ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Զարուբյանի կանայք»․ ՀՀ Սահմանադրությունն՝ առանց «ՈՒ»-ի



‹‹Արձանագրի, ասում է լուսինեն, գրի նրա մասին ու եթե ընդունակ ես, ապա գրիարձանը նրա, տաքսու մեջ կիսանստած, շալով կիսափաթաթված ու այդպես կիսով չափ ու ոչ ամբողջական, ինչպես հիշողությունն է վերարտադրում, գրի Արաքսի մասին։ Գրի այնպես, որ զգամ, բայց գրել  նշանակում է ոչ թե ստեղծել իրականին մոտ պատկերներ, այլ կործանել նմանությունը, ու սրբագրելով դու սրբում ես արատները, անհետացնում թերությունները, համբերատար սպասվող, սպասված, որ իրենց հայտնաբերեմ լուսանկարչական իմ ապարատով, որ զուր էր ճիգը քո, ու զուր են խոսքերն ու ընդունակ չես ու չես կարողանալու արձանագրել, ու միայն ընդօրինակելով ուրիշներին, միայն ուրիշից փոխառնված բառերով է, որ պետք է ստեղծես քո ճղճիմ արձանն ու միայն հասկանալով ու հասկացած լինելով, որ ձախողելու ես։

-Եթե գրողն ի վիճակի չէ իր ապրումները բացահայտելու եւ գրելու, իսկ գրականությունը ի՞նչ է՝ մարդու հոգեկան վիճակի եւ մարդկային հարաբերություններ արտահայտությունն է՝ արվեստով տրված, ուրեմն, եթե մարդ վախենում է, ուրեմն նա ստեղծելու էլ ի վիճակի չէ››հատված «Զարուբյանի կանայք» վեպից

«Զարուբյանի կանայք» վեպը ժեստի ձեւով հայտնվում են գիշերվա կեսին, կարդալու ընթացքում որոշակի նախախնամություն ունեմ, որովհետեւ առնչությունները շատ են քաղաքի եւ կեցության կոնտեքստում։

«(ինքն իրեն խեղդող քաղաքը չի ընտելանում, չի կարողանում տաքանալ կերոսինի վառարաններով, բայց ասա ինձ, համեմատողի տեսանկյունից ինչպես փնտրել նմանի աննմանությունը)» գրում է Շուշան Ավագյանը։

Գիրքը կարդալուց ժամեր առաջ պաշտոնական մի կառույցի շենքում եմ․ վերելակը սովետական է, ներքեւի սրճարանը դուռ չունի՝ ցելոֆանե «վարագույրներ» են՝ կոշտ, բայց թույլ են տալիս պյուրեի ու սուրճի հոտը տարածել պետական շենքի բոլոր հարկերում, իսկ այդտեղ հոսքեր կան՝ ֆինանսական, մարդկային, պատմական, բայց ոչ երբեք պատահական։

Շուշանի ու լուսինեի վեպը (հիշողության եւ կեցության վավերագրությունը) ծայրից ծայր պատահականությունների հերթականությունը վերածում է մի պատմության, որի մի մասը կարող է թվալ վերծանված տեքստերի ու վերծանված պատկերների շարք։

Վեպն ընթերցում եմ երկրորդ անգամ. պատմությունը եւ պատմելու ձեւն ի սկզբանե հարցադրման ձեւով դրված են հեղինակի համար, վեպի կառուցվածքի հիմնական առանձնահատկությունն այն է, որ միաժամանակ կարդում ես հատվածները (վեպի երրրորդ գլխում նախադասությունները, որոնք առանձին պատմություններ են, ներկայացված են փակագծերի մեջ) ու հատվածներն այդ լուսինեի ֆիքսած կադրերով ամբողջացնում են տեքստը (Շուշանի տեքստն այս համատեքստում թույլ է տալիս սեփական տեքստերը՝ պատմությունները, մտովի ներառելու «բաց թողնված» տարածություններում)։

Յուրաքանչյուր էջում առկա լուսանկարը կարող է հարցադրումներ առաջացնել․ որքանո՞վ է այն առնչվում տեքստի հետ, որքանո՞վ են արդարացված հենց այդ պատկերները։ Ընթացքում այս հարցադրումը գնալով մարում է՝ չտալով պատասխան, այլ համոզելով, որ յուրաքանչյուր կենսական պատմության մեջ (ի նկատի ունեմ այն պատմությունը, որը մենք ենք ապրում) ամեն րոպե տեսողությունն ու լսողությունը մեխվում են դետալային ոչ էսթետիկական կամ ոչ կարեւոր նշանագրումների վրա, որոնք կարող են հրաշալի հիմք ծառայել տեքստի համար, եթե այն ունի հստակ կոնտեքստ, ֆորմա, բայց ընթերցողի համար անսովոր է։

Լուսանկարչության կոմպոզիցիայի կենտրոնը լուսինեի համար դառնում է կանացի շտապող ոտքերը, շինության ճակատային մասը, շենքերի ապադասավորվածությունը․․․Այս լուսանկարների շնորհիվ է, որ քաղաք-կին-պատմություն- ապրում- քաղաքականություն եւ այլ առնչություններից ծագած հարցերն ավելի պարզ պետք է որ թվան ընթերցողին։

Սակայն Շուշանի տեքստի շերտերը ավելի շատ են․ դրանք ստեղծում են  մեկ ընդհանրական ցանց, որտեղ գիտակցական եւ ենթագիտակցական հոսքը, հստակորեն կոդավորված լինելով, ներկայանում է եւ բարդության, եւ ցանկության դեպքում (եթե ընթերցողը հետեւողական ընկալի ազդանշանները)՝ պարզության մեջ։

Պատմությունների (վեպին ծանոթ ընթերցողների համար՝ այսուհետ հատվածների) դասավորվածությունը վեպի հիմնական խնդիրներից մեկն է, որը ընդհանուր տեքստի մեջ առանձնապես ինձ՝ որպես ընթերցողի ոչ մի պահ մտահոգության մեջ չգցեց, սակայն առաջացրեց մեկ այլ զգացողություն, ապա մտորում, որից որպես քաղաքի բնակիչ, սիրտս սկսեց թռթռալ։

Կեցության այս մակարդակում մեր հիշելությունն անընդհատ ընդմիջվում է քաղաքային, քաղաքական սիմվոլներով, որոնք ոչ միայն ազատում են տարածք իրենց համար, այլ նաեւ հաստ շերտով սկսում են ծածկել այն, ինչը հետագայում կարելի էր դառնալ գործողությունների հստակ հիմք։

«․․․Հեշտ չէ սկսելը։ Նա չգիտի, թե ինչպես սկսել այն, ինչ արդեն կարելի է համարել սկսված։ Պետք է նշել, որ սկզբից էլ ամեն ինչ փորձում էր անել մեղմորեն, ոչ շատ հանկարծակի»

«Ցանկացած կերպար այս գրքում կարող է հանկարծ իր տեղը զիջել մեկ ուրիշին կամ փոխել իր անունը, վերանվանվել կամ բնութափոխվելնրանք անընդհատ նոր անձնագրեր են պահանջում ժանրի սահմաններն անցնելու համար»։

Վերը նշվածի հիմքում է, որ լուսինե թալալյանի եւ Շուշան Ավագյանի տեքստը եւ լուսանկարաշարքը համընկնում եւ միաժամանակ լրացման խնդիրներ չի առաջացնում․ այն ներկայացնում է երկու տեսակի եւ երկու տեսանկյունների համադրությունը, ովքեր հինգ տարի շարունակ (2008-2013թթ․) երկխոսել են։

Այս համատեքստում Շուշանն առանձնացրել է  «Արտառոց կանայք», «Զազրելի կանայք», «Խնդացող կանայք» վիպական մասերը։ Հետաքրքիր է, որ «Զարուբյանական ատրակցիոն» հատվածը, որն ընկած է երկու մասերի միջնամասում ընթերցողին որոշ չափով հեռացնում է տեքստից եւ միաժամանակ թույլ տալիս մտնել մինչ անթույլատրելի՝ անձնական տարածք։ Այս մասում կրկին տեքստը վերաշարադրված, վերակառուցված եւ վերծանված բնույթ ունի եւ սեփական մտորումի հիմք կարող է դառնալ։

Վեպի վերջաբանը՝ «Ավարտի Տեսթյն»-ը հետաքրքիր ձեւով հնարավորություն է տալիս հասկանալ նախաբանում առկա «լրագրային իրականության» մտավախությունը, որը դրսեւորում է հեղինակը։Այս հատվածը ներկայացնում է ՀՀ Սահմանադրությունն ամբողջությամբ, որտեղ «ու»-ն բացակայում է։

 «Եթե գիրքը, այսինքն գրերը, կամ գրերով արտահայտված միտքը, որն անընդհատ վերդասվում է, շեղվելով ու կրկնվելով, մոռացվելով ու մոռանալով իր նախնական ուղղվածությունն ու հակադասվելով ինքն իրեն՝ սղում է տառերն ու ճանաչվում անվավեր, այսինքն՝ չիրականացած, կամ իրացված որպես մի ուրիշ բան, ապա մնում է ընդամենն ավելացնել, իմիջիայլոց, որ այս գործը հիմնված է մի նախադասության ու դրա ապադասությունների վրա, որոնց հասցեն է՝ Զարուբյան 34»,- գրում է Շուշանը նախաբանում։

Վեպի նախաբանում ունեցած քաղաքացիական-հոգեկան, անընդհատ ցանցում հայտնվողի եւ այդ ցանցը գրի միջոցով բացելու կամ հակառակը՝ կոդավորելու ընթացքի պատասխանն ամբողջանում է այս հատվածում, որտեղ յուրաքանչյուր ընթերցող եւս մեկ անգամ հնարավորություն է ունենում առանց «ու» տառի (այս հնարքը մի քանի ուղղություններով մտածել է տալիս) ծայրից ծայր կարդալ ՀՀ Սահմանադրությունը, որի յուրաքանչյուր կետը, պարունակելով քաղաքացիական կոդեքսներ, ընթերցողին դարձնում է հեղինակ, որը հնարավորություն է ստանում նկատել այն, ինչ հիմք է ծառայել մի աբողջ քսանամյակի։

Տեքստի նշանագրությունը պարբերաբար թույլ է տալիս եզրակացնել (վեպն ամբողջությամբ ընթերցելուց կամ վերընթերցելուց հետո), որ վերջին հատվածի՝ ՀՀ  Սահմանադրության «ու»-ի սղումը տեղակայվում է բառային այն հնարքների համատեքստում, որոնք պարբերաբար գործածում է Շուշանը վեպի ընթացքում՝ «ներկայ(աց)ում», «անբավ(արար)», «շ(ե)նացում», «ստ(եղծ)ել» եւ այլն։ 

«Մի վեպ, որն ուզում է սկսվել ու նախընտրում է չշարունակվել։ Չհանդուրժելով հանդուրժողականությունը վեպը դադարում է շարունակական լինելուց։ Վեպն ունի այդ իրավունքը, քանի որ լրագրային հոդված չէ։Մոտավորապեսը նույնը չէ, ինչ լիարժեքը․․․»

հգ․ հրապարակման մեջ առկա շեղատառերով մեջբերումները «Զարուբյանի կանայք» վեպից են։ լուսինե թալալյան անուն-ազգանունը գրվել է փոքրատառերով՝ համաձայն հեղինակի՝ այդպես ստորագրելու ձեւի։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ