HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Սուպեր» բենզին չի ներկրվել, բայց «Ֆլեշը», «Միկան», «Մաքսհուրը» սերտիֆիկատ են ստացել

2009 թ.-ից այս կողմ Ստանդարտների ազգային ինստիտուտը «սուպեր» բենզինի սերտիֆիկատ է տվել «Ֆլեշ» ՍՊԸ-ին, «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ին եւ «Մաքսհուր» ՍՊԸ-ին այն դեպքում, երբ այս նույն ժամանակահատվածում, ըստ ՊԵԿ-ի եւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկատվության, մեր երկիր նման տեսակի բենզին չի ներկրվել: 

Ինչպես արդեն գրել ենք, շուրջ 1400 տ «սուպեր» տեսակի բենզին վերջին անգամ 2008-ին էր բերվել: Սակայն այսօր հատկապես երեւանյան բազմաթիվ լցակայաններում կարող ենք գտնել «սուպեր» վառելիք:

Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն զբաղվում է տարբեր տեսակի ապրանքների սերտիֆիկացմամբ: Կառավարությունը հաստատել է որոշակի տեսակների ապրանքների ցանկ, որոնք պետք է ենթարկվեն համապատասխանության պարտադիր հավաստման՝ համաձայն տեխնիկական կանոնակարգերի: Պարտադիր հավաստման ենթակա են նաեւ ավտոբենզինն ու դիզվառելիքը: Հավաստման փորձարկումներն անցկացնում է վերոնշյալ ինստիտուտը: «Հետքի» նամակին ի պատասխան՝ Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը հայտնել է, որ ավտոբենզինի եւ դիզվառելիքի պարտադիր հավաստման աշխատանքներ իրականացնում է նաեւ «Սուրվեյ-Լաբ Ա.Ս.» ՍՊԸ-ն:  

Եթե 2008-ից հետո, այսինքն՝ 2009-ից սկսած ՀՀ «սուպեր» բենզին չի ներկրվել, ապա տրամաբանական է, որ նման արտադրանքի սերտիֆիկատ չէր կարող տրվել ներկրողներին: Այնինչ, Ենոք Ազարյանի տեղեկացմամբ՝ 2009-ից հետո «սուպերի» սերտիֆիկատ տրվել է ներկրմամբ զբաղվող վերոնշյալ 3 ընկերություններին:

Սա զարմանալի փաստ է, քանի որ մաքսային մարմինները պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման մասին իֆորմացիան ուղարկում են ինստիտուտին, վերջինս փորձարկումներ անելուց հետո հայտնաբերված խախտումների մասին տեղեկացնում է մաքսավորներին: Բանն այն է, որ մաքսայինի ուղարկած տեղեկատվության մեջ հատուկ աղյուսակով նշվում է, մասնավորապես, ներկրող ընկերության անունը, ներմուծվող արտադրանքի անվանումը, դրա հատուկ կոդը («ռեգուլյար»՝ 2710 12 410, «պրեմիում»՝ 2710 12 450, «սուպեր»՝ 2710 12 490): Այնինչ ստացվում է, որ ինստիտուտը այլ կոդով («սուպեր» բենզինի) արտադրանքի սերտիֆիկատ է տալիս ներկրողին:    

Լուսանկարում՝ Ենոք Ազարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter