HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Հակոբյանը կոչ է անում ընդունել «գազի հանձնաժողով» ստեղծելու մասին նախագիծը

Այսօր ԱԺ-ում շարունակում է քննարկվել ԱԺ 4 խմբակցությունների` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձևավորման ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը քաղաքական մեծամասնությանը հորդորեց կողմ քվեարկել իրենց նախաձեռնությանը: Նա նշեց, որ չի կարելի ունենալ 300 մլն պարտք և չներկայացնել այն բյուջեում, իսկ հետո բերել բյուջեի նախագիծ և հաստատել: Ըստ նրան` այդպիսով խախտվում է «Պետական պարտքի մասին» օրենքը:

Ռ. Հակոբյանն ասաց, որ քաղաքական մեծամասնությունից շատերը տեղյակ չէին այդ պարտքի մասին, և իրենց խիղճն ավելի է տանջում, ու տգիտություն է հայտարարել, որ քանի որ իրենք մեծամասնություն են, ապա կարող են ընդունել ինչ ուզում են: Իսկ այդ սկզբունքով շարժվողները արհամարհանք են դրսևորում: Եվ եթե այդպես քվեարկեն, ըստ նրա, համոզիչ բացատրություն չի լինի:

«Կարող են ամենատարբեր ենթադրություններ լինեն: Առաջինը. մարդիկ գրպանել են այդ փողը և վերջ: Երկրորդ. սա բացառապես քաղաքական նպատակ ունի, որովհետև 2011 թ. ապրիլին սկսեց գազի թանկացումը: 2011 թ. ապրիլից արդեն սկսել են Ազգային ժողովի պատգամավորների, այնուհետ նախագահի ընտրությունները: Դուք թաքցրեցիք դա որպեսզի պահեք իշխանությունը, որովհետև եթե գազի թանկացման մասին հայտարարվեր, ժողովուրդը ձայն չէր տա և այլն»,- ասաց պատգամավորը:

Ռ. Հակոբյանն ասաց, որ ինքը հակված է երկրորդ տարբերակին, քանի որ Հայաստանում իշխանություն ունենալ նշանակում է  ունենալ ամեն ինչ, նշանակում է ամբողջ պետական համակարգը խցկել հարազատներով, ընկերներով, իսկ մնացածներին «պերսոնա նոն գրատա» հայտարարել: Իսկ այդ իշխանությունը պահելու համար, ըստ նրան, քաղաքական մեծամասնությունը, բնականաբար, պետք է դեմ քվեարկի այդ նախաձեռնությանը: Այնուհետ պատգամավորն առաջարկեց, որ ընդունեն այդ նախագիծն ու  կառուցողական քննարկումներ կազմակերպեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter