HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Գազային» հանձնաժողով ստեղծելը տապալվեց

Ազգային ժողովը քիչ առաջ 44 կողմ, 58 դեմ, 3 ձեռնպահ ձայներով մերժեց ընդդիմադիր պատգամավորների պահանջով արտահերթ կարգով քննարկվող «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը:

Մինչեւ քվեարկությունը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ 2 օր շարունակ քննարկում են հարցը, սակայն այդպես էլ պարզ չի դարձել իրենց համար, թե ինչպես է գոյացել 300 մլն դոլար գազի պարտքը, եւ ինչպես է գոյացել այսօրվա գազի սակագինը: Ըստ պատգամավորի, դեմ քվեարկելով այս նախագծին, իրենք թաքցնելու են մութ գործարքը:

Պետականությանը պատշաճ վերաբերվելու կոչ արեց Հրանտ Բագրատյանը:

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ քննարկումների ժամանակ հետաքրքիր մտքեր հնչել են, սակայն 2 օր շարունակ եղել է նաեւ «զազրախոսություն եւ մեղադրանքներ»:

«Մենք գիտենք, թե ինչ ենք անում: Մեր պարտավորություններին տեր ենք»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը եւ կոչ արեց դեմ քվեարկել նախագծին:

Հիշեցնենք, որ նախագծով հանձնաժողովի խնդիրը պետք է լիներ՝

ա) ուսումնասիրել Հայաստանի Հանարապետություն Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող գազի դիմաց 2011 թվականից ձեւավորված Հայաստանի Հանրապետության պետական պարտքի հիմնավորվածությունը, չափը եւ դրա մարման օրինականությունը,

բ) ուսումնասիրել գազի մեծածախ եւ մանրածախ գների կազմը, կառուցվածքը եւ դրանց վրա ազդեցություն ունեցող գործոնները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter