HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Դատախազը միջնորդեց 15 տարի ազատազրկում Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվողի համար

Նախկին քաղաքապետի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկ տարի տեւած դատաքննությունը մոտեցավ ավարտին: Այսօր կայացած դատական նիստի ժամանակ մեղադրական ճառով հանդես եկավ դատախազ Արմեն Մարուխյանը:

Նա ապացուցված համարեց ամբաստանյալի մեղքը քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ 8-ից 15տարի եւ 188 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի ձեռնարկատիրություն, որ պատժվում է մինչեւ մեկ տարի ազատազրկմամբ կամ տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հինգ հարյուրապատիկի չափով: Կարեն Եսայանի սպանության համար ամբաստանվող Հարություն Սարգսյանին ի սկզբանե առաջադրվել էր երեք մեղադրանք, սակայն հետագայում՝ նախաքննության ավարտին մեղադրանքի ծավալից հանվել էր ապօրինի զենք, զինամթերք պահելու մեղադրանքը (քր.օրենսգքրի 235 հոդված):

Հարություն Սարգսյանը իրեն մեղավոր չէր ճանաչել Կարեն Եսայանի սպանության մեջ եւ հրաժարվել էր նախաքննական ցուցմունքներ տալուց: Դատարանում եւս ամբաստանյալը ցուցմունք չտվեց՝ բավարարվելով նախաքննության ընթացքում ոստիկանների կողմից իր նկատմամբ ցուցաբերած դաժան վերաբերմունքի նկարագրությամբ:

Մեղադրական ճառը բավական ծավալուն էր: Մեղադրող Արմեն Մարուխյանը մեղադրանքի հիմքում դրված ապացույցներն անգամ խմբավորել էր՝ դրանք բաժանելով երեք մասի: Սակայն այն ամենայն մանրամասնությամբ ներկայացնել մեղադրողին չհաջողվեց, քանի որ ամբաստանյալի ինքնազգացողությունը պարբերաբար վատանում էր եւ կարիք էր առաջանում նիստն ընդմիջելու: Ի դեպ, նախորդ հինգ նիստերից երեքը չէր կայացել հենց Հարություն Սարգսյանի վատառողջ լինելու պատճառով:

Արմեն Մարուխյանը դատարանին միջնորդեց Հարություն Սարգսյանին դատապարտել ազատազրկման 15 տարի ժամկետով: «Դուք հենց հիմա հանցագործություն եք կատարում,-լսելով մեղադրական ճառի եզրափակիչ մասը՝ հայտարարեց ամբաստանյալը,-դուք սպանություն եք թաքցնում: Կարենի մայրը ինձնից 12 մլն էր ուզում տղու արյան դիմաց: Նա էդքան էր գնահատել Կարենի կյանքը: Իսկ դուք հենց հիմա թաքցնում եք հանցագործությունը: Ես հեռանում եմ բաց ճակատով»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանն ասաց, որ համամիտ է մեղադրողի հետ եւ ծավալուն ճառով հանդես չի գա: Պարզապես վերջում կօգտվի ռեպլիկի իր իրավունքից, քանի որ այս պահին հարկ չի համարում ասել ավելին, քան ասվեց մեղադրական ճառում: Ի դեպ, դատաքննության սկզբնական փուլում Հարություն Սարգսյանն իրեն մեղսագրված երկու մեղադրանքներից ընդունել էր միայն մեկը՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, սակայն այսօր, նիստի ավարտին հանկարածակի հայտարարեց, որ չի ընդունել եւ չի ընդունում այս մեղադրանքն եւս:

«Դրանք իմ անձնական ավտոներն են եղել, ինչ ձեռնարկատիրություն,-նկատեց ամբաստանյալը,-դուրս գամ մեկ է պիտի էլի ավտո ծախեմ, դրանք իմ մեքենաներն են»:

Պաշտպանական կողմը վիճաբանության փուլին պատրաստվելու համար դատարանից խնդրեց 20 օր ժամանակ: Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 26-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter