HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ֆլեշն» ու «CPS»-ը հարկատուների 10-նյակում են, մյուսները նահանջում են

Օրերս ՊԵԿ-ը հրապարակեց 2013 թ. 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Դրանում ընդգրկված են նաեւ բենզինի եւ դիզվառելիքի շուկայի առաջատար ընկերությունները:

Մասնավորապես, ինչպես արդեն հայտնել ենք, այս ոլորտի թիվ մեկ ընկերությունը՝ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ՍՊԸ-ն, 6-րդ հորիզոնականում է: «Ֆլեշը» նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էլ այս դիրքում էր: Ընկերության տեղը չի փոխվել նաեւ հունվար-սեպտեմբեր հատվածի համեմատ: Անցյալ տարվա կտրվածքով «Ֆլեշը» մուծել է ընդհանուր 11,4 մլրդ դրամ հարկ: Քանի որ ՍՊԸ-ն խոշոր ներկրող է, բնական է, որ հարկերի մեծ մասը բաժին է ընկել մաքսային մարմիններին (10,3 մլրդ դր):

«Բենզինային» ընկերություններից երկրորդը «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ն է, որն 9-րդն է տարվա կտրվածքով: Այս ընկերությունը, ինչպես հայտնի է, ստեղծվել է 2012-ի դեկտեմբերին, սակայն նպատակ ունենալով փոխարինել «Սիթի Պետրոլ Գրուպ»-ին, արդեն 2013-ի առաջին եռամսյակում խոշոր հարկատուների մեջ 13-րդն էր, կիսամյակի տվյալներով բարձրացավ 10-րդ տեղ, իսկ հունվար-սեպտեմբերին՝ 9-րդ: Այսինքն՝ «Ֆլեշի» նման սա էլ մնացել է իր տեղում: «CPS» բրենդով հանդես եկող ընկերությունը անցած տարի վճարել է ընդհանուր շուրջ 8 մլրդ դրամ հարկ, որից 7,7 մլրդ-ը՝ մաքսային մարմիններին:

«Մաքսհուր» ՍՊԸ-ն բավականին հետ է մնում շուկայի գերիշխող ճանաչված «Ֆլեշից» ու «CPS»-ից: Մուծած 1,4 մլրդ դրամ հարկով այն 85-րդն է տարվա կտրվածքով: Այնինչ 2012-ին ընկերությունը 119-րդն էր (791 մլն դր): Հատկանշական է, որ հունվար-սեպտեմբերին «Մաքսհուրը» 58-րդն էր: Այդ ընթացքում ընկերությունը վճարել էր 1,3 մլրդ դրամ հարկ:

«Միկա Քորփորեյշն»-ը շարունակում է նահանջել: 2012-ին Մ. Բաղդասարովի հիմնած ՓԲԸ-ն 75-րդն էր (տարեկան 1,2 մլրդ դր հարկ), իսկ սեպտեմբերին հասել էր մինչեւ 165-րդ հորիզոնական (9 ամսում՝ 532 մլն դր): Արդեն ամբողջական 2013-ի տվյալներով «Միկան» 158-րդն է՝ 757 մլն դրամ ընդհանուր հարկով:  

Բաղդասարովի ընկերության նման հետ է գնում նաեւ «Ռան-Օյլ» ՍՊԸ-ն, որը 304-րդն է, մուծել է 373 մլն դրամ հարկ: 2012-ին ընկերությունը 127-րդն էր (753 մլն դր), իսկ 2013-ի առաջին 9 ամսում՝ 242-րդը (329 մլն դր):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter