HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե ինչու հայ գեղասահորդները չեն մասնակցում օլիմպիական խաղերին

Աննա Բաբաջանյան

Այս տարվա հունվարին, երբ Բուդապեշտում տեղի ունեցած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը գրավեց վերջին հորիզոնականը, որոշ մարզասերեր ստիպվեցին հայ գեղասահորդների պոտենցիալի վերաբերյալ ծայրահեղ դատողություններ անելու:

Իսկ երբ պարզ դարձավ, որ այսօր մեկնարկելիք Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը չի ներկայացնի և ոչ մի գեղասահորդ, սոցցանցերում քննարկումներ ծավալվեցին, որոնց կիզակետում հետևյալ հարցերն էին` «Մենք լավ գեղասահորդներ չունե՞նք», «Թե՞ լավ մարզիչներ չունենք», «Հայաստանում գեղասահքը` որպես սպորտաձև, անտեսվա՞ծ է»:

«Լավ գեղասահորդներ ունենք,  օրինակ` օլիմպիական խաղերի հավակնորդ մի աղջիկ ունեինք` Արինա Պետրովա: Մրցաշարին մասնակցելու համար նա պետք է լիներ Հայաստանի քաղաքացի. մենք չհասցրեցինք ժամանակին անձնագիր հանել,- պարզաբանեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը,- մեր երեխեքը շատ լավն են, երկու-երեք ամսով պարապում ենք, գնում են մրցույթների և նորմալ տեղեր են զբաղեցնում»:

Իսկ թե ինչու են մեր գեղասահորդները պարապում մրցույթներից ընդամենը երկու-երեք ամիս առաջ, արդեն հինգ տարվա վաղեմության պատասխան ունի:

Գեղասահորդ ունենք, սահադաշտ չունենք

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի գեղասահքի միակ դպրոցը տարիներ շարունակ անմխիթար վիճակում է: 2008-ից չի գործում սահադաշտը, չկան պարապմունքներն անցկացնելու համար բավարար պայմաններ:

Նշենք, որ պրոֆեսիոնալ գեղասահորդը 11 ամիս պետք է մարզվի սառույցի վրա, իսկ մեր գեղասահորդները սառույցի վրա մարզվում են ընդամենը 4 ամիս` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կամ էլ Կարապի լճի տարածքում ժամանակավորապես գործող սահադաշտերում:

 Իսկ ինչպե՞ս է այս պայմաններում նրանց հաջողվում մասնակցել միջազգային մրցույթների և տեղեր գրավել:

Մ. Ստեփանյանի պարզաբանմամբ՝ հավաքականի անդամները և մեր առաջատար գեղասահորդները  հիմնականում մարզվում են  դրսում: Օրինակ` Սլավիկ և Սարգիս Հայրապետյանները Ռիգայում են մարզվում, Անաստասիա Գալստյանը, Իզաբելա Դավթյանը` Մոսկվայում:

«Ամեն դեպքում, սեփական սահադաշտ ունենալն անհրաժեշտություն է»,- շեշտում է ֆեդերացիայի նախագահը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը դեռևս 5 տարի առաջ խոստացել էր վերանորոգել դպրոցը, իսկ նախորդ տարի Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում կար նման կետ` «Գեղասահքի զարգացման ծրագրի իրականացում և համապատասխան մարզադպրոցի կառուցում»: 

«Հետքի» այն հարցին, թե ինչու չի կատարվում վաղուց տրված խոստումը, և ինչ քայլեր են ձեռնարկվել, Երևանի քաղաքապետարանից պատասխանեցին, որ տարեկան և քառամյա ծրագրերում ընդգրկված է կազմակերպության աշխատասենյակների ու մարզաբազայի հիմնանորոգման խնդիրը։ Հիմնանորոգման առաջին փուլի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են՝ հայտարարվել է պարուսուցման դահլիճի, աշխատասենյակների ու հանդերձարանների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և հիմնանորոգման աշխատանքների մրցույթ:

Անհասկանալի է` մարզիկների կամ մարզիչների ինչի՞ն են պետք հանդերձարաններն ու աշխատասենյակները, եթե չի գործելու սահադաշտը, մեծ հաշվով` դպրոցը:

Ինչ վերաբերում է սահադաշտի վերականգնմանը, քաղաքապետարանից պատասխանեցին, որ նախկինում ծրագրված էր ձեռք բերել սիլիկոնե սահադաշտ, սակայն հետագայում, մասնագետների կարծիքը հաշվի առնելով, որ սիլիկոնն ունի վնասակար ազդեցություն, ծրագրվեց սահադաշտը վերականգնել բնական սառույցով: Դա մեծացրեց նախահաշվային գումարի չափը, և առաջացավ ներդրողներ գտնելու անհրաժեշտություն, որի համար «քաղաքապետարանը ծավալում է համապատասխան աշխատանքներ»։

Փաստորեն, քաղաքապետարանին անհրաժեշտ եղավ ամբողջ հինգ տարի` հասկանալու համար, թե որքան վնասակար է սիլիկոնը, իսկ թե դեռ քանի՞ տարի կպահանջվի ներդրողներ գտնելու համար` դժվար է ասել:

Հայրապետյանը Պլյուշչենկոյի չափ փող չունի

Սեփական սահադաշտի բացակայության պայմաններում արտերկրում մարզվելն իր հերթին է հավելյալ խնդիրներ հարուցում: Ֆեդերացիայի նախագահի խոսքով, մեր գեղասահորդները մյուսների համեմատ գտնվում են անհավասար մրցակցային պայմաններում, քանի որ արտերկրում մարզվելը ևս որոշակի ֆինանսներ է պահանջում. «Օրինակ՝ Սլավիկ Հայրապետյանը, որքան էլ Ռիգայում մարզվի, հնարավորություն ունի պարապել առավոտյան երկու ժամ և վերջ, չի կարող Պլյուշչենկոյի պես օրը ութ ժամ պարապել. ֆինանսապես այդքան ապահովված չէ»:

Նրա խոսքով, պետական բյուջեից ֆեդերացիային տրամադրվող տարեկան 9 միլիոն դրամը բավարար չէ մարզիկների ծախսերը հոգալու համար: Նշենք, որ դրանով հնարավոր է վճարել լավագույն դեպքում երկու միջազգային մրցման մասնակցության ծախս: «Գեղասահքը թանկ սպորտաձև է, հազիվ եմ փողերը բաշխում, մրցույթներին մասնակցելը, ընթացիկ ծախսերը, անհրաժեշտ զգեստները մեծ գումարներ են պահանջում»,- ներկայացրեց նա` նշելով, որ չի դադարում գեղասահորդների համար հովանավորներ փնտրել:

Իսկ մնացած ֆինանսական խնդիրները հոգում են անհատները, հիմնականում` մարզիկների ծնողները: Միջազգային մրցույթների մեկնող գեղասահորդները, մեծ մասամբ, իրենք են հոգում ընթացիկ ծախսերը:

«Ձմեռային սպորտաձևերի վրա ներդրում չեն անում, ի՞նչ են ներդնում որ...»,- նկատեց տիկին Ստեփանյանը: Նա նույնիսկ նշեց, որ միջազգային մրցույթներից մեկին  մասնակցելու համար դիտավորյալ ֆինանսական միջոցներով ապահովված մարզիկ է  ընտրել, որպեսզի «պետությունից փող չմուրա»:

«Օլիմպիական կոմիտեն կարող է ոչ մի կոպեկ էլ չտալ…»

Իսկ որքանո՞վ է շահագրգռված Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) Գեղասահքի ֆեդերացիային ֆինանսավորելու, գեղասահքը որպես սպորտաձև Հայաստանում զարգացնելու, մարզիկներին հովանավորելու հարցում: Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ Օլիմպիական կոմիտեն ֆինանսապես օգնել է մարզիկներին, թեեւ անձամբ ինքը կոմիտեին երբևէ չի դիմել: ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայության ղեկավար Յուրի Ալեքսանյանն իր հերթին «Հետքի» հետ զրույցում նկատեց. «Օլիմպիական կոմիտեի նախագահը կարող է ընդհանրապես ոչ մի կոպեկ էլ չտալ Գեղասահքի ֆեդերացիային»: Նրա խոսքով, կոնկրետ ֆիքսված գումար չկա,  թե կոմիտեն ում ինչքան պետք է տա:

«Ուզու՞մ ես օգտակար լինել գեղասահքին, փող դիր` արա, եթե չես կարողանում, մի ստանձնիր էդ պաշտոնը»,- նշեց նա` նկատի ունենալով ֆեդերացիայի նախագահին:

Նրա խոսքով, նույնիսկ պետությունն այս պարագայում կարող է չֆինանսավորել տվյալ ֆեդերացիային, քանի որ վերջինս հասարակական կազմակերպություն է:

«Օրինակ՝ ես պետության նախագահն եմ, փող եմ տալիս, որ որտե՞ղ պարապես. եթե սառույց չունես, փողը տալիս եմ, որ տանես ուտե՞ս»,- հարցրեց Յ. Ալեքսանյանը` արդարանալով, թե կոնկրետ որևէ մեկին նկատի չունի:

Եղունգ ունես` գլուխդ քորիր

Եթե հաշվի առնենք, որ, օրինակ, ծանրամարտին, բռնցքամարտին, ըմբշամարտին պետական բյուջեից տրամադրվում է տարեկան  շուրջ 200 միլիոնական դրամ, իսկ գեղասահքին` 9 մլն, տպավորություն է ստեղծվում, որ պետությունը ձմեռային այս սպորտաձևը Հայաստանում զարգացնելու միտում չունի:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մնացականյանի` «Հետքին» ուղղված գրավոր պատասխանում նշված է. «Այո՛, մենք ունենք մեծ հաջողություններ որոշ մարզաձևերում, հատկապես՝ ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտերում, սամբոյում: Փաստեմ, որ այս մարզաձևերի զարգացման համար գուցե մեծ գումարներ չեն պահանջվում, և ի պատիվ որոշ մարզաձևերի ֆեդերացիաների՝ նրանք ինքնուրույն փորձում են գտնել հովանավորներ, ովքեր մեծ ֆինանսական ներդրումներ են անում»:

Նշենք, որ այս տարի մարզական ազգային ֆեդերացիաներին հատկացվել է 929 մլն դրամ (որից 9-ը, ինչպես վերը նշել ենք,  տրվել է Գեղասահքի ֆեդերացիային): Պետական աջակցության ծրագրերի շրջանակում ֆինանսավորման չափը որոշվել է ըստ ֆեդերացիաների կազմած հայտերի և օրացուցային պլանների: Փոխնախարարն իր պատասխանում չի բացառել, որ տարվա ընթացքում կարող է լինել ֆինանսական  հատկացումների վերաբաշխում հետևյալ կերպ՝ լավ արդյունքներ գրանցած ֆեդերացիաներին տրվի լրացուցիչ ֆինանսավորում՝ արդյունքներ չգրանցած ֆեդերացիաների հաշվին: 

Փոխնախարարը վերջում նույնիսկ մի ուշագրավ դիտարկում էր արել. «Ի դեպ, ով ցանկանում է աշխատել, նա գործ է անում, ով՝ ոչ, պատճառներ է փնտրում…»:

Հ.Գ. Հայաստանը 1998թ.-ից սկսած` Ձմեռային օլիմպիական խաղերին գեղասահք մարզաձեւով մասնակցել է  նույն թվականին` Ճապոնիայում (Մարիա Կրասիլցեւա-Ալեքսանդր Չեստնիխ ու Քսենիա Սմետանենկո-Սամվել Գյոզալյան զույգերը), 2002-ին`ԱՄՆ-ում (Յուլիա Լեբեդեւան, Մարիա Կրասիլցեւան-Արտյոմ Զնաչկովը), 2006-ին` Իտալիայում (Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան):

 

Լուսանկարները` ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի արխիվից

Մեկնաբանություններ (1)

Թորոս
Now they will have for the 2018 Olympics in Pyeongchang, South Korea. http://www.courrierlaval.com/Sports/2015-10-24/article-4318641/Tina-Garabedian-reve-de-representer-l%26rsquo%3BArmenie-aux-Olympiques/1 http://www.horizonweekly.ca/news/details/75554

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter