HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շաբոյանը քանի՞ գլուխ ունի, որ դուրս գա Սերժ Սարգսյանի քաղաքականության դեմ»

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, իր ելույթում անդրադառնալով Որոտանի կասկադի վաճառքին, ասաց, որ հիմա իր աչքին ավելի քիչ երևում է գազը, քան Որոտանը:

Նա մեջբերեց նախորդ տարի նոյեմբերի 21-ի կառավարության որոշումը, որի համաձայն` կասկադի ամբողջ գույքը տրվել էր «Որոտան ՀԷԿՀ» ՓԲԸ-ին` իմանալով, որ այս գործարքը կնքվելու է: Իսկ այդ գույքի մեջ ներառվում են 4 ջրամբարները` Սպանդարյանի, Տոլորսի, Անգեղակոթի, Շամբի: «Հատուկ պահպանության ռեժիմի տակ գտնվող օբյեկտներ հանձնվել են որպես գույք հէկերի համալիրին, այդպիսով` հեշտացնելով իրենց գործը: Այսինքն` անունը՝ հիդրոէլեկտրակայանների համալիր, ընդամենը գույք են դարձրել, և այդ գույքը հեշտությամբ տալիս են, և այստեղ ի~նչ պառլամենտ»,- ասաց նա` պատգամավորներին հիշեցնելով, որ խոսքը 4 ռազմավարական օբյեկտների մասին է:

Ա. Մանուկյանն այնուհետ մեջբերեց 2 նախարարների խոսքերը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել էր, թե  «կառավարությունը ոչինչ չի վաճառել, գույքը վաճառել է «Որոտան ՀԷԿՀ» ՓԲԸ-ն, որի իրավունքն ինքն ունի», և նույն օրը նույն դահլիճից  էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ Որոտանի կասկադը 40 տարեկան է, ինչը նման կասկադների համար սահմանային տարիք է, որտեղ պետք են լուրջ կապիտալ ներդրումներ: Ըստ Ա. Մովսիսյանի` դա եղել է պատճառը, որ կառավարությունը որոշել է վաճառել կասկադը: «Հակասեցի՞ն իրար: Գոնե իրար հետ պայմանավորվեք, թե ով ինչ է ասելու, որ մեկը չասի, թե կառավարությունն է վաճառել, էն մյուսն էլ ասի` համալիրն է վաճառել»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` «Որոտան ՀԷԿՀ» ՓԲԸ-ի` 1997 թ.փաստաթղթի համաձայն` ՓԲԸ-ի բոլոր բաժնեմասերը պատկանում են ՀՀ-ին: «Դուք պատկերացնում եք որևէ ձեռնարկություն, որը չունի գույք, բայց ունի՞ բաժնետոմսեր: Բաժնետոմսերն առանց ամագրման, առանց շինության, առանց գույքի կարող են գոյություն ունենա՞լ: Ասեք: Մեկդ ասեք հա, ես էլ ասեմ ներողություն եմ խնդրում»,- ասաց Ա. Մանուկյանը:

Նրա խոսքով` Ձորագետի հէկը կառուցվել է 1928 թ., որն ամենից «կուկլա» հէկն է: «Կուկլա» բառի համար պատգամավորը ներողություն  խնդրեց, քանի որ այդտեղ դա ամենաճիշտ բնութագրիչն էր: Պատգամավորներից մեկը հուշեց, թե գուցե օգտագործեր «տիկինիկ» բառը, բայց Ա. Մանուկյանն առարկեց` ասելով, որ տվյալ համատեքստում «կուկլա» բառն ամենաճիշտն էր:

Այդ բառին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ասելով, որ պատգամավորն իրեն հակասում է, քանի որ դրանից առաջ ԱԺ դահլիճում գտնվողներին հորդորել էլ խոսել հայերենով: Իսկ Ա. Մանուկյանը պատասխանեց, որ ինքը մեջբերում է անում, և կարող է նույնիսկ անգլերեն բառեր մեջբերել:

Այնուհետ պատգամավորը շարունակեց իր դիտարկումները հէկերի վաճառքի մասին: Նա ասաց, որ Արմեն Մովսիսյանն ամենահին նախարարն է, և արդյոք «հնությունը» չափանի՞շ է  վաճառելու գույքը: «Այդ տրամաբանությամբ Մատենադարան կա, Էրեբունի կա»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:

Ա. Մանուկյանն իր ելույթի վերջում ավելացրեց, որ ինքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ոչինչ ավելին չի կարող պահանջել, ինչպես նաև մնացած հիմնարկներից, ինչպես «Շաբոյանի հիմնարկից»:

«Այս երկրում մեր կառույցները ոչինչ անել չեն կարող վերևից եկող քաղաքականության հետ. մոնոպոլիաների դեմ պայքարի առումով Շաբոյանը ոչինչ անել չի կարող, Նազարյանը ոչինչ չի կարող անել գների այն քաղաքականության դեմ, որը վերևից է եկել: Սաղ ղեկավարվում է մի տեղից: Դուք հանկարծ չշփոթեք, թե դեմոկրատական երկիր է, որտեղ յուրաքանչյուր կառույց կարող է պնդել իր ասածը, իր սկզբունքները և մինչև վերջ պահել դա և մնալ իր աշխատանքին: Մեր երկիրն ուրիշ պրոբլեմ ունի»,- ասաց նա:

Նրա խոսքով` Նազարյանը կամ Շաբոյանը չեն կարող դուրս գալ մոնոպոլիաների դեմ: «Մոնոպոլիաների կամ գների հետ կապված Շաբոյանը կարո՞ղ է դուրս գալ Սերժ Սարգսյանի քաղաքականության դեմ… Էդ քանի՞ գլուխ ունի: Քաղաքականությունը մշակվում է ուրիշ տեղ, իրականացվում է  ուրիշ տեղ»,- ավելացրեց Ա. Մանուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter