HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջնադարյան ժառանգությունն անտերության է մատնված

Սանահինի վանական համալիրի պարիսպներից դուրս՝ ընդամենը 50 մետր հեռավորության վրա, Սանահին գյուղի գերեզմանոցի տարածքում է գտնվում 12-13-րդ դարերի կառույց Զաքարյանների դամբարանը (տապանատուն): Շքամուտքի արձանագրության համաձայն՝ դամբարանը կառուցվել է 1189 թ.-ին Զաքարե և Իվանե Զաքարյանների կողմից: Դամբարանում թաղված են Վահրամ, Սարգիս, Մեծ Զաքարե Զաքարյանները և նրանց սերնդակից Արղության-Երկայնաբազուկների տոհմի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ 12-րդ դարի վերջին Զաքարյանների իշխանապետության օրոք Սանահինը կրկին դարձել է գիտամշակութային կենտրոն: Դամբարանի հարևանությամբ է գտնվում նաև 10-րդ դարի կառույց Սբ. Հակոբ ավերված եկեղեցին: Վերջինիս հարևանությամբ գտնվում են 13-րդ դարի կառույց Սբ. Հարություն, 11-րդ դարի կառույց Սբ. Կարապետ եկեղեցիները, Սբ. Սարգիս13-րդ դարի կառույց մատուռը, Գրիգոր Տուտեորդու Սբ. Հարություն եկեղեցու հյուսիսային պատի մոտ տեղադրված արժեքավոր խաչքարը (1184 թ.) և հնագույն այլ խաչքարեր: Հուշարձանները բոլորն էլ պատմական արժեքներ են: Նրանք մտնում են Սանահինի վանական համալիրի կազմի մեջ և վերջինիս հետ գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության կազմում:

Խորհրդային տարիներին Զաքարյանների դամբարանը, Սբ. Հակոբ ավերված եկեղեցին, Սբ. Հարություն և մյուս արժեքավոր եկեղեցիները շրջափակվել են Սանահին գյուղի հանգուցյալ գյուղացիների գերեզմաններով, իսկ հետագայում դարձել են գերեզմանատան տարածք: Անխնամությունից եկեղեցիների և դամբարանի տանիքներին բուսել են հսկա ծառեր, դրանք շրջափակված են մացառուտներով և անմատչելի են զբոսաշրջիկների համար: Պատմամշակութային այս հրաշալի արժեքները նույնպես հանձնված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը, սակայն իրականում անտերության են մատնված:

Այսօր «Հետքը» Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական ծառայությունից փորձեց տեղեկություններ ստանալ Սանահինի վանական համալիրում ինչպես ՀՀ մշակույթի նախարարաության կողմից իրականացվող վերանորոգման, այնպես էլ վանական համալիրի կազմում գրանցված մյուս պատմական հուշարձանների պահպանության անմխիթար վիճակի պատճառների մասին: Տեղեկատվական ծառայությունից մեզ պատասխանեցին, որ հարցերին կարող է պատասխանել միայն լրատվական ծառայության ղեկավար Տեր Վահրամը, ով ներկայումս գտնվում է երկրի սահմաններից դուրս: Հայտնեցին նաև, որ Տեր Վահրամը Հայաստան կվերադառնա փետրվարի 15-ից հետո:

«Հետքը» հետամուտ կլինի Սանահինում տիրող իրավիճակի առումով Մայր Աթոռի վերաբերմունքը հստակեցնելուն: 

Մեկնաբանություններ (2)

Աշոտ
Վերջապես մեկ հայ լրագրող համարձակություն ունեցավ իրականությունը գրել Սանահինի վանքի իրակն վիճակի մասին: Ցավոք սրտի, Հ Հարիապետության տարածքում պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող սրբավայրերն անմխիթար և բարձիթողի վիճակում են: ՀՀ Մշկույթի նախարարությունը, որի բուն պարտականությունն է այս հուշարձանների պահպանությունը, շատ չնչին աշխատանքներ է կատարում այս ուղությամբ: Այն կարգի, որ Հովհան Օձնեցու անվան հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանն գրում է . «Օձունի եկեղեցու վերանորոգման նպատակի համար անհատ բարերարի ներդրումը զգալիորեն գերազանցում է Սանահինի վերանորոգման համար պետության հատկացրածը»:
Anahit
Ես արմատներով Օձնեցի եմ, այժմ ամուսնուս և տղաներիս հետ ապրում եմ Սարահարթում և շատ կուզեի, որ Օձունի քահանայի նման մի հոգևորական էլ Էջմիածինը Սանահին ուղարկեր: Եկեղեցին աղոթքով է շենանում, եթե մշտական հոգևորական ունենանք, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter