012թ. նոյեմբերի 18-ին Լոռու  մարզի Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատաքննությունը: Դատարանում պաշտպանական կողմի և ամբաստանյալների  մոտ խուճապ առաջացրին  գործով ներգրավված վկա  Վոլոդյա  Պետրոսյանի ցուցմունքները: Վկան դատարան էր ներկայացել առանց անձը հաստատող փաստաթղթի: Նա դատարանից 10-15 րոպե ժամանակ խնդրեց անձնագիրը տնից բերելու համար: Դատավոր Նարինե Հովակիմյանը հայտարարեց 15 րոպե ընդմիջում:

Վկա Վոլոդյա Պետրոսյանի՝  անձնագրով դատարան ներկայանալուց հետո դատական նիստը շարունակվեց: Դատարանում վկայի տված ցուցմունքները հակասական էին: Նա ասաց, որ 2012թ. նոյեմբերի 18-ին՝ Ս. Շարբաթյանի սպանության օրը, ընկերոջ` Արեն Հովհաննիսյանի հետ աշխատել են իրենց թաղամասում, ասաց, որ չի հիշում՝ կոնկրետ ում տանն են աշխատել, սակայն հիշեց, որ գործը ավարտելուց հետո տանտերը հաց է սարքել, որտեղ մի բաժակ խմելուց հետո որոշել են խմելը շարունակելու համար գնալ «Մուշ» ռեստորան: «Մտանք ռեստորան, տեսանք ռեստորանի բակում հավաքված  30-40 տարեկան տղամարդիկ: Զրուցում էին»,- ասաց վկան: Վոլոդյա Պետրոսյանը  այլևս ընկերոջ հետ չի մտում  ռեստորան: Զրուցողների մեջ տեսնում է Էդիկ Խլղաթյանին. «Ասեցի Ազատիչին (Է. Խլղաթյանին) տեսնեմ, բարևեցի, հետո կանգնած մնացի էդ խառնաշփոթի մեջ: Որ ասեմ մի բան լսել եմ, էդ էլ չեմ լսել»,- հայտնեց վկան:

Դատավոր Նարինե Հովակիմյանի հարցին, թե ինչու՞ չի մտել ռեստորան հաց ուտելու, ի՞նչը խանգարեց, վկան պատասխանեց, որ ռեստորանի բակում  խառնաշփոթ էր, ցանկացել է տեսնել՝ ինչով է ավարտվում խառնաշփոթը: Իսկ թե ինչով է վերջացել խառնաշփոթը, Վոլոդյա Պետրոսյանը միանշանակ ասում էր, որ  չգիտի, ինքը ոչ մի բան չի  տեսել. «Ես տեսա նորմալ կանգնած զրուցում են»,- ասաց նա: Զրույցի մասին էլ չի հետաքրքրվել, քանի որ այդ բնավորությունը չունի: Ի պատասխան մեղադրող  Տոնոյանի հարցի՝ վկան  հայտնեց, որ վարույթն իրականացնող քննիչն իրեն հարցաքննել է 2անգամ: «Դուք ներկայացնում եք մի իրավիճակ, որը իրականությանը չի համապատասխանում»,- վկային ասաց մեղադրողը: «Պարոն Տոնոյան, չի համապատասխանու՞մ իրավիճակին»,- իր հերթին մեղադրողին հարցրեց վկան: Վերջինս այնուհետև ասաց, որ իր ներկայությամբ ռեստորանում եղել են հայհոյանքներ. «Մի կին եկավ, ասացին՝ սպանվածի քույրն է, նա էր հայհոյում: Այդ տիկինը Դիլոյանի անունն էր տալիս»: Տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանը վկային հակադարձեց, որ այդ կինը ինքն է եղել: «Ես չեմ հայհոյել, ես անիծել եմ»,-ասաց տիկին Հասմիկը: «Դուք ասացիք, որ քննիչը Ձեզ հարցաքննել է երկու անգամ, կհիշե՞ք՝ որտեղ է հարցաքննել»,- հարցրեց պաշտպան Ռուբեն Հակոբյանը: Վկան պատասխանեց, որ հարցաքննվել է Գուգարքի բաժնում: Այսուհանդերձ, վկան հայտարարեց, որ քննիչին տված իր ցուցմունքները ինքն է գրել՝ 6-7 թերթ, իրավաբանական տերմինները քննիչի կողմից բացատրելուց հետո: Ի պատասխան Ռուբեն Հակոբյանի հարցի՝ Վոլոդյա Պետրոսյանն ասաց, որ երկրորդ ցուցմունքը երևի մի 10-15 օր հետո է տվել: Հետո ասաց, որ առաջին ցուցմունքը հիշում է, բայց 2-րդը չի հիշում. «Ե՞րբ եմ գրել, իրոք չեմ հիշում»: Մեղադրող Տոնոյանը վկային հորդորեց. «Եթե չեք հիշում, մի հորինեք»: «Կարելի է պատասխանել, որ ես 2-րդ ցուցմունքը չեմ հիշում»,- մեղադրողի հորդորին պատասխանեց վկան:

Դատավոր Նարինե Հովակիմյանը հրապարակեց վկա Վոլոդյա Պետրոսյանի 2013թ. ապրիլի 13-ի նախաքննական ցուցմունքը: Ցուցմունքում վկան հայտնել էր, որ ինքն ու իր ընկեր Արեն Հովհաննիսյանը իրենց  տնից, որը գտնվում է «Մուշ» ռեստորանից մի 300-400 մետր հեռավորության վրա, քայլելով ու զրուցելով գնացել են «Մուշ» ռեստորան: Երբ մոտեցել են ռեստորանի բակին, լսել են տղամարդկանց խոսակցությունների, հայհոյախառն արտահայտությունների, վիճաբանության ձայներ: Ռեստորանի բակում կանգնած մեքենաների մոտ նկատել է հավաքված, իրեն անծանոթ 10 հոգի «Նրանք խումբ-խումբ էին կանգնած, ռեստորանի մուտքից ձախ»,- հայտնել է վկան: Ավելի մոտենալով` վկան այդ խմբի մեջ հստակ տեսել է Էդվարդ Խլղաթյանին, ով տեղում բարձր գոռգոռալով, նաև հայհոյանքներ տալով՝ ջղայնանում էր հավաքվածների վրա: Ցուցմունքում վկան բառացի չի հիշել Է. Խլղաթյանի ասածները: «Տեսա, որ հավաքվածները 30-35 տարեկան մի տարիքի տղաներ էին, և իրենք էլ իրենց հերթին ինչ-որ բան էին բացատրում Խլղաթյանին»,- հայտնել է վկան: Ըստ ցուցմունքի՝ մինչև վկան ու ընկերը մոտեցել են Էդիկ Խլղաթյանին, այդ երիտասարդները նստել են իրենց երկու ավտոմեքենաները ու հեռացել: «Դրանց հեռանալուց հետո մեկ էլ լսվեց մի տղայի լացի ձայն, ով քեռի, քեռի ասելով՝ մոտեցավ պատուհանի տակ ընկած մարդուն: Այդ ընկած մարդու մոտ իմ՝ այնտեղ հասած պահին մարդ չկար, առաջինը մոտեցավ այդ լացող տղան: Խլղաթյանը մեզ ձայն տվեց, որ օգնենք այդ ընկած մարդուն ներս տանենք: Ես ու Արենը մոտեցանք և միանալով  Խլղաթյանին՝ գրկեցինք նշածս մարդուն ու մի կերպ տարանք պահակի սենյակ, այսինքն՝ մուտքի դռան դեմի սենյակ: Ես կարծում եմ, որ տեղափոխելու պահին այդ մարդը արդեն մահացած էր: Խլղաթյանը, բարձր հայհոյելով, դուրս եկավ  միջանցք: Նա հայհոյանքներ էր տալիս ինչ-որ Դիլոյանի հասցեին»,- նախաքննական ցուցմունքում հայտնել է վկա Վոլոդյա Պետրոսյանը:

Վոլոդյա Պետրոսյանը հայտարարեց, որ ճիշտը դատարանում հրապարակված ցուցմունքն է:

Սամվել Դիլոյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը  դատարանում վկայի տված սուտ ցուցմունքի համար դատավոր Հովակիմյանից պահանջեց քրեական պատասխանատվության ենթարկել  վկային: Ամբաստանյալ Սամվել Դիլոյանը վկայից մեկնաբանություն պահանջեց  նախաքննական մարմնին իր՝ երկու ցուցմունք տալու հայտարարության շուրջ: Վկան դատավորի ընթերցած  ցուցմունքը մոտիկից նայելուց հետո ասաց, որ ցուցմունքը գրված է իր ձեռագրով, քննիչին էլ տվել է միայն հրապարակված ցուցմունքը: Տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանը շնորհակալություն հայտնեց վկա Պետրոսյանից իր նախաքննական ցուցմունքներից չհրաժարվելու համար:  Պաշտպան Ռուբեն Հակոբյանը պահանջեց դատարանից վկա Վոլոդյա Պետրոսյանին ենթարկել դատահոգեբուժական փորձաքննության: Դատարանը չքննարկեց պաշտպանի միջնորդությունը: Պաշտպանը նախատեց գործի վարույթն իրականացնող քննիչին`ականատես վկային դեպքից շուրջ 5 ամիս հետո հարցաքննելու համար: «ՀՀ քրեադատավարական օրենսգրքի համաձայն՝ քննիչն ինքն է որոշում իր գործողությունները»,- պաշտպանին պատասխանեց դատավոր Նարինե Հովակիմյանը:

Դատարանում ցուցմունքներ տվեցին նաև վկաներ Գուրգեն Փուլոյանը և Տիգրան Պետրոսյանը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին: 

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (4)
1. iravaban03:47 - 1 փետրվարի, 2014
ծիծաղս գալիս ա, թե ոնց դատավորն ու դատախազը քննիչի կողմից կատարված հանցագործությունը ծածկադմփոց արեցին, ու ոչ մեկ չհասկացավ: երկար տարիներ աշխատել եմ ոստիկանության քննիչ: ու գիտեմ , թե ինչ ա կատարվել: Քննիչ կոչվածը 2 անգամ ա հարցաքննել էտ վկային, հետո, քանի որ 2-րդ ցուցմունքը հստակ ի օգուտ կամ ի վնաս ամբաստանյալնների ա եղել, ուղղակի գործի մեջից հանել ա ու գցել աղբարկղ: էտ քննիչին հարկավոր ա դատել, իսկ դատավորին ու դատախազին բացարկ հայտնել
2. ara11:02 - 1 փետրվարի, 2014
Mexqs galis e es vkan. Anmex tex@ krakn e @nkel. Giti vor drsum arden burd@ gzoxner@ iren en spasum.
3. ara11:25 - 2 փետրվարի, 2014
Pashtpani pastaban@ aknhaytoren vaxeznum e vkain isk datavor@ chi mijamtum. Ayd pastabani vra petq e gorz haruzel u vtarel dataraniz. Isk ays mexadryaneri hamar miak ardar patiz@ karox er linel tsetselov satkaznel@, te che Hayastanum mardik ahabekvaz kmnan.
4. Lena18:21 - 2 փետրվարի, 2014
Aknhayt e vor uzum en kockel ays spanutyuny, 02-n el e cuyc tvel ays ameny, xaytarakutyun, amen inch parzic-parz e.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ