HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Հայաստանում կգործի՞ Կրեմլի գրաքննությունը

Հայաստանը 7 մղոնանոց քայլերով գնում է դեպի Մաքսային միություն: Մենք դեռ շատ ենք քննարկելու այդ անդամակցության տնտեսական հետևանքները: Սակայն, եկեք փորձենք ուսումնասիրել այդ գործընթացի այլ բաղադրիչներ:

Ոստիկանության գործելաոճի փոփոխությանը մենք արդեն անդրադարձել էինք: Այժմ խոսենք Հայաստանում մամուլի ազատության մակարդակի վրա հնարավոր ազդեցությունների մասին:

Պուտինի վերադառնալուց հետո

Այսպիսով, 2012 թվականին Վլադիմիր Պուտինի՝ նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո այդ երկրի լրատվական դաշտում էական փոփոխություններ տեղի ունեցան:

Կրեմլի ձեռքը առաջինը հասավ Комерсантъ-ին: Փոխվեցին լրատվամիջոցի բոլոր ղեկավարները, փակվեց Комерсантъ-ТВ-ն, իսկ Комерсантъ-FM ռադիոկայանի գլխավոր խմբագիր դարձավ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի մերձավորներից մեկը: Ու եթե մինչ այդ Комерсантъ-ը ուներ ընդդիմադիր և անկախ լրատվամիջոցների խմբի համբավ, ապա փոփոխություններից հետո սկսեց նմանվել Կրեմլի մամլո ծառայությանը… Այն անգամ հրաժարվեց «Նորություններ առանց ցենզուրայի» կարգախոսից:

Комерсантъ-ին հետևեցին նաև Gazeta.ru-ն և OpenSpace.ru-ն, ինչը կրկին զուգորդվեց այդ լրատվամիջոցների կուրսի փոփոխությամբ:

Ապա գործը հասավ առավել խոշորներին: ИТАР-ТАСС-ը պետությունից ստացավ տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում և նոր տնօրեն: Իսկ ահա СТС-медиа-ի նոր տնօրեն դարձավ ИТАР-ТАСС-ի տնօրենի կինը:

Վերակազմակերպվեց անգամ ուղղափառ եկեղեցու «СПАС TV» հեռուստաալիքը` դառնալով «ռազմահայրենասիրական»: Փոփոխությունները հասան անգամ պրոկրեմլյան «Газпром-медиа»-ին, որը «կլանեց» բազմաթիվ հեռուստաալիքների սեփականատեր (նախկինում՝ անկախ) «ПрофМедиа» խմբին:

Անցյալ տարվա դեկտեմբերին գործը հասավ Ռուսաստանի ամենամեծ մեդիագիգանտին` «РИА Новости»-ին: Նախագահի որոշմամբ այն ձուլվեց «Ռուսաստանի ձայնը» ռադիոկայանի հետ և անվանվեց «Россия сегодня»: Վերջինիս տնօրեն նշանակվեց «Россия» ալիքով Պուտինին ամեն կիրակի գովերգող Դմիտրի Կիսելյովը, իսկ գլխավոր խմբագիր` պրոկրեմլյան Russia Today հեռուստաալիքի ղեկավար, հայազգի Մարգարիտա Սիմոնյանը:

Այսինքն՝ Վլադիմիր Պուտինը տոտալ տեղեկատվական բլոկադայի է ենթարկում Ռուսաստանը:

 Дождь-ի վերջին օրերը

Այս ամենով հանդերձ, Ռուսաստանը մեծ երկիր էր, և դեռևս կային համեմատաբար անկախ հեռուստաալիքներ: Սակայն, այդպիսի ալիքների մեծ մասը ռեգիոնալ էին, բացառությամբ մեկի` կաբելային «Дождь ТВ» լրատվական հեռուստաալիքի:

10 միլիոնանոց լսարան ունեցող Дождь-ում էին աշխատում հանրահայտ Քսենիա Սոբչակը և Լեոնիդ Պարֆյոնովը: Վերջիններս անգամ Վասյա Օբլոմովի հետ մի քանի երգ գրեցին, որով ծաղրում էին իշխանություններին: Դրանցից ամենահայտնին «Рэп-молебен»-ն էր:

Բնականաբար, իշխանությունները չէին կարող «անտարբեր» մնալ այս անկախ լրատվական հեռուստաընկերության նկատմամբ: Եվ այսպես, մոտ մի շաբաթ առաջ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կարմիր բանակի գործողությունների նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու պատրվակով անխտիր բոլոր կաբելային հեռարձակողները հրաժարվեցին Дождь-ի հետ իրենց պայմանագրերից:

Լսարանի ավելի քան 80 տոկոսին մի քանի օրում զրկեցին Дождь դիտելու հնարավորությունից: Ռուսական վերջին անկախ լրատվական հեռուստաալիքը փետրվարի 10-ից, ըստ էության, գոյություն չի ունենա:

Հայկական մամուլի դեմ արդեն «օդ են կրակում»

Ու թեև մենք սրտացավ էինք Ռուսաստանում մամուլի ազատության խնդիրների նկատմամբ, այնուամենայնիվ, միշտ կողքից էինք նայում դրանց…

Բոլորիս համար ակնհայտ է, որ Մաքսային միությունը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական միություն է: Եվ ոչ միայն տնտեսական մոդելն է կրկնօրինակվելու, այլև քաղաքականը:

Իհարկե, հույս կար, որ Կրեմլը չի գործի Հայաստանում հարաբերական ժողովրդավարության և մամուլի ազատության դեմ… Սակայն, արդեն հնչում են «նախազգուշական կրակոցներ»:

Երբեք Կրեմլի կուրսին դեմ չգնացող Regnum գործակալությունը օրերս տարածեց հայտարարություն, որով պիտակավորում էր Մաքսային միությանը քննադատող հայկական ԶԼՄ-ներին՝ վերջիններիս անվանելով «ԱՄՆ ֆինանսավորմամբ աշխատող ինֆորմացիոն մանիպուլյատորներ»:

Ավելին, Regnum-ը կոչ է անում հայ իրավապահներին «օպերատիվ արձագանքել անբարեխիղճ լրագրողների հրապարակումներին», այլ բառերով ասած` իրականացնել գրաքննություն:

Կհասնե՞ն Կրեմլի ձեռքերը հայկական մամուլին… Ցույց կտա ժամանակը, բայց փաստ է, որ ոչինչ դեռ անդառնալի կորած չէ, ամեն ինչ մեր ձեռքերում է: 

 

 

Լուսանկարը՝ www.ntv.ru 

Մեկնաբանություններ (1)

haykUS
Go to Hell Putin and Russia! Armenia will be independed from neo-Stalin Putin and naci Russia.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter