HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

45 մլն դրամի վնասը չհատուցելը, ըստ դատարանի, իրավական հետեւանք չէ

Լոռու մարզի Գարգառ գյուղում գտնվող, «Հասառ» ՍՊԸ-ին պատկանող ջերմատնային տնտեսությանը չի հաջողվում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ից ստանալ մոտ 45 մլն դրամի վնասը: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հունվարի 21-ին կայացրած վճռով մերժել է ՀՀ ոստիկանության Քանքեռ-Զեյթունի բաժնի հետաքննիչ Ա. Գրիգորյանի՝ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու եւ Երեւան քաղաքի դատախազ Ա. Դավթյանի որոշման դեմ ներկայացրած ընկերության տնօրենի բողոքները:

Ընկերությունը ընդհանուր իրավասության դատարանում փաստարկել էր, որ վնասը պատճառել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Լոռու մարզի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը (ԳԳՄ)՝ 2008թ.-ի հոկտեմբեր ամսից մինչեւ նոյեմբերի 11-ը չէր վերականգնել «Հասառ» ՍՊԸ-ին պատկանող ջերմոցի գազամատակարարումը: Ջեռուցման բացակայության պատճառով ցրտահարվել էր ջերմատնային տնտեսության 2200 քմ պոմիդորն ու վարունգը, մասնագետների գնահատմամբ՝ ընկերությանը պատճառելով մոտ 45 մլն դրամի վնաս:

«Հասառ» ՍՊԸ-ի  տնօրեն Սամվել Հարությունյանը ոստիկանություն էր դիմել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Լոռու մարզի ԳԳՄ-ի աշխատակից Արթուր Պարոնյանի կողմից իր հետ կնքված գազամատակարարման պայմանագրի հավելվածում կեղծումներ կատարելու փաստի առիթով եւ խնդրել էր քրեական գործ հարուցել եւ պատասխանատվության ենթարկել այն կատարած անձին:

Այս թեմայով մեր նախորդ հրապարակումներում տեղեկացրել էինք, որ «Հասառ» ՍՊԸ-ն փորձաքննության էր ներկայացրել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի եւ բաժանորդ ընկերության  պայմանագրի «Գազի մատակարարման չափաքանակների մասին» համաձայնագրի (հավելված 2) պատճենի՝ բնօրինակի հետ համապատասխանության ստուգումը: Փորձագետը ներկայացրել էր փաստաթուղթը պատրաստելու եղանակը. «…բնօրինակի որեւէ պատճենի վրա կատարվել են փոփոխություններ (լրացվել է աղյուսակի առաջին սյունակը, ձախ կողմի միջնամասում կատարվել են ձեռագիր գրառումներ, ավելացվել են կլոր կնիքի թվով երկու դրոշմ): Այնուհետեւ ստացված փաստաթուղթը պատճենահանվել է մեկ կամ բազմակի անգամ...»:

Այսինքն, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 06.03.2013թ. պարտվելուց հետո «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն կեղծված փաստաթուղթը ներկայացրել էր վերաքննիչ դատարան, որն էլ այդ հիմքով բեկանել է ընդհանուր իրավասության դատարանի՝ հօգուտ «Հասառ» ՍՊԸ-ի կայացված վճիռը: Դատարանը բավարարել էր ընկերությանը պատճառված 45 մլն դրամի վնասը փոխհատուցելու պահանջը:

Հետաքննությունն իրականացնող ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննիչ Ա. Գրիգորյանը չէր կարող անտեսել փորձագիտական եզրակացությունը եւ քննությամբ հաստատել էր, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Լոռու մարզի ԳԳՄ-ի աշխատակից Արթուր Պարոնյանն առանց բաժանորդի` «Հասառ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Հարությունյանի ներկայության լրացում է կատարել պայմանագրի հավելվածում: Ա. Պարոնյանը քննիչին տված բացատրություններում ընդունել էր, որ պայմանագրի հավելվածում լրացումը կատարել է Սամվել Հարությունյանի բացակայությամբ, ասելով, թե մատակարարվող գազի չափաքանակների եւ ժամկետների մասին Ս. Հարությունյանն իրեն հայտնել է հեռախոսակապի միջոցով: Սակայն եզրահանգել էր, որ Ա· Պարոնյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը, քանի որ վերջինիս նպատակը եղել է ոչ թե փաստաթուղթ կեղծելը, այլ պայմանագրում լրացում կատարելը:

Կեղծված փաստաթուղթը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մեկ այլ աշխատակից՝ Ա. Բագոյանը ներկայացրել էր վերաքննիչ դատարան, որն էլ հիմք ընդունելով դատարանը բավարարել էր նրանց հայցը: Հետաքննիչը, սակայն կեղծ փաստաթղթի օգտագործումը նույնպես հանցավոր արարք չի դիտարկել եւ մերժել է քրեական գործի հարուցումը: Հետաքննիչի մերժման որոշումը Ս· Հարությունյանը բողոքարկել է Երեւան քաղաքի դատախազին, որը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Հետաքննիչի եւ Երեւան քաղաքի դատախազի որոշումները «Հասառ» ՍՊԸ-ի տնօրենը բողոքարկել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն կայացված վճռից ակնհայտ է դառնում, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը իր «հիմնավորումներով» չի զիջել իրավապահներին: Նա գտել է, որ եթե նույնիսկ  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի աշխատակիցը միանձնյա է փոփոխություն կատարել 01·09·2006թ·-ի կնքված գազի մատակարարման թիվ 2 հավելվածում, «միեւնույնն է, նշված փոփոխությունը որեւէ իրավական հետեւանք, այդ թվում նաեւ «Հասառ» ՍՊԸ-ի տնօրեն Ս· Հարությունյանի որեւէ իրավունքի սահմանափակում չի առաջացրել ···» եւ մերժել է ընկերության տնօրեն Ս· Հարությունյանի բողոքները:

Ըստ դատավորի՝ հոկտեմբեր ամսին «Հասառ» ՍՊԸ-ի գազամատակարարումը դադարեցնելը, որի հետեւանքով ջերմոցում ցրտահարվել են պոմիդորի եւ վարունգի մշակակաբույսերը եւ ընկերությանը մոտ 45 մլն դրամի վնաս պատճառելը, իրավական հետեւանք չէ: Դատարանը նույնպես շրջանցել է փորձագիտական եզրակացության այն հատվածը, որ գրառումներից բացի ավելացվել են երկու կլոր կնիքները եւ փաստաթուղթը պատճենահանվել է մեկ եւ ավելի անգամ: Հետեւաբար, եթե Ա. Պարոնյանի նպատակն ընդամենը ձեռագիր գրառումներ կատարելն էր փաստաթղթում, ինչո՞ւ են ավելացվել կնիքները, այնուհետեւ պատճենվել եւ ներկայացվել դատարան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter