HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեդալակիր» պատգամավորները

Ամեն անգամ մայիսի 9-ին մեր բակի հարևան տատիկը՝ փոքրացած մարմինը քարշ տալով՝ գնում էր «պարադի»: Դա լուրջ արարողություն էր նրա համար, որովհետև առիթ էր բոլորին ցույց տալու Հայրենական պատերազմում իր մասնակցության համար ստացած մեդալները: Ամեն տարի իր մուգ շագանակագույն ժակետի վրա մեդալները շարվում էին այնպես, ինչպես դրան նախորդած տարիներին: Նա քարքարոտ փողոցում հպարտորեն էր քայլում, ոչ սովորականի պես ավելի երկար էր խոսում հարևանների հետ՝ խոսելու ընթացքում շտկելով մեդալները: Հարևանները միայն նրա գնալուց հետո ծիծաղից փռթկացնում էին ու խոսում, թե ինչի համար էին այդքան մեդալ տվել, եթե Հայրենականին թաքնվում էր մոշի «քոլերի» տակ ու ռազմի դաշտից էլ կիլոմետրերով հեռու էր: Նրա պսպղուն մեդալներն այդպես էլ լուրջ չընդունվեցին հարևանության կողմից: Ահա այս պատկերն էր հիշեցնում, երբ Ազգային ժողովի պաշտոնական կայքում պատահաբար աչքովս ընկան պատգամավորներին տրված պետական և գերատեսչական պարգևները: Կային հատվածներ, որ մի քանի անգամ էի կարդում՝ մտածելով, թե ինչ-որ տող բաց եմ թողել: ԱԺ «մեդալակիրների» ցանկը մեծ էր, առանձնացրեցի նրանց անունները, ովքեր չգիտես որ ծառայության համար են ստացել մեդալներ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 2006 թ. պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», 2008 թ.-ին՝ «Անդրանիկ Օզանյան» մեդալներով, բայց նրա կենսագրականում այդպես էլ չգտա այն տողը, թե ինչ մարտական ծառայությունների համար է արժանացել այդ մեդալին, եթե չի ծառայել բանակում: Փոխարենը մանկավարժական գիտությունների թեկնածու Շարմազանովը թեկնածություն է պաշտպանել՝ «Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները» թեմայով:

Այդ երկու մեդալների կանոնադրությունը գործում է 2001 թ. հունիսի 20-ից:

«Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվում են բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվում են.ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈՒ սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

Եվ ուրեմն ո՞ր զգալի ավանդի համար է Շարմազանովը ՊՆ մեդալներ ստացել: 

«Անդրանիկ Օզանյան» մեդալ ստացել է նաև ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արտակ Սարգսյանն (ՍԱՍ-ի Արտակ) ու Սամվել Ֆարմանյանը նույնպես չեն ծառայել բանակում, բայց ստացել են մեդալներ: Ա. Սարգսյանը 2008 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ Ս. Ֆարմանյանը՝ «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը տրվում է ՀՀ նախագահի կողմից՝ հայրենիքի պաշտպանության կամ իրավակարգի կամ օրինականության ամրապնդման կամ ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի կամ հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:

Հետաքրքիր կլիներ իմանալ, թե Ա. Սարգսյանն ինչ «ակնառու ծառայությունների» համար է արժանացել այդ մեդալին:

Նույն խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), որը նույնպես չի ծառայել բանակում, պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» (ԼՂՀ, 1996 թ.), ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» (2004 թ.), «Անանիա Շիրակացի» (2006 թ.), «Ազատագրում» ՀԿ կողմից` «Հաղթանակ» (2012թ.), ռուսական «Հայրենիքի պաշտպան» (2012 թ.) մեդալներով: 2008 թ. արժանացել է «Լավ աշխատող համայնքի ղեկավար» ոսկե մեդալին: 
«Անանիա Շիրակացի» մեդալ տրվել է նաև ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին:

«Անանիա Շիրակացի» մեդալը տրվում է ՀՀ նախագահի կողմից՝ տնտեսության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության ու տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի եւ հայտնագործությունների համար:

Սեդրակյանն ու Այվազյանը գյուտեր ու հայտնագործություններ, կարծես, չեն արել, հետևաբար հետաքրքիր է, թե նախագահը նրանց ինչ «ակնառու գործունեության» համար է պարգևատրել:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-րդ աստիճանի մեդալի է արժանացել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով ՊՆ-ի կողմից ստացել է նաև «Մարշալ Բաղրամյան» մեդալ:

«Մարշալ Բաղրամյան» մեդալի Կանոնադրությունը գործում է 1997 թ. մայիսի 11-ից:

Դրանով պարգևատրվում են Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողություններին մասնակցած անձինք, Աշխատանքի վետերանները, որոնք ակտիվորեն մասնակցում են երիտասարդության ռազմահայրենասիրական ոգովդաստիարակությանը, ՀՀ ազգային բանակի գեներալները և սպաները, շարքայինները և սերժանտները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին:

Հ. Աբրահամյանը ծառայել է խորհրդային բանակում: Նա, բնականաբար, չի մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, Աշխատանքի վետերանի կոչում չունի, իսկ 1990-ականների մարտական գործողությունների ժամանակ, ըստ ԱԺ կայքի, 1990-91 թթ. եղել է Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ, 1991-95 թթ. Արտաշատի գինու-կոնյակի գործարանի պետ: Այդ դեպքում ինչո՞վ է հիմնավորվել նրա պարգևատրումը:
ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը, որը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է, ի թիվս մարտական ծառայությունների համար տրված մեդալների՝ 2011 թ. արժանացել է «Մխիթար Գոշ» մեդալի: Նույն թվականին այդ մեդալին արժանացել է նաև ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը:

«Մխիթար Գոշ» մեդալը շնորհվում է ՀՀ նախագահի կողմից՝ ակնառու պետական եւ հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաեւ դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 2003 թ. ՀՀ նախագահից ստացել է «Մովսես Խորենացի» մեդալ: Այն շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար:

2003-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ «ստեղծագործական ակնառու նվաճման»  համար է մեդալ հանձնել Ծառուկյանին:

Պարգևատրված պատգամավորների մի մասը մասնակցել է մարտական գործողությունների, հետագայում եղել ԶՈՒ համակարգում, ինչով էլ պայմանավորված է նրանց շքանշանների ու մեդալների մեծ թիվը, սակայն անհասկանալի է մնում բանակի, մշակույթի, արվեստի և այլ ոլորտների հետ երբևէ գործնական առնչություն չունեցած անձանց պարգևատրումը: 

Մեդալներ եւ պարգևներ ստացած պատգամավորների ցանկն ըստ խմբակցությունների կարող եք դիտել այստեղ (տվյալները վերցված են Ազգային ժողովի կայքից): 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter