HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

17-ամյա դատապարտյալն ասում է՝ ամեն մարդ էլ կարող է ընկնել բանտ

Լուսանկարի տղային հանդիպեցինք «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Նա մեկն է անազատության մեջ գտնվող ինը անչափահասներից:

Սկզբում տղաները կտրականապես հրաժարվեցին մեզ հետ խոսելուցՀետո 17-ամյա տղան ասաց, որ ուզում է զրուցել, համաձայնեց, որ տպագրենք իր անունը, միայն խուսափեց ֆոտոխցիկի առջև երևալ դեմքով: Ռազմիկը ծնվել է Արտաշատում, մինչև 9 տարեկանն ապրել է այնտեղ: Ընտանիքի միակ զավակն է, ունի մայր, հայր չունի: 9 տարեկանից երեխան տեղափոխվել է Գավառի մանկատուն, ուր մնացել է 6 տարի: Իրեն մանկատուն հանձնելու պատճառների մասին ասում է. «Խելոք չէի մնում, անընդհատ փախչում էի տնից»:

Երկու տարի առաջ Ռազմիկը տեղափոխվել է «Վարդաշենի» հատուկ դպրոց, որտեղ կես տարի սովորելուց հետո դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ փողոցում մի անծանոթի ծեծելու մեղադրանքով. «Այդ մարդը մոտեցավ ինձ ու բաներ առաջարկեց, ես էլ չդիմացա ու ծեծեցի: Կներեք, երևի հասկացաք, որ նա համասեռամոլ էր: Նա գնացել էր ոստիկանություն ու բողոքել: Ինձ էլ դատապարտեցին»,-«Հետքին» պատմեց Ռազմիկը:

Վերջին համաներումը Ռազմիկի վրա չի տարածվել ունեցած տույժի պատճառով: Մեկ տարի վեց ամիս է՝ նա քրեակատարողական հիմնարկում է: Եվս այդքան ժամանակ Ռազմիկը պետք է մնա «Աբովյանում» ու վերադառնա ազատություն: Ասում է, որ ցանկանում է մայրիկի հետ ապրել: «Էստեղ միջոցառումների ենք մասնակցում, սպորտով զբաղվում, շատ ժիմ եմ անում: Փոքրուց երազել եմ դառնալ պրոֆեսիոնալ մարզիկ, դուրս գամ ազատություն, գնալու եմ ֆուտբոլի: Բայց գիտեմ, որ դրսում դժվար ա ապրել, պիտի գումար աշխատեմ: Պատրաստ եմ անգամ շինարարություն անեմ: Գիտեմ, որ մարդիկ դրսում, կներեք, հուշտ են լինում մեզանից, ասում են, որ մենք նստած-հելած ենք: Բայց, հավատացեք, ամեն մարդ էլ կարող է ընկնել բանտ»:

Ռազմիկը նաև հաճախում է «Տրտու» ՀԿ-ի ջանքերով գործող ստեղծագործական կենտրոն, այնտեղ փորագրություններ է անում:

Ինը անչափահասներից ևս մեկը ցանկություն հայտնեց զրուցել: Ակվարիումների սենյակում, որի դիզայնի աշխատանքներին մասնակցել են հենց անազատության մեջ գտնվող երեխաները, զրուցեցինք Դավթի հետ (անունը փոխված է իր իսկ ցանկությամբ): Նա առհասարակ չցանկացավ խոսել իր ընտանիքից ու բանտում հայտնվելու պատճառից: Գրական հայերենով Դավիթը պատմեց, որ ծնվել ու մեծացել է Երևանում, ասաց, որ երեք դպրոց է փոխել. «Չէի համակերպվում, վեճեր էին լինում: Ցանկանում էի դառնալ ծրագրավորող, բայց դպրոցն ավարտելուց մեկ ու կես ամիս հետո հայտնվեցի անազատության մեջ»:

Դավիթը «Աբովյան» ՔԿՀ-ում ավարտել է ուսումնարանը՝ ստանալով ռադիոֆիզիկոսի որակավորում, ապա ընդունվել հայաստանյան համալսարաններից մեկի տնտեսագիտության ֆակուլտետի հեռակա բաժին («Աբովյան» ՔԿՀ-ում միակ դատապարտյալն է, ով բարձրագույն կրթություն է ստանում բուհում: Վճարումը կատարում է դատապարտյալի ընտանիքը): Այժմ Դավիթը երրորդ կուրսի ուսանող է: «Ինձ աջակցողները շատ են՝ այստեղի ադմինիստրացիայից մինչև համալսարանի դասախոսները: Հարազատներս գրքեր են բերում, դասախոսները գալիս են այստեղ և ես հանձնում եմ քննություններս կարող եմ ասել գերազանց՝ 4-երով ու 5-երով»,-«Հետքին» պատմեց Դավիթը: Երեք ամիս հետո Դավիթը կգնա հարազատ օջախ, կշարունակի սովորել բուհում, կդառնա տնտեսագետ: Իսկ ի՞նչ կտանի իր հետ անազատության տարիներից. «Շատ բան եմ սովորել, գրեթե բոլոր խմբակներին հաճախել եմ, սովորել եմ տիրապետել ինձ»: Իսկ ի՞նչ ասելիք ունի Դավիթը իր հասակակիցներին. «Ընդամենը այն, որ մի քայլ անելուց առաջ 10 վայրկյան ավել մտածեն իրենց ապագայի մասին»:


Երկու տարի առաջ ԱՆ նախաձեռնած փոփոխություններով՝ անչափահասները, սեփական դիմումի համաձայն, կարող են մինչև 21 տարեկանը լրանալը մնալ «Աբովյան» ՔԿՀ-ում: 18 տարին լրացած դատապարտյալներ «Աբովյանում» կան: Իսկ նախկինում նման հնարավորություն չկար: 18 տարին լրանալուն պես նրանք պետք է տեղափոխվեին մեծահասակների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկներ:

«Երիտասարդների արդարադատության» բաղադրիչներ կան նաև հայաստանյան սոցիալական քաղաքականության մեջ: Այսպես՝ միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար մինչև 21 տարեկանը Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է սոցիալական քաղաքականություն՝ վճարելով նպաստ: Մինչդեռ երիտասարդների արդարադատությանը բնորոշ նորմեր, բացի ԱՆ նախաձեռնությամբ կատարված վերը բերված փոփոխությունից, չեն գործում ՀՀ-ում:

18-21 տարեկանների արդարադատությունը վերականգնողական արդարադատության բաղադրիչներից է և կոչվում է երիտասարդների արդարադատություն: Այն լայնորեն կիրառվում է եվրոպական մի շարք երկրներում: Գերմանիայում 18-24 տարեկանների համար կան առանձին բանտեր, որտեղ վերականգնողական ծրագրերն առավել շատ են: Այս տարիքային խմբին եվրոպական մի շարք երկրներում (Բելգիա, Ավստրիա, Շվեդիա, Բոսնիա-Հերցեգովինա) դատապարտում են անչափահասներին բնորոշ նորմերով՝ առավել մեղմ, իսկ պատժի առավելագույն չափի չեն դատապարտում:   

Նունե Միքայելյանը 1993թ.-ից աշխատում է քրեակատարողական համակարգում: Մասնագիտությամբ իրավաբան է: Այսօր ղեկավարում է «Աբովյան» ՔԿՀ-ի սոցիալ-հոգեբանական, իրավաբանական բաժինը: «Հետքի» հետ զրույցում նա նշեց, որ հիմնարկի հոգեբան Լուսինե Գավուկչյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ, իսկ «Աբովյանում» նոր հոգեբան է աշխատելու: Մեկ հոգեբանը սպասարկելու է ավելի քան 200 դատապարտյալի ու կալանավորի հիմնարկի բոլոր երեք տեղամասերում՝ և՛ մեկուսարանում՝ նախնական կալանքի տակ գտնվողներին, և՛անչափահասներին, և՛ կանանց: «Անշուշտ, առավել արդյունավետ կլիներ, եթե հոգեբանական աշխատանքների համար հաստիքներն ավելացվեին, սակայն այսօր էլ արվում է առավելագույնը մարդկանց վերականգնելու ուղղությամբ»,- ընդգծեց Նունե Միքայելյանը: Խոսելով անչափահասների մասին՝ նա կարծիք հայտնեց, որ իրավախախտ երեխաների մոտ գողական մշակույթի տարրեր, հիերարխիկ հարաբերություններ առավել քիչ են նկատվում, ու կարևոր է, որ նրանք կարող են մինչև 21 տարեկանը մնալ իրենց մոտ: «Բոլորն էլ հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաներ են՝ ընտանիքներում հաճախ պրոբլեմներ ունեցող, նրանցից յուրաքանչյուրի հետ պիտի անհատապես աշխատել: Միայն քրեակատարողական հիմնարկը չի կարող այդ խնդիրները լուծել: Այստեղ գործ ունի դպրոցը, ընտանիքը, հեռուստատեսությունը: Իրավախախտում կատարած երեխաները հաճախ փորձում են կրկնօրինակել բարեկեցիկ կյանքով ապրող այն «լավ» տղաներին, որոնք ամեն օր երևում են հեռուստաէկրանից»,-մեզ ճանապարհելիս ասաց Նունե Միքայելյանը:   

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter